Հինգ ոսկե, երեքական արծաթե ու բրոնզե մեդալ

Հինգ ոսկե, երեքական արծաթե ու բրոնզե մեդալ
02.07.2019 | 02:04

Եվրոպական խաղերը ժամանակին հղացվեցին որպես մարզական օրացույցը ևս մեկ առաջնությունով հարստացնելու, մարզիկներին ևս մեկ մրցահարթակ տրամադրելու, ուժն ու կարողությունը ցուցադրելու հնարավորություն, իսկ խոշոր առումով այն չասենք օլիմպիական խաղերին նետված մարտահրավեր էր, բայց որ վերջինիս կառուցվածքային տարրերը, անգամ մրցումների անցկացման ժամանակացույցն այդ նույն օլիմպիական խաղերից վերցված էին, այնքան ակներև ճշմարտություն է, որ անգամ քննարկելիք բան էլ չէ։


Խոշոր հաշվով՝ նմա՞ն, թե՞ ոչ, եվրոպական խաղերում շատ ավելի կարևորը մարզական բաղադրիչն է, ու բացառապես ժամանակին է վերապահված նրա գոյությունը հաստատելու կամ մերժելու հնարավորությունը։ Արդ այս փոքրիկ ներածականից անցնենք Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած խաղերին մեր մարզիկների մասնակցությանը։
Մեդալային հաշվարկով տասնմեկերորդ հորիզոնականը ոչ առանձնապես լավ, ոչ էլ առանձնապես վատ ցուցանիշ է, որ գլուխ գովենք կամ այդ նույն գլուխը միջնադարյան ասպետների, միապետների պես մոխրաթաղ անենք, եթե մանավանդ հաշվի ենք առնում, որ խաղերի ցանկում չկար ծանրամարտը, որից մենք ավանդաբար ուժեղ ենք։ Ինչպես և սպասվում էր, հաղթական ենք եղել ըմբշամարտում, բռնցքամարտում, ուրախացրել են մարմնամարզիկներն ու սամբիստները։ Այսինքն՝ որակ ենք ցույց տվել մեզ համար ավանդաբար ուժեղ մրցաձևերում։


Ինքնին հասկանալի է, որ թիմային հաշվարկով տասնմեկերորդը լինելու համար բնավ պարտադիր չէր հենց այդքան մեդալ նվաճելը, բայց դե թվեր են, համընկել են։ Շատ ավելի կարևորն այն է, որ այդ տասնմեկի մեջ ոսկե մեդալներն են գերակշռողը՝ հինգ, ու այդ մեդալները (նաև երեքական արծաթն ու բրոնզը) նվաճել ենք հայերովս ու ոչ թե նատուրալացված կուբացիներով, ռուսներով, դաղստանցիներով, օսերով, այլ ծագում ու գունավորում ունեցող մարզիկներով, որոնցով սիրում է հանդես գալ մասնավորապես մեր հարևան Ադրբեջանը։


Մի կողմից նրանց էլ հասկանալ կարելի է՝ ուզում են երևալ, ուզում են ցույց տալ, որ մարզական քարտեզի վրա իրենք էլ կան ու քանի որ անհրաժեշտ որակի մարզիկներ չունեն կամ սակավ ունեն, բնականաբար պիտի ընկնեն դռնեդուռ, մարզիկ հավաքեն, ադրբեջանական անձնագիր տրամադրեն։
Բնականաբար այս կերպ վարվելը նույնպես խնդրի լուծում է, բայց այս դեպքում, հրաշալի հասկանում եք, երկրի անունն է դառնում պայմանականություն։ Խոշոր առումով ադրբեջանցիների հետ տարաձայնություններ չունեցող երկրների համար թքած, թե ազգային ինչ կազմով են նրանք մասնակցում այս կամ այն առաջնությանը, ու դրանից մեր հարևանները լիուլի օգտվում են ու ու օգտվել են եվրոպական այս խաղերում, բայց գոնե մենք ու մեզ նմանները դեռևս մնում են ազգային հավաքականի ու այն ազգայինի հիմքերով կառուցելու ծիրում։


Ինչևէ։ Թողնենք այս թեման, որը փողի զոռով կռիվ տալու հնարավորության մասին է խոսում ընդամենը, որը, ի դեպ, սքանչելի գործեց այն պարագայում, երբ որոշվում էր Եվրոպական առաջին խաղերի կազմակերպիչ երկիրը։ Այդ պարագայում նավթադոլարները մեծ հատույցով աշխատեցին ու, Բաքուն նաև այս կերպ դարձավ պատմություն, որքան էլ դա հայերիս սրտով չէր։
Ժամանակին այս նույն թերթի էջերից ես բավականին հանգամանալից խոսել եմ այս մասին, հարցը վերաթարմացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, թեպետ, եթե անկեղծ, պարապ տեղը գլուխ գովելու փոխարեն մե՛նք կարող էինք լինել եվրոպական խաղերն ընդունող երկիրը, եթե մի փոքր ավելի սիրեինք ու ավելի քիչ թալանեինք մեր երկիրը, եթե մի փոքր ավելի հոգայինք հանրային հարստության կուտակման ու երկրում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման մասին, եթե երկրի բյուջեի հաշվին մի փոքր ավելի պակաս թրև գայինք կազինոներում, եթե իշխանզաքարյաններ չունենայինք այնտեղ, որտեղ ունեցանք, ով հիմա էլ մեկ այլ կարգի չարիքի տեսքով է ներկայանում երկրին ու հասարակությանը, ու այս երկրում չկա մեկը, որ նման արարածին իր իրական տեղը ցույց տա ու գոնե ունեցվածքը ազնիվ քրտինքով վաստակելու մասին հոխորտոցը կտրի, որն իրականում թաց հռհռոց է այս երկրի ու այն կազմած իրավական համակարգի հասցեին։ Սակայն եկեք հնարավորինս արագ փակենք այս թեման, թե չէ այդպես էլ մեր հերոսներին հասնելու հնարավորություն չենք ունենա, ովքեր պատվարժանորեն երկիր են ներկայացրել։


Ոսկե մեդալներ մեր հանրապետության համար նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող Արթուր Ալեքսանյանը՝ բառացիորեն ազգային հարստություն, նրան այս սրբազան գործում ընկերակցել են բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ), սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):


Արծաթե մեդալների հարցում իրենց օժանդակությունն են բերել սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ): Իհարկե, սպորտում արծաթե մեդալի համարումը փոքր-ինչ անլուրջ է ներկայացվում՝ իբր այն պարտվելու համար է տրվում, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա բնավ էլ այդպես չէ, իսկ բրոնզե մեդալներ են շահել սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ), բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ