Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այսօր պետության դերը նսեմացրել են ու հասցրել հարկահավաքի կարգավիճակի»

«Այսօր պետության դերը նսեմացրել են ու հասցրել հարկահավաքի կարգավիճակի»
03.05.2019 | 00:12

Թե որ հանգրվանում է տնտեսական հեղափոխությունը, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ տնտեսությունում շոշափելի տեղաշարժեր չկան։ Երբեմն-երբեմն ինչ-որ թվեր են շրջանառության մեջ դրվում, որոնք ավելի ուշ կա՛մ սրբագրվում են, կա՛մ էլ հերքվում։ ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսական իրավիճակի թեմայով։


-Հայաստանն այսօր տնտեսական հեղափոխության թափքի մե՞ջ է։
-Միանշանակ է, որ Հայաստանը պետք է զարգացած տեխնոլոգիաներով տնտեսություն ունենա, բայց այս նպատակին հասնելու համար հարկավոր է զարկ տալ գիտությանը։ Սա երկար ժամանակ է պահանջում։ Նախ` պետք է գիտության ոլորտում գույքագրում անել ու հասկանալ, թե ինչ ունենք։ Ի՞նչ արեց, օրինակ, Սորոսը։ Կոպեկներ տվեց գիտական այն կոլեկտիվներին, որոնք գաղափարներ ունեին, ու դրանք հավաքեց տարավ։ Թե ինչ շահույթ է ստանում այդ ամենից, մենք արդեն չգիտենք։ Որպեսզի ուղեղների արտահոսք չլինի, մտավոր ներուժը մնա Հայաստանում, իրական քայլեր պետք է ձեռնարկել։
-Ասել է՝ տնտեսական հեղափոխությունը ոչ թե ստվերից 50 հազար աշխատողների դուրս բերումն է կամ ՀԴՄ-ի վրա հենված տնտեսությունը, այլ տնտեսությունում, նախ և առաջ, գիտական ներուժի օգտագործու՞մը։
-Իհարկե, այդ մարդկանց ստվերից դուրս բերել պետք էր, բայց դա ընդամենը հարկային քաղաքականության հետ է կապված, որի ճկուն լինելու պարագայում նման խնդիրներ չեն առաջանա։ Հարկային քաղաքականությունն այնպիսին պետք է լինի, որ ոչ միայն պարտադրի, այլև շահագրգռի «սպիտակ» դաշտում աշխատել։ Տարիներ շարունակ մեզ մատուցված իբր լիբերալ տնտեսությունն իրականում եղել է ծայրաստիճան գռեհիկ։ Չկա ամբողջովին ազատ շուկա, այն ինչ-որ ձևով կարգավորվում է։ Նախորդ ու ներկա կառավարությունների տարբերությունն այն է, որ այսօր պետության դերը նսեմացրել են ու հասցրել հարկահավաքի կարգավիճակի։ Օրենքներ ընդունելով, ցանկանում են իբր պայմաններ ստեղծել, որ ներդրողներ գան Հայաստան։ Ցանկացած երկրի զարգացման տեսլականը պետք է ստեղծեն իշխանությունն ու ժողովուրդը։ Որևէ մեկը գիտի՞, թե այս իշխանությունը տնտեսական ինչ տեսլական ունի։ Եթե պետության դերը չի բարձրանում, ամեն ինչ լոզունգային մակարդակի վրա է մնում։ Մեր երկիրը որոշակի ճգնաժամային վիճակում է (այսպես էր նաև նախորդ իշխանությունների տարիներին). խոսքը և՛ տնտեսության, և՛ ժողովորդագրական, և քաղաքական վիճակին է վերաբերում։ Սրան գումարած` մենք կուտակել ենք 7,5 մլրդ դոլարի պարտք, բայց ոչ մի իրական արդյունք։ Նշանակում է պարտքը սխալ ուղղությամբ է ծախսվել, ու այս քաղաքականությունը վերանայել է պետք։ Եթե պետությունը պարտք է վերցնում, նախ և առաջ ինքը պետք է մտածի, թե ինչպես է այդ վարկը օգտագործելու և ինչպես է մասնավորին մասնակից դարձնելու դրան։ Պետք է պատասխանատու լինի այդ վարկի իրացման և դրա արդյունքի համար։ Ներդրողը գալիս է այն ժամանակ, երբ երաշխիք ունի, որ իր ներդրումն ապահովագրված է և շահույթ է բերելու։ Մեր շուկան փոքր է, ուրեմն խոշոր ներդրող չի գալու այստեղ։ Պետք է մտածել, թե ինչ կարելի է արտադրել, որը հնարավոր է նաև արտահանել։ Հիմա ասում են, թե եկեք մեր միջոցով ԵԱՏՄ շուկա մտեք։ Բայց այդ երկրներն էլ բնական հարց են տալիս՝ ինչպե՞ս, ցույց տվեք ձեր տրանսպորտային լոգիստիկան, որքա՞ն ռիսկեր կան, ի՞նչ ձևով են փոխհատուցում ստանալու, եթե կորուստներ ունենան։ Փողն ամենազգուշավոր «կենդանին» է, սա բոլորը գիտեն։ Պետությունը պետք է օրինակ ծառայի, ցույց տա, որ ներդրումների համար հարմար պայմաններ, մթնոլորտ կան։
-Դրսի ներդրողին հրապուրելուց առաջ ներսի ներդրողներին չպե՞տք է շահագրգռել։
-Նախ` պեությունն իր վրա որոշակի պարտավորություն պետք է վերցնի, եթե որևէ ոլորտ ցանկանում է զարգացնել։ Ինչ վերաբերում է ներքին ներդրողներին, երբ ասում են, թե եկեք մեզ մոտ հարստացեք ու հարստացրեք, դրսից ասում են, թե ձեզ մոտ միլիոնատերեր, անգամ միլիարդատերեր կան, ինչու՞ նրանք ձեր երկրում ներդրումներ չեն անում։ Առաջին հերթին նրանք պետք է շահագրգիռ լինեն սեփական երկրում այդ ներդրումներն անելու հարցում, քանի որ ավելի ապահովագրված կլինեն իրենց երկրում։ Ինչու՞ են սահմանափակվել միայն այն ոլորտներով, որտեղ առավոտյան գումար ես ներդնում, երեկոյան ստանում շահույթդ։ Այս իրավիճակում ո՞վ կցանկանա գալ քո երկիր։ Երբ ասում են, թե այսինչ տեղում գործարան կբացվի, պետք է հասկանալ, որ մեկ-երկու գործարանը տնտեսության համադարման չի կարող լինել։ Մի քանի գործոններ կան, որոնք կարևորագույն նշանակություն ունեն։ Կա մարդկային ռեսուրսի խնդիր։ Հաղթելու է նա, ով ավելի շատ ու ավելի որակյալ մարդկային ռեսուրս ունի։ Առաջնահերթ են հիմա մարդկային թվաքանակի աճը և որակյալ կրթությունը, սրանց զուգահեռ նաև աշխատատեղերի ստեղծումը՝ արժանապատիվ աշխատավարձով։ Այսօր ծնունդների թիվը մեզ մոտ չի աճում, այսինքն 10-20 տարի հետո ծանր վիճակում ենք հայտնվելու, հայրենադարձությունն այն տեմպը չունի, որը մեզ հիմա կոգևորի։ Մինչդեռ մեր հակառակորդի՝ Ադրբեջանի բնակչության թվաքանակն օր օրի աճում է։ Սա, թերևս, ամենագլխավոր հարցն է, պետք է լինի ազգային ծրագիր։ Պետության դերի բարձրացումը ենթադրում է ազգային տարբեր ծրագրերի իրականացում։
-Երբ ծրագրերից, ոլորտային հարցերից է խոսք բացվում, իշխանությունն ասում է, թե դրանք իր կառավարության ծրագրում արտացոլված են։ Այդպե՞ս է։
-Նախ` կառավարության ծրագիրն ամենևին էլ ծրագիր չէ։ Ծրագիրը հստակ ժամանակացույց է ունենում, իրագործման մեխանիզմներ, գործիքակազմ, մինչդեռ այս ծրագիրը ողողված է «պետք է» բառով։ Սա խորհրդային տարիներից է եկել, հասկացանք, որ պետք է, բայց ինչպե՞ս և ե՞րբ։ Ասում են` կոռուպցիայի դեմ պայքարով են զբաղված, շատ լավ, բայց դրան զուգահեռ նաև լուրջ ծրագրերի իրականացում է հարկավոր։ Եթե չկա համապարփակ ձևակերպված ծրագիր և չկա դրա գործիքակազմը, ամեն ինչ դառնում է ընդամենը ցանկություն, իսկ նման շռայլություն մենք մեզ այսօր իրավունք չունենք թույլ տալու։ Այսօր օրինական ձևավորված իշխանություն կա երկրում, հանրությունը մեծ ցանկություն ունի, որ այս իշխանությունը կայանա, հաջողի, ավելին, կարող ուժեր, առանց հավակնությունների, իրենց օգնությունն են նաև առաջարկում, բայց իշխանությունը պատնեշ է կառուցել ու ասում է, թե ամեն ինչ գիտի։ Սա ՀՀՇ-ն է հիշեցնում։ Մենք արդեն որոշ չափով դեժավյու ենք ապրում։ ՀՀՇ-ի տարիներին էին ասում, թե իրենք ամեն ինչ գիտեն, ծրագիր ունեն, ստացել են ծանր ժառանգություն։ Այդ ծանր ժառանգության հաշվին բոլորը դարձան միլիոնատեր, դղյակատերեր։ Այս ամենն աչքի տակ ունենալով, չենք կարող անտեսել արտաքին մարտահրավերները։ Այսօր Թուրքիայի ուշադրությունը սևեռված է դեռևս Մերձավոր Արևելքի ուղղությամբ, բայց նրանք հաստատապես չեն հրաժարվել իրենց նկրտումներից՝ միավորվել հոգեհարազատ ժողովուրդների հետ։
-Այդ մարտահրավերներին պետք է հակադրել տնտեսակա՞ն հզորությունը։
-Պաշտպանական և տնտեսական։ Բանակն է պետք համալրել, դրա համար մարդկային ռեսուրսի մասին պիտի մտածել։ Այս պայմաններում չհամախմբել բոլոր հնարավորությունները պարզապես հիմարություն է։ Երբ խոսում են հպարտ քաղաքացիների մասին, պետք է հասկանալ, որ նրանց բոլորին պիտի միավորել, որպեսզի իշխանությանը սնեն գաղափարներով, առաջարկներով, խորհրդով։ Իհարկե, որոշում կայացնողը վարչապետն է, բայց այն պետք է բխի ապագայի գործունեությունից։ Այլևս ժողովուրդը չի համեմատելու այս իշխանությունը հնի հետ, հինը գնաց։ Այս համեմատությունը գնալով ավելի շատ է կաղալու, որովհետև ժամանակն անցնում է, և բոլոր պահանջների հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է՝ իր կառավարությամբ։ Անշուշտ, ոչ մեկը չի ժխտում, որ հիմնարար հարցերն անցյալից են եկել։
-Այսօրվա իշխանությունը նախկինների իներցիայով առաջ չի՞ գնում։
-Այսօրվա կառավարության տնտեսական քաղաքականությունը չնչին տարբերությամբ շարունակում է բոլոր նախկին կառավարությունների քաղաքականությունը, որը ձախողվել է, զարգացում չի ապահովել։ Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ ունենք հիմա՝ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի, Իրանի հետ, տարածաշրջանում լուրջ շահեր ունի Չինաստանը, ԵՄ-ի հետ ունենք շփումներ և ԱՄՆ-ի հետ կարևոր հարաբերություններ։ Առանձնացրի այս պետությունները, քանի որ նրանց հետ հարաբերությունները պետք է փայփայել, այս պետությունների շնորհիվ տարածաշրջանում պատերազմ չի հրահրվում։
-Վերջերս Պեկինում տեղի ունեցավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցում էին 37 երկրների ղեկավարներ, այդ թվում` Ադրբեջանի նախագահը, Հայաստանը ներկայացնում էր բնապահպանության նախարարը։ Տնտեսագետները սա համարեցին մեծ բացթողում։ Ձեր դիտարկումը։
-Առաջին համաժողովին էլ Հայաստանի ղեկավարությունը չէր գնացել։ Նրանք սխալվեցին, հիմա դուք ինչու՞ չգնացիք։ Սա սովորական համաժողով չէ, 37 երկրի ղեկավար է դրան մասնակցում, միլիարդավոր դոլարների պայմանագրեր են կնքվում։ Ամենակարևորը՝ այնպիսի պետություն է այդ համաժողովի «գլխին» կանգնած՝ Չինաստանը, որի հովանավորությունը մեզ համար ունի անգնահատելի նշանակություն։ Եթե այսօր տնտեսական, պաշտպանական կապերով Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունենք, չեմ կարծում, որ Ռուսաստանը դեմ լինի Չինաստանի հետ նույնպիսի հարաբերություններին։ Եթե անգամ վարչապետը չէր կարող գնալ, պետք է նախագահը գնար այդ համաժողովին։ Չինաստանի շահագրգռությունը Հայաստանում մեծ է, պատահական չէր, որ մեծ դպրոց բացեցին, տարան «Նաիրիտի» հոսքագիծը, որն իրենց մոտ շատ լավ աշխատում է, իսկ մեզ մոտ քայքայվեց։ Ռազմատեխնիկական համագործակցությունն էլ այլ թեմա է, հիմա խոշոր դեսպանատուն են կառուցում Հայաստանում։ Սակայն Պեկինի համաժողովին փաստացի նստած էր ոչ թե մեր վարչապետը, այլ Ադրբեջանի նախագահը։
-Տնտեսական թելերով Հայաստանն ամենից շատ կապված է Ռուսաստանի հետ։ Օրերս հայտնի դարձավ, որ առաջիկայում գազի գնի վերաբերյալ նոր պայմանագիր պետք է կնքվի։ Ի՞նչ սպասել այս պայմանագրից։
-«Գազպրոմ Արմենիան», «Հարավկովկասյան երկաթուղին», «Կանազ» գործարանը ռուսական ընկերություններ են, բայց գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում և ենթարկվում են մեր օրենքներին, նրանց կապիտալն է ռուսական։ Սրանք այն ներդրումներից են, որոնց մասին միշտ երազում են ու խոսում։ Այս կառույցները մեր հարկային դաշտում են գործում, ուրեմն բարի թող լինեն այնպիսի վերահսկողություն իրականացնել, որ ամեն ինչ ճիշտ լինի, ոչ թե գիշերվա ժամը 12-ին գնան «Հարավկովկասյան երկաթուղի»` ստուգումների։ Ինչ անում եք, պրոֆեսիոնալ արեք, ճիշտ, օբյեկտիվ։ Այս դեպքում ամեն ինչ պարզ կլինի, դժգոհություններ էլ չեն լինի։ Չէ՞ որ կապիտալը նրանցն է, իսկ կառավարիչները ՀՀ քաղաքացիներ են։ Բայց մինչ այդ պետք է նկատի ունենալ մի հանգամանք. ո՞վ մինչ այս կարողացավ մեզ համոզիչ ներկայացնել, թե «Գազպրոմ Արմենիան» ինչ տնտեսական ծախսեր ունի հանրապետությունում, որ մատակարարման գին է բարձրացնում սպառողի համար։ Ինչ վերաբերում է նոր պայմանագրի կնքմանը, հայկական կողմը պետք է ծանրակշիռ հանձնաժողով ստեղծի, որն առնվազն կհամապատասխանի նրանց պրոֆեսիոնալիզմին։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ