Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իրականում շոշափելի դրական տնտեսական տեղաշարժ չի նկատվում»

«Իրականում շոշափելի դրական տնտեսական տեղաշարժ չի նկատվում»
19.04.2019 | 01:23

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ զրուցում ենք կառավարության նոր կառուցվածքի և տնտեսական այլ հարցերի շուրջ։


-Պարոն Խաչատրյան, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը որքանո՞վ է արտացոլում սպասելիքները տնտեսությունից։ Արդյոք նման կառուցվածքը կարո՞ղ է ակնկալվող տնտեսական զարգացում ապահովել։
-Կառավարության ներկայացրած կառուցվածքն իշխող քաղաքական ուժի պատկերացումն է վարվող տնտեսական քաղաքականությունն ավելի արդյունավետ դարձնելու իմաստով։ Իմ կարծիքով՝ մեծ հաշվով էական էլ չէ՝ կառավարության կազմում կունենանք 17 նախարարություն, 12, թե 20։ Շատ ավելի կարևոր և առանցքային է այդ նախարարությունների ու գերատեսչությունների ֆունկցիոնալ արդյունավետությունը։ Դրա մասին ներկայացված նախագծում որևէ խոսք չկա։ Հիմնական շեշտադրումը, ըստ էության, արվում է պետական կառավարման համակարգի օպտիմալացման հետևանքով որոշակի ֆինանսական ռեսուրսներ խնայելու հիմնավորմամբ, բայց իրականում հարցը խորությամբ դիտարկելիս անգամ այս իմաստով որևէ հաշվարկ կամ կանխատեսում չկա։ Մի կողմից, որոշ նախարարություններ կրճատելով՝ փորձում են այդ նախարարության գործառույթները այլ նախարարությունների պատվիրակել ու որոշակի հաստիքների տնտեսում ունենալ, մյուս կողմից էլ վարչապետի աշխատակազմում նախատեսվում է ավելացնել 150 հաստիք։

Գյուղնախարարությունում, որը պետք է օպտիմալացվի, այս պահին 130 հաստիք կա։ Հասկանալի է, որ այդ հաստիքների մի մասը, ընդ որում, գոնե կեսը, պահպանվելու է՝ փոխանցվելով էկոնոմիկայի նախարարությանը։ Ստացվում է, որ այստեղ մենք 50-60 հաստիքի կրճատման խնդիր ենք դնում։ Նույնը վերաբերում է մյուս նախարարություններին. մոտավորապես նման թվեր են։ Մեծ իմաստով, ֆինանսական ռեսուրսների օպտիմալացման նախադրյալներ չկան։ Ամենակարևոր հարցն արդյունավետությունն է։ Կառավարությունը այդպես էլ չի կարողանում ասել, թե առաջարկվող կառուցվածքով որքան է բարձրանալու պետական համակարգի արդյունավետությունը և, ամենակարևորը, ինչպես։ Կամ՝ գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարությանը միացնելով՝ արդյո՞ք մենք գյուղոլորտում ավելի էֆեկտիվ պետական քաղաքականություն ենք ունենալու։ Ընդ որում, դա այն ոլորտն է, որտեղ զբաղված է ընդհանուր զբաղվածների մոտ 30 տոկոսը։ Այդ ոլորտն ապահովում է մեր համախառն ներքին արդյունքի 17 տոկոսը, գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությունն այսօր Հայաստանում բավականին ցածր արտադրողականությամբ է աչքի ընկնում։ Հետևաբար, պետական հասցեական քաղաքականությունն այս ոլորտում շատ կարևոր է՝ թե՛ արդյունավետությունը բարձրացնելու, թե՛ թողարկման ծավալը մեծացնելու, ի վերջո, գյուղացիական տնտեսությունների ծանր հոգսը ինչ-որ իմաստով թեթևացնելու առումով։ Նույնը վերաբերում է մյուս գերատեսչություններին։ Թիրախավորել ենք, որ մինչև 2050 թվականը 5 միլիոն բնակչություն պետք է ունենանք, ու հասկանալի է, որ դա միայն ներքին ռեսուրսների՝ ծնելության խթանման հաշվին իրականացնելը գրեթե անհնար է, հետևաբար, այստեղ ենթադրվում է, որ կառավարությունը, իր ծրագրում այդ ցուցանիշը թիրախավորելով, առաջին հերթին արձանագրում է, որ պետք է քայլեր ձեռնարկի հայրենադարձություն կազմակերպելու ուղղությամբ։ Մյուս կողմից էլ, սփյուռքի նախարարությունը փակում ենք, վարչապետի աշխատակազմում ստեղծում ենք 20- հոգանոց թիմ՝ սփյուռքի հանձնակատարի ինստիտուտով, որը, բնականաբար, չի ունենալու այն կարգավիճակը, որ կարողանա այդ խնդիրներն արդյունավետ լուծել։ Ցանկանում եմ մի հանգամանք էլ շեշտել. գուցե նախկինում նույն սփյուռքի նախարարությունն անհրաժեշտ ծավալով իր գործառույթները չի իրականացրել, գործել է ոչ այնքան արդյունավետ։ Բայց այն, որ նախկինում այդ կառույցը լավ չի աշխատել, դեռևս հիմք չէ, որ մենք արմատական մեթոդներով՝ կտրելով այդ խնդիրը լուծենք։ Շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե այդտեղ ավելի գործուն մեխանիզմներ ներդրվեին, և քայլ առ քայլ կառույցի արդյունավետությունը բարձրանար։


-Երկրի վարչապետն անցած մեկ տարվա ընթացքում պետք է ինստիտուցիոնալացներ իշխանությունը՝ ստեղծելով քաղաքական, տնտեսական և այլ հենարաններ։ Նիկոլ Փաշինյանին հաջողվե՞լ է այս ընթացքում անել դա։
-Իմ խորին համոզմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում էական տեղաշարժեր, դրական իմաստով, տնտեսությունում չեն արձանագրվել։ Ներդրումային գրավչությունը պետք է բարձրանար, ներդրումներ պետք է ունենայինք, բիզնեսը ստվերից պետք է հարկային դաշտ գար և այլն. նշված առումներով որևէ շոշափելի քայլ դեռևս չի արվել։ Ընդ որում, եթե 2018 թ. կտրվածքով կարող էինք ինչ-որ իմաստով արձանագրել, որ կառավարությունը Ազգային ժողովում քաղաքական փոքրամասնություն է, և չի կարողանում իր գաղափարները կյանքի կոչել, ապա գոնե անցած տարվա դեկտեմբերից սկսած՝ այդ իրավիճակը չկա, ու մոտ 5 ամիս պատասխանատվությունն իշխող քաղաքական ուժի ձեռքում է, որը թե ԱԺ-ում մեծամասնություն ունի, թե քաղաքային իշխանություններում որոշակի ռեսուրսների է տիրապետում, սակայն իրականում շոշափելի դրական տնտեսական տեղաշարժ չի նկատվում։
-Վարչապետն օրերս հայտարարեց նոր ստեղծված 50 հազար աշխատատեղերի մասին։ Ոմանք ասում են՝ այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում։


-Իրականում պետական վիճակագրական ծառայությունն այդ թվերը պետք է հստակ հրապարակի։ Պարզապես երբ հրապարակված թվերը այլ աղբյուրների հետ համադրմամբ չեն համընկնում, թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ հասարակության որոշ հատվածներում օբյեկտիվ հարցեր են առաջանում։ Վարչապետն ասում է՝ 50 հազար աշխատատեղ են ստեղծել։ Ոչ ոք չի ուզում կասկածի տակ դնել վարչապետի խոսքը, բայց մյուս կողմից, եթե 50 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, դա նշանակում է, որ դրոշմանիշային վճարների իմաստով հավելյալ 50 հազար անգամ 1000-ական դրամ, այսինքն՝ ամեն ամիս 50 միլիոն դրամ մուտքեր պետք է գրանցվեին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում։ Սակայն կա նշված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամների պաշտոնական դիրքորոշումը, որոնք հստակ փաստերով ցույց են տալիս՝ հիմնադրամ հավելյալ մուտքեր չկան։ Այստեղ օբյեկտիվորեն հարց է առաջանում՝ կա՛մ իրականում այդ աշխատատեղերը չկան, կա՛մ, եթե այդ աշխատատեղերը կան, ապա այդ աշխատողներից վճարված 1000-ական դրամ դրոշմանիշային վճարները մնացել են պետական բյուջեում ու չեն ծառայել իրենց նպատակին։ Այսինքն՝ կառավարությունն այդ գումարները հավաքել է ու բյուջեն լցնելու կամ բյուջեի կատարողականը ապահովելու համար է ծախսել։ Այդ մասին մի քանի հարցադրումներ եղել են, սակայն պաշտոնական պարզաբանում չկա։ Համենայն դեպս, թվերի այդ հակասությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ինչ-որ բան այն չէ։


Զրուցեց Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ