Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անխոհեմ ու չար կամակորությունը

Անխոհեմ ու չար կամակորությունը
07.05.2019 | 00:37

Կա մեր բազմաթիվ մեղքերի ևս մի աղբյուր, որից առաջանում են մեր ջղայնությունն ու բորբոքվածությունը. դա մեր անհամբերությունն է:
Առաջինը` Աստծո նկատմամբ, որ ուղարկում կամ թույլ է տալիս ընկնել այս կամ այն փորձության մեջ. մենք մեղք ենք գործում` անհուսությամբ, տրտնջալով և նույնիսկ Աստծո դեմ բողոքելով, որ, մեր կարծիքով, ուղարկում է մեզ «անարդար» և «ուժերից վեր» չարչարանքներ:


Կարող է ձեզնից մեկը ասել կամ միանալ ուրիշների խոսքերին, կամ հոգու խորքում համամիտ լինել նրանց հետ, իբր «եթե Աստված լիներ բարի, ապա պատերազմ չէր լինի, մանուկների տառապանք չէր լինի, հիվանդություն չէր լինի, երիտասարդ հասակում մահ չէր լինի» և նման այլ «կարծիքներ»: Հնարավոր է եղել է մեկը, որ նման մտքերով տարվելով՝ հասել է Աստծո Նախախնամության և նույնիսկ գոյության ժխտմանը. ապաշխարե՜ք և զղջացե՛ք: Որքա՜ն անխոհեմ է մարդկային սահմանափակ խելքով դատել Աստծո տնօրինության մասին և անհեթեթ եզրակացություններ անել այն բանից, ինչը անհասանելի է մեր հասկացությանը:
Մարդկանց նկատմամբ անհամբերությունը տրամադրում է մեզ նրանց մեղադրել պատահած բոլոր չարիքների համար: Այստեղից էլ առաջանում են բազմաթիվ ու անխոհեմ կասկածներ, անարդարացի մեղադրանքներ, որոնք իրենց հերթին ծնում են վեճեր, խռովություններ և թշնամություն, բողոքներ և փոխադարձ վիրավորանքներ: Մենք բոլորս անզգայապես սուզվում ենք այս «մեղքերի անդունդի» մեջ, իբր մեզ համար մեռնել չկա, կամ չենք հավատում հետմահու կյանքին, Ահեղ դատաստանին, դժոխքի և դրախտի գոյությանը:
Մեր սեփական անձի նկատմամբ անհամբերությունը առաջացնում է. հոգու ալեկոծում, ուղեղի մթագնում, մտքի խավարում, այստեղից էլ կորցնում ենք առողջ դատողությունն ու չենք գտնում միջոցներ չարի դեմ պայքարում։ ՈՒժեղ ու երկարատև տխրությունը մեր սրտում տանում է տրտմության` հոգու և մարմնի ուժերը թուլացնող մեղքի, որն էլ հասցնում է կատարյալ անգործության:


Ընկնում ենք փոքրոգության մեջ, իսկ ոմանք հասնում են նույնիսկ հուսահատությանը՝ այս մահացու մեղքին, որը հոգին է սպանում: Եվ այս բոլորը փոխարեն այն բանի, որ վարժվենք համբերության մեջ, վստահենք Քեզ, Տե՛ր, Քո իմաստուն Հայրական առաջնորդությանը՝ ասելով. «Ինչպես կամենում ես, Ո՛վ Տեր, ամեն գնով փրկի՛ր մեզ»: Մեզ մոտ այս տեսակ առաքինությանը հակառակվում է ամեն դեպքում իր ուզածը պնդել ձգտող չար ու հիմար կամակորությունը, և որքան հաճախ շատ չնչին բաների պատճառով կորցնում ենք մեր խաղաղությունը. «ոչինչ և ոչ մի բանում և ոչ մի կերպ չեմ զիջի», «չեմ զիջի վեճի մեջ նույնիսկ եթե գիտակցում եմ, որ սխալ եմ»` ահա մեր կամակորության և խստասրտության կարգախոսը, որով մենք ապրում ենք` աղոթքի փոխարեն: Հասնում ենք նույնիսկ դատարանի ատյանին` մեր անզիջողության և երկրավոր ինչքերին չափազանց կապված լինելու պատճառով՝ մոռանալով կամ չիմանալով Փրկչի պատվիրանը. «և եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող» (Մատթ. 5;40): Ով Տե՛ր, ինչքա՜ն հեռու ենք մենք այս պատվիրանից: Ների՛ր մեզ մեր անխոհեմ ու չար կամակորությունը:
Իսկ մտածե՞լ եք, թե ինչու ենք մենք դարձել այսքան խռովկան ու նեղացկոտ: Այս ամենը կատարվում է մեր հոգիներում հեզության ու խոնարհության բացակայությունից:

Խռովկանությունը առաջանում է «ինքնագնահատականից», որովհետև մեզնից յուրաքանչյուրը մտածում է, իբր ինքը «ինչ-որ մի բան է» և «ինչ-որ կարևոր մի բան», դրա համար էլ նեղանում ու խռովում ենք և փորձում վրեժխնդիր լինել նրանից, ով մեզ չգնահատեց ըստ արժանվույն կամ պատիվ չընծայեց: Ահա այս մեր «ինքնագնահատականը» և «ինչ-որ մի բանը» պետք է արմատախիլ անել ու դեն գցել, որից հետո միայն մեր հոգու մեջ կհաստատվի հիմքը ներքին խաղաղության: Իսկ մենք կարծում էինք, որ նեղանում ենք, որովհետև այնքան նրբազգաց բնավորություն ունենք, իսկ մեզ շրջապատող մարդիկ` անզգամ, չարակամ ու կոպիտ են:


Կա հեզության ևս մեկ տեսակ, որը գերազանցում է ընդանրապես մեր գիտակցությունը` դա ի սրտե մեր անձի թշնամիներին բարի կամեցողությունն է Տիրոջ պատվիրանի համաձայն. «Սիրեցե՜ք ձեր թշնամիներին, օրհնեցե՜ք ձեզ անիծողներին` և աղոթեցե՜ք ձեր նեղիչների համար» (Մատթ. 5;44): Կա՞ն մեր սրտերում նման զգացումներ: Ո՛չ, Տե՛ր, դա մեզ անկարելի է թվում: Մենք թերևս փոքր-ինչ համբերատար կգտնվենք նրանց նկատմամբ, ովքեր մեզ սիրում են կամ բարերարություն են անում: Սակայն դա համամարդկային հատկանիշ է, քանզի և «մեղավորները սիրում են իրենց սիրողներին»: Իսկ քրիստոնեական առաքինությունը կայանում է նրանում, որ ոչ միայն չատենք մեր անձի թշնամուն, այլև սիրենք նրան, բարություն անենք նրան, Աստծուն աղոթք անենք նրա համար, այսինքն, տեսնենք նրա մեջ մեր մերձավորին, որը փրկությանը կանչված մեզ նման մեկն է, սակայն հոգեպես տառապող ու հիվանդ` մեր օգնության ու ծառայության կարիքն ունեցող:


Մենք՝ ջղայնացած և ատելությամբ լցված, երբեմն ցանկանում ենք ուրիշին դժբախտություն ու փորձանք, չարախնդում ենք ծածուկ կամ բացահայտ, երբ մեր նեղիչներն ու թշնամիներն ընկնում են նեղության մեջ, և նույնիսկ համարձակվում ենք ասել, որ նրանք արժանի են ավելի մեծ փորձանքի, իսկ հնարավոր է մեկը իր սրտում մահ է ցանկացել իր թշնամիներին, կամ էլ ավելի սոսկալին` ուրախացել իր թշնամիների կործանման և նրանց հարազատների վշտի համար:
Ահա թե ինչպես մենք պիտի վարվենք նրանց հետ, ում համարում ենք մեզ վիրավորող և թշնամի, լսենք, թե ինչ է ասում Սուրբ Հովնան Ոսկեբերանը. «Եթե մեկը ընդվզի քո դեմ, դու խոնարհ եղիր, եթե մեկը լկտիաբար վարվի, դու զիջող եղիր, եթե մեկը խոցի քեզ ծաղրանքներով ու հայհոյանքներով, մի պատասխանիր նույն ձևով, որպեսզի վրեժխնդիր լինելով չկործանես ինքդ քեզ»:


Մարդկանց կարծիքով, հեզերը առավել հալածված ու անպաշտպան են: Սակայն Տերը խոստանում է հեզություն ձեռքբերողներին, որ «նրանք երկիրը պիտի ժառանգեն»: Իսկ դա արդեն ապացուցված է դարերի ընթացքում: Առաջին դարերի քրիստոնյաները, կարծես թե, պիտի բնաջնջվեին հեթանոսների կատաղությունից, սակայն ժառանգեցին երկիրը, որի վրա տիրում էին նրանց հալածիչները: Եվ արդարների օթևաններում հեզերը կընդունեն Տիրոջից լավագույն բաժինը «կենդանյաց երկրում»:
Արժանացրու՛ և մեզ, Ո՛վ Տեր, մեր վախճանից առաջ ապաշխարել, և որպես ապաշխարությանը արժանի պտուղ բերել Քո առաջ հեզ ու խոնարհ մեր սրտերը և ստանալ հոգու երանությունը արդարների բնակարաններում:

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ
տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ