Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երեսնամյա բացակայությունից հետո գրողը, մտավորականը մտնում է դպրոց»

«Երեսնամյա բացակայությունից հետո գրողը, մտավորականը մտնում է դպրոց»
22.03.2019 | 03:18

Արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ զրուցել ենք «Քո արվեստը դպրոցում» ծրագրի մասին, որի շրջանակում 50 արվեստագետներ իրենց ծրագրերով այցելում են հանրապետության մոտ 1500 դպրոցներ, յուրաքանչյուրը՝ 30 դպրոց: Ծրագրում ընդգրկել ենք թիրախային երեք ոլորտ՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն:


-«Քո արվեստը դպրոցում» ծրագրի մասնակիցներից եք: Դասընթացները մեկնարկե՞լ են:
-Պետք է ասեմ, որ երեսնամյա բացակայությունից հետո գրողը, մտավորականը մտնում է դպրոց։ Կարծում եմ` ոչ ոքի, նույնիսկ աշակերտներին անհրաժեշտություն չկա բացատրելու այս գործի կարևորությունը։ Եվ պատահական չէ, որ իրադարձություն է դառնում երեխաների համար։ Ինչ վերաբերում է մեկնարկին, այս դեպքում կարևորը մինչև նշված ժամկետը ավարտելն է, որոշակի սկիզբ, մեկնարկ չկա: Ինքներս պետք է համակարգենք մեր այցերը։ Ես սկսել եմ, բայց մարդիկ, ովքեր նաև աշխատում են որևէ հիմնարկում, պիտի հարմարեցնեն… Մի խոսքով, ոմանք սկսել են, ոմանք՝ դեռ ոչ, իսկ մեկ-երկուսն էլ արդեն ավարտում են։
-Զգացողություններն ինչպիսի՞ն են:
-Ամենատարբեր։ Մի դպրոցում ինձ ընդունեցին որպես «Նիկոլի մարդ», և դա շատ զվարճալի էր։ Անձամբ ես հետն էլ ուսումնասիրում եմ նաև մեր կրթական համակարգը: Բացահայտումները շատ են: Տարօրինակ են մեր դպրոցների անունները. ասենք Ռ. Իշխանյանի անվան թիվ 153 դպրոց. ստացվում է, որ այդ հարգարժան հայի անունով մեր երկրում արդեն կա 152 դպրոց, սա էլ 153-րդն է։ Մինչդեռ այդպես չէ։ Կամ, ասենք, Վ. Սարոյանի անվան թիվ 11 դպրոց… էլի շատ անվանի մարդկանց անուններով կոչված դպրոցներ կան, որոնց անվանման մեջ գրվում են թվեր՝ 200, 189 և այլն։ Կարծում եմ, սա պետք է վերանայվի, թվերը հանվեն։ Ավելի բարեհունչ կլինի և ավելի ճիշտ։ Բացի այդ, բոլոր դպրոցների հսկիչները տարիքն առած կանայք են, ինչքան հեռանում ես մայրաքաղաքից, դպրոցականներն ավելի կարդացած են, դպրոցի տնօրեններն ավելի նման են աշակերտների ընկերների, քան վերադասի։ Մանկավարժական կոլեկտիվներում իննսունինը տոկոսը կանայք են: Գյուղական աշակերտությունը օգտվում է պլանշետներից և հեռախոսներից, բայց տեղյակ չէ էլեկտրոնային գրադարաններից, գրախանութներից, dasaran.am-ից, էլեկտրոնային և առհասարակ որևէ գրական մամուլից։ Մեր երեխաները շփման խնդիրներ ունեն՝ վախենում են իրենց կարծիքը հայտնել։ ՈՒսուցիչները համարյա թե չեն ժպտում։ Որոշ դեպքերում ուսուցիչները հսկում են երեխաների խոսքը և այլն։
-Մինչ այս մի՞թե գրողները չէին այցելում դպրոցներ:
-Իհարկե մինչ այս էլ շատ ենք եղել դպրոցներում, բայց ոչ այսպես համակարգված և համատարած՝ հեռավոր մարզերով։ Սովորաբար գնում էինք դպրոցների նախաձեռնությամբ, մեր կամ դպրոցների միջոցներով։ ՈՒրեմն նախորդի առավելությունն այն էր, որ երբ դպրոցը քեզ հրավիրում է, արդեն գիտե ով ես դու, գրքերդ են ուզում, կարդում են, տեղյակ են գրականությունից և, թեև չես վարձատրվում, բայց քեզ նվաստացած չես զգում։ Այս ծրագրի դեպքում հակառակն է. պետությունը քեզ վարձատրում է այցերի համար, բայց հիմնականում դրանք ոչ թե հանդիպումներ են, այլ դասախոսություններ, որովհետև քո մատուցած նյութից այդ պահին միայն դու ես տեղյակ, մնացածը լսողի դերում են։ Ցավալի է այս անտեղյակությունը, բայց մխիթարողն այն է, որ հաճույքով լսում են և ափսոսանքով ճանապարհում։
-Մինչ այս բարի նախանձով էիք խոսում դրսի փորձի մասին, երբ գրողը վճարվում էր ողջ տարին դպրոցներում հանդիպումներ ունենալու համար: Հիմա, երբ այս գործընթացը հասել է մեզ, ի՞նչ եք կարծում, կհաջողի՞, շարունակություն կունենա՞։
-Կարծում եմ` արդեն հաջողել է, որովհետև և՛ գրողներն են հաճույքով աշխատում, և՛ դպրոցներն են մեզ հաճույքով ու նաև կարոտով ընդունում։ Այցից այց ավելի ես զգում արածիդ կարևորությունը, երբ երեխաների հայացքներն ավելի են վառվում, երբ զգում ես, որ ձգտում են իմանալ, լրացնել մինչ այս բաց թողածը։
-Ծրագրում բացեր կա՞ն, կարծես գրողների շրջանում դժգոհություն կար:
-Պահումների հետ կապված ենք դժգոհել, ինչն էլ անմիջապես շտկվեց, և, ինչպես ասում են, վերադասը մեր սրտով գնաց։ Բացեր կան կազմակերպչական առումով, ասենք, արդյո՞ք դժվար էր նախարարությանը մեզ տրամադրել ընդամենը տասը հեռախոսահամար՝ մարզային կրթության բաժինների համարները, ինչու՞ են ծրագրից դուրս մնացել մասնավոր դպրոցները, նրանք ա՞յլ կրթական համակարգի մաս են և այլն։
-Ո՞ր դպրոցներում եք եղել:
-Արդեն եղել եմ երեք-չորս մարզում՝ Երևանի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Լոռու:
-Հաճելիորեն առանձնացող դպրոցներ կա՞ն:
-Այո, Երևանի Ռ. իշխանյանի անվան թիվ 153 դպրոցը, որտեղ արդեն գիտեին, որ ինձ նման գրող կա, համացանցից տեղեկացել էին և՛ իմ կենսագրությանը, և՛ իմ գործերին, ունեին գրքասերի ակումբ, ուսուցիչները, տնօրենը շատ բանիմաց էին։ Քասախի Ա. Հովհաննիսյանի թիվ 2, Հաղպատի, Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 և էլի մի քանի հետաքրքիր դպրոցներ կային՝ աշխույժ երեխաներով։
-Գրողներին ճանաչու՞մ են։
-Ժամանակակցի անուն դեռ չեմ լսել, եթե խոսքը երեխաների մասին է։ Զարմանալի է, որ ուսուցիչները գրականությունից տեղյակ են, իսկ աշակերտները՝ ոչ այնքան։ Երբ ուսուցիչներին հարցրի՝ ի՞նչն է խանգարում, որ իրենց գիտելիքը փոխանցեն (այցերի ժամանակ ավելի շատ հանդիպում եմ ուսուցիչների հետ, քան աշակերտների. աշակերտները մեկ-երկու դասականի անուն են տալիս` լավագույն դեպքում), պատճառաբանեցին՝ դասագրքերը։ Համարյա բոլոր դպրոցներում բարձր դասարանների (8-12) գրականության դասագրքերից շատ դժգոհ էին։ Պետք է ուրախությամբ ասեմ, որ բոլոր դպրոցներում էլ առողջ տրամաբանությամբ աշակերտներ են։
-Հաճույքո՞վ են լսում գրողի խոսքը:
-Այո։ Քանի որ և՛ ուուցիչը, և՛ աշակերտը, և՛ գրողը մտավորականներ են, անկախ իմացության մակարդակից, բոլորն էլ շոշափելի զգում են սեփական տեսակի հետ շփման պահանջը, խոստանում են, որ հաջորդ տարի հենց գնամ և իմ հեղինակած, և՛ իմ նվիրած գրքերը, և տարած հանդեսները կարդացած կլինեն։ Այո, ոչ միայն հաճույքով, այլև կարոտով են լսում։ Անկախ իր մանր-մունր թերություններից` սա շատ կարևոր ու պետքական ծրագիր է։
-Ի՞նչ հարցեր են տալիս:
-Հիմնականում՝ ի՞նչ կարդալ, ինչպե՞ս դաստիարակել գրական ճաշակ:
-Ի՞նչ է տալու ծրագիրը, գոնե կսկսե՞ն ընթերցել ժամանակակիցներին, և ի՞նչ է տալու դա դպրոցականներին: Չգիտեմ էլ` ճի՞շտ է առանձնացնել ժամանակակից, դասական գրողներին, եթե կարդում են, ուրեմն կարդում են թե՛ մեկին, թե՛ մյուսին:
-Սա պրոպագանդա է և կրթադաստիարակչական ծրագիր միաժամանակ. շատ տեղերում հանկարծ բացահայտում են, որ ժամանակակից արվեստ և արվեստի գործիչ գոյություն ունի, իրենք ամայության մեջ չեն։ Գիտակցում են, որ կյանքի հոգևոր կողմ գոյություն ունի, և դա նույնքան կարևոր է։ Իրենց մեջ հայտնաբերում են արվեստագետին, ընթերցողին: Հասկանում են, որ պետության և գրողի կողմից անտեսված չեն, որ մարդիկ իրենց հետ հույսեր են կապում, իրենց մեջ տեսնում են գործի շարունակողին ու գնահատողին, հետաքրքիր զրուցակցի և, ամենակարևորը, ծանոթանում են իրենց հետ այս պահին նույն հողի վրա ապրող մարդու, մտավորականի, լսում նրա մտքերը, համեմատում:
-Ի՞նչ տվեց ծրագիրը Ձեզ:
-Իմ այցերը ես անչափ օգտակար եմ համարում, որովհետև և՛ դասական գրականությանն եմ ծանոթացնում, և՛ իմ գործերն եմ մատուցում, և՛ «Կայարան» հանդեսն ու նրա հեղինակներին, և՛ մանկապատանեկան «Հասկեր» գրական մրցույթը, որ կազմակերպում է մեր ակումբը։ Այս տարվա «Հասկեր» ժողովածուում ունենք գործեր, որոնց հեղինակներն ինձնից են իմացել այս մրցույթի մասին և ուղարկել իրենց գործերը։ ՈՒ նաև՝ որպես գրող ուսումնասիրում եմ իմ երկիրը և նոր լիցքեր ստանում գրելու համար։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ