Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Շատերը սիրում են կենդանի պահել, բայց չեն սիրում գումար ծախսել»

«Շատերը սիրում են կենդանի պահել, բայց չեն սիրում գումար ծախսել»
11.06.2019 | 01:21

«Պանդա» անասնաբուժական կլինիկայի երևանյան մասնաճյուղի տնօրեն, բժիշկ-խորհրդատու ԽԱՉԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ զրուցել ենք կենդանիների խնամքի մասին. ի՞նչ պետք է իմանան կենդանի պահողները, ի՞նչ հաճախականությամբ պետք է բուժզննման տանեն կենդանիներին: Անդրադարձել ենք նաև թափառող կենդանիների խնդրին:


-Ի՞նչ ծառայություններ է իրականացնում կլինիկան, ո՞ր դեպքերում են կլինիկա դիմում:
-Մեզ մոտ իրականացվում են տարբեր կենդանիների հիվանդությունների ախտորոշում, բուժում, պրոֆիլակտիկ բուժզննում, պատվաստումներ, ստերջացում, ստերիլացում: Անհրաժեշտության դեպքում կատարում ենք նաև բուժումներ, երբ, օրինակ, կենդանիներին բերում են վնասվածքներով, ճողվածքներով: ՈՒնենք կենդանիների տեղափոխման մեքենա, անհրաժեշտության դեպքում, ինքներս ենք գնում նշված հասցեով:
-Պարբերաբար զննման մշակույթ կա՞ մեզանում:
-Ոչ, որովհետև շատերը սիրում են կենդանի պահել, բայց չեն սիրում գումար ծախսել: Պրոֆիլակտիկ զննումը մեզ մոտ արժե 3000 դրամ, չգիտեմ` թա՞նկ է, թե՞ էժան, բայց մենք այնպիսի գին ենք որոշել, որ հասանելի լինի բոլորին: Մինչև 1 տարեկան կենդանիներին պատվաստում ենք երեք անգամ (2 ամսականում, 6 ամսականում, մեկ տարեկանում), դրանից հետո` տարին մեկ անգամ: Պարազիտների դեմ մշակումը, ճիճվաթափումը պրոֆիլակտիկ միջոցառումներ են, երկու ամիսը մեկ պետք է կատարվեն, որովհետև տերերը կենդանիների հետ շփումից կարող են վարակվել ճիճվով, արտաքին պարազիտներով:
-Ո՞ր դեպքում խորհուրդ չի տրվում կենդանիներ պահել:
-Ալերգիկ հիվանդություններ, շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց հակացուցված է կենդանիների հետ շփումը:
-Ոչ ճիշտ կերը կարո՞ղ է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Ձեր այցելուներին խորհուրդ տալի՞ս եք` ինչպես կերակրել կենդանիներին:
-Իհարկե, մենք հիմնականում աշխատում ենք իսպանական, իտալական, ֆրանսիական կերարտադրող խոշոր ընկերությունների հետ, որոնք ունեն բազմազան կերեր տարբեր ցեղատեսակների և տարբեր տարիքի կենդանիների համար, ունենք նաև հիպերալերգիկ կերեր` նախատեսված ալերգիկ կենդանիների համար: Կան կերեր կոնկրետ ցեղատեսակի համար, կան ունիվերսալ կերեր և այլն: Նախընտրելի են չոր կերերը` ստերիլացված, անվնաս: Կերի ոչ ճիշտ ընտրությունը կարող է առաջացնել լյարդի ցիռոզ, որ շատ է հանդիպում շների մոտ: Օրինակ, ոչխարի և խոզի ոսկորով չի կարելի շներին կերակրել, նրանց աղեստամոքսային տրակտն այնպիսին է, որ շատ յուղոտ կերերը չեն կարողանում մարսել: Կամ շուկայից գնում են ոսկոր, որը հայտնի չէ ինչ ծագման է, մի մասը եփվում է, մյուսը չի եփվում, դրանով կերակրում են կենդանիներին, որոնք վարակի տարածման աղբյուր են դառնում:
-Էկզոտիկ կենդանիներ պահու՞մ են կենդանասերները:
-Այո, կան մարդիկ, որ կրիա են պահում, մենք կերեր ունենք կրիաների համար: Ի դեպ, մեզ մոտ իրականացվում են նաև վարսահարդարման, լողացման, եղունգների մշակման ծառայություններ:
-Պատահու՞մ է, որ դիմեն ձեր օգնությանը փողոցից գտած, բուժօգնության կարիք ունեցող կենդանու համար:
-Այո, պատահում է` հիվանդ, լքված կամ տնից դուրս հանած կենդանիներ են գտնում- բերում, մենք անվճար օգնություն ենք ցույց տալիս:
-Թափառող շների խնդրով զբաղվող կազմակերպությունների մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ ծառայություններ են մատուցվում:
-Նախկինում, որքան գիտեմ, քաղաքապետարանն ուներ ծառայություն, որ զբաղվում էր փողոցային շների հավաքմամբ, ստերիլացմամբ, ստերջացմամբ։ Այդ ծառայությունը կարծես էլ չի գործում: Մասնավոր ընկերությունների մասին չգիտեմ, բայց վերջին ամիսներին թափառող շների հետ կապված շատ են դիմում մեզ, օգնություն են խնդրում, կարծում եմ, պետական հոգածություն չկա:
-Քաղաքում նաև շների ոհմակներ են շրջում: Եթե նույնիսկ այդ շները ստերիլացված են, ենթադրում եմ, որ եթե խմբով են, վտանգավոր են մարդկանց համար:
-Իհարկե, վտանգավոր են, պատվաստելն անվտանգության խնդիր է, որովհետև եթե Աստված չանի, կենդանին մարդուն կծել է, հնարավոր է վարակի կատաղություն հիվանդությամբ: Դա առանձին խնդիր է, բայց երբ խմբով թափառում են, սոված են, կարող են հարձակվել մարդկանց վրա: Պետք է թափառող շների համար կառուցվեն առանձին կացարաններ, որտեղ նրանց կպահեն, կկերակրեն:
-Զրույցի վերջում ի՞նչ խորհուրդ կտաք կենդանասերներին:
-Կապսպրեմ, որ եթե որոշել են կենդանի պահել, երբեք դուրս չհանեն տնից: Ողջունում եմ կենդանի պահողներին, որ հոգ են տանում նրանց մասին, ժամանակին պրոֆիլակտիկ միջոցառումներ են կատարում: Բայց եթե հնարավորությունները չեն ներում, պետք չէ ստանձնել կենդանու խնամքը։ Նաև կուզեի, որ շներին անպայման դնչկալով դուրս հանեն, չես կարող իմանալ ինչ կլինի: Կենդանի պահողներն ասում են` իմ շունը կծող չի, բայց հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ կենդանին սթրեսի ենթարկվի ու կծի, դա բնազդ է: Մեքենան արագ անցնում է, ազդանշան է տալիս, շունը չգիտի` ինչ անի, կծում է, պաշտպանողական ուրիշ ռեակցիա չունի: ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում շանը դնչկալով են զբոսանքի տանում։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ