Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գլխավոր դատախազը Վերաքննիչից պահանջեց կալանավորել նախկին նախագահին

Գլխավոր դատախազը Վերաքննիչից պահանջեց կալանավորել նախկին նախագահին
19.06.2019 | 21:38

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ քրեական դատարանում, ներկայացնելով Քոչարյանի ու մյուսների գործով բողոքի հիմքերը, զավեշտալի ու կրավորական համարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կեցվածքը։ «Երևանի ընդհանուր իրավասության դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ։ Զավեշտալի ենք համարում, որ գործն ըստ էության քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով գործի ողջ նյութերը, ընդ որում բազմապատիկ առավել նյութեր, քան խափանման միջոցի հարց քննած մյուս դատարանները, իր որոշման մեջ, թույլ տվեք ասել, կրավորական կերպով արձանագրել է հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները», - հայտարարեց Արթուր Դավթյանը։ Նա տարօրինակ համարեց, որ քրեական գործով նյութերը, որոնք մի քանի տասնյակ հատոր են կազմում, դատավորն, ունենալով իր ձեռքի տակ, կայացնում է մյուս դատական ատյաններից արտատպած որոշում։ Դավթյանը դա համարեց այդ գործով արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտում։ Գլխավոր դատախազը նկատեց, որ բացի գործով ամբողջական նյութերին տիրապետելուց, դատարանում ներկայացվել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքներով հիմնավոր կասկածի առկայությունը, ՀՀ-ում 2008-ին սահմանադրական կարգը տապալելու արարքի նկարագրությունը, ներկայացվել է դա վկայող ապացույցներ։


Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված մյուս մեղադրանքին՝ խոշոր չափով կաշառք ստանալու, Դավթյանն ասաց, որ գործում մանրամասն ներկայացվել են ձեռք բերված ապացույցները։ «Այս պայմաններում դատարանը բացարձակ սեփական դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի առնչությամբ։ Միայն մեկ դետալ եմ ուզում ձեր ուշադրությանը ներկայացնել՝ գործում առկա է նաև մեղադրյալի ու նրա մերձավոր ազգականների գույքային դրության, հատկապես բանկային հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկատվություն, որի վերլուծությունը հնարավորություն է տալիս հասկանալ, որ կաշառքի առարկան անցել է մեղադրյալի տիրապետությանը։ Մասնավորապես, նույն ժամանակահատվածում առկա են մեծ գումարների մուտքեր մեղադրյալի որդու բանկային հաշիվներին, որոնց վերաբերյալ քննության ողջ ընթացքում որևէ ողջամիտ բացատրություն ձեռք չի բերվել», - հայտարարեց Արթուր Դավթյանը։ Խոսքը 3 մլն դոլար կաշառքի մասին է, որը, ըստ մեղադրանքի, փոխանցվել է գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ու գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով։ Դավթյանը հայտարարեց, որ խափանման միջոց կալանքը, որ պնդում է դատախազությունը, ինքնանպատակ չէ։

«Մեղադրյալին մեղսագրված արարքները կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ, հանցավոր սխեմայի դրսևորում է, որի դերակատարները տվյալ պահին ծառայողական ուղղակի կախվածություն են ունեցել մեղադրյալ Քոչարյանից։ Պետական ապարատի մի զգալի հատված անմիջական ներգրավվածություն է ունեցել հանցավոր գործունեությանը։ Մեղսագրված իրադարձությունների ընթացքում տասը անձինք են զոհվել, որոնց հանգամանքների շղթայական բացահայտումները ակտիվ, մեղավորների հայտնաբերումը ակտիվ ընթացքի մեջ է։ Քննության ակտիվ ընթացքի առկայության պայմաններում ակնհայտ չէ՞ արդյոք դրանում ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննությանը խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիա», - հայտարարեց Դավթյանը՝ չբացառելով նաև մյուս մեղադրյալների հետ հնարավոր շփումը։ Նա պնդեց՝ առավել քան փաստարկված է մեղադրյալի կողմից գործի օբյեկտիվությանը խոչընդոտելու ռիսկը։ «Առաջին ատյանի դատարանը ապօրինի ու անհիմն դատական ակտ է կայացրել՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը։ Գտնում ենք, որ այդ խափանման միջոցը անհամաչափ է, ենթակա է բեկանման և ստեղծված իրավիճակում մեր կողմից ներկայացված հիմնավորումներով մեր օրենսդրությամբ նախատեսված կալանավորումն է», - դիմելով դատարանին՝ հայտարարեց դատախազ Արթուր Դավթյանը։

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ