Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արդյո՞ք մեզ պետք է Թուրքիայի հետ բաց սահմանը

Արդյո՞ք մեզ պետք է Թուրքիայի հետ բաց սահմանը
01.02.2019 | 04:20

Մինչ Հայաստանում և Հայաստանի շուրջն ընթանում և ուժեղանում են ամենատարբեր ու հակասական գործընթացներ, իսկ ուժեղ պետություններն ավելացնում են իրենց ռազմավարական «խաղի» տեմպերը, ոմանք Թուրքիայում պատրաստվում են մեր երկրի «յուրացմանը»։ Հաշվի առնելով, որ այժմ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, վերջին թուրքական նորությունները կապում ենք հենց նրա հետ։ Խոսքն այն մասին է, որ թուրքերն սկսել են հրատարակել ու տարածել «Հայաստանի ուղեցույց»։ Ես էլ եմ մեր երկրում զբոսաշրջության զարգացման կողմնակից, բայց ոչ այն բանի հաշվին, որ Հայաստան ասես իրենց «տուն» գան հենց թուրքերը։ Իսկ թե ինչու, կարծում եմ, լրացուցիչ բացատրության կարիք չկա։ Մի անգամ էլ այցելեք Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։


Կամ համեմատեք «թուրքերին դուր գալու» ցանկության միջոցով «Արևմուտքին դուր գալու» ցանկությունն այն բանի հետ, ինչը թուրքերը որերորդ անգամ «բացատրում են Փաշինյանին` իշխանության գագաթին նրա թռիչքից սկսած։ Ահա «առանց նախնական պայմանների» հարաբերությունները նորմալացնելու Փաշինյանի առաջարկին ի պատասխան թուրքական «բացատրությունների» ամենավերջին օրինակը։ «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն անհնար է առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Անթալիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։- Առկա խնդիրները լուծելու համար պետք է ավելի նախաձեռնող լինել։ Բավական չէ միայն սեփական շահերը պաշտպանելը։ 2019 թ. մենք ավելի հետևողական ենք լինելու այդ հարցում»։ Հանդիպման վերջում Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչության» մեջ։


Փաշինյան, քեզ, ինչպես և տարիներ առաջ Սերժ Սարգսյանին, ասում եմ` Արցախի խնդիրը թուրքական ձևով լուծելը միայն կապիտուլյացիա (անձնատուր լինել) է նշանակում։ Եվ ամենևին ոչ թե քո, այլ ողջ հայ ազգի, որովհետև Արցախի խնդիրը ողջ հայ ժողովրդի խնդիրն է, ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի։ Բայց Արցախը հանձնելով` ցանկացած հայ քաղգործիչ ինքնաբերաբար նոր «Նեմեսիս» գործողության թիրախ է դառնում։ Իսկ հիմա մտածիր, թե քո օրոք ինչու են այդպես ուրախացել Թուրքիայի և նրա դաշնակիցների զանազան «սիրահարներ»։ Եվ հասկացիր, որ ազգը թույլ չի տա, որ դու ստորագրես կապիտուլյացիան։


Փաշինյանի կառավարումը, ամենայն հավանականությամբ, կնշանավորվի «հայ-թուրքական հարաբերությունների ճեղքմամբ»։ Այդպես են գրում նույնիսկ Եվրոպայի և Ռուսաստանի թրքամետ շրջանակները։ Այն ճեղքմամբ, որի մասին երազում էին ԱՄՆ-ում և Իսրայելում, սկսած 1990-ականներից, երբ բարդանում էին հարաբերություններն Իրանի հետ, և թերասածություններ էին լինում հայ-ռուսական հարաբերություններում։ Այդ երազանքի մասին անձամբ ինձ արդեն հեռավոր 2002-ին Երևանում կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ «հայտնեց» ԱՄՆ-ի քաղաքացի ոմն Կարո Արմենյան։ Նրան շատերը գիտեն` սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից։ Ընդ որում պարտադիր չէ, որ այդ ճեղքումն ամրագրված լինի բոլոր սահմանային և դիվանագիտական խոչընդոտները լիովին վերացնող փաստաթղթով։


Դեռ թարմ է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ձախողման հիշողությունը, որոնք ձգտում էին, որ Երևանն ու Անկարան ստորագրեն սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ապահովող արձանագրությունները։ Եվ բանն այն չէ, որ Թուրքիան չէր ուզում և չի ուզում ոչ մի հարաբերություն մինչև Արցախը «կրտսեր թուրքերին» հանձնելը։ Խնդիրն այն է, որ հասարակությունը, այդ թվում` սփյուռքի, մեծ մասամբ դեռ պահում է պատմական հիշողությունը, պահանջում է արդարություն և բացասական վերաբերմունք թուրքերի հանդեպ, չնայած ճարպակալածների մի զանգված նորմալ է համարում թուրքական առողջարաններում հանգստանալը, մի այլ զանգված էլ (հիմնականում ընչազուրկ) գնում է թուրքերի մոտ աշխատելու։ Ի պատիվ մեր մի շարք արտերկրյա համայնքների (Իրան, Սիրիա, Լիբանան և այլ) նշենք, որ նրանք Թուրքիա չեն գնացել ոչ աշխատելու, ոչ հանգստանալու և Ս. Սարգսյանի ու ՀՀԿ-ի նախաձեռնությունը բացահայտորեն համարել են դավաճանություն։
Սահմանը բացելու շահավետության մասին Ս. Սարգսյանի ապարդյուն փորձերին զուգընթաց երկրի շարքային քաղաքացիների մակարդակում գերիշխում էր ամեն թուրքականի դեմ հակաքարոզչությունը։ Օրինակ, հայկական բոլոր հեռուստաալիքներով հաղորդվող այն գովազդը, որում հերոսը` իբր թուրք, հայ սպառողին շնորհակալություն է հայտնում այն բանի համար, որ նա թուրքական արտադրության ապրանք է ձեռք բերում, ինչի շնորհիվ թուրքերը զինում և ամրապնդում են իրենց բանակը։ Գովազդի վերջում կոչ էր հնչում. «Գնիր հայրենականը»։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում պարբերաբար թուրքական մթերքներից հրաժարվելու, թուրքական առողջարաններ չգնալու կոչեր են հնչել։ Եվ այն իրավիճակում, երբ հանրությունը պատրաստ չէ հարևան երկրի հետ հարաբերությունների նորմալացմանը, հարաբերությունների նորմալացման հայտարարված ուղեգիծը հասարակությունն ընկալում էր որպես պարտադրանք և ավելի շատ էր մերժում։ Իսկ Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայերն ընդհանրապես սվիններով ընդունեցին և՛ Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը», և՛ Ցյուրիխյան արձանագրությունները։ Կրկին ու կրկին հիշեցնեմ. համոզվելով, որ Թուրքիան կտրված է իրականությունից, 2018 թ. մարտի 1-ին Երևանը չեղյալ հայտարարեց արձանագրությունները։ Հետևաբար տեղի՞ն է, որ Հայաստանի ցանկացած իշխանությունն ինքը թշվառի ու պարտվածի նման թուրքի բարեհաճությունը խնդրի։


Խոստովանենք, որ հայ ազգը թուրքերի համար անպայման պետք է ունենա իր Լացի պատը. առանց դրա նորմալացումն անհնար է։ Ի՞նչ է կատարվում հիմա։ Հայաստանի նոր ղեկավարությունը չի վերադարձել չստորագրված արձանագրություններին, փոխարենը ոչինչ չի առաջարկել, բայց չի հրաժարվել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գաղափարից։ Այդ նույն ժամանակ ԵՄ-ն ու Շվեդիան, որպես միջնորդներ, ակտիվացրել են իրենց գործողությունները։ Նախ, ընթանում է նախկինում ընդհատված ճանաչողական ծրագրի նախապատրաստությունը։ Դրա էությունն այն է, որ կոնկրետ օրինակով հայերին ու թուրքերին ցույց տան, թե ինչպես կարող են ապրել ու գործակցել դեռ վերջերս իրար թշնամի երկու ժողովուրդները։ Դրա համար նախապես վայր է ընտրվել Գերմանիայի ու Լեհաստանի սահմանին, այն երկրների, որոնք տարբեր կողմերում էին ամենաավերիչ պատերազմի ժամանակ։ Կարծում են, որ եթե լեհերը կարողացել են ընդհանուր լեզու գտնել գերմանացիների հետ, ապա հայերն էլ կարող են համաձայնության գալ թուրքերի հետ։


Միևնույն ժամանակ Շվեդիայի ԱԳՆ-ի աջակցությամբ Թուրքիայում հրատարակվել է երկրի պատմության ընթացքում առաջին թուրքերեն «Հայաստանի ուղեցույցը», որը մատչելի է նաև էլեկտրոնային տարբերակով։ ՈՒղեցույցն ունի համառոտ զրուցարան և տեսարժան վայրերի լուսանկարներ թուրք զբոսաշրջիկների համար։ Բրոշյուրի հեղինակներն իրենց թուրք համաքաղաքացիներին հորդորում են ուշադրություն չդարձնել փակ սահմաններին, ժամանել ծանոթանալու։ Ի՞նչ հաշվարկով։ «Հայաստանի հեղափոխականների»։ Արևմուտքը (պետք չէ նայել, որ միջնորդները ԵՄ-ն ու Շվեդիայի ԱԳՆ-ն են, դրանք նույն ԱՄՆ-ի և Իսրայելի շոշափուկներն են) համոզված է, որ զբոսաշրջային փոխադարձ հոսքը կկոտրի կայունացած կարծրատիպերը, երբ հայ քաղքենին իմանա, որ Թուրքիայում ոչ միայն թուրքական մեղեդիներ են հնչում, կինոն չի սահմանափակվում միայն «Հրաշալի դարով», երբ Հայաստանը Թուրքիա կարտահանի ոչ թե ցածրորակ լայն սպառման ապրանքներ և այլն։ Իբր այդ ժամանակ երկրների հարաբերությունները դուրս կգան նոր մակարդակի, ժողովուրդները կխոսեն մեկ, միմյանց հասկանալի մշակութային լեզվով, և սահմանների բացումը կդառնա ինքնին հասկանալի, իսկ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը` անհրաժեշտություն։ Արևմուտքը համոզված է, որ այդ խնդրի իրականացումը լիովին իրագործելի է, որովհետև այժմ դրա համար ստեղծված են բարենպաստ պայմաններ. Հայաստանում իշխանափոխությանն աջակցած երիտասարդ քաղգործիչների, քաղաքագետների, հասարակական գործիչների զգալի մասն այսօր արժանիորեն պատգամավորական մանդատ է ստացել, աշխատում է կառավարությունում, գերատեսչություններ է գլխավորում։ Նրանց մեջ են Արևմուտքում կրթություն ստացածներ, միջազգային ծրագրերի մասնակցածներ, որոնց համար յաթաղանով բռի թուրքի կերպարը համարյա առասպել է։


Հիանալի հիշում եմ 90-ականների սկիզբը։ Այն ժամանակ էլ, ՀՀՇ-ի և անձամբ Լ. Տեր-Պետրոսյանի հովանու ներքո, այս ու այն կողմ էին տարվում Թուրքիայի և թուրքերի նկատմամբ «համահայկական սիրո» կողմնակիցները։ Տարօրինակ է, բայց Թուրքիայից նրանց գործընկերներն էին ոմն Իսհակ Ալաթոնի տիպի թուրքիացի հրեաներ։ Ինչ ասես, որ մեր վզին չէր փաթաթվում այն ժամանակ։ Տեսեք. ամբողջ աշխարհն անտարբեր է շրջափակված Հայաստանի խնդիրների նկատմամբ, իսկ Թուրքիան իր տարածքով հացահատիկ ու ալյուր է բաց թողնում հայերի համար։ Տեսեք, թե ինչ սրտաբաց են այդ թուրքերը, այ հայեր, ժամանակն է, որ դուք սիրեք թուրքին իբրև եղբոր, ինչու՞ չէ, իբրև հոր։ Անձամբ ես զանազան միջնորդների, սիմոնսների, ֆիլիպսների, ամերիկացի պրոֆեսորների (հակամարտությունների գծով), բելգիացիների և նրանց նմանների, այդ թվում` «Ռուսաստանի քաղաքացիների» (որոնց մասին ստույգ հայտնի է, որ «նպաստ» են ստանում Անկարայից), բացատրում էի, որ, իհարկե, դարերով թշնամություն արած ազգերի հաշտեցման պատմական օրինակներ կան։ Հրեն, հրեաներն էլ են «ներել» գերմանացիներին և կրկին զանգվածաբար բնակություն են հաստատում Բեռլինում ու Գերմանայի այլ քաղաքներում։ Բայց խնդիրն այն է, որ թուրքը շվեդ կամ ֆինն չէ, լեհ կամ գերմանացի չէ։ Եվ հարցն այն է, որ խոստովանություն, զղջում չկա կատարած չարագործությունների համար, որը գնահատվում է որպես հանցագործություն մարդկայնության դեմ և վաղեմության ժամկետ չունի։


Արդեն արտերկրի հայերն էլ են սկսել բացահայտ խոսել։ Օրինակ, ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովն այն կարծիքին է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Անկարան չի ճանաչել 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունը. «Թող նախ Թուրքիան ճանաչի հայ ժողովրդի Ցեղասպանությունը։ Թող ժառանգներին վերադարձնի այն հայերի գույքը, որոնց սպանել են։ Թե՞ նրանք մոռացել են զանգվածային ջարդերի ու Ցեղասպանության մասին։ Հայ քաղաքագետները սորոսյան կերակրատաշտից սնվողներն են, իսկ Եվրամիությունում ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Չի կարող որևէ հաշտություն լինել, մինչև չճանաչվի Ցեղասպանությունը»։ Փորձագետի կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը վերականգնելուն ազդել է Հայաստանում կատարված իշխանափոխությունը։ Ներելով Բաղդասարովի սուր արտահայտությունները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և, զուգահեռ, ազգային կապիտուլյացիայի կողմնակիցների մասին, հարցնեմ հայ հասարակությանը. ինչու՞մ ճիշտ չէ հայ Բաղդասարովը։ Կամ ինչու՞մ ճիշտ չեն սիրիացի հայերը, որոնք Սիրիայում շարունակվող պատերազմին իրենց մասնակցությունը հստակ գնահատում են. «Մեր պատերազմը նորից Թուրքիայի հետ է»։ Բաղդասարովն իր հայտարարության մեջ իրավացի է 99 %-ով, իսկ նրանք, ովքեր նորից սկսել են քարոզել Թուրքիայի օգտին, վարձկաններ են` Սորոսի կամ ԱՄՆ-Իսրայելի։ Իսկ դա նշանակում է` թուրքական գործակալներ, որովհետև, սկսած 90-ականներից, միայն Թուրքիայի գործակալությունն է, թեկուզ ի դեմս Արևմուտքի զանազան «հիմնադրամների», ձգտում հայ ազգի կապիտուլյացիային Թուրքիայի և «կրտսեր թուրքերի» առաջ։


Հարց տամ Փաշինյանին, եթե նա իսկապես հայ է, ինչպես տարիներով այդ հարցը տվել եմ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին. մեր ինչի՞ն է պետք Թուրքիայի հետ բաց սահմանը, այն էլ այն ժամանակ, երբ մինչև Միջագետք ողջ տարածքը պատերազմի մեջ է։ Երբ մի շարք խոշոր պետություններ, Իրանի և Չինաստանի ստվերային մասնակցությամբ, որոշակի սցենար են խաղարկում, որը, հաջողության դեպքում, կփլուզի Թուրքիան։ Եվ, բացահայտ ասում եմ, վայ այն քաղաքական գործչին, որը կղեկավարվի Արևմուտքի, Իսրայելի և Թուրքիայի ցուցումներով։ Նա հայ ժողովրդի պատմության մեջ կգրվի որպես դավաճանաց դավաճան։ Աշխարհում Թուրքիան թուլացնելու ծրագիր կա, իհարկե։ Բայց այդ սցենարը խաղարկող կողմերից յուրաքանչյուրն իր շահն ունի և ապագայի իր տեսլականը։ Իսկ մեզ պետք է ապագայի սեփական տեսլականը, առանց Արևմուտքի և Իսրայելի։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ