Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քայլելով կամ քաղաքացիական ակցիաներով հնարավոր չէ տնտեսական հեղափոխության հասնել»

«Քայլելով կամ քաղաքացիական ակցիաներով հնարավոր չէ տնտեսական հեղափոխության հասնել»
15.02.2019 | 01:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տնտեսական հեղափոխությունը պատրաստվում են իրականացնելու այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր է եղել իրականացնել քաղաքական հեղափոխությունը։ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետի ելույթում կարմիր թելի նման անցնում էր այն դրույթը, որ իրենց համար հանրային վերափոխման կարևորագույն գործոնը անհատի վերափոխումն է։ Ըստ Փաշինյանի՝ հանրային կյանքի ցանկացած ոլորտում զարգացման կարևոր գործոններից մեկը անհատական ջանքն է, առանց որի չի կարող լինել որևէ փոփոխություն: «Իրատեսը» խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչներից փորձեց պարզել՝ հնարավո՞ր է նույն գործիքակազմով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հեղափոխություն իրականացնել:


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ վստահ է, որ նույն մեխանիզմների կիրառումը կարող է հաջողություն բերել նաև տնտեսական հեղափոխության դեպքում: Պապոյանի համոզմամբ՝ հեղափոխությունը մարդկանց շնորհիվ իրականացվեց, միջոցը մարդն էր, այժմ տնտեսական հեղափոխության հիմքում նույն մարդիկ են լինելու՝ մեկ տարբերությամբ: Մանրամասնում է՝ տնտեսական հեղափոխության միջոցն Ազգային ժողովն ու կառավարությունն են լինելու, առանցքը՝ մարդիկ, որոնցից ամեն մեկն իր հերթին հեղափոխություն է անելու՝ տնտեսական ակտիվությամբ, տնտեսական նոր գործընթացներ նախաձեռնելով, նոր ներդրումներով, գիտելիքներ ձեռք բերելով, դրանք տնտեսության մեջ գործարկելով և այլն:


Վերջինս վստահեցնում է, որ կառավարության այս թեզը չի նշանակում, թե գործադիրը խուսափում է պատասխանատվությունից. «Կառավարության անհաջողությունները մարդկանց վրա չեն կոտրվելու: Եթե քաղաքական հեղափոխություն չլիներ, դրա պատասխանատվությունն ամոբղջությամբ ընկնելու էր այդ գործընթացը նախաձեռնած մարդկանց վրա: Նույնը նաև այս դեպքում: Եթե տնտեսական հեղափոխությունը չհաջողի, դա կնշանակի, որ մենք չենք կարողացել ճիշտ օրենքներ ու որոշումներ ընդունել, որպեսզի մարդիկ հասնեն նախանշված փոփոխություններին: Բայց վստահ եմ, որ մենք հաջողելու ենք հաջորդ հնգամյակում: Առկա մտահոգությունները չեմ կիսում, լավատես եմ»:


Ինչ վերաբերում է անհատի վերափոխվելուն՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը նախ նախկիններին հիշեց, նշելով, որ թեև մարդիկ մերժում էին մի շարք արատավոր երևույթներ՝ կաշառք տալը կամ ինչ-որ հարց միջնորդությամբ լուծելը, բայց ստիպված այդ մեթոդներով էին շարժվում, որովհետև այլընտրանք չկար, ապա անդրադարձավ իրենց քաղաքականությանը. «Մի մասի մոտ նկատել եմ արժեհամակարգի փոփոխություն, մի մասն էլ դեռ հին բարքերով է առաջնորդվում: Բայց սա ժամանակի խնդիր է, մարդ մեկ օրում չի կարող փոխվել: Դա կապված է կրթության, մարդկանց զարգացածության, աշխարհաճանաչողության, ընկալումների հետ: Այն մտածելակերպը, որ տասնամյակներով եղել է ու մեր իրականության մասն է դարձել, 6-7 ամսում դժվար է վերացնել: Երբ հայտարարում ենք կոռուպցիան արմատախիլ անելու, ծանոթով կամ փողով պետական համակարգում աշխատանքի անցնելու անհնարինության մասին՝ շեշտելով, որ դրա միակ ճանապարհն արդար մրցույթի անցկացումն է, բնականաբար պետք է առաջ տանենք նաև հասարակության իրավագիտակցության բարձրացման հարցը»:


Ի տարբերություն Պապոյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆՆ այդքան էլ լիահույս չէ, թե տնտեսական հեղափոխությունն անվերապահորեն իրականություն է դառնալու: Ասում է՝այն, ինչի հասել ենք, բավարար չէ տնտեսական հեղափոխության հասնելու համար. «Կոռուպցիան, ենթադրենք, վերացավ, բայց ունենք հարկային օրենսգիրք, որը խնդրահարույց է, և գործող իրավիճակում բիզնեսմենները հստակ չեն հասկանում այժմյան խաղի կանոնները: Նախկինում կոռուպցիոն մեխանիզմներով, «ատկատներով» խաղի ֆիքսված կանոններ կային, ու մարդիկ եթե ուզում էին բիզնես անել, ապա գիտեին նաև՝ ում ինչքան կաշառք պետք է տան, եկամտից ինչքան տոկոս պետք է վճարեն և այլն: Հիմա օրենքի գերակայություն է հայտարարվել, բայց այդ օրենքը գրվել է նախկին համակարգի ու այդ համակարգով աշխատող մեխանիզմների համար: Մինչև այս օրենքները չփոխվեն, ու չփոխվի խնդիրների խորքային գիտակցումը, չենք կարող ունենալ տնտեսական հեղափոխություն: Ցավն այն է, սակայն, որ հայտնի չեն ուղենիշները, թե ինչպես պետք է փոխվենք, ինչ ուղղությամբ գնանք, ինչին գերակայություն տանք և այլն»։


ԼՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարը նշեց, որ տնտեսական հեղափոխության դեպքում քաղաքացիների ներառականությունը պարտադիր է. ինչքան շատ մարդ է սկսում զբաղվել բիզնեսով կամ հավելյալ արժեք ստեղծելով, այնքան ավելի արագ տեմպերով է զարգանում երկիրը: Ըստ նրա` այստեղ մեկ բայց կա. մարդիկ չեն կարող մի օր արթնանալ ու ասել, թե այսօրվանից սկսում են բիզնեսով զբաղվել, ինչի արդյունքում կունենան ինչ-որ չափի եկամուտ: Կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է օրենսդրական դաշտ ապահովեն ու կրթեն մարդկանց. «Կառավարության կազմի փոփոխություններ են շուտով տեղի ունենալու, մեծ թվով մարդիկ դառնալու են գործազուրկ, ու այդ մարդկանց պետք է պատրաստել աշխատաշուկայի պահանջներին: Ո՞վ պետք է դա անի, ինչպե՞ս պետք է անի` այդ մասին ոչինչ չի ասվում: Միայն բարի ցանկություն կա տնտեսական հեղափոխություն անելու, բայց ակնկալել, թե քաղաքացիները, ՀԴՄ կտրոն պահանջելով ու նորարարական ինչ-որ ստարտափներ բացելով կարող են հասնել դրան, իրատեսական չէ: Կարևոր է նաև հարկային օրենսգրքում փոփոխություններ անելիս հաշվի առնել բիզնեսմենների շահերը, որովհետև տնտեսության զարգացումը մեծապես կախված է տնտեսավարողներից: Պետք է ճիշտ հարկել, հարկման ճիշտ մեթոդներ կիրառել, որ չվնասենք բիզնեսին՝ ավելի շատ աշխատատեղ ունենալու, ավելի շատ հարկեր վճարելու ու գործազուրկ դարձած քաղաքացիների արտահոսքից խուսափելու համար»:


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ համար նույնպես անհասկանալի է, թե քայլելով կամ այլ քաղաքացիական ակցիաներով ինչպես է հնարավոր հասնել տնտեսական հեղափոխության: Տիկին Զոհրաբյանին դուր չեն գալիս նորընծա պատգամավորների տարատեսակ հայտարարությունները, թե «իշխանությունը մենք չենք, իշխանությունը ժողովուրդն է». «Այդպես չի լինում, իշխանությունը հենց իրենք են, պատասխանատվությունը՝ իրենցը։ Դուք ունենք բացարձակ մեծամասնություն, քաղաքականությունը դուք պետք է մշակեք: Հեղափոխության էջը փակելուց հետո քաղաքացին ուզում է իր ընտանիքի, իր կեցության մեջ դրական փոփոխություններ տեսնել: Այդ փոփոխությունները չկան, թեև մի քանի կարևորագույն խնդիրներ լուծվել են: Որպես քաղաքացու՝ ինձ համար կարևոր է, որ կոռուպցիայի ու տնտեսական մենաշնորհների ողնաշարը մեր երկրում ջարդված է, բայց արդյոք դա բավարա՞ր է տնտեսական հեղափոխության համար. իմ կարծիքով` ոչ»:


Տնտեսական հեղափոխության գաղափարը, Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ, լավն է, բայց լավ գաղափարներն իրականացնելու մեխանիզմները չկան. «Ո՞վ չի ուզում գործազրկության ու աղքատության կրճատում, ո՞վ չի ուզում աշխատատեղերի ավելացում, բայց ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով: Ծրագրի 22-րդ կետում գրված է, որ ցանկացած ցուցիչ պետք է լինի չափելի: Փաստորեն, քաղաքական մեծամասնությունը հակասում է իր ներկայացրած ծրագրին, քանի որ այդտեղ չափելի որևէ ցուցիչ չկա: Ես չգիտեմ` մեկ տարի հետո աղքատությունը քանի՞ տոկոսով է նվազելու, և ասել, որ 2023-ին մենք կունենանք աղքատության նվազում, գործազրկության նվազում, տնտեսական լուրջ տեսլական չէ: Բացի այդ, անընդհատ ասելով` քաղաքացիներ, դու՛ք եք լինելու տնտեսական հեղափոխության կրողը, դու՛ք պետք է դառնաք հեղափոխության ակտիվիստները, նույնն է, թե խուսափես հաշվետվողականությունից: Հիշում եմ խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող մի տիկնոջ ելույթ, որ ասում էր. «Մենք մեծամասնություն չենք, մեծամասնությունը ժողովուրդն է»: Այդ ժամանակ տիկնոջը ծաղրեցին սոցիալական ցանցերում, բայց ես կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տպավորություն ստացա, որ նրա ասածի մեջ ճշմարտություն կա: Այո, համաձայն եմ, քաղաքացին ու քաղաքացիական մտածողությունը պետք է փոխվեն, օգնության նպաստ ստացող քաղաքացուց պետք է աշխատանք փնտրող քաղաքացի ստանանք, բայց դա թողնել քաղաքացու ուսերին ու ասել` քաղաքացի, փոխվի՛ր, արա՛ տնտեսական հեղափոխություն, ես էլ կողքից կօգնեմ, ճիշտ ճանապարհ չէ»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ