Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընդդիմադիրներին սկսում են չհանդուրժել

Ընդդիմադիրներին սկսում են չհանդուրժել
15.02.2019 | 01:50

Ընդդիմության քննադատությունն այս իշխանության համար տհաճ է: Ընդ որում, եթե այսօրվա ընդդիմադիրների և մեկ տարի առաջվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթները համեմատենք, ապա նախկին իշխանությունը պետք է ամեն ԱԺ նիստում անարգանքի սյունին գամեր Փաշինյանին, ինչպես երեկ նա վարվեց խորհրդարանական ընդդիմադիրների հետ:

Կրկին վարչապետ Փաշինյանի մեջ արթնացել էր հեղափոխական Նիկոլը, ու նա քարը քարին չէր թողնում: Ամենազավեշտալին էլ այն էր, որ հերթական ջղային ելույթից հետո մի տոն ցածր ձայնով հավելում էր, թե ով է ասում, որ մուննաթ են գալիս: Իսկ մինչ այդ նրա թիմակիցներն էլ հետ չէին մնում իրենց ղեկավարից: Ընդդիմությանը մեղադրելով հեգնելու, ծաղրելու մեջ` նրանցից մեկն ասաց, թե «սգո սերվիս դեմքերով» են խոսում ընդդիմադիրները: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք խորհրդարանական ընդդիմադիրներին:


ԼՀԿ խմբակցության անդամ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ զարմացնում է, երբ իրենց ասում են, թե հեգնում են կառավարությանը. «Մենք ու՞մ ենք հեգնել: Այս օրերին տեսնում էինք, թե ինչպես էր վարչապետը մեր հարցերին պատասխանում, ինչպես էր մեզ հակադարձում: Այստեղ է հեգնանքն ու մուննաթը: Ընդդիմությունն իրավունք չունի՞ հարցեր տալու: Ընդդիմությունը պետք է հարցեր տա, որովհետև իշխանությունը ներկայացրել է ջրիկ ծրագիր, որը որևէ ցուցանիշ, չափելիություն չունի և ցանկանում է, որ ընդդիմությունը հավանի՞ այդ ծրագիրը, ծա՞փ տա: Միայն խոսքերով տնտեսություն չես կառուցի»: Ըստ Անի Սամսոնյանի, սա բարեփոխումներին համարժեք ծրագիր չէ, քաղաքացիներն էլ կարող են նման բարի ցանկություններով ծրագիր կազմել, մինչդեռ կառավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի, ռազմավարություն մշակի:


ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆՆ էլ համաձայն չէ, որ ընդդիմությունը հեգնանքով է խոսել կառավարության ծրագրի մասին: «Ոչ ոք չի ցանկանում, որ կառավարությունը ձախողվի: Մեզ մեղադրում են, որ թվերի մասին ենք հաճախ խոսում, բայց խոսք չկա նաև ֆինանսավորման աղբյուրների, մեխանիզմների մասին»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը, հավելելով, որ ծրագրում հստակ քայլերի հաջորդականություն ներկայացված չէ: Իշխանության ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, թե ընդդիմությունը պետք է իրենց վստահի, ու ամեն ինչ նորմալ կլինի: Այս դիտարկման առնչությամբ էլ Արման Աբովյանը նշեց, որ եթե այդ վստահությունը չլիներ, իրենք գործընկեր չէին լինի, բայց վստահության դաշտից պետք է տեղափոխվել պրագմատիկ հարթություն: «Փոխադարձ վստահություն էլ մեր հանդեպ պետք է լինի։ Մենք ոչ թե հեգնում ենք կառավարությանը, անիրատեսական բաներ ենք պահանջում, այլ փորձում ենք ստանալ պատասխաններ այն հարցերի առնչությամբ, որոնք տնտեսական հեղափոխության հիմքն են լինելու»,- ընդգծեց պատգամավորը:


Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը բավականին կոշտ էր, անհանդուրժողականություն կար քննադատության հանդեպ: «Այս իշխանությունն էլ նախորդների պես չի՞ ցանկանում լսել ընդդիմության ձայնը»,- հարցրինք Արման Աբովյանին: «Հույս ունեմ,- ասաց,- որ այդ միտումը չկա: Ապագայում կտեսնենք: Կարծում եմ, պետք է ընդդիմության հետ հաշվի նստել, հակառակ պարագայում ոչ մի բան չի ստացվի»:


Հավելենք, որ կառավարության ծրագիրը 82 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ երեկ ընդունվեց: Դեմ էին ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ