Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հասարակությունը ճամբարների բաժանելը թե՛ ժողովրդի կողմից ընդունելի իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ շահագրգիռ այլ ուժերի լավ տեղ տանել չի կարող»

«Հասարակությունը ճամբարների բաժանելը թե՛ ժողովրդի կողմից ընդունելի իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ շահագրգիռ այլ ուժերի լավ տեղ տանել չի կարող»
09.07.2019 | 01:37

ԱԱԾ և ոստիկանության պետերի օրերս ստացած գեներալի կոչման, մեկ տարվա ընթացքում իշխանության թույլ տված բացթողումների, հասարակությանը տարանջատելու, դատարանների «վեթինգի» և այլ թեմաների շուրջ «Իրատեսը» զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

-Վարչապետի առաջարկով ու նախագահի ստորագրությամբ ուժային կառույցների մի շարք աշխատակիցների գեներալի կոչումներ են շնորհել, որոնց թվում են ԱԱԾ ու ոստիկանության պետերը: Մեկ տարվա ընթացքում նրանք իսկապե՞ս աշխատանք են կատարել և հիմա ըստ արժանվույն գնահատվում են, թե՞ լավագույն ավանդույթները շարունակվում են:
-Եթե արված աշխատանքով ենք դատում, ապա մեկ տարին, իրավամբ, բավարար չէ, մանավանդ ուժային կառույցների դեպքում, սակայն հուսով եմ, որ ոչ թե նախկին չակերտավոր լավագույն ավանդույթները կշարունակվեն, այլ սա կլինի լրացուցիչ խթան էլ ավելի պատասխանատու և նվիրված կատարելու իրենց աշխատանքը: Չմոռանանք, որ կոչումներ ստացել են նաև անձինք, որոնք արդեն բավական երկար ժամանակ են զինված ուժերում կամ ուժային այլ կառույցներում և իրենց արժանի ծառայությունը մատուցել են ՀՀ քաղաքացուն, իսկ դա, իհարկե, պետք է գնահատել: Չնայած հեռու եմ մտքից, որ գնահատականը միայն կոչումներ շնորհելով պետք է դրսևորվի, պետք է համապատասխան հարգանք և վերաբերմունք դրսևորենք թե՛ մեր բանակի, թե ՛ուժային մյուս կառույցների և թե՛ պետական կարևորագույն սիմվոլների նկատմամբ, ինչի բացն այսօր կա:
-Մեկ տարվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ հայտարարություններ են անում, որոնք հասարակությանը տարանջատելու փորձերի են նման: Այսքան ասելուց, քննադատելուց հետո մի՞թե չեն հասկանում մարդկանց ճամբարների բաժանելու վտանգը:
-Հայաստանում հասարակության բևեռացումը և ճամբարների բաժանումը նոր չէ: Ցավոք, տարիներ շարունակ իշխանությունները փորձել են ոչ թե վերացնել երևույթը, այլ իրենց գիտակցված կամ չգիտակցված քայլերով առկա անջրպետն էլ ավելի են խորացրել: Մի բան է հստակ. հասարակությանը ճամբարների բաժանելը թե՛ ժողովրդի կողմից ընդունելի իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ շահագրգիռ այլ ուժերի լավ տեղ տանել չի կարող: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր էլ ջրբաժաններ առաջացնողներ, իմիտացիոն գործողություններ և ջուր պղտորողներ շատ կան: Լիահույս եմ, որ ներկայիս իշխանությունները գիտակցում են, որ ՀՀ առջև ծառացած մարտահրավերների պարագայում, այդ ամենում ներքաշվելը հենց իրենց է վնասելու: Ցավոք, իշխանության այս կամ այն ներկայացուցիչներ, այո՛, ընկնում են որոշ ուժերի կողմից իրականացվող «տռոլինգի» մեջ, անընդհատ արձագանքում են, արդարանում կամ էլ բացթողումներն անընդհատ բարդում նախկինների վրա: Արդեն վաղուց ժամանակն է դադարեցնելու ֆեյսբուքյան քոմենթային քաղաքականությունը: Պետք է մեկ անգամ և հստակ քաղաքական գնահատական տալ նախկին իշխանություններին, ինչը մինչ այս, ցավոք, չի արվել, և անցնել մշակված ռազմավարությամբ գործողությունների:
-Այս օրերին ամենաքննարկվող թեման դատական համակարգի բարեփոխումներն են: Ի՞նչ եք կարծում, կբարեփոխվի՞ դատական ու իրավական համակարգը: Այդքան ռեսուրս կա՞, որ ամեն հեռացող դատավորի փոխարեն նորը նշանակվի: Բացի այդ, խելամիտ ու օրինաչա՞փ է դատարանները «վեթինգի» ենթարկելու գործընթացը սկսել դատարանները շրջափակելու կոչով:
-Երբ կան մշակված քայլեր, գործողությունների պլան, օրենսդրական հստակ մեխանիզմներ, գործին նվիրված պրոֆեսիոնալներ և, բնականաբար, իրապես բարեփոխելու կամք, ապա ցանկացած ոլորտում էլ հնարավոր է արմատական փոփոխություններ իրականացնել, դատաիրավական համակարգն էլ բացառություն չէ: Ինչ վերաբերում է դատարանները շրջափակելու կոչին, ապա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այդ հարցով հստակ դիրքորոշում հայտնել է: Հստակ է, որ իշխանությունները 2018-ի դեկտեմբերի 9-ից հետո, երբ ստացան քաղաքացիների մեծամասնության քվեն, բավարար ժամանակ ունեին թե՛ դատաիրավական, թե՛ այլ ոլորտներում առկա խնդիրների քաղաքական գնահատականը տալու, համակարգային փոփոխությունների ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար, սակայն դատարանները շրջափակելու կոչը եկավ ապացուցելու, որ փոփոխությունների մասին հայտարարություններից դեռևս անցում չի կատարվել համակարգային և անշրջելի փոփոխություններ իրականացնելուն: «Վեթինգի» մասով կարող եմ ասել, որ, իմ խորին համոզմամբ, իշխանության շատ ներկայացուցիչներ անգամ չեն էլ պատկերացնում, թե դա ինչ է և ինչպես պետք է իրականացնել, ու դա է պատճառը, որ ուշանում է դրա մասին հայեցակարգը, և չկա օրենսդրական արտացոլումը: Իսկ քննարկումները ընթանում են վատ և լավ դատավորների և նրանց կայացրած «անարդար» որոշումների ու դրանցից «դժգոհողների» ֆեյսբուքյան գրառումների շրջանակում, բայց դատաիրավական համակարգ այդպես կայացնելը, վախենամ, չստացվի: Դատական իշխանության կայացման գործընթացը պետք է լինի բացառապես իրավական ճանապարհով:
-Տեսնելով պետական պաշտոնյաների, պատգամավորների ոչ կոմպետենտ քայլերն ու հայտարարությունները` մարդիկ իրենք իրենց հարց են տալիս՝ «բա սրա՞ համար էինք հեղափոխություն անում»: Ո՞վ է մեղավոր՝ Փաշինյա՞նը, որ կադրային սխալ քաղաքականություն է ընտրել, թե՞ մարդիկ, որ ընտրություն են կատարել՝ վստահելով բացառապես Փաշինյանին:
-Թե ով ինչի համար է հեղափոխություն արել կամ փոշմանել, իր գործն է, ինձ համար կարևորը մեր քաղաքացիների մեջ առկա դրական սպասումն է և փոփոխությունների պահանջը, որը պետք է արդարացնել: Անցած ընտրություններն այսօր քննարկելը, կարծում եմ, անշնորհակալ գործ է, քանզի որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ իրավիճակում և ինչ տրամադրությունների առկայությամբ են ընթացել դրանք: Մի բան է կարևոր` չմսխել ՀՀ քաղաքացու մեջ առկա դրական սպասումը, հետ չկանգնել հեղափոխության ժամանակ ստանձնած հանձնառություններից, իսկ առաջիկայում, երբ լինեն նորմալ Ընտրական օրենսգրքով և գաղափարական-ծրագրային բանավեճի առկայությամբ ընտրություններ, մեր քաղաքացին կշռադատված և գիտակցված ընտրություն կանի:
-Հայտարարում են, թե համակարգային կոռուպցիա չկա, իսկ ներդրումային հոսքին դեռ սպասում ենք։ Իրականում ի՞նչ է կատարվում։
-Միայն կոռուպցիայի վերացումը դեռևս բավարար չէ, որ ներդրումների մեծ հոսքեր ունենանք: Ներդրողի համար չափազանց կարևոր է կայուն տնտեսական միջավայրը, հաղորդակցային լայն ցանցի առկայությունը, ենթակառուցվածքների հագեցվածությունը, բիզնես գործընթացների հետ առնչություն ունեցող պետական մարմինների աշխատանքի որակը, արագությունը, որոշումների կայացման ունակությունն այդ մարմինների տարբեր օղակներում, հարկային-մաքսային քաղաքականությունը և այլն: Բոլոր այս ոլորտներում մենք դեռևս խնդիրներ ունենք, անիմաստ վարչարարությունը, անընդհատ փոփոխվող Հարկային օրենսգիրքը և որոշ պաշտոնյաների վախվորած, ոչ կոմպետենտ գործողությունները բնականաբար հիասթափեցնում են ներդրողներին:
-Տեսակետ կա, որ ընդդիմության չգոյությունը շատ ավելի ազգային անվտանգության խնդիր է, քան, օրինակ, թույլ բանակը: Ի՞նչ ընդդիմություն ունենք այսօր` թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական:
-ՀՀ քաղաքական համակարգը մինչ այս պահը կայացած չէ, և քաղաքական ուժերի գաղափարական մոտեցումներն էլ տարիներ շարունակ ընտրական համակարգի անկատարության և իմիտացիոն գործընթացների պատճառով փորձ է արվել խեղաթյուրել և մղել երկրորդական պլան: Այն, որ ունենք միաբևեռ խորհրդարան, որտեղ բանավեճի, բազմակարծության պակաս կա, արդեն իսկ ապացուցված է, բայց չենք կարող ասել, որ խորհրդարանում ընդդիմություն չկա: Խորհրդարանից դուրս էլ հստակ է, թե ովքեր են ընդդիմություն, և վստահեցնում եմ, որ չնայած մի շարք մանիպուլյացիաների, հասարակությունը շատ լավ տարբերակում է, թե ովքեր են ընդդիմություն, ովքեր՝ ոչ: Իսկ դասական իմաստով ընդդիմությունը նրանք են, ովքեր չեն կիսում իշխանության կարծիքը և վարած քաղաքականությունն այս կամ այն ոլորտում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ունի իր հստակ գաղափարախոսությունը, մոտեցումները և, օրինակ, հենց արտաքին քաղաքականության, տնտեսության զարգացման առնչությամբ ունի իր մոտեցումները, որոնք չեն համընկնում ներկայիս իշխանությունների մոտեցումներին:
-Իշխանությունն իր հասցեին հնչող ամեն մի քննադատության հակադարձում է, որ իրենք ստեղծել են ժողովրդավար պայմաններ, երբ ամեն քաղաքացի կարող է անարգել իր խնդիրները բարձրաձայնել և լուծումներ պահանջել։ Այդպե՞ս է:
-Բնականաբար պետք չէ նսեմացնել այն աշխատանքը, որ արվում է ներկայիս իշխանությունների կողմից առավել պահանջատեր հասարակություն ունենալու համար: Այո՛, ժողովրդավարությունը պետության կայացման, հասարակության բարեկեցության ապահովման համար կարևոր, բայց ոչ բավարար պայման է: Իհարկե, լավ է, որ քաղաքացին կարողանում է անարգել իր բողոքի ձայնը բարձրացնել, բայց ձայն բարձրացնելը դեռևս խնդրի լուծում չէ: Պետք է նաև պատասխան արձագանքը լինի, ոչ թե խոսքերի մակարդակով, այլ խնդիրներին համակարգային լուծումներ տալով:

Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ