Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կառավարության ղեկավարը փորձում է անցնել հակահարվածի

Կառավարության ղեկավարը փորձում է անցնել հակահարվածի
12.04.2019 | 01:18

Հայաստանում վերջին ամիսների ընթացքում սկանդալների, աղմկահարույց գործընթացների պակաս առանձնապես չի զգացվում։ Օրերս այդ միտումը նոր թափ ստացավ, ինչն իր արտացոլումը գտավ վարչապետի հանձնարարականներում, հայտարարություններում, ինչպես նաև բիզնես դաշտում արտաքինից տնտեսական, սակայն խորքային առումով քաղաքական բաղադրիչ պարունակող զարգացումներում։


Մի քանի օր առաջ կառավարության նիստում վարչապետը, հերթական անգամ կորցնելով ինքնատիրապետումը, անդրադարձավ քաղաքական դաշտում ֆեյքերի և տարաբնույթ մանիպուլյացիաների թեմաներին և ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարեց զբաղվել ֆեյքերով ու մանիպուլյատորներով։ Թեման բավականին լայն արձագանք ստացավ և՛ երկրի ներսում, և՛ քաղաքական դաշտում, և՛ փորձագետների, և՛ նույնիսկ միջազգային կառույցների շրջանում, քանի որ այստեղ շատերը նկատեցին խոսքի ազատության սահմանափակման վտանգ։ Ի վերջո, շատերի համար հասկանալի չէր, թե ինչու հենց ԱԱԾ-ն պետք է զբաղվեր այս հարցով, քանի որ ԱԱԾ-ն շատերի մոտ ասոցացվում է նախկին ԿԳԲ-ի հետ։ Բացի այդ, բոլորը հասկանում են, որ ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում կարող են լինել նաև որոշակի ճնշումներ քաղաքական հակառակորդների, երբեմն նաև տնտեսության մեջ մրցակիցների նկատմամբ։ Նկատենք, որ իրավական առումով ֆեյքի, լավ կամ վատ ֆեյքի սահմանում գոյություն չունի։ Ի վերջո, սոցցանցերում մենք այսօր ունենք հազարավոր կեղծ օգտատերեր, որոնք ընդամենը սահմանափակվում են Երևանի նկարները զետեղելով, միաժամանակ կան ֆեյքեր, որոնք տարածում են ռասայական խտրականություն, ատելություն և այլն։ Միանգամից բացասական երանգ ստացավ մանիպուլյացիա եզրույթը, թեև ինչպես փորձագետներն էին նշում իրենց ելույթներում, ցանկացած լավ քաղաքական գործիչ խոշոր հաշվով տիրապետում է նաև մանիպուլյացիոն գործիքների, և դա նրա գործունեության բնական ասպեկտն է։ Ցանկացած հռետոր, այդ թվում՝ հեղափոխական գործիչ լավ մանիպուլյատոր է, և նույնիսկ յուրաքանչյուր գովազդային հոլովակ ու բիզնես ունի մանիպուլյատիվ տարրեր, որպեսզի տարբեր գործիքներով հանրությանը ստիպի ընտրել իրեն։ Այնպես որ, սա մի ոլորտ է, որտեղ բավականին լուրջ խառնաշփոթ կա։
Զարմանալի զուգադիպությամբ ֆեյքերի դեմ պայքարի հանձնարարականից մեկ-երկու օր անց ծագեց «Սպայկա» ընկերության թեման։ «Սպայկան» երկար տարիներ եթե ոչ մենաշնորհային, ապա գերակշռող դերակատարում ունի Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում։ Այստեղ իհարկե շատերը արձանագրեցին դեպքերի անտրամաբանական զարգացման շղթան, քանի որ «Սպայկայի» հետ կապված պատմության մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ նույն վարչապետը բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ մեծ շուքով ընկերության պաշտոնական սեփականատիրոջ՝ Դավիթ Ղազարյանի հետ բացում էր «Սպայկայի» հերթական նոր բիզնեսը՝ պանրի արտադրությունը։ Այն ժամանակ ոչ ոք չէր հիշում, որ «Սպայկան» ունի հսկայական հարկային պարտավորություններ, որոնք, ինչպես վարչապետն էր վերջերս ասում, կարող են միայն մեքենայությունների հետևանք լինել։


Այս տարօրինակ զուգադիպության համատեքստում շատերը փորձեցին տեսնել նախ և առաջ քաղաքական երանգ։ Խնդիրն այն է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրականում գերիշխող դիրք ունեցող այս ընկերության սեփականատերը այնուամենայնիվ այլ մարդիկ են, որոնք առնչություն ունեն թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ամենաբարձր կառույցների ղեկավարների հետ։ Ոմանք էլ ենթադրում են, որ սեփականության վերաբաշխման գործընթաց է սկսվել։ Այս վարկածը գրեթե հիմնավորում են այն հայտարարությունները, որ ինչ-ինչ ընկերություններ արդեն այժմ պատրաստ են գոնե մասամբ գրավելու «Սպայկայի» բիզնես նիշան։ Ի դեպ, բիզնես կուլիսներում շշուկներ կան, որ դրանց հետևում կանգնած են վարչապետին մոտ կանգնած որոշ մեծահարուստներ։


Առկա իրավիճակում բոլոր վարկածներն էլ իհարկե իրավունք ունեն գոյություն ունենալու։ Սակայն պետք է նկատել, որ վարչապետը և նրա թիմակիցները, իրենց ղեկավարին երկրորդելով և երրորդելով, անընդհատ հայտարարում են, որ իրականում իրավիճակը երկրում այնքան անմխիթար չէ, որքան ներկայացնում են մամուլը կամ սոցցանցերը, որոնց տերերը, ինչպես գործող իշխանություններն են շեշտում, միլիոններ, միլիարդներ են ծախսում լրատվական ռեսուրսներ գնելու, կառավարելու և ուղղորդելու համար։ Վարչապետը պարբերաբար հավաստիացնում է, թե վենդետա չի եղել, բոլորն իրենց գործին են մնացել, միաժամանակ կա նաև «Սպայկայի» շուրջ ստեղծված իրավիճակը՝ բավականին լուրջ մեղադրանքներով և տնօրենի կալանավորմամբ, որը պնդում է, թե ընկերության միակ սեփականատերն ինքն է, ինչին Հայաստանում առանձնապես լուրջ չեն վերաբերվում։ Այս կետերը համադրելով և վերլուծելով՝ շատերի մեջ կասկած է առաջանում, որ գուցե որոշակի պայմանավորվածություններ են խախտվել գործող և նախկին իշխանությունների միջև, ինչը հունից հանել է վարչապետ Փաշինյանին։ Չի բացառվում, որ վարչապետը կարծում է, որ այն գումարները, որ ինքը մեծահոգաբար թույլ է տալիս աշխատել նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, այսօր ներդրվում են քարոզչական ռեսուրսներում՝ իր, իր կնոջ ու իր թիմակիցների դեմ արշավներ կազմակերպելու համար։ Ստացվում է, որ գործող ռեժիմի օրոք աշխատվող գումարները օգտագործվում են հենց գործող ռեժիմի դեմ։ Եվ փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փորձում է կտրել այդ փողերի աղբյուրները։ Չի բացառվում, որ «Սպայկայի» հետ կապված պատմությունը այս ենթատեքստն ունի։ Իսկ տնօրենի կալանավորումը նախազգուշական ակցիա է նաև մյուս սեփականատերերի համար՝ ցույց տալու, թե ինչ ճակատագրի կարող է արժանանալ նրանցից յուրաքանչյուրը։


Փաստ է, որ այսօրվա ինֆորմացիոն պայքարում վարչապետի թիմը պարտվում է։ Այս ամիսների ընթացքում որքան վարչապետի, նրա թիմի վարկանիշը նվազեց, այս իրավիճակը ավելի ու ավելի լարվեց։ Նախկինում իշխանություններն ունեին բավականին բարձր ռեյտինգ, իշխում էր հեղափոխական-հետհեղափոխական էյֆորիան, կառավարական ռեսուրսները, նաև իրական մարդիկ հեշտությամբ կարողանում էին լռեցնել ընդդիմադիր ցանկացած ելույթ։ Այդ ժամանակ իշխանություններին առանձնապես չէին անհանգստացնում իրենց նկատմամբ քննադատությունները, բայց էյֆորիայի նվազման, իշխանական թիմի ու հատկապես վարչապետի վարկանիշի անկման հետ այս իրավիճակն ու ամեն մի քննադատական խոսք սկսեց նյարդայնացնել Փաշինյանին, ու ցանկացած լրատվական հարված սկսեց շոշափելի դառնալ։ Այդ իսկ պատճառով կառավարության ղեկավարը փորձում է անցնել հակահարվածի։ Ցանկացած առիթով կատաղի պայքար է սկսում, որոշ դեպքերում անհավասարակշիռ ու նյարդային տոներով։ Այդպիսով նա ցանկանում է հավասարակշռություն ապահովել ինֆորմացիոն դաշտում։ ՈՒ քանի որ լրատվական ռեսուրսներով չի կարողանում հավասարակշռել, աշխատում է դա անել ուժային մեթոդներով՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, ոստիկանության միջոցով։ Այս համատեքստում շատ տրամաբանական է, որ «Սպայկայի» հետ կապված թեման դեռ չմարած՝ խնդիր է ծագում «Առինջմոլի» հետ կապված ու հենց այն պահից սկսած, երբ տրանսգենդերային թեմաներով բավականին սուր խնդիրներ առաջացան ԲՀԿ-ի ու «Իմ քայլի» միջև։


Այսպիսով մոտավորապես ուրվագծվում է, թե առաջիկա ամիսներին ինչ ուղղություններով է ընթանալու ինֆորմացիոն հոսքերի, ֆինանսների համար պայքարը։ Այս հանգամանքներում հատկանշական է, որ շեշտը, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, դրվում է ոչ թե ԱԱԾ-ի, այլ ՊԵԿ-ի վրա։ Մեծ վարկանիշ ձեռք բերած ԱԱԾ-ին և նրա ղեկավարին այժմ հանձնարարված է զբաղվել վարկանիշի տեսակետից ավելի ռիսկային գործով՝ ֆեյքերի հայտնաբերմամբ, ինչն իր մեջ ակնհայտորեն քաղաքական ռիսկեր է պարունակում և ցանկացած դեպքում վարկանիշ դժվար թե ավելացնի առանց այն էլ բավականին բարձր ռեյտինգ ունեցող ԱԱԾ պետին։ Ի դեպ, օրերս Արթուր Վանեցյանը բավականին հետաքրքիր պարզաբանում տվեց ֆեյքերի շուրջ ծագած տարընթերցմանը՝ հստակ բացատրելով, որ ֆեյքն ինքնին որևէ հանցակազմ չի պարունակում, որ այդտեղ առաջնայինը ֆեյքի և ոչ միայն ֆեյքի, այլև իրական օգտատերի գրածի բովանդակությունն է։ Պատասխանատվություն կարող է առաջանալ միայն այդ դեպքում, եթե բովանդակության մեջ հանցակազմի տարրեր լինեն։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3397

Մեկնաբանություններ