Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր ժամանակների Ավետարանը

Նոր ժամանակների Ավետարանը
23.04.2019 | 03:49

Մենք բոլորս դուրս ենք եկել դրախտից ու հայտնվել կյանքի դժոխքում, մեզնից ոմանք ունեն դրախտ վերադառնալու, ոմանք դժոխքում մնալու հնարավորություն՝ թե այս, թե այն աշխարհում: Մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով ու նմանությամբ, և մեզ տրվել է ընտրություն՝ ամեն ինչ մեր ձեռքին է, ու մենք ոչինչ էլ չենք որոշում՝ առաջին ու գլխավոր ընտրությունն անելուց հետո:


Ապրիլը խիստ խայտաբղետ է ստացվում մեր կյանքում: Այնքան խայտաբղետ ու արագընթաց, որ ժամանակ չի թողնում իմաստավորելու իրադարձությունները, որ ավելի շատ իրավիճակներ են ու դեպքեր, քան իրադարձություններ: Ապրիլի 21-ին Սուրբ Զատիկն էր՝ քրիստոնեության գլխավոր տոնը, և Հայ առաքելական եկեղեցին բոլոր հավատացյալների հետ նշում էր Սուրբ Հարության տոնը: Եթե չլիներ սուրբ Հարությունը, 12 առաքյալները չէի՞ն հավատալու իրենց ՈՒսուցչին: Չգիտեմ: Գուցե ոչ: Թովմաս առաքյալի օրինակով՝ մենք հավատում ենք աչքով տեսածին ու մատներով շոշափածին: Իսկ հավատը ֆիզիկական որակներ չունի, կամ կա, կամ չկա: Երեկ Մեռելոց էր, որ կառավարության շնորհիվ այլևս ոչ աշխատանքային օր չէ և մարդկանց բաժանում է երկու մասի՝ ոմանք կարող են իրենց հանգուցյալների հիշատակը հարգել, ոմանք՝ ոչ: Փոխարենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց իր «Ավետարանը», Նոր Հայաստանի «երանիները».
-Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
-Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
-Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։
-Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։
-Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։
-Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։
-Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։
-Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։
Մեծ տարբերություններ, ինչպես տեսնում եք, չկան: Տարբերությունը ընկալման մեջ է: Իսկ ընկալումների համար ...«անմեղադիր լերուք», զի կար իր այդքան է: Իր գնահատականով «խոր քրիստոնյա»՝ վարչապետը եկեղեցին ընկալում է շինություն, հավատը՝ գործ, որ արվում է միմիայն աշխատանքային ժամերին: ՈՒ դա օրեցօր անթաքույց է դառնում: Իսկ այսօր լրանում է մեկ տարին, երբ ասվեց սակրալ նախադասությունը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», որին հաջորդեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ու հեղափոխության, որ մինչ օրս ոմանք անվանում են հեղաշրջում, հաղթանակը: Ինչո՞վ են իրարից տարբերվում 2018-ի ապրիլն ու 2019-ի ապրիլը: Գնահատականների խայտաբղետության պակաս չեք զգալու, եթե փորձեք փողոց դուրս գալ ու պատահական անցորդներին հարցեր տալ: Դա լինելու է սուբյեկտիվ գնահատական և միայն պատասխանների քանակական կուտակումների վերլուծությունը կարող է որոշակի պատկերացում տալ: Փաստացի՝ մեզնից յուրաքանչյուրը որոշումներ ընդունում է իր սուբյեկտիվ գնահատականների հիման վրա՝ համարելով, որ կյանքում կան սկզբունքներ, կամ՝ անսկզբունքայնությունն ընտրելով իբրև սկզբունք: Մենք շատ տարբեր ենք, ու դա ևս Աստծո պարգևն է:


Բայց կան նույնքան օբյեկտիվ իրավիճակներ, որոնց հետ, ամբողջ սուբյեկտիվությամբ հանդերձ, չենք կարող հաշվի չնստել, որովհետև ազդում են մեր կյանքի որակի վրա: ՈՒ եթե հակիրճ և սոսկ իբրև վիճակագիր, առանց գնահատականների ամփոփենք անցած շաբաթվա անցուդարձը, պիտի արձանագրենք.
1. ԱԺ-ն ընդունեց կառավարության կառուցվածքը՝ 12 նախարարություններով, բոլոր առարկությունները մերժելով:
2. Խորհրդարանում ձևավորվել է իշխանություն-ընդդիմություն կոշտ ու անհանդուրժողական դիմակայություն:
3. «Նախորդ հանցավոր ռեժիմի» հետ բախումներից հետո բախումներ են սկսվել իշխանական էլիտայում:
«Կարո՞ղ է կառավարությունը իրականացնել իր իսկ ծրագիրը իր պատկերացրած կառուցվածքով» հարցը օրակարգից դուրս եկավ: Թեպետ իրականում թյուր պատկերացում է 12 նախարարությունների համակարգը, պետական կառավարման բուրգում բազում կառույցներ կան, որ չկոչվելով նախարարություն, գործնականում նախարարությունից պակաս իրավասություններ չունեն: Այսինքն՝ գործ ունենք մեծ պայմանականության հետ՝ փրկչի ու 12 առաքյալների մոդելի, որ հենվում է ժողովրդի քվեն ունենալու համոզմունքի վրա:

Բայց և չի ցանկանում իշխանության ոչ մի դյույմ ձեռքից բաց թողնել: Այդպես ավելի անվտանգ է: Ժողովրդի քվեն՝ ժողովրդի քվե, բայց շատ ավելի հանգիստ է, երբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ենթարկվում են վարչապետին, ու նրանց պետերը մի հրամանով կարող են պաշտոնանկվել: Համենայն դեպս՝ անցումային շրջանում սուպերվարչապետությունը իշխանության պաշտպանական վահան է: Խնդիրն այլ է՝ իսկ ի՞նչ կապ ունի դա հեղափոխության ու ժողովրդավարության հետ: Նպաստու՞մ է կառավարման արդյունավետությանը: Արդյունքում իշխանությունն ավելի պաշտպանվա՞ծ, թե՞ ավելի խոցելի է դառնում: Միանշանակ՝ ոչ: Խորհրդարանական քննարկումներն առաջին հայացքից ի հայտ են բերում կոշտ դիմակայություն: Այնուամենայնիվ, հակառակ միմյանց հասցված վիրավորանքներին ու մեղադրանքներին, խորհրդարանում ոչ թե քաղաքական ընդդիմություն է գործում, այլ տնտեսական՝ ի դեմս ԲՀԿ-ի, իսկ ԼՀԿ-ն ընտրություններից սկսած փորձում է ապացուցել իր կլասիկ երկրորդ լինելը: Ոչ ավելին:


Ժանրի կանոններով՝ չի էլ կարող, նույնիսկ եթե ԼՀԿ խմբակցության ղեկավարը ամբիոնի առաջ հանի ոչ միայն պիջակը, այլև մյուս հագուստները: Պատճառն այն չէ, որ ՔՊ մեծամասնությունը կարող է ընդունել ցանկացած որոշում՝ առանց ընդդիմության ձայների: Բացի ՀՀԿ-ից, որ կորցնելու ու գտնելու ոչինչ չունի, քաղաքական որևէ կուսակցություն հազիվ թե հիմա ռազմավարական ու մարտավարական նկատառումներով ճիշտ համարի հակադրվել ՔՊ-ին, քանի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գոնե կիսով չափ պահպանվում է՝ համեմատած 2018-ի ապրիլ-մայիսի հետ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը բացարձակ մենակության մեջ հարկադրված է դիմակայել ոչ միայն քաղաքական դաշտին, այլև իր իսկ կուսակցությանը և ժողովրդին: Եվ փաստ չէ, որ այդ ընթացքում պահպանելու է ժողովրդի աջակցությունը:
Ժողովուրդը, որի անունից վարչապետն այսօր հանդես է գալիս ու ընդունում կամայական որոշումներ, կոնկրետ արդյունքներ է ուզում՝ փոփոխություններ իր կենսամակարդակում: Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան հաճախակի էր հայտարարում, որ իշխանությունը ոչ թե ինքն է, այլ ժողովուրդը, որ հիմա ՀՀ ցանկացած հպարտ ու ոչ այնքան հպարտ, բայց դժգոհ քաղաքացի համարում է, որ ինքն իշխանություն է ու իրավունք ունի որոշումներ ընդունելու: Իսկ դա արտահայտվում է լոկալ անհնազանդությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հրաժարականների պահանջից մինչև դպրոցների տնօրեններ ու այլ պաշտոնատարներ: Կառավարման բուրգը նախարարությունների մակարդակով արդյունավետ չի գործում փոփոխությունների պատճառով, ՏԻՄ մակարդակով կառավարումն էլ՝ հետհեղափոխական աֆտերշոկերի: Եվ որքան էլ դա բնական ընթացք է, կարող է նույնիսկ կոչվել արդարության վերականգնման գործընթաց, պետությունը ակնհայտորեն ազատ նավարկության մեջ է՝ կառավարելիության ցածր մակարդակով: Ոչ այն պատճառով, որ ներքևները չեն ուզում, այլ այն, որ վերևները չգիտեն՝ ինչ են ուզում: Ժամանակն այլևս իշխանության դաշնակիցը չէ: Ժամանակը ևս գործում է իշխանության դեմ ու սկսել է հետհաշվարկը:


Կառավարելիության ճգնաժամի դրսևորում են և ՊՎԾ-ի ու ԱԱԾ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները: Մեկ տարի առաջ ոչ ոք չէր ենթադրի, որ ԱԱԾ-ն քրեական գործ կհարուցի ՊՎԾ-ի պետի դեմ: Անձերը կարևոր չեն, կարևորը երևույթն է: Փաստացի ստեղծվել է իրավիճակ, երբ ճիշտ է կամ Դավիթ Սանասարյանը, կամ Արթուր Վանեցյանը: Նրանցից ով էլ ճիշտ լինի, հարվածներն ուղղվելու են Նիկոլ Փաշինյանի դեմ, որ նշանակել է նրանց ու կառույցների ղեկավարն է: Պատահական չէ, որ վարչապետը շատ օպերատիվ արձագանքեց: Բնականաբար՝ Ֆեյսբուքում. «Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խոր արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձև։ Թքած ճշմարտության և ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։ Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։ Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում»։ Եվ՝ կասեցրեց Դավիթ Սանասարյանի լիազորությունները՝ հավատալով անմեղության կանխավարկածին:


«Սերժանտական նոստալգիային», սակայն, հավատացողները շատ չեն: «Ես համաձայն չեմ վարչապետի հետ էն առումով, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդման ռեակցիան ընկերական, ախպերական, ոնց որ ինքն է ասում, արդյունք է»՝ եզրակացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Դավիթ Սանասարյանը մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանը քրեական հետապնդումն անօրինական է է համարում՝ պնդելով, որ «Սանասարյանի վրա շինծու գործ է կարվում, նրա դեմ կեղծ ցուցմունքներ են տվել, այդ թվում՝ ՊՎԾ աշխատակիցները»։ «Խնդիր կար նաև երևի պարոն Սանասարյանին մեկուսացնել այս բարձր պաշտոնից, այդ կարող էր նաև հիմք հանդիսանալ, որովհետև պարոն Սանասարյանը մենք գիտենք ինչպիսի ազնվագույն անձնավորություն է և ինչ պայքար է մղել կոռուպցիայի դեմ և մտել է ոլորտներ, որտեղ նա երևի չպետք է մտներ»՝ ասել է դատապաշտպան Ինեսա Պետրոսյանը, հավելելով՝ «հին բարքերն են սկսել աշխատել, մարդկանց բերել են այն վիճակի, որ սուտ ցուցմունք տան»։
Ի՞նչ երաշխիք, որ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն է իրականացվում։ Դանիել Իոաննիսյանը, օրինակ, հարց է տալիս. «Ոնց էր ստացվում, որ, ըստ էության, այնպես էին մրցույթները կազմակերպվում, որ դրանց արդյունքում շահող էին դուրս գալիս Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի կազմակերպությունները, իրենց հետ փոխկապակցված կազմակերպությունները։ Ո՞նց էր այսպես ստացվում, արդյո՞ք սա քննության առարկա եղել է, թե՞ ոչ»: Եվ դա միակ հարցը չէ: Իսկ պատասխանները կարող են լինել ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության մեջ, ու դա կապացուցի ճշմարտությունը, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Ցավոք: Ցանկացած թավիշ ունի աստառ, իսկ աստառը միշտ չէ թավշե: Հաճախ փշապատ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Վաղը ապրիլի 24-ն է: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Ինչպես Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, ցեղասպանության տարելիցին ևս տրվում է օրացուցային նշանակություն: Մոմավառություն, երթ Ծիծեռնակաբերդ, պսակադրություն, կցկտուր ուղերձներ, համայն հայությունը նորից կսպասի ԱՄՆ նախագահի խոսքին... Իշխանությունը պատրաստվում է իր գլխավոր տոնին՝ Քաղաքացու օրվան, որին 124 միլիոն դրամ է տրամադրվել: Առավոտյան ծառատունկ, հետո՝ հանրային քննարկումներ քաղաքացիական գիտակցության բարձրացման թեմայով: Հետո՝ հրավառություն: Այսպես են Հայաստանում ընկալում ...պետության դերի բարձրացումը: Եվ չասեք, որ դա է դրախտը, ուր հասնում են դժոխքն անցնելուց հետո: Նույնիսկ եթե ձեզ հաջողվի Մաշտոցի պողոտայի վրա վարչապետի ձեռքով պատրաստված խորոված ուտել: «Ոչ միայն հացիւ»-ը նշանակում է իմաստավորել բովանդակությունը, ոչ թե նոր ձևեր հնարել:

Դիտվել է՝ 2158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ