Չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը` մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե գոհացնում է իրեն փոփոխությունների դինամիկան։
«Ես շատ անգամ մարդկանց մեջ եմ, նրանց հետ ուղիղ շփման մեջ։ Գրում են, որ երկիրն անկայունության, տուրբուլենտության շրջանում է, հեսա տեսեք՝ ինչ ա լինելու։ Ոչ մի բան էլ չի լինելու։ Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և եթե փորձեն հետևից ֆեռարիով էլ հասնել, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներում հայցել», - ասաց նա` հավելելով, որ կառավարության դեմ սև հակաքարոզչության համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում։ Անդրադառնալով սոցիալական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բարձրացվել է 85000 մարդու սոցիալական նպաստները և թոշակները, 200 000 մարդու աշխատավարձերը։
«2019-ի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Դա ցուցի՞չ է, թե ոչ։ Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։ Մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքը կասկած չունի՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվել է և հաջողելու է: