Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե գտնվի ընդհանուր օրակարգ Վաշինգտոնում

Եթե գտնվի ընդհանուր օրակարգ Վաշինգտոնում
20.06.2019 | 15:00

Այսօր Վաշինգտոնում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Արդեն հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպում չի լինի: Դոնալդ Թրամփի մասին խոսք էլ չկա: Փոխարենը նրանցով «կզբաղվի» ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը: «Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներին, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է նա:
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցները գնահատել են խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում՝ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն։


Այսքանը՝ պաշտոնական: Իսկ ընդհանրապես՝ Վաշինգտոնի հանդիպումը ավելի շատ նախապատմություն ունեցավ, քան գուցե պատմություն ունենա՝ սկսած Մոսկվայում Էլմար Մամեդյարովի անոնսից մինչև Դուշանբեի պայմանավորվածությունների խախտում սահմաններին ու Վիեննայի պայմանավորվածությունների վերադարձ: Մի կողմից՝ Վաշինգտոնի հանդիպումը Փարիզի ու Մոսկվայի հանդիպումներից հետո՝ ԱՄՆ-ի իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի «պարտականությունների կատարում» է, մյուս կողմից շրջանառվում է «Բոլտոնի պլանը», որի մասին պատկերացումները աղոտ են:
Օսակայում հունիսի վերջին G-20-ի սամիթում ՌԴ նախագահի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը հազիվ թե իմաստ տեսնի ռուսական ազդեցության ևս մեկ գոտում խաղաքարտերը խառնելու մեջ:


Բայց ի՞նչ օրակարգ է ունենալու ԱԳ նախարարների հանդիպումը: Մնացականյանի պատկերացրած՝ Վիեննայի պայմանավորվածություններին վերադարձը, թե՞
Մամեդյարովի պատկերացրած սուբստանտիվը: ՀՀ ԱԳՆ-ն հանդիպման հայտարարության մեջ նշել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները ձևավորել են ոչ նպաստավոր միջավայր, և ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ։ Նշանակու՞մ է դա, որ հայկական կողմը օրակարգ է «թելադրելու»: Դատելով նաև ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարություններից՝ գուցե հայկական կողմը պատասխաններ պահանջի իրավիճակի լարման համար: Կամ՝ առաջադրի Ստեփանակերտը բանակցությունների սեղան վերադարձնելու հարցը: ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքից է կախված Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման հնարավորությունը: Եթե գտնվի ընդհանուր օրակարգ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀ ԱԳՆ-ն տեղակացրել է, որ Վաշինգտոնում նախարարը նաև այլ հանդիպումներ է ունենալու՝ առանց կոնկրետացնելու: Թերևս այլը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից բացի նաև Ջոն Բոլտոնն է լինելու: Իսկ Բոլտոնի հետ հանդիպումը նշանակելու է նաև Իրանի հարցի քննարկում՝ մանավանդ ստեղծված իրավիճակում: Հունիսի 18-ին Ֆլորիդայում ԱՄՆ նախագահը հայտարարեց երկրորդ ժամկետում ընտրության գնալու մտադրությունը՝ շեշտը դնելով ներքին նվաճումների վրա, բայց նրան պետք են նաև արտաքին նվաճումներ: Կա՞ Հայաստանը այդ գծապատկերում: Կերևա, երբ Զոհրաբ Մնացականյանը Երևան վերադառնա:

Դիտվել է՝ 1711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ