Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բոհեմի արքայազնը

Բոհեմի արքայազնը
11.06.2019 | 01:12

(Նախորդ մասը)

Ի դեպ, այդ նրբաճաշակ հացկերույթներին երբեմն մասնակցում էր նաև նրա որդին: Կյուլպենկյան կրտսերը հիշում է` ինչպես էր հոր ընկերը՝ հյուրանոցային մագնատ Սեզար Ռիտցը, որին հայրը օգնել էր գործ սկսելիս, իր մանկության տարիներին պարծենում, որ իր «Ռիտց» հյուրանոցում մատուցվում է ցանկացած ճաշատեսակ, որքան էլ դժվար լիներ այն հայթայթել: Մի անգամ հարուստ երևակայության տեր ամերիկացին պատվիրեց մի բաժին փղի ոտք: Բնավ չշփոթվելով, Ռիտցը փիղ գտավ կենդանաբանական այգում, հրամայեց տապակել բոլոր չորս ոտքերը և դրանք մատուցեց նրբահամ խավարտով: Տապակված չափաբաժինը պահված էր Կյուլպենկյանի սեղանի համար: Նուբարը հիշում էր, որ իրեն հաջողվեց համտեսել եզակի ճաշատեսակը. «Այն նման էր սպունգի ու ֆլանելի խառնուրդի»:
Մինչև ութսունվեց տարեկանը ավագ Կյուլպենկյանն ապրում էր «Արաբական գիշերների» խալիֆի ոճով: Նա ընդհուպ մինչև վերջ հակադրվում էր մահվան մտքին՝ պնդելով, որ կապրի մինչև 106 տարեկանը, տարիք, որին հասել էր նրա պապերից մեկը: Նա երկար ժամանակ հրաժարվում էր կտակ կազմելուց և իր հսկայական կարողության ժառանգությունը տնօրինության հանձնելուց: Գոյություն ունեին բազմաթիվ անհանգստացնող հարցեր, որոնցից վերջինը չէր բազմաթիվ արտամուսնական կապերից ժառանգության թեկնածուի հայտնվելը: Նրա իրավաբանները մշտապես հարցնում էին ծերուկին՝ չկա՞ն արդյոք նման թեկնածուի ի հայտ գալու հիմքեր: Բայց այդպիսիք չեղան: Կյանքի վերջին տարիներին Գալուստ Կյուլպենկյանը բնակություն հաստատեց Պորտուգալիայում, որտեղ նրան հրապուրում էին ժառանգության ցածր հարկերը: Այնտեղ էլ նա մահացավ:


Նուբարը շարունակեց հոր սկսած կյանքի և ճոխության ավանդույթները: Չզգալով թուրքական արքունիքի խարդավանքների ազդեցությունները, մեծանալով Լոնդոնում և ամբողջովին եվրոպականացած, նա պակաս զգացմունքային էր ու ավելի շփվող, քան հայրը: Նա իրապես գեդոնիստի նմուշ էր, պահում էր պալատականների ու հացկատակների ոհմակ, որոնք նրան էին հետևում հանուն նրա ցուցադրական ներկայացումների և այն մանր գումարների, որոնք նա ցփնում էր առավել ճարպիկ պալատական ծաղրածուներին: Մի անգամ Նուբարին հարցրել էին՝ որն է նրա հոբբին՝ չհաշված կանանց, գինիներն ու սնունդը: Նա պատասխանել էր՝ «ցանտարակսիան», որը հունարեն նշանակում է՝ մարդկանց հնազանդեցում:
Նուբարը ոչ միայն փող ուներ, այլև լավ կրթված էր և միշտ նրբաճաշակ հագնված: Տասնինը տարեկանում գերազանցությամբ ավարտել էր Քեմբիրջի համալսարանի Քինգզ քոլեջը: Այնուհետև ստացել էր երկու պատվո դիպլոմ Թրինիթի քոլեջում: Նա աշխատեց հոր նավթային ֆիրմայում և ֆինանսական աշխարհում իրեն դրսևորեց նույնքան ընդունակ և գործարար, ինչպես և իր ծնողը:


Նուբարը վեհատեսք էր՝ Ֆալսթաֆի (լորդ Ջոն Ֆալստաֆ` Շեքսպիրի մի շարք ստեղծագործությունների կոմիկական կերպար- խմբ.) շքեղ արտաքինով, կրում էր մոնոկլ, ուներ ճոխ խնամված մորուք, օգտագործում էր երկնագույն հարդարման ջուր, հանում էր հոնքերը և ամեն օր կոճկառին էր հագցնում թարմ խոլորձ: «Չառլզուորդ էնդ քոմփանի» ծաղկային ֆիրման բարգավաճեց այդ խոլորձները Կյուլպենկյանին մատակարարելով: Դրանք փաթեթավորվում էին աղվամորթով լցված պլաստիկե ձողիկների մեջ, այնպես, որ ցողունները պահպանեին խոնավությունն ու նպաստեին թարմությանը, և հասցվում էին Կյուլպենկյանին Ստամբուլում, Միջերկրական ծովում, Ռիվիերայում՝ ամենուրեք, որտեղ որ նա գտնվեր: «Չառլզուորլդը» գերազանցեց ինքն իրեն` Կյուլպենկյանի պատվերով աճեցնելով խոլորձի ծաղիկների երկու եզակի տեսակ՝ դեղին և մուգ կապույտ:


Մուգ կապույտ խոլորձը դարձավ Կյուլպենկյանի սիրելի ծաղիկը և մամուլում մեծ հետաքրքրություն առաջացրեց: Մի անգամ թղթակիցը Նուբարին հարցրեց, թե ինչպես են դրանք աճեցվում: Բացառիկ հումորով օժտված Նուբարը պատասխանեց, որ աշխարհում միայն մեկ տեղ կա, որտեղ դրանք աճում են՝ Սուրբ Լհասա քաղաքից հիսուն մղոն հեռավորության վրա, Հյուսիսային Հիմալայների բարձունքներում գտնվող մեկ ակր չափով հողակտորում: Ծաղիկներն անհրաժեշտ էր տեղափոխել եզնուղտերի քարավաններով (պարտադիր եզնուղտերի), քանի որ այդ կենդանիները արտազատում են հատուկ քիմիական նյութեր, որոնք բարձրլեռնային օդի խտության պայմաններում նպաստում են աննկարագրելի կապույտ գույնի պահպանմանն այնքան ժամանակ, մինչև ծաղիկները հասցվեն Հնդկաստանի հարթավայրերը: Այնտեղ դրանք բարձում են ինքնաթիռները և հասցնում ուղիղ Կյուլպենկյանի լոնդոնյան տուն: Թղթակիցը հավատաց այդ ամենին, և այդ պատմությունը հրապարակվեց իբրև սենսացիա:


«Ծնված լինելով ծիծաղելու շնորհով (Սկարամուշի` իտալական կատակերգական դիմակ-կերպարի նման) և այն գիտակցումով, որ աշխարհը խելակորույս է», Կյուլպենկյանն իր շվայտ կյանքով ընդգծված ամբարտավան վերաբերմունք էր դրսևորում հասարակ մարդուն պատուհասած ցավի, վշտի և ապրումների հանդեպ: Նրա անվերջանալի սիրային արկածները երեք անգամ ընդմիջվեցին ամուսնությամբ: Առաջին անգամ նա ամուսնացավ գործարարի դստեր՝ գեղեցկուհի իսպանուհու հետ: Երկրորդ անգամ՝ երաժշտական կոմեդիայի աստղի հետ: Կյուլպենկյանի երրորդ կինը ֆրանսիական շամպայնի արտադրությամբ զբաղվող ընտանիքի ամբողջ հարստությունների ժառանգորդուհին էր:


Նույնքան կրքոտ, որքան կանանց, Կյուլպենկյանը սիրում էր «Ռոլս-ռոյս»-ներ: Նա շքեղ ավտոմեքենա ուներ, որը պետական արարողությունների համար տրամադրեց Գևորգ V թագավորին: Մյուսը, ծովային շքերթի ժամանակ, շնորհ արեց Էդվարդ VII արքային, իսկ երրորդը տրամադրեց Էլիզաբեթ թագուհուն Նիգերիայում ճանապարհորդության համար: Քանի դեռ ողջ էր ծեր Կյուլպենկյանը, հոր և որդու միջև չէին դադարում սուր վեճերը: Այդ վեճերին բնորոշ թշնամանքը և մրցակցության ոգին հոգեվերլուծաբանների համար կարող էին ծառայել որպես օգտակար ուսումնական ձեռնարկ: Նրանք պատկանում էին տարբեր սերունդների և մեծացել էին տարբեր պայմաններում: Նրանց հակասությունը ներկայում սերունդների միջև խիստ տարածված տարակարծությունների նախանշանն էր: Հասուն տարիքում Նուբարը, հիշելով հոր մասին, ասում էր. «Նա չէր հանդուրժում մսխողությունը: Մենք տարբեր պատկերացում ունեինք այն մասին, ինչը համարվում էր շռայլություն: Նա գերադասում էր փողը ներդնել արվեստի գործերի մեջ: Ես գերադասում էի դրանք ծախսել հաճույքների համար: Ես ընդամենը մեկ կյանք ունեմ»:


Դանդաղ կուտակվող թշնամանքը պայթեց բացարձակապես տափակ դեպքի պատճառով: Այդ ժամանակ Նուբարը քառասունչորս տարեկան էր, հայրը՝ յոթանասունմեկ: Որդին հոր հետ աշխատում էր նույն գրասենյակում և մի անգամ, զբաղված լինելով, որոշեց չգնալ ճաշելու և կարգադրեց հավի ճուտ մատուցել իրեն գրասենյակում: Դրա գինը 2,22 դոլարի սահմանում էր: Նուբարը այն գրանցեց ֆիրմայի հաշվին:
Մի քանի շաբաթ անց ավագ Կյուլպենկյանը, որը չէր զլանա փողոցում կռանալ կոտրված գրոշի համար, հայտնաբերեց 2 դոլար 22 ցենտի չարդարացված ծախս և բարկացավ նման շռայլության համար: Նա կանչեց Նուբարին և նախատեց` այնքան լկտի է գտնվել, որ հավի ճուտի արժեքը սեփական գրպանից վճարելու փոխարեն գրանցել է ֆիրմայի հաշվին: Զայրացած Նուբարը մեղադրեց հորը, հայտարարելով, որ ինքը սնվել է հենց աշխատանքային սեղանի առջև, որպեսզի հնարավորություն ունենա աշխատելու հենց ֆիրմայի շահերի համար:


Այդ 2 դոլար 22 սենթը ծեր Կյուլպենկյանի համար դարձավ կյանքի ամենաթանկ դոլարները: Հայրական բռնակալությունից վիրավորված և վրդովված Նուբարը ձևականության հետևից չընկավ: Նա դատի տվեց ավագ Կյուլպենկյանին՝ պահանջելով վճարել 10 մլն դոլար այն հիմնավորմամբ, որ ծնողն իրեն հնարավորություն չի տալիս հասնելու ֆինանսական անկախության, քանի որ չի վճարում այն գումարները, որոնք ֆիրմայի աշխատանքներին մասնակցելու համար հասնում են իրեն:
Ծեր Գալուստը գործարար կյանքի վաթսուն տարվա ընթացքում կուտակել էր հազարավոր փաստաթղթեր, որոնք կապված էին բարդ առևտրային գործարքների հետ: Նուբարը մտահղացավ հանցագործությանն ըստ արժանվույն համապատասխանող պատիժ: Նա ստիպեց փաստաթղթերը հանձնել դատավորին, որոնք ուսումնասիրելու համար հայրը պետք է դատարանին ներկայացներ իր մոտ պահվող 987 հազար փաստաթղթից յուրաքանչյուրը: Այդ թղթերի կույտը հավաքելն ու տրամադրելը վերածվեց մղձավանջային գործողության:
Երեք օր շարունակ դատարանի դահլիճում ճակատամարտ էր փոթորկվում: Հանրության սեփականությունը դարձան Կյուլպենկյանի առանձին գործարքների հետաքրքիր մանրամասները՝ ծնունդ տալով աղմկոտ լրագրային վերնագրերի: Այնուհետև որդին անսպասելի հետ վերցրեց հայցը: Նա հասավ իր ուզածին: Հայրը համաձայնեց ֆինանսական կարգավորման և իր վրա վերցրեց 80 հազար դոլարի դատական ծախսերն ու փաստաբանների հոնորարները: Հավի ճտի պատճառով վեճը էժան չնստեց, սակայն ավագ Կյուլպենկյանը կյանքում առաջին անգամ չփոշմանեց կրած ծախսերի համար: Նա սովոր էր կեղտոտ խաղերի: Երբ Նուբարը դատարանի միջոցով պահանջեց համարյա միլիոն փաստաթուղթ ներկայացնել դատարանին, Գալուստն իր փաստաբաններին հպարտությամբ ասաց. «Դե ինչ, մի՞թե խելացի չէ որդիս՝ հորինելով այսպիսի գործ: Խնձորը ծառից հեռու չի ընկնում»:


Նուբար Կյուլպենկյանը խելացի մարդ էր, սակայն տառապում էր եսակենտրոնությամբ: Նա ոչ միայն սիրում էր ուշադրության կենտրոնում լինել, իր վարքով զարմացնելով հրապուրել լսարանին, այլև ցանկանում էր իմանալ, թե ինչպես կընկալվի իր կերպարը սերունդների կողմից: Լոնդոնյան «Թայմսը», ինչպես նաև այլ խոշոր թերթեր նախապես ծանուցում էին պատրաստում անվանի մարդկանց մահվան մասին և տարիներով պահում էին, որ անհրաժեշտ պահին, որոշ շտկումներով, հնարավորություն ունենան անմիջապես գործի դնելու դրանք: Կյուկպենկյանը գիտեր, որ «Թայմսը» նախապատրաստել է իր մահվան մասին ծանուցումը և սաստիկ ցանկանում էր իմանալ, թե ինչ է գրված իր մասին: Նա երկար ժամանակ հանգիստ չէր տալիս խմբագրության աշխատակիցներին՝ խնդրելով ցույց տալ ծանուցումը՝ դրանում պարունակվող փաստական տվյալների ստուգման պատրվակով: Խմբագիրները պատասխանում էին, որ նրա խնդրանքն անհնար է բավարարել և որ իրենք պատրաստ են իրենց վրա վերցնելու պատասխանատվությունը հնարավոր սխալների համար: Կյուլպենկյանը փորձեց համոզել գլխավոր խմբագիր ՈՒիլյամ Հեյլին, սակայն ոչինչ չստացվեց:
Գործնական նախաճաշի ժամանակ հանդիպելով «Թայմսի» վարչության նախագահ Գեյվինա Ասթորին, մեկ գավաթ գինու շուրջ ծավալվող ընկերական զրույցի ընթացքում, մեկ անգամ ևս թույլտվություն խնդրեց նայելու սեփական մահված ծանուցումը: «Դա դեմ է մեր սկզբունքներին,- հայտարարեց Ասթորը,- սակայն փորձեք լավ ճաշի ընթացքում համոզել Հեյլիին»: Կյուլպենկյանը պատասխանեց, որ արդեն հրավիրել է Հեյլիին ոչ միայն հիանալի ճաշի, այլև գերազանց ընթրիքի, սակայն ոչնչի չի հասել: Ասթորը պատասխանեց ճաշի հյուրասիրությամբ «Թայմսի» շենքում, որտեղ առաջարկվում էր ամենանրբաճաշակ համադամասերին արժանի հյուրասիրություն՝ բնական կատարելության բիֆշտեքսներ, տապակած նուրբ ձկնեղեն, սպիտակ գինի, բացառիկ պանիրներ, հնեցրած կոնյակ: Այդ ամենը պսակվում էր հավայական սիգարով: Սակայն ոչինչ ավելին Կյուլպենկյանը չստացավ:
1972 թ. հունվարին նրա մահվան մասին հաղորդումը վերջապես տպագրվեց: Կյուլպենկյանը մահացավ սրտի նոպայից յոթանասունհինգ տարեկան հասակում՝ գտնվելով ֆրանսիական Ռիվիերայում: Դրանից երեք տարի առաջ նա առաջին անգամ սրտի նոպա էր ունեցել, որից հետո գամվել էր հաշմանդամի սայլակին: Նա կյանքից հեռացավ, այդպես էլ չիմանալով, որ «Թայմսի» խմբագիրները նրան համարում էին քեֆչի անձնավորություն, նյութական ճոխությամբ շրջապատված ինքնաողբերգականացման անհամեմատելի տաղանդի տեր, առավել մսխող, քան այն ամենը, ինչը ծնվել էր Մաքս Ռիյնհարդի ճոխ երևակայությամբ ստեղծված թատերական բեմադրությունների համար:


Նուբար Կյուլպենկյանի մահով նավթային մուլտիմիլիոնատերերի համաստեղությունը նկատելիորեն խամրեց: Կյուլպենկյանը մարդկային տարատեսակության վերջին ներկայացուցիչներից էր, որոնց բարձր հասարակության տարեգիր Լյուցիուս Բեբեն իրավամբ կոչում էր խոշոր շռայլողներ: Նա ապրում էր վերածննդի ոգով, ոգեշնչված, արժանի Ֆրանց Հալսի «Ծիծաղող ասպետներ»-ին և փողերն այնպես էր ցփնում, ասես դրանք նախատեսված էին սուրացող գնացքից շպրտելու համար:


Ռուսերենից թարգմանեց և հրապարակման պատրաստեց
Վալյա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ