Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հանդիպում Եռաբլուրում

Հանդիպում Եռաբլուրում
07.06.2019 | 01:20

«ԻՆՁԻ ՄԱՀ ՉԿԱ...»


1993 թ. հունիսի վերջն էր: Զոհվելու 40-րդ օրվա կապակցությամբ Մոնթեի մասին «Առագաստ» շաբաթաթերթի համար հոդված էի գրելու: Իմանալով այդ մասին՝ գուսան Տոտիկն ասաց, որ վաղն Արցախի մարտական դիրքերից Եռաբլուր է գալու տանկիստ Սոս Հովսեփյանը, որը կատարել է Մոնթեի կարևոր առաջադրանքները, և քանի որ նույն օրը վերադառնալու է, լավ կլինի հենց Եռաբլուրում զրուցեմ իր համեստությամբ և պարտաճանաչությամբ հրամանատարության համակրանքը վայելող պոետ տանկիստի հետ:
Անհամբեր էի հանդիպելու անծանոթ մարտիկին, պայմանավորված ժամից շուտ եկա՝ եղբորս հնգամյա որդու՝ Դավթի հետ: Նրանց տունը մոտ էր Եռաբլուրին, առաջին օրերից տեսել էր զոհված ազատամարտիների թաղման թափորները, և նրա մանուկ հոգում բուն էր դրել հայի դժվարին ճակատագրի հոգսը. «Հայերը սարերից այն կողմ մերոնք քաջ-քաջ կռվում են թուրքերի դեմ, որպեսզի դրանք չհասնեն Երևան»:


Մոնթեի մասին շատ պատմություններ էր լսել և անպայման ուզում էր տեսնել նրա զինվորին, որը գալու էր սարերի այն կողմից: Ապավինած ոչ ստվար սաղարթով ծառի ստվերին՝ անհամբեր սպասում էինք Սոսի գալուն: Բայց ժամերն անցնում էին, ու ոչ ոք չէր երևում Եռաբլուրի ճանապարհին: «Պատերազմ է, վառելանյութի սղության ու էլի շատ պատճառներով կարող է ուշանալ, բայց անպայման կգա»,- բացատրում էի Դավթին, որի այտերը շառագունել էին արևի տաք կսմիթներից: Երբ մեր սպասումը շատ երկարեց, որոշեցի նրան տանել տուն ու վերադառնալ: Բայց Դավիթը, հասուն այրի լրջությամբ, կտրական ասաց. «Կգա՛, կգա՛, հենց հեռանանք՝ զինվորը կգա»:
Վտիտ ճյուղերով ծառն այլևս չէր զորում ստվերել մեզ, արևը զենիթից շռայլորեն կրակ էր տեղում Եռաբլուրի վրա: Պատերազմական դժվարին ձմեռներին ծառահատ կացինը չխնայեց անգամ ազատամարտում զոհված տղաների շիրմաթմբերն ստվերող ծառերը: Կացինը պարկի մեջ թաքցրած, մթնշաղին մարդիկ թաքուն բարձրանում էին Եռաբլուր և հատում ծառերը, նկատվելու դեպքում՝ արդարանում. «Երեխաները չեն դիմանում ցրտին, կհիվանդանան»: Անշուշտ, ասվածում ճշմարտություն կար, հատկապես, որ այդ դժվարին օրերին սնունդն էլ աղքատիկ էր: Եղավ ժամանակ, որ հացի խանութներում մեծ հերթեր էին լինում, և ոմանք դժվարությամբ էին ապահովում օրվա հացը: Էլեկտրական հոսանքի, ջեռուցման ու էլի շատ անհրաժեշտ բաների պակաս կար, բայց անտրտունջ դիմանում էինք: Շրջափակումը, անգամ ահասարսուռ երկրաշարժը չկոտրեցին հինավուրց հայոց Արցախի ժողովրդի ազատության համար պայքարի ելած ժողովրդի կամքը: Բոլորի մտքերի, ձգտումների կիզակետում մարտնչող Արցախն էր, որտեղ կամավորական մարտիկները կենաց-մահու կռիվ էին մղում զենքով ու թվաքանակով առավել թշնամու դեմ: Ցուրտ ու անլույս երեկոներին բոլորի սրտատրոփ ուշադրությունը սևեռվում էր էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներին՝ երբ էր լինելու հոսանքի հերթական կեսժամյա կան մի քիչ ավելի միացումը, որպեսզի ճաշ եփելու, լվացք անելու կարճ միջոցին հասցնեին լսել ճակատագծի մասին վերջին լուրերը: Ցավոք, մերոնց առաջխաղացման գործողություների մասին լուրերին հաջորդում էին խիզախ հայորդիների զոհվելու մասին տխուր հաղորդագրությունները, և այնքան սպասված հաղթանակի ուրախությունը գունատվում էր սիրելի զավակների կորստյան ցավից ... Վիշտը սեղմած հոգու խորքերում՝ մարդիկ շարունակում էին սպասել բաղձալի օրվան, երբ ոսոխը հետ կշպրվեր իր որջը, ու մեր տղաները հաղթանակով տուն կվերադառնային: Բայց մարտերը շարունակվում էին, ու Եռաբլուրում նոր շիրմաթմբեր էին ավելանում... Զոհված տղաներից շատերը՝ տակավին պատանի, չհասցրին վայելել առաջին սիրո ու առաջնեկ զավակի ծննդյան բերկրանքը: Եվ ջահել կյանքերի կորստյան ցավն աննկատ սերտաճեց հաղթանակի սպասումին: Մարդիկ շարունակում էին դիմանալ զրկանքներին ու իրենց բաժին սնունդը, տաք գուլպաները, ամեն լավ բան, որ ձեռք էր ընկնում, սիրով ու սրտանց ուղարկում էին ճակատագիծ... Քաղաքի կենտրոնում ապրող պատկառելի մի տիկին, որին ՀՕՄ-ուհիները սննդեղենի փաթեթներ էին տարել որպես օգնություն, ասել էր, որ ինքնաշեն փոքրիկ վառարանում թերթ առ թերթ այրում է արվեստի մասին իր հեղինակած գրքերը, որ թոռնիկը չհիվանդանա: Մեկ ուրիշը՝ տարրական դասարանների ուսուցչուհի, առանց երկմտելու այրել էր ուսանողության տարիներից խորդանոցում պահած «Գիտական կոմունիզմի» ու «ԽՄԿԿ պատմության» դասագրքերը: Իսկ անսիրտ կացինը շարունակում էր կտրել Եռաբլուրի ջահել ծառերի բները՝ արդեն իսկ հասնելով հերոսների շիրմաթմբերն օղակող ծառաշերտին: Գիշերները մերձակա առանձնատներից դանդաղորեն դեպի մթնդած երկինք էին բարձրանում թանձր, աչք ու կոկորդ կսկծացնող-խեղդող, հառաչանքի պես ծանր ծխաքուլաները: Ծառերի կանաչ արյունը մեղքի դառնությամբ էր պարուրում մարդկանց հոգիները՝ այնքան, որ անգամ ամռան տաք օրերին նրանց չէր լքում մոտալուտ ձմռան ուրվականը:


1993 թ. հուլիսյան այդ օրն Արցախի դիրքերից եկող տանկիստին հանդիպելու անհամբերությունը մոռացրել էր ձմռան ցուրտն ու էլի մտահոգիչ բաներ: Թվում էր, թե փոքրիկ Դավթի անհամբեր սպասումով էին համակվել նաև Եռաբլուրի թուփ ու ծառերը և անգամ կիզիչ արևը: Վերջապես հեռվում նշմարվեց երկու սիլուետ: Զինվորական հագուստով երկու զինվոր դանդաղ, հանդիսաքայլ առաջանում էին դեպի շիրմաթմբերը: Երբ արդեն մոտ էին, գուսանի պատմածով հասկացա, որ սևաթույր մազերով, կամային դիմագծերով, կրակոտ հայացքով երիտասարդը Սոսն է: Արևահար դեմքին հոգնության ստվեր կար, զինվորական հագուստը խունացած էր՝ ասես ներծծված մարտադաշտի ծխով... Ձեռքերին ճերմակ մեխակների փնջեր` նրանք մոտեցան, խոնարհվելով հերթով ծաղիկներ դրեցին շիրմաքարերին: Դեռ թարմ, առանց հուշաքարի գերեզմանի մոտ կանգնեցին երկար, գլխահակ: Ինչ-որ մեկը զինվորական մաշված բաճկոնով գուրգուրանքով ծածկել էր զոհված հայուհու հողաթումբը... Սոսը խոնարհվեց, վերցրեց աղջկա բաճկոնն ու կրկին քնքշանքով փռեց հողաթմբին: Նկատեցի՝ ինչպես թաքուն սրբեց այտին իջած արցունքը: Այնուհետև նրանք զգաստ, հանդիսաքայլ մոտեցան Մոնթեի շիրմին: Եվ այլևս անկարող լռելու, անհամբեր, առանց հարցականի հարցրի.
-Դուք Սոսն եք, Սոս Հովսեփյանը...
Որքան զրուցեցինք, դժվարանում եմ ասել... Արևը վաղուց իջել էր զենիթից: Մեր զրույցն անկաշկանդ էր, հարազատորեն ջերմ: Թերևս ես էի փոքր-ինչ լարված, որ անվերջ հարցերով ակամա պատճառ չլինեմ նրանց ուշացման:


Սոսը պատմեց, որ դեռ մանկուց ունկնդիր է եղել մեծերի՝ հայոց ազգային-ազատագրական պայքարի մասին պատմություններին, կորցրած պատմական հայրենիքի, բռնազավթված Արցախի խնդիրները դեռ դպրոցական հասակից ալեկոծել են հոգին, ու մի օր էլ գրիչ է վերցրել՝ մտատանջող մտքերը հանձնելու թղթին...
1989 թ. մայիսի 16-ին Սոսը զորացրվում է բանակից ու միանում Արցախյան շարժման մասնակիցներին: Շատերի պես նա էլ շուտ հասկացավ, որ արդարության մասին կարգախոսներով Արցախի հիմնախնդիրը չի լուծվելու: Հարևան հանրապետությունից հայերի բռնի տեղահանությունները, Սումգայիթում կատարված եղեռնը հաստատում էին դարավոր ճշմարտությունը՝ միայն զենքով կա հային փրկություն: Ղեկավարության հրահրմամբ ու ամենաթողությամբ, խորհրդային զինուժի աջակցությամբ ադրբեջանական ելուզակները ծրագրել էին ոչնչացնել Արցախի բնակչությանը: Կազմավորվում էին կամավորական ջոկատներ, որոնք շտապում էին օգնության հասնել հարձակումների ենթակա հայկական գյուղերին:


Սկզբում Գետաշենում էր, այնուհետև՝ Ազատում, Կամոյում, Ասկերանում, Գյոլգյոլում, Շահումյանում, Մարտունիում, Աղդամում.... Տիրապետելով զենքի բոլոր տեսակներին՝ ակտիվորեն մասնակցում է Մարտակերտի գյուղերի պաշտպանական մարտերին:
Շահումյանի հայաթափումը, Մարտակերտի անկումը մռայլով պատեցին հոգին, ձեռքերի վրա զինընկերներ կորցրեց: Վիշտը հոգու խորքում՝ աներեր հավատով սպասում է այն օրվան, երբ ազատագրված Արցախն աշխարհին կպարզի խաղաղ ու արժանապատվորեն ապրելու իր արդար իրավունքը:
Երբ հարցրի Մոնթեի մասին, դեմքը միանգամից պայծառացավ.
-Հպարտ եմ, երջանիկ, որ կռվի ճամփան ինձ տարավ հրամանատար Մոնթե-Ավոյի մոտ: Նրա մասին շատ էի լսել, երազում էի մի օր տեսնել, զրուցել իր հետ: Եկավ այդ օրը. 1992 թ. ապրիլին հանձնարարություն ստացա` իմ տանկով գնալ Մարտունի և կատարել տրվելիք առաջադրանքը: Մոնթեն կանգնած էր շտաբի առջև: Ձայնեց՝ եկու՜ր: Ծանոթացանք: Անհամբեր էի՝ իմանալու իմ անելիքը: Բայց Մոնթեն չէր շտապում: Խոսում էր ժողովրդից, ընդհանուր իրավիճակից: Հետո ինձ տարավ Մուղանլու գյուղի մոտ գտնվող դիրքերը: Ցույց տվեց թշնամու բլինդաժը, կրակակետերը, որոնց պիտի հարվածեի: Ինչ ասեմ՝ արածս գործից գոհ եղավ, ասաց. «Մի քանի օր մնա այստեղ»: «Շատ սիրով,- ասացի,- միայն թե հրամանատարությունը թույլատրի»: Կապվեց Ստեփանակերտի հետ, ու ես ևս մեկ շաբաթ մնացի Մարտունիում: Հմայված էի նրանով: Կլանում էի ամեն խոսքը: Առաջադրանքները կատարում էի առանձնակի ուշիմությամբ, պատասխանատվությամբ: Միասին շատ կարևոր գործեր արեցինք:
Շա՜տ համեստ էր Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը: Հանդուրժող էր, համբերող:


Շատ քիչ էր քնում: Շուրջը եղողներս ամեն կերպ ջանում էինք զգույշ լինել, որ չարթնացնենք հոգնաբեկ հրամանատարին:
Ասացի՝ շատ էր համբերող, բայց երբ համբերությունը հատնում էր, պոռթկում էր: Ծխախոտ չէր սիրում, բայց այդպիսի պահերին գլանակ էր վառում: Շատ էր ուզում հայ զինվորին տեսնել իր անունին արժանի բարձրության վրա: Անկարգություն, մեծամտություն, ավելորդ կեցվածք չէր հանդուրժում; Ասում էր. «Ամեն մարդ զինվոր չի կրնա ըլլալ, առավել ևս՝ հայդուկ: Զինվորի գործը պատվական գործ է, ամեն մարդու խելքի բան չէ: Զինվորի հոգին կռվի դաշտում գրպանում պիտի ըլլա, խղճալ, խղճահարվել պետք չէ, կռվից դուրս խիղճը թող իր տեղն ըլլա: Աշխարհում ինձի մեկ թշնամի ունիմ՝ ան թուրքն է: Անոր արմատը պիտի հանել, չարությունն արմատի մեջ է: Ամեն տեղ հայու համար եմ կռվել, հիմա հոս եմ՝ Արցախը կպաշտպանեմ»:
Խոսքը դիպուկ էր, սրամիտ: Ընդհանրապես հումոր, հանելուկ շատ էր սիրում: Ժպիտով ասում էր. «Շատ մի սպանեք: Վաղը կառավարությունը կփոխվի, ձեզ սպանության հոդվածով կդատեն»:


Քաղաքականությունից, կուսակցություններից խոսք լիներ, ասում էր. «Ինձի մեկ կուսակցություն ունիմ, այն իմ Աստվածն է, ինչպես կուզեք՝ հասկցեք»: Գարեգին Նժդեհին պաշտում էր, հաճախ էր նրա մտքերից մեջբերում: Ասում էր. «Մի խաբվեք կառավարություններուն: Կառավարությունները կռունկների պես կուգան ու կերթան, մեջտեղ ժողովուրդը կտուժի, անմեղ ժողովուրդը, որ ռանչպար եղած է, ռանչպար ալ կմնա»:
Սիրահարված էր Արցախի բնությանը: Երբ առաջին անգամ տեսավ Գանձասարը, բացականչեց. «Ափսո՜ս, որ մինչև հիմա չէի տեսել այս հրաշքը»: Հմայված էր Դադիվանքով. «Այս չքնաղ կառույցը նորոգել է պետք: Ա՛խ, դուք չեք հասկնա, թե ի՛նչ է սա»:
Շուշիի ազատագրման առթիվ կրկին հիշեց Նժդեհին. «Ով տերն է Շուշիի, ան տերն է Արցախի»:
Կարդալ շատ էր սիրում: Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի բանաստեղծություններից անգիր գիտեր: Ասում էր. «Դուք չեք կրնար գնահատել անոնց, միգուցե կրնաք, երբ ես արդեն ողջ չեմ լինի»:


Ժողովուրդը՝ մեծ ու պուճուր, սիրում, հարգում էր Ավոյին: Եվ քաշվում էին նրանից, քանի որ պահանջկոտ էր, կարգապահություն շատ էր սիրում: Ասում էր. «Զինվորից նեղացած մի՛ ըլլաք, այսօր կա, վաղը չկա: Ան որ մի անհարիր խոսք կըսե, նեղացած մի՛ ըլլաք. ան այսօր հոս է, վաղը՝ Աստված գիտե»: Սրտի նեղված պահին բարձրաձայնում էր. «Ի՜նչ ըսեմ, այս ժողովուրդը երկու բան կա, որ կուզե հասկնալ, բայց չի հասկնա, որ հասկնա՝ ամեն բան լավ կերթա: Ինձի կներեք, իմ հայոց ազգ, որ այսպես կըսեմ՝ չեմ զգա ու չեմ տեսնի ձեր մեջ սեր ու հավատ: Սեր ու հավատ կմաղթեմ ձեզ, այսքան բան»:
Հատկապես նրա մի խոսքն անջնջելի է տպավորվել հիշողությանս մեջ. «Ինձի մահ չունիմ, ինձի կրնան սպանել քնած ժամանակ, այն էլ շա՜տ խոր քնած ժամանակ»: Երկար լռելուց հետո ավելացրեց. «Մեկ էլ՝ բեկորը... Արկը որ կպայթե, չես կրնար գուշակել, թե բեկորը ո՛ր ուղղությամբ կերթա»: Փաստորեն, նա կանխագուշակեց, որ ինքն արկի բեկորից է զոհվելու, ինչպես և եղավ հունիսի 12-ին Մարզիլուում:


Ռազմի ճամփան մեզ կրկին հանդիպեցրեց Նախիջևանիկ, Փրջամալ, մյուս գյուղերի ազատագրման ժամանակ: Մոնթեն մեր հարավային թևն էր: Այդ գործողությունից մոտավորապես 15 օր անց լսեցի մարտունեցիների՝ լեգենդ դարձած հրամանատարի մահվան լուրը... Ինձ համար Մոնթեն չի զոհվել, նրա խոսքերն ականջումս են, պատգամը` հոգուս մեջ...
Սոս Հովսեփյանը ոգևորությամբ էր պատմում Շուշիի ազատագրման գործողության, ցավով ու դառնությամբ՝ 1992 թ. ամռան աղետալի անհաջողությունների մասին, երբ ադրբեջանցիներին հաջողվեց գրավել Շահումյանը և ուզում էին Մարտակերտի ու Մարտունու շրջանի ուղղությամբ մեծ հարձակումներով ծնկի բերել Արցախը: Հավատով շեշտում էր, որ ժողովրդի ու նորաստեղծ բանակի միասնական գործողությունների շնորհիվ կայանալու է հաղթանակը, և չի իրականանալու ադրբեջանցիների՝ Ստեփանակերտում թեյ խմելու երազանքը...
...Շուրջբոլորը դեռ պարուրված էր արևի ջերմությամբ, բայց դեպի իրիկնամուտ թեքվող օրը հուշում էր, որ դիրքեր տանող ճանապարհը երկար է: Հեռախոսահամարներ փոխանակեցինք՝ ավելի խաղաղ մի օր մեր զրույցը շարունակելու մաղթանքով: Սոսի հետ եկած ջահել զինվորն այդպես էլ մի խոսք չասաց՝ ակներևաբար չուզենալով ընդմիջել մարտական ընկերոջ զրույցը, բայց ձեռքսեղմումի պահի ժպիտում չասված խոսքերը կային: Հայացքը Եռաբլուրի շիրմաթմբերին՝ նրանք հեռացան դանդաղ, ծանր քայլերով: Մինչև հաղթանակ դեռ դժվարին ճանապարհ կար անցնելու...


Մարտակերտի ազատագրումը պայծառությամբ լցրեց մարդկանց հոգիները: Երևանը շարունակում էր ապրել ճակատագծից եկող լուրերով, օրեր կային, որ ուրախության սպասումով էին լի, օրեր էլ՝ դեպի Եռաբլուր ձգվող տխուր երթեր էին... 1994 թ. Նոր տարին սկսվեց որդեկորույս մայրերի՝ Եռաբլուրում վառած մոմերի բեկբեկուն կրակներով ու խաղաղության աղոթք-մրմունջներով: Կեսգիշերին, երբ ժամացույցի սլաքների սահքը համընկավ, Վազգեն Սարգսյանը մեկիկ-մեկիկ մոտեցավ շիրմաթմբերին, ողջագուրվեց, մխիթարանքի խոսքեր շշնջաց որդեկորույս մայրերին: Հուզախռով այդպիսի պահերին մայրերն ուժ էին գտնում գոտեպնդող խոսքեր ասելու Վազգենին, հորդորելու, որ ամուսնանա: Հայացքով ընդգրկելով Եռաբլուրը, որտեղ իր զինակից ընկերներն էին ամփոփված, նա ճանապարհ ընկավ դեպի սահմանագիծ՝ շնորհավորելու դիրրքապահների Նոր տարին:
...Ամանորի տոներից օրեր անց ազատամարտի մասնակից տղաների հետ զրույցների գրառումներիս հին ու նոր տետրերն էի թերթում, վերապրում թղթին պահ տված հին ու նոր ապրումներ, մտմտում՝ առաջինն ում մասին գրել նոր սկսված տարում, երբ հանկարծ լռության մեջ հնչեց հեռախոսի զանգը: Անծանոթ կինը խուլ, լարված ձայնով հարցրեց .«Ձեր հեռախոսահամարը որդուս թղթերի մեջ է: Ո՞վ եք դուք»: Անակնկալ հարցից շփոթվեցի. «Ո՞վ է ձեր որդին»: «Սոսը: Սոս Հովսեփյանը»: Մոնթեի տանկիստի անունը լսելով՝ շատ ուրախացա. «Ի՜նչ լավ է, որ զանգահարեցիք, կուզենամ «Առագաստ» շաբաթաթերթում տպագրված ակնարկս փոխանցեք ձեր որդուն»: Հեռախոսագծում լռություն տիրեց: Հետո ասես ուրիշ մի ձայն հազիվ մրմնջաց. «Հունվարի 1-ին Սոսը զոհվեց ...»: Այլայլվեցի, համրացա... Ցուրտ սենյակ ներխուժեց 1993-ի հուլիսյան շոգը, ու հայտնվեց մարտադաշտից եկած, կրակոտ հայացքում ցավը թաքցրած, հոգնաբեկ, բայց Մոնթե-Ավոյի կերպարով ոգեշնչված ջահել տանկիստը... Անհավատալի էր, որ խիզախ հայորդին զոհվել էր՝ իր կյանքի 25 գարունների իղձերն անկատար՝ առանց տեսնելու այնքան փայփայած հաղթանակի օրը:
Դժվար էր հանդիպել որդեկորույս մոր հետ, մխիթարանքի խոսքեր շշնջալ. բոլոր բառերն իմաստազրկվել էին: Բայց Քնարիկ Ղարիբյանը, որ ուսուցչուհի էր Երևանի թիվ 115 դպրոցում, առանց իր վիշտը պարտադրելու, այնքան պարզ ու անպաճույճ, տաքուկ գորովով ներկայացրեց որդու կյանքն ու մարտական ուղին, որ ես նորովի բացահայտեցի հրամանատար Մոնթեի՝ բոցի պես բռնկուն ու կարճ, բայց հազար կյանքի խորհուրդ ունեցող խիզախ տանկիստի կերպարը: Եռաբլուրի հանդեպ խոնարհումի, ակնածանքի ապրումները հարազատացրին ինձ ու տիկին Քնարիկին: Շատ տարիներ են անցել հունվարյան այդ օրերից, շատ բան է փոխվել մեր շուրջը, ցավոք, ոչ դեպի դրականն ու բարին, կյանքի դժվարություններից մարդկային հարաբերությունները փոխվել են, օտարացել, բայց տիկին Քնարիկի հետ յուրաքանչյուր հանդիպում խոսուն է ու ջերմ: Թեև դժվար էր նրան նեղություն պատճառել, առողջական խնդիրներ ունի, բաց խնդրեցի՝ հանդիպել Սոսի մարտական ընկերներին՝ նրանց հուշերը գրառելու համար: Եվ, ինչպես գեղագետի վրձնի տակ, երանգ առ երանգ, գիծ առ գիծ ամբողջացավ հայրենիքի նվիրյալ զինվորի գունեղ կերպարը՝ այնքան նման իր սիրելի հրամանատար Ավոյին:
(շարունակելի)

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 6964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ