Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ինձ չի հետաքրքրել մի կետի հասնելն ու կանգ առնելը... Ինձ հետաքրքրում է որոնումը»

«Ինձ չի հետաքրքրել մի կետի հասնելն ու կանգ առնելը... Ինձ հետաքրքրում է որոնումը»
24.05.2019 | 02:43

Ամիսներ առաջ երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր սիրելի, լուսավոր գործընկեր, «Իրատեսի» գեղարվեստական խմբագիր ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ`ՆԻԿՕՆ։ Երկնային կյանքի լույսին միաձուլված նրա հոգին այսօր մարմին է առնում իր թողած գեղարվեստական մասունքների շնորհիվ՝ մեզ ու արվեստասեր յուրաքանչյուրի համար շոշափելի դարձնելով այն հսկա աշխարհը, որը ներամփոփված է եղել այդ աներևակայելի առատաձեռն, զվարճախոս, անմիջական մարդու էության խորքերում:

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացված ցուցահանդեսը Նիկօյի օդային համբույրն է մեր՝ երկրայիններիս աշխարհին և կազմակերպիչների անսահման սիրո վկայությունը՝ առ մարդ և արվեստագետ Նիկոլայ Մանուկյանը:
Թեմատիկ, ոճային, ժանրային բազմազանությամբ, հոգևոր, աշխարհիկ, կենցաղային բովանդակությամբ ստեղծագործությունները զարմանալի ներդաշնակությամբ հանգրվանել են կողք կողքի: Գույների ու գծերի ինքնօրինակ համաձուլվածք է ստեղծել Նիկօն, որը դիտողին ձգում-ներքաշում է իր խորաշերտերի մեջ: Եվ եթե անգամ քո առջև սև-սպիտակ գծապատկերներով կամ միևնույն գույնի տարատեսակ երանգներով արված գործեր են, միևնույն է, զգում ես տրամադրության, ապրումի ելևէջող խաղը, հեղինակի հոգու թրթռուն կենսականությունը:


Տարեթվերն ու փաստերը պարզ միջոցներ են արվեստագետի անձն ու ստեղծագործությունը ներկայացնելու համար, սակայն ընդունված կարգին տուրք տալով՝ հպանցիկ հայացք ձգենք Նիկոլայ Մանուկյանի կյանքի առավել էական դրվագներին:
Ծնունդով թիֆլիսցի Նիկօն գեղանկարչի կայացման ճանապարհն անցել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում, ապա՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: Մասնագիտական աշխատանքի կարևոր հանգրվաններ են եղել «Հայֆիլմ» կինոստուդիան, «Ոզնի», «Վերածնված Հայաստան» («Սովետական Հայաստան»), «Հայացք Երևանից», «Երեկոյան Երևան», «Սովետական Վրաստան», «Հայրենիքի ձայն», «Կանչ», «ԽՏՎրՏՎՏսպՓ», «Ավանգարդ», «Հայություն» պարբերականները: Ձևավորել է պատմվածքների ու բանաստեղծությունների շուրջ հազար գիրք, այդ թվում` մանկական ժողովածուներ: 1970 թ. Ճապոնիայում կազմակերպված համաշխարհային բիենալեում նրա «Տիեզերք» կտավն արժանացել է բրոնզե մեդալի: 1971 թ. գծանկարչության միջազգային ցուցահանդեսում (Ճապոնիա) արժանացել է առաջին մրցանակի: 1974-76 թթ. մասնակցել է Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Իտալիայում, ՈՒկրաինայում, Մոսկվայում բացված մի շարք ցուցահանդեսների: 1974-88 թթ. մասնակցել է Կանադայում անցկացվող ծաղրանկարի համաշխարհային ամենամյա ցուցահանդեսներին: 1995 թ. հրավերով աշխատել է Գերմանիայում: Նրա անհատական շրջիկ ցուցահանդեսը՝ 150 կտավ և գծանկարչական աշխատանք, դիտել են Բոննում, Մյունխենում, Քյոլնում, Ախենում, Դյուսելդորֆում: Տարբեր տարիների իր աշխատանքներով (գեղանկար, գծանկար, ջրաներկ) ներկայացել է Վրաստանի, Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի արվեստասերներին: 2001 թ. նրա ձևավորմամբ լույս է տեսել հնդկական էպոսը՝ «Մահաբհարատա»-ն: ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Բալ Անանդի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հնդկական մեծ էպոսը» ներկայացնող նրա աշխատանքների շրջիկ ցուցահանդեսը աշխարհի տարբեր երկրներում: Նիկօյի աշխատանքները հանգրվանում են աշխարհի բազմաթիվ երկրների ցուցասրահներում և անհատական հավաքածուներում: 2008-ից մինչև կյանքի վերջը՝ 2018-ի դեկտեմբերի 6-ը, եղել է «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիրը:


Գեղանկարչի անհատական ցուցահանդեսի բացումը հույզերի և մասնագիտական արժևորման հրաշալի առիթ է Նիկօյի մտերիմների և արվեստագետների համար: Անվանի արվեստաբան, նկարիչ ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ առավել բարձր գնահատանքի է արժանացնում նկարչի գրաֆիկական աշխատանքները: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «Նիկօն իր երիտասարդության տարիներին ժամանակի հետաքրքիր նկարիչներից մեկն էր: Շատ հախուռն էր, ակտիվ, և դա պայմանավորված էր նաև իր ընկերական շրջապատով. դա խենթերի մի խումբ էր՝ ոչ շատ մեծ: Նիկոլայ Մանուկյանը տաղանդավոր մարդ էր: Բայց, ինչպես այդ ժամանակի շատ հայ նկարիչներ, առանձնապես չէր կարևորում այդ տաղանդը, չէր պատկերացնում այդ տաղանդի չափը ու չգիտեր՝ իր նկարչությունը դեպի ուր է տանում: Ես բարձր եմ գնահատում հատկապես նրա գրաֆիկան, որովհետև գրաֆիկան ավելի ինտիմ, ավելի ներքին արվեստ է և չի կարող ազդվել երկրպագուների ճաշակից: Իսկ գեղանկարչությունը, որ սովորաբար գտնվում է շուկայի ուշադրության դաշտում և ավելի թանկ է գնահատվում, տրվում է տարբեր ազդեցությունների: Գրաֆիկայի մեջ Նիկօն մի առանձին երևույթ է: Նրա գրաֆիկան ավելի սեփական, ավելի հետաքրքիր է: Եվ առհասարակ Նիկօն շատ սիրելի մարդ էր»:


Արվեստագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու ԶԱՌԱ ՄԱԼՈՅԱՆԻ՝ Նիկօյի արվեստին նվիրված «Ասպետական դեգերումների ճամփա անցած նկարիչը» ընդարձակ ուսումնասիրության՝ գեղանկարչությանը նվիրված բաժնում կարդում ենք. «Նրա նկարների սյուժեներն ասես ծավալվում են երկրագնդի վրա մի ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ կամ գուցե և անգամ այլ աշխարհներում։ Իմաստների որոշակի անհատականությունը, որոնք միանգամայն ակնհայտ են նկարչի համար, բայց առեղծվածային են կողմնակի հայեցողի ընկալման համար, տարբեր մեկնաբանությունների դուռ է բացում, իսկ նկարիչը հենց դա էլ ուզում է։ Այլ կերպ ասած, նրա երկխոսությունը դիտողի հետ հավասարություն և ազատություն է ենթադրում երկու կողմերի համար էլ»։


Զառա Մալոյանը նույնպես բարձր է գնահատել Նիկօյի գրաֆիկան՝ մասնավորապես գրելով. «Նիկօն զարմանալի «թեթև ձեռք» ունի, նրա ճկուն, երբեմն հոծ գիծն առանց լրացուցիչ միջամտության, առանց շտկումների միանգամից տալիս է պատկերի ուրվագիծը, ասես հպանցիկ կանգ է առնում ինչ-որ հանգուցային կետերի վրա, և ահա արդեն խոսուն կերպարը կամ նկարի ամբողջ կոմպոզիցիան պատրաստ է։ Նիկօն բազմապլան նկարիչ է։ Դա առանձնապես լավ է երևում հենց նրա սկետչներում, ոչ մեծ ուրվանկարներում։ Նա երբեք չի թաքցրել նկարի ստեղծման փուլերը, և շատ հրապուրիչ կլիներ ըստ էսքիզների ու ճեպանկարների հետևել նրա մտքի քմահաճ ընթացքին, էսքիզից մինչ պատրաստի նկար տանող ուղուն, առավել ևս, որ նա ինքն է ասել, թե իր ամեն նկարի տակ երկու-երեքն է թաքնված»։


ՈՒսումնասիրության մեջ առանձին տեղ է հատկացված Նիկօյի ստեղծագործական գործունեության մեկ այլ ուղղության ևս՝ ծաղրանկարներին, որոնք վերջին տասնամյակում զարդարում էին «Իրատեսի» էջերը: Ինչպես նշում է արվեստագետը, Նիկօն «…տԵսանելի բավականությամբ կատականկարներ, ծաղրանկարներ ու կոլաժներ էր ստեղծում սոցիալական ու քաղաքական սուր թեմաներով, որոնք մեծ հետաքրքրությամբ էին ընդունվում։ Այս ժանրում Նիկօյի հրամցրած սրամտությունը սահման չի ճանաչում։ Նրա ծաղրանկարներն ու կոլաժները կառուցված են տեսանելի փոխաբերությունների վրա, որոնք հոդվածի տեքստի տրամաբանական շարունակությունն են, բայց կարող են դիտվել նաև որպես բացարձակորեն ինքնուրույն թեմաներ»։


Ցուցահանդեսի համադրող ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ այսպես է մեկնաբանում Նիկօյի աշխատանքների ներկայացման կոնցեպցիան. «Գեղանկարչական ցուցահանդեսի համադրումը, ըստ էության, կազմակերպչական աշխատանք է, բայց ենթադրում է նաև ստեղծագործական մոտեցում: Նիկօն հետաքրքիր նկարիչ է, և կարիք կա նրան ներկայացնելու արվեստասեր հանրությանը: Նա մի քանի ուղղվածություն ունի, այսինքն՝ մի ցուցահանդեսում մի քանի Նիկօ է: Գծանկարներ, ճեպանկարներ, գեղարվեստական աշխատանքներ, «Իրատեսի» համար արված կոլաժներ: Այս ամենը փորձել ենք համադրել մի ընդհանուր տարածքում այնպես, որպեսզի տեսանելի և ըմբռնելի լինի արվեստասեր հասարակության համար: Այս հարցում մեզ շատ է աջակցել ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանը: Նկարիչների միության ցուցահանդեսները դիտելու են գալիս և՛ պրոֆեսիոնալ նկարիչներ, և՛ արվեստաբաններ, և՛ մարդիկ, որոնք պարզապես սիրում են կերպարվեստը: Նիկօն մի նկարիչ է, որն իրենով երբեք չի զբաղվել: Եվ մենք փորձել ենք լուծել լավ համադրությամբ նրան հանրությանը ներկայացնելու խնդիրը»:


Բառերով վերծանել գեղանկարչի գույների, վրձնահարվածների, ներքին մտածումի և ապրումի համապատկերը անհնարինության աստիճանի բարդ, գուցե և անհաղթահարելի խնդիր է: Թերևս, լավագույն դեպքում, կարելի է պատրաստել այն գրավիչ խայծը, որն արվեստասերներին կմղի տվյալ արվեստագետի գործերը սեփական աչքով տեսնելու և նրա գաղտնիքների աշխարհը յուրովի բացահայտելու քայլին: Սրան է միտված մեր այս հրապարակումը, և սրան է, կարծում ենք, հետամուտ ցանկացած ստեղծագործող մարդ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Հ.Գ. Ես մի քանի անգամ ցանկացել եմ Նիկօյին զրույցի հրավիրել «…և ոչ միայն մշակույթի մասին» խորագրի շրջանակներում: Ապարդյուն. միշտ մի պատրվակ գտնում էր ինձնից ազատվելու համար: Եվ անգամ իրեն վերաբերող ամենապարզ ուշադրությանը հակադարձում էր ճարպիկ խուսափումով: Երբ հարցնում էի՝ ո՞նց ես, խաղացկուն ժպիտի միջից հնչում էր անփոփոխ պատասխանը. «Բա որ ես էդ հարցը քեզ տամ, դուրդ կգա՞»: Ահա այսպես, երբեք թույլ չէր տալիս կարևորել իր անձը, հետաքրքրվել իրենով, իր որպիսությամբ: Անգամ երկրային կյանքից երկնային թևելու տեսանելի ընթացքում այնքան խաղաղ ու ինքնաբավ էր դեմքը, ասես նպատակ ուներ անձամբ մխիթարելու իրեն հրաժեշտ տվող հարազատ մարդկանց:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ