«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400-ներից

Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400-ներից
17.02.2019 | 14:43

Անկարան չի ծրագրում չեղարկել 2017-ին կնքված պայմանագիրը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ: ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, որ իր երկիրը չի կարող պաշտպանել դաշնակիցներին, որ զենք են գնում ԱՄՆ-ի պոտենցիալ հակառակորդներից` հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին Սոչիից տուն վերադառնալիս ինքնաթիռում, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Մենք Ռուսաստանի հետ С-400-ի գործարք ենք կնքել և հետդարձի խոսք լինել չի կարող: Գործը արված է: Մենք շարունակում ենք աշխատանքը` ելնելով Ռուսաստանի խոստումից` մատակարարումները սկսել հուլիսից»` մեջբերում է նախագահի խոսքերը Անադոլու գործակալությունը: ԱՄՆ-ը քանիցս կոչ է արել Թուրքիային հրաժարվել С-400-ից` հօգուտ ԱՄՆ համանման Patriot համակարգի և ոչ պաշտոնական տվյալներով` առաջարկել է կողմնորոշվել մինչև փետրվարի 15-ը:
ԱՄՆ-ը արձագանքեց Էրդողանին: «Մենք հասկացրինք, որ ձեռքներս ծալած չենք նստելու, երբ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները զենք են գնում մեր հակառակորդներից: Մենք չենք կարող պաշտպանել Արևմուտքը, եթե մեր դաշնակիցները կախված լինեն Արևելքում զենքի գնումներից»` ասաց ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը` Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում:


Թուրքիայի համար սկզբունքային նշանակություն ունի Ռուսաստանի համաձայնությունը` ոչ միայն զենիթահրթիռային համակարգեր վաճառել, այլև հետագայում արտադրություն կազմակերպել Թուրքիայում: Փետրվարի16-ին Էրդողանը նորից է ընդգծել, որ իր երկիրը «ծրագրում է ոչ միայն գնել հակաօդային պաշտպանության համակարգեր, այլև սեփականն արտադրել»: Նրա խոսքով` «ռուսական կողմը ընդառաջ է գնացել և գնի, և համակարգերի մատակարարման ժամկետի, և համատեղ արտադրության ու տեխնոլոգիաների փոխանցման հարցում», մինչդեռ «ԱՄՆ-ը վարչակազմը դրական է վերաբերվում արտահերթ մատակարարումների հարցին, բայց ոչինչ չի ասում համատեղ արտադրության ու վարկի մասին»: Ռուսական կողմը մեկնաբանություններ չի տվել: Էրդողանը հասկացնում է, որ հարցը փակված չէ և Թուրքիան սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին:

ВВС


Հ.Գ. Զենիթահրթիռային նորագույն С-400-Տրիումֆ համակարգեր ունի միայն ռուսական բանակը: Այդ համակարգերի մատակարարման պայմանագրեր են կնքվել Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի հետ, բանակցություններ են վարվում Սաուդյան Արաբիայի հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որ ցանկացել է այդ համակարգերը գնել: Գործարքի մասին առաջին անգամ բարձրաձայնվեց 2016-ի նոյեմբերին: 2017-ի հուլիսի 25-ին Էրդողանը հայտարարեց, որ ստորագրվել են «որոշակի փաստաթղթեր»: Սեպտեմբերի 12-ին պայմանագրի ստորագրումը հաստատեց ՌԴ-ն: 2017-ի դեկտեմբերի 27-ին «Ռոստեխ» պետական ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովը Коммерсант-ին ասել էր, որ Մոսկվան ծրագրում է Թուրքիային տրամադրել С-400-ի 4 դիվիզիոն` 2,5 միլիարդ դոլարով: 2017-ի հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Aksam-ին հարցազրույցում ասաց, որ Թուրքիան կարող է հրաժարվել С-400-ից, եթե չլինի համատեղ արտադրության համաձայնություն: 4 օրից պայմանավորվածության հույս հայտնեց Էրդողանը: ԱՄՆ-ը հայտարարում էր, որ Թուրքիային Patriot համակարգեր չի վաճառի ռուսական համակարգերին զուգահեռ, որովհետև այդ դեպքում վտանգի տակ կհայտնվի Թուրքիային ԱՄՆ-ի F-35 մարտական ինքնաթիռների վաճառքը: Թուրք-ամերիկյան գործարքը հակասում է «ԱՄՆ-ի հակառակորդներին դիմակայության մասին» (CAATSA) օրենքին, որի համաձայն պատժամիջոցների տակ կարող են հայտնվել երկրներն ու ընկերությունները, որ համագործակցում են պատժամիջոցների ցանկում եղող ռուսական ձեռնարկությունների ու կազմակերպությունների հետ:


Հայաստանը 2010-ից իրավացիորեն բողոքում է, որ Ռուսաստանը գերժամանակակից հարձակողական զենք է վաճառում Ադրբեջանին, բայց, կարծես, անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել փաստին, որ 2016-ից Ռուսաստանը գերժամանակակից ռազմական տեխնիկա է պատրաստվում վաճառել Թուրքիային, ավելին` զենիթահրթիռային համակարգերի համատեղ արտադրություն սկսել Անկարայի հետ: Հարց` ինչու՞ ոչ Հայաստանի: Հասկանալի է, որ ՌԴ-ի գերնպատակը Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս բերելն է, բայց ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ում դյուրաբորբոք միամիտներ չեն նստած, որ խայծը կուլ տան: Էրդողանն էլ երբեք այդ քայլին չի գնա` խոցելի դառնալով ալյանսի առաջ: Ու եթե Էրդողանը ռուսներին ու ամերիկացիներին իրար դեմ է հանում` զենիթահրթիռային համակարգերը արագ, էժան, վարկով ձեռք բերելուց բացի նաև զենք գնողից զենք վաճառող դառնալու համար, ինչու՞ չի կարող Հայաստանը դառնալ Ռուսաստանի հետ համակարգերի համատեղ արտադրության կողմ: Ու՞ր մնացին ռազմավարական համագործակցության, ՀԱՊԿ-ի գործընկերության բարձրագոչ հայտարարությունները: Փաստորեն Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի անդամի հետ ժամանակակից զենքի արտադրություն սկսել, ՀԱՊԿ-ի գործընկերոջ հետ` ոչ: Ինչու՞: Եվ եթե Մոսկվան հրաժարվում է Հայաստանի հետ համատեղ արտադրությունից, դա հիմք չէ՞ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից զենք գնելու` վարկը վարկ է: Պայմանների մասին կարելի է բանակցել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ