«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Համազգային վեթինգից առաջ ու հետո

Համազգային վեթինգից առաջ ու հետո
24.05.2019 | 01:08

Քանի դեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ճշտել՝ հիմա երկրո՞րդ, թե՞ երրորդ հեղափոխության մեջ ենք, այսինքն՝ երբ երկրորդ հեղափոխություն էր հայտարարվում տնտեսականը, հետո երկրորդ անվանվեց դատականը, հեղափոխությունը մինչև 3 հաշվել հարկ չի՞ համարում, թե՞ երկրորդը հիմա տնտեսականը չէ, փորձենք հասկանալ անցումային արդարադատության համադարման հայտարարված վեթինգը ի՞նչ է: Անգլերեն Vetting-ը թարգմանվում է որևէ անձի կենսագրական տվյալների ստուգման գործընթաց, որ նախորդում է նրան աշխատանք առաջարկելուն, մրցանակ շնորհելուն կամ նրա վերաբերյալ որոշում կայացնելուն։ Տեղեկություններ հավաքելուց բացի ստուգվում են ակտիվներն ու եկամուտները՝ որոշելու ձեռքբերման օրինականությունը: Առաջին վեթինգերները եղել են անասնաբույժները. նրանք մրցավազքից առաջ ստուգել են ձիերի առողջությունը և եզրակացություն տվել մրցավազքին մասնակցելու համար: Հետո վեթինգը ստացել է ընդհանուր՝ «ստուգել» իմաստը. լինելով անասնաբույժ բառի 17-րդ դարում օգտագործվող անգլերեն տարբերակի «veterinarian» բառի կրճատ ձևը։


Օքսֆորդի անգլերեն բառարանին եթե հավատանք՝ վեթինգը շրջանառության մեջ է մտել 1891-ից: 1900-ականներից «վեթինգը» օգտագործվում է «գնահատելու» հոմանիշ, հատկապես թերությունների որոնման համատեքստում: Վեթինգը օգտագործվում է անցումային շրջանի արդարադատության ժամանակ: Երբ երկրները՝ զինված հակամարտությունից կամ ավտորիտար իշխանությունից հետո անցումային գործընթացում են և պետք է որոշել՝ ինչպես վարվել պետական պաշտոնյաների հետ, որ մարդու իրավունքներ են խախտել: ՈՒսումնասիրվում ու վերանայվում են ինստիտուցիոնալ կառույցները, որ թույլ են տվել չարաշահումներ: Միով բանիվ՝ վեթինգը ֆիզիկական անձանց գնահատման գործընթաց է, որ որոշվի նրանց նպատակահարմարությունը հանրային աշխատանքներին: Ժողովրդավարության և խաղաղության անցնող երկրները հաճախ օգտագործում են վեթինգը, որ չարաշահող կամ անգործունակ պետական պաշտոնյաներին հեռացնեն քաղծառայությունից: Վեթինգի ժամանակ պարզվում է կոնկրետ անձի համապատասխանությունը պաշտոնին, շեշտը դրվում է ոչ թե բժշկական կամ մասնագիտական համապատասխանությանը, այլ բարոյական նկարագրին: Նրա integrity-ին՝ ազնվությանը, անաչառությանը, բարոյական սկզբունքների ամրությանը, խոսքի ու գործի համապատասխանությանը միջազգային ստանդարտներին ու ազգային օրենսդրությանը: Ընդունելով, որ առաջին վեթինգերների գործառնությունները 21-րդ դարում ընդլայնվել են և նրանց ուսումնասիրության առարկան այլևս ձիերը չեն, այլ մարդիկ, արձանագրենք.


1. Միջազգային չափանիշների համապատասխանության հարցում կան կոնվենցիաներ, որոնց Հայաստանը հիմնականում միացել է:


2. ՈՒնի՞ ազգային օրենսդրությունը վեթինգի կիրառման իրավական հիմք: Դեռ ոչ: Խնդիրը պետք է լուծվի անցումային արդարադատության համակարգի ներդրումով, ոլորտի օրենքների փոփոխություններով:


3. Ենթադրվում է նաև՝ պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով, որի գործառույթը լինելու է վեթինգի իրականացումը՝ օրենսդրորեն սահմանված պայմաններին համարժեք:
Սա՝ տեսականորեն: Իսկ իրականու՞մ: Իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: Եթե նկատեցիք՝ վարչապետը հայտարարում է՝ «հանրությունը», այսինքն՝ մենք բոլորս, պետք է ամբողջական տեղեկատվություն ունենանք: Լավ, ունեցանք: Հետո ի՞նչ ենք անելու տեղեկատվությունը: Ո՞վ է դատավորներ նշանակելու: Կամ՝ ազատելու: Հանրությու՞նը:

Թե՞ հանրությունը իր հանկարծահաս իրավունքը պատվիրակելու է ինչ-որ անձանց կամ կառույցի: ՈՒ՞մ և ո՞ր: Իսկ հանրության անաչառությունն ու մասնագիտական ունակությունները ո՞վ է վեթինգելու: Նիկոլ Փաշինյանը շարունակում է. «Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան, այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին»: Իսկ եթե չգիտե՞ն, կամ՝ գիտեն, բայց սովորել են, աշխատել են, հասել են մի տարիքի, երբ կյանքը 0-ից չեն կարող սկսել, ի՞նչ են անելու: Տաքսի՞ են քշելու:


Ինքնին հասկանալի է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կիրակի չհայտարարի՝ վաղը գնում ենք դատարանները վեթինգելու ու երկուշաբթի առավոտից դատավորների վեթինգը չսկսվի-ավարտվի, բուն գործընթացը պահանջում է օրենսդրական փոփոխությունների, օրենսդրորեն սահմանված կառույցները ստեղծելու ժամանակ: Եվ՝ ոչ քիչ ժամանակ: Իսկ մինչ այդ ինչպե՞ս են գործելու դատարանները: Իրավական ու օրինական համարվելու՞ են չվեթինգված դատավորների վճիռները: Տարբեր երկրների փորձը վկայում է, որ այս ճանապարհին Հայաստանը առաջինը չէ, վերջինն էլ չի լինի, բայց ոչ մի երկիր դատական համակարգի զտումը չի արել մի քանի օրում ու նույնիսկ մի քանի ամսում: Հատկապես երբ խնդիր է դրել, որ մարդկային որակներից բացի վեթինգված դատավորներն ունենան մասնագիտական որակներ ու ունակություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում էր հրաժարականը այն դատավորների, որոնց վճիռները բեկանվել են ՄԻԵԴ-ում: ՄԻԵԴ-ը երբեք չի պնդել, որ իր կայացրած վճիռները հիմք են դատավորներին աշխատանքից ազատելու: ՄԻԵԴ-ը տարեկան հարյուրավոր որոշումներ է կայացնում եվրոպական երկրների դատարաններում ընդունված սխալ վճիռների վերաբերյալ, որևէ երկրում այդ վճիռները կայացնողները հրաժարական չեն տալիս: Սա կլինի մեծ նոնսենս ու նույնքան անհասկանալի ՄԻԵԴ-ի կամ եվրոպական կառույցների համար, ինչպես անհասկանալի էր, որ որևէ երկրի վարչապետ կարող է կոչ անել շրջափակել դատարանները: Նրանք դա պարզապես կորակեն ճնշում դատարանների անկախության վրա և կհամարեն, որ այդ վարչապետը խախտում է իշխանության բաժանման սկզբունքները: Նրանք գուցե նաև հարցնեն՝ ինչու՞ միայն դատավորները: Եթե խնդիր է դրվում ազատվել «նախկին կոռումպացված իշխանության մնացուկից, որտեղ անընդհատ դավադրություններ են ուրվագծվում», ինչպես Նիկոլ Փաշինյանն է բացատրում, դատական համակարգում միայն դատավորնե՞րն են, իսկ քննիչնե՞րը, դատախազնե՞րը, դատապաշտպաննե՞րը, փորձագետնե՞րը: Նրանց արդեն վեթինգել ու պարզել են, որ «նախկին կոռումպացված իշխանության մնացուկ» չե՞ն: Ո՞վ և ե՞րբ: Կրթական համակարգը վեթինգելու անհրաժեշտություն չկա՞: Ի վերջո՝ նրանք են պատասխանատու ցանկացած ոլորտում աշխատողների ոչ միայն մասնագիտական որակների համար, այլև մարդկային նկարագրի: Գենետիկները գուցե առարկեն, բայց ոչ ոք գող, կաշառակեր, մարդասպան չի ծնվում, միջավայրն է դարձնում ու կյանքի հանգամանքները: Փաստորեն՝ նորից վերադառնում ենք արժեքային համակարգին ու իդեալին: Ի՞նչ արժեքներ է հասարակությունը դավանում, ի՞նչն է համարում լավ ու ի՞նչը վատ: Ի՞նչ է ծնողը ցանկանում իր զավակին: Ո՞վ ու ե՞րբ է մոնիտորինգելու ու վեթինգելու այդ արժեքները: Դատական համակարգը, ինչպես ցանկացած այլ համակարգ՝ առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, տնտեսությունն ու գյուղատնտեսությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը և անգամ սպորտը, արտացոլում են հասարակության պատկերն ու արժեքային ընկալումները: Հիմա կեցությու՞նն է որոշում գիտակցությունը, թե՞ գիտակցությունն է որոշում կեցությունը:


Միանշանակ էր, որ օրենսդիր ու գործադիր իշխանությունից հետո դատական իշխանությունն է թիրախ լինելու: Հաջորդը չորրորդ իշխանությունն է: Երրորդ իշխանությունը միակն է. որտեղ «նախորդ հանցավոր ռեժիմը» պահպանվել է, բայց այդ տրամաբանությամբ մենք ազգովին պիտի գնանք անապատ ու 40 տարի թափառենք՝ մանանա չստանալով: Հեղափոխությունից հետո կյանքը նոր չի սկսվում՝ մարդիկ շարունակում են ապրել ու աշխատել: Չկա ոչ «Հին Հայաստան», ոչ «Նոր Հայաստան», Հայաստանը մեկն է՝ այսօր ու այստեղ: Միանշանակ՝ դատական համակարգը պետք է գործի օրենքի, ոչ թե կլանների ենթակայությամբ, բայց դա չի նշանակում, որ դատական համակարգը, ինչպես ցանկացած այլ համակարգ, պետք է կազմափոխվի քաղաքական կոնյունկտուրայի թելադրանքով՝ «խամաճիկային դատարան» ոչ մեկին պետք չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրների հետ անուղղակի կապ ունի. Հայաստանից անակնկալ անցավ Արցախ. «Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը Արցախում՝ Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով, դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»: Այս հայտարարությունը չափազանց հիշեցնում էր երկուշաբթի օրվա ամպրոպն ու կայծակները: «Պետական դավաճանության նմանվող գործունեության» մասին բարձրաձայնելուց հետո վեթինգի խնդիր դնող վարչապետը պարտավոր է «դավադիր մտադրությունները» հրապարակայնորեն արմատախիլ անել ու տալ կոնկրետ անուններ՝ կոնկրետ փաստերով: Նման մեղադրանքն անգամ շոկային թերապիա չես անվանի:

Անցյալի՞ն է վերաբերում, ներկայի՞ն: 2020-ի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների՞ն Արցախում, եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ՝ «հասունացել է ժամանակը 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար» և կոչ է անում «Արցախի ժողովրդին միանշանակ և աներկբա «ոչ» ասել, մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից»: Ինչի՞ մասին է խոսքը: Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին Հայաստանում persona non grata հայտարարելու՞: Ե՞րբ ու ինչպե՞ս պիտի Արցախի ժողովուրդը աջակցի Հայաստանի ժողովրդին ու նրա լեգիտիմ կառավարությանը: Եթե պոպուլիստական կոչեր չեն, դառնում են նո՞ր խոսք Արցախի հարցի լուծման մեջ՝ Արցախը պիտի մասնակցի Հայաստանի ընտրությունների՞ն: Հայաստանն էլ՝ Արցախի՞:


Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը, որ երկուշաբթի օրվա շրջափակման ակցիայի պատճառն էր: Դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել է ՍԴ՝ պարզելու առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցը: Հետաքրքիր է՝ այս հարցով է՞լ վարչապետը շտապելու է պարզել Անթիլիասի կաթողիկոսի կարծիքը, թե՞ իբրև խոր հավատացյալ կհիշի, որ Ամենայն հայոց կաթողիկոսը ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդն է, ու Մայր Աթոռին են ենթակա նվիրապետական մյուս 3 աթոռները:

Դիտվել է՝ 1744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ