Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հասարակությանն անընդհատ ինչ-որ թեմայով զբաղեցնելու մթնոլորտ են ստեղծում»

«Հասարակությանն անընդհատ ինչ-որ թեմայով զբաղեցնելու մթնոլորտ են ստեղծում»
19.03.2019 | 01:45

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, իրավական տեսանկյունից դիտարկելով օպերայի տարածքում սրճարանների քանդման գործընթացը, «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ այդ սրճարանների հետ կնքված պայմանագրերին, բայց ենթադրում է, որ գործընթացը շարունակվելու է իրավական ճանապարհով. «Բայց այն, ինչ տեղի ունեցավ` ոստիկանները բռնություն կիրառեցին, խիստ դատապարտելի է և անթույլատրելի։ Եվ լավ է, որ ոստիկանությունում այդ առնչությամբ քննություն սկսվեց»։

-Այսօր դատաիրավական համակարգում իսկական քաոս է։ Բոլորի ուշադրության կիզակետում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրավական գործողություններն են, նրա կալանքը երկու ամսով երկարաձգվելու դատարանի որոշումը։ Ձեր դիտարկումներն այս առնչությամբ։
-Ինձ համար կալանքը երկարաձգելու որոշումը զարմանալի էր։ Այն հիմնավորումը, որ ի սկզբանե ներկայացրել էին, թե Քոչարյանը խուսափելու է դատարան ներկայանալուց, անմիջապես հօդս ցնդեց, քանի որ նա ինքնակամ էր արտերկրից ներկայացել քննության։ Մյուս հիմնավորումն այն էր, թե նա գործի քննությանը խոչընդոտելու է։ Նախաքննությունն ավարտվել է, և այդ ընթացքում պետք է ձեռք բերված լինեն ապացույցներ, հետևաբար խոչընդոտելու հանգամանքներ չպետք է լինեն։ Այս փուլում կալանքի որոշումը պետք է վերացվեր, բայց դատարանն այլ կերպ վարվեց։ Քոչարյանի փաստաբանը հավաստիացրեց, որ նիստերը լինելու են բաց, հակառակ պարագայում կարելի է կասկածել ՀՔԾ-ի ազնվությանը։ Սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է, որովհետև հասարակությունը ևս իրավունք ունի ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները։ Հարցերից մի քանիսն էլ ինձ են անհանգստացնում. դրանք վերաբերում են այդ ժամանակահատվածում պաշտպանության փոխնախարարների, առանձին ստորաբաժանումների ղեկավարների հետ բանակցելուն, ինչի մասին խոսել է նաև Սեյրան Օհանյանը։ Սա նշանակում է, որ բանակը փորձում էին ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ։ Այսպիսի հարցերին պետք է ճիշտ գնահատականներ տրվեն, անդրադարձ կատարվի, այլապես գործը միակողմանի քննված կլինի։ Այս ամենում ինձ համար կարևոր է այն, որ տասը զոհերի մեղավորները բացահայտվեն։
-Մենք այդ մասին գրեթե ոչինչ չենք լսում, գործը «վերնագրված» է՝ սահմանադրական կարգի տապալում, ոչ մի խոսք տասը զոհերի մեղավորների մասին։ Ի՞նչ եք կարծում, դատական նիստերի ժամանակ այդ հարցերին պատասխաններ կհնչե՞ն։
-Մինչ այս պահը չեմ տեսել իրական քայլեր, որոնք կհանգեցնեին տասը զոհերի մեղավորների բացահայտմանը, իսկ Մարտի 1-ի գործի շրջանակում սա առաջնային է։ Չունեմ տեղեկություն այս պահին, որ այդ առնչությամբ որևէ քայլ է արվել։
-Ռոբերտ Քոչարյանի գործում որքա՞ն է քաղաքական բաղադրիչը, թե՞ դա զուտ իրավական հարթությունում քննվող գործ է։
-Եթե հետևենք այն տեղեկատվական հոսքին, որը ոչ միայն Քոչարյանի, այլև նրա ընտանիքի դեմ է իրականացվում, քաղաքական հետապնդման մասին կարող ենք հետևություններ անել։ Իսկ եթե գործը զուտ իրավական հարթությունում ենք դիտարկում, դատելով փաստաբանների հայտարարություններից, կարծում եմ, հարցը մեր դատարանով պետք է լուծվի, այլապես եվրոպական դատարանի կողմից կունենանք Հայաստանի դեմ հերթական վճիռը։ Ընդ որում, այս գործով ՄԻԵԴ-ում արդեն կան բողոքներ, շատ ցավալի կլինի, որ Հայաստանի դեմ որոշում կայացվի։
-Ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հակափաստարկներն այնքան թույլ են, որ ՄԻԵԴ-ի որոշումը հօգուտ Քոչարյանի՞ կլինի։
-Ելնելով փաստաբանների հիմնավորումներից, կարծում եմ՝ այո։
-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում նոր իշխանությունների իրավական քայլերը. խոսվում է անցումային արդարադատության մասին։
-Առայժմ, բացի հայտարարություններից, գործնական ոչինչ չեմ տեսել։ Սրա վկայությունը կալանքի վերաբերյալ որոշումներն են. ըստ դատախազության, նախորդ տարի կալանքի միջնորդությունները նվազել են, բայց միաժամանակ ավելացել է բավարարված միջնորդությունների քանակը։ Այսպես թե այնպես, կալանքն օգտագործվում է որպես միջոց, գործիք։ Ցավոք, կալանավայրում հացադուլ հայտարարած, հետո մահացած Մհեր Եղիազարյանի դեպքը վկայում է, որ կալանքի կիրառումը ոչ միշտ է հիմնավորված, առավել ևս, նրա դեպքում գործ ունեինք տնտեսական հանցագործության հետ։ Մենք խնդիրներ ունենք իրավական ակտերի հարցում, ժամանակի հետ դրանք պետք է փոխվեին, համապատասխանացվեին այսօրվա պահանջներին։ Պետք է քրեական դատավարության նոր օրենսգիրք, որն այսօվա պահանջներին համապատասխան խափանման միջոցներ կներդնի, ինչպիսին տնային կալանքն է, երբ մարդուն հատուկ «չիպով» հետևում են։ Իրավական պետություն դառնալու համար այսպիսի քայլեր պետք է անել, ինչն այսօր չեմ տեսնում։ Դատարանների անկախություն ևս չկա, այս խնդիրն առկա էր և՛ նախորդ, և՛ այսօրվա իշխանությունների ժամանակ։ Եթե մենք կառուցում ենք իրավական պետություն, անկախ դատական համակարգն իրավական պետության առաջին նախադրյալը պետք է լինի, դա ուժեղ իշխանության բնութագրիչներից մեկն է։ Ժամանակն է, որ իշխանությունները դադարեն միջամտելուց, խառնվելու իրավական գործընթացներին։
-Բայց իշխանությունը հայտարարում է, թե իր համար սկզբունքային հարց է դատարանի որոշումներին չխառնվելը։
-Երբ պետական պաշտոնյաները հայտարարում են, թե ակնկալում են, որ դատարանը կկայացնի այսպիսի կամ այնպիսի որոշում, դա նշանակում է անուղղակիորեն ազդել դատարանի որոշման վրա։ Հայտնի գաղտնալսումն էլ դա էր փաստում։ Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, շատ խոսվեց այս մասին, բայց չհստակեցվեց` ինչ մոդելի մասին ենք խոսում։ Անցումային արդարադատության նպատակը հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ստեղծելն է, մինչդեռ մեզ մոտ հասարակության յուրաքանչյուր խավ ակնկալելու է, որ այն բավարարի իր պահանջները, հակառակ դեպքում լրացուցիչ լարվածություն կառաջանա։ Գնալ այդ քայլին, առանց ուժեղացնելու իրավական համակարգը, պարզապես միջոց է հասարակությանը շեղելու իրավական ուղղությամբ առկա անգործությունից։ Այս պահին իշխանության հիմնական խնդիրն իրավական բարեփոխումները պետք է լինեն, ոչ թե այլընտրանքային արդարադատությամբ այդ գործընթացը ծանրաբեռնելը։
-Եթե խնդիրն ավելի լայն շրջագծով դիտարկենք` փոխվե՞լ է իշխանության որակը, բարելավվե՞լ է մարդկանց կյանքը, չկա՞ն նախկին արատավոր երևույթները։ Մեկ տարի առաջ հրապարակից շատ մեծ խոստումներ հնչեցին, մեկ տարի հետո ի՞նչ է փոխվել։
-Համամիտ չեմ, երբ ասում են` թողեք իշխանություններն աշխատեն։ Մենք հապաղելու իրավունք չունենք։ Փոփոխություններ մեզ անհրաժեշտ էին, երկիրը վերջին տարիներին լճացման փուլում էր, բայց իշխանափոխությունից հետո ոչ մի գործնական քայլ չեմ տեսնում։ Խոսում են տնտեսական հեղափոխության մասին, մինչդեռ դրան զուգահեռ հայտարարվում է, թե խոշոր սեփականատերերի եկամուտների 70 տոկոսը պետք է ուղղել պետբյուջե։ Սա, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է ունենալու։ Փողը «վախկոտ» է. երբ փորձում ես «բռնել», այն արագ հեռանում է։ Կստեղծվի մի այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ իրենց դրամական միջոցները պարզապես Հայաստանից դուրս կհանեն։ ԿԲ-ի հաղորդումն էլ փաստում է, որ Հայաստանից նախորդ տարի փողի արտահոսքը մեծացել է։ Հայտարարել մի բան, զուգահեռաբար ստեղծել մթնոլորտ, որը բացասաբար է ազդելու իրավիճակի վրա, նշանակում է տնտեսական հեղափոխությունը դեռ երկար դոփելու է տեղում։ Ներդրողների համար չեն ստեղծվում հարմար միջավայր, պայմաններ, ինչը ենթադրում է, որ տնտեսությունում շատ դանդաղ կլինեն տեղաշարժեր։ Երբ ներդրողը լսում է հակասական հայտարարություններ, բնականաբար, մտավախություններ են առաջանում, նա խուսափում է երկիր փող բերելուց։ Բացի այդ, ներդրողը վստահ չի կարող լինել, որ դատաիրավական այսպիսի համակարգով կարողանալու է իր իրավունքները պաշտպանել։ Ժամանակն է, որ խոսքից գործի անցնեն, հայտարարությունների փուլն անցել է արդեն։
-Կառավարությունը հենց սկզբից հայտարարեց, թե ոչ մեկի հետ «փայ չի մտնում», փայ մտնողներին էլ բռնել են, ու նրանք ինքնահոժար գումարներ են «նվիրել» պետությանը։
-Երբ խոսում են «փայ մտնելու» մասին, կցանկանայի տեսնել այդ հայտարարությունների ապացույցը։ Շատ ուրախ կլինեի, որ բացահայտվեին այդ դեպքերը, և հասարակությունը տեսներ, որ դրա դեմ պայքար է ընթանում։ Օրեցօր նոր խմբեր են կառավարության դեմ բողոքի ցույցեր անում, սա վկայում է, որ այդ սոցիալական խմբերի ուղղությամբ քաղաքականությունը չի փոխվել կամ ավելի է վատթարացել։ Աշխատատեղեր են փակվում կամ փակվելու մասին հայտարարություններ են արվում, և ամենավատն այն է, որ շեշտը դրվում է մարդկանց անհատական որակների վրա։ Ոչ թե օպտիմալացման գաղափարն է կարևորվում, այլ մարդկանց անձնական, անհատական հատկանիշները։ Եթե աշխատանքային այլընտրանք չստեղծվի, գործազրկությունը կավելանա, ինչը ենթադրում է նաև սոցիալական խնդիրների մեծացում։
-Օրերս Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց նպաստառուների թիվը՝ 11 հազար 281, որոնք ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ են փակում: Հետո հարց հնչեցրեց` նրանք պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ: Այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց հանրության շրջանում։
-Այստեղ ինձ համար երկու անհասկանալի բան կա. նախ` բանկային գաղտնիքը հանրայնացվել է, հետո` չի կարելի ընդհանրացնել երևույթը, պետք է յուրաքանչյուր դեպք առանձին դիտարկվի։ Մենք գիտենք, որ այս համակարգում խախտումներ միշտ եղել են, նորություն չեն դրանք, նպաստի համար տվյալներ են թաքցվել, կեղծվել, որոնց մասին բազմիցս ենք խոսել։ Հարկավոր է եղած խնդիրները շտկել, վերացնել, ոչ թե մի ողջ ինստիտուտ վերացնել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ սոցիալական խնդիրների առաջ են կանգնելու։ Հասկանալի է, որ, ի վերջո, նպաստների համակարգից պետք է հրաժարվենք և անցում կատարենք աշխատանքի համակարգի, բայց քանի դեռ աշխատանքի համար բարենպաստ քաղաքականություն, պայմաններ չեն ստեղծվել, կտրել մի բան` առանց այլընտրանք առաջարկելու, նշանակում է լարվածությունը խորացնել, ինչն ամենաքիչն է մեզ հարկավոր։
-Չհաշվարկված քայլերն ինչի՞ արդյունք են` անփորձությա՞ն։
-Այն տպավորությունն է, որ հասարակությանն անընդհատ ինչ-որ թեմայով զբաղեցնելու մթնոլորտ են ստեղծում, երբ հասարակությունը պառակտվում է, երկու բևեռի բաժանվում։ Սոցիալական ցանցերում տեսնում ենք, թե ինչպիսի անհանդուրժողականություն կա հասարակության տարբեր շերտերի միջև, իսկ պետությունը դրանից միայն տուժում է։
-Ստեղծված խնդիրները, լարվածությունը, անհանդուրժողական մթնոլորտը ինչ-որ պահի կարող են հանգեցնել նոր ըմբոստության։
-Ամեն օր կառավարության առջև բողոքողների նոր խումբ է հավաքվում, մարդիկ արագ փոփոխություններ են ուզում։ Եթե այսպես շարունակվի, հասարակությունն արդեն փորձ ունի մերժելու, չի բացառվում, որ նույն փորձը կրկին գործի դրվի։ Հետևաբար, օր առաջ պետք է խոսքից գործին անցնել։ Մի բան ակնհայտ է` գնալով ավելանում են սոցիալական տարբեր խմբերի բողոքները, իսկ «թողեք աշխատեն» հորդորը վտանգավոր է։ Դա նշանակում է` իշխանությանը չես ներկայացնում պահանջներ, որոնցով նա պարտավոր է առաջնորդվել։ Իսկ երբ հասրակությունն իր ակնկալիքներն է ներկայացնում, իշխանությունն ավելի զգոն է լինում և ավելի արդյունավետ է աշխատում։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ