Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատերազմի մասին հիշողությունը կրակե շապիկ է

Պատերազմի մասին հիշողությունը կրակե շապիկ է
14.05.2019 | 01:50

94-ամյա ՀԱՄԱԶԱՍՊ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ սեղանին կուտակված մեդալները մեկ առ մեկ ներկայացնում է ինձ: Կինը՝ Ժասմեն Հակոբյանը, հին լուսանկարներն է ցույց տալիս: Հայացքս որսում է պատերազմի վետերանի դեմքին հայտնված ու միմյանց հաջորդող զգացմունքերի՝ հպարտության ու տխրության պահերը, ականջս՝ ակնթարթ հնչող հառաչանքը:
Վայոց ձորի Մալիշկա գյուղում ծնված ու դպրոցը նոր ավարտած 18-ամյա Համազասպը 1943 թվականին կամավոր մեկնում է պատերազմ և վերադառնում 1950 թվականին: ՈՒ վերադարձի առթիվ տանը կազմակերպած խնջույքի ժամանակ էլ գյուղապետը ցույց է տալիս Համազասպի «սև թուղթը» ու պատմում, որ դեռ պատերազմի ժամանակ ստացել է, բայց խղճալով զինվորի մորը, չի հանձնել ու մտքում ասել է` թող հույսով ապրի:
Օրն արևոտ էր, որոշեցի Համազասպ պապի հետ զրուցել տան բակում, սակայն վաստակաշատ զինվորն ու հողագործը կամեցավ ինձ ցույց տալ իր ձեռքով մշակած այգին: Հպարտանալու իրավունք ուներ:


Պատերազմն էնքան սարսափելի չէր, ինչքան դրա ավարտից հետո
Ռազմաճակատ մեկնած պատանին հրաձագային զորամասի կրտսեր հրամանատարների կարճաժամկետ դասընթացներն ավարտելուց հետո իր մարտական մկրտությունը ստանում է Կովկասյան լեռների համար մղվող դաժան մարտերում, կռվելով մտնում Գերմանիա:
-Պատերազմի ավարտից հետո ամերիկացի ու անգլիացի զինվորներն ուզում էին Բեռլինը կիսել, մեզ հրամայված էր Մագդեբուրգ քաղաքի մոտ փակել նրանց ճանապարհը, որ չմտնեն Բեռլին,- հիշում է Համազասպ պապը։- Պատերազմը էնքան դժվար չի եղել ինձ համար, որքան դրանից հետո ընկած ժամանակահատվածը: Սարսափելի պատերազմ էր պատերազմից հետո, երբ գեմանացիները փոքր խմբերով թաքնվել էին անտառներում ու պարտիզանական ջոկատների նման հաճախ գրոհում էին մեզ վրա: Երեք տարի մնացի այդ քաղաքում:
Հիշարժան դրվագները շատ էին, ու յուրաքանչյուրի մասին պատմելիս հին զինվորը հուզվում էր: «Վաշտի հրամանատարը հայ էր՝ Արտաշես Մանասյանը, այդ ժամանակ ես կրտսեր սերժանտ էի: Պատկերացրու, 180 զինվոր քնած են, հրամանատարին զեկուցեցի, որ անտառից դեպի մեզ շարժվող գերմանացիներ եմ տեսել, կարգադրեց արթնացնել զինվորներին: Էս նեմեցները անտառից դուրս եկան ու թևերը քշտած կարտոշկի դաշտով եկան մեզ վրա, սարսափելի մարտ սկսվեց: Մերոնցից 4-ը, նրանցից` 60-ը, զոհվեցին: Էդ մարտից հետո շատ գերմանացիներ գալիս հանձնվում էին:

Համազասպ պապի համարձակությունն ու արագ կողմնորոշվելու ունակությունը մեկ անգամ չէ, որ փրկել են յուրայիններին: Էլբա գետի ափին պետք է գիշերեին փայտերով ամրացված վրաններում: Փայտը պակասեց, հրամանատարի կարգադրությամբ Համազասպը գնաց փայտ որոնելու, այդ պահին գերեվարած գերմանացի մի ընտանիքի՝ ամուսինների ու երկու երեխաների բերեցին, շատ անսպասելի այդ գերմանացին փորձեց իր մոտ եղած ատրճանակով սպանել հավաքված զինվորներին, բայց կանխեցին, իսկ կինն էլ իր հերթին հավաքած մազերը քանդեց ու միջից հանած ատրճանակով ցանկացավ սպանել հրամանատար Մանասյանին: Այդ պահին Համազասպը փայտով ամուր հարվածեց կնոջ ձեռքին, այդ կերպ փրկվեց նաև հրամանատարը:


-1944-ին Բալթիկ ծովի ափի մոտ գունդը կանգնած էր, երբ հնչեց «воздух» հրահանգը, իսկ դա նշանակում էր, որ բոլորս պետք է անմիջապես պառկեինք գետնին, 500 -կիլոյանոց ռումբն ընկավ, ու հզոր պայթյունից ովքեր չէին հասցրել պառկել, զոհվեցին, ինձ ռումբի ձայնը շշմեցրեց, կոնքից ծանր վիրավորվեցի: Վեց ամիս պառկել եմ հիվանդանոցում: Էդ ժամանակ էր, որ ինձ համարել են զոհված, քանի որ դիակներ տեղափոխող ռուս զինվորներն իմ գրպանին փակցրած 3977 համարի ժետոնը շփոթել էին մեկ ուրիշի ժետոնի հետ ու ինձ զոհված համարելով «սև թուղթ» էին ուղարկել մերոնց՝ Հայաստան: Էհ, ո՞ ր մեկը պատմեմ:

Համազասպ պապի հիշողության մեջ անջնջելի է մնացել հատկապես «Մայդանեկ» համակենտրոնացման ճամբարում տեսածը:


-Դարպասներից ներս մտանք, մի գերմանացի թաքնվել էր տակառի մեջ, սպանեցինք էդ ճաղատին, բացեցինք ձեռքի ճամպրուկն ու քար կտրեցինք: Մեջը ատամի ոսկե պրոթեզներ էին, վզնոցներ, ժամացույց, մատանի: Մի զինվորական շինել կար, մեջը… հայատառ նամակ, էսօրվա պես հիշում եմ, գրված էր. «Սոնա ջան, տղայիս լավ կպահես»: Ցավս տասնապատկվեց,- հուզմունքը հազիվ զսպելով պատմում է Համազասպը:

Պատերազմի մասին հիշողությունը կրակե շապիկ է, որի պատճառած այրվածքները մշտապես ցավ են պատճառում: Սփոփանքը շարունակվող կյանքն է, սիրված կինը, 4 զավակները, 11 թոռներն ու 19 ծոռները: Առանձնակի հպարտությամբ է խոսում թոռների մասին:
Տիկին Ժասմենը «նեղսրտում» է, 64 տարի համատեղ կյանքում ամուսինն իր անունը երբևէ չի տվել, «անունս չի տալիս, միշտ ախչի ա կանչում»: Ամուսնանալիս նա 19 տարեկան էր, ամուսինը՝ 30:


Պատերազմից վերադառնալիս Համազասպ պապը ցանկանում է աշխատել, սակայն նրան ամենուր մերժում են կրթություն չունենալու պատճառով: Նրա համար շրջադարձային է լինում Ղևոնդյան անունով մի մարդու հետ պատահական հանդիպումը, որի օգնությամբ էլ ընդունվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, որն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատում է Մալիշկայի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Նրա լավագույն ընկերները եղել են Հրանտ Շահինյանն ու Ալբերտ Ազարյանը:
Պատմում է, որ Մոսկվայում մի քանի անգամ մասնակցել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթին: Երբեմն էլ այցելում էր Երևանում ապրող իր վետերան ընկերներին: Մի օր Վերնիսաժում զարմանքով նկատում է սեղանին դրված մեդալներ, վաճառողի հարցին՝ ցանկանում եք գնե՞լ, Համազասպ պապն ասում է. «Ով է վաստակել, ով է արյուն թափել, ով է վաճառում», շրջվել է ու խոնավ աչքերը սրբելով հեռացել:
-Բալա, որ գրես, ինձ խաբար կանե՞ս,- հրաժեշտից առաջ հարցրեց Համազասպ պապը` թաշկինակի մեջ հավաքելով պատերազմից հուշ ու վկայություն մնացած մեդալները: Հին զինվորը աշխարհին խաղաղություն մաղթեց:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ