Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Առավոտ լուսո ձայնը» համերգ Թուրքիայում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

«Առավոտ լուսո ձայնը» համերգ Թուրքիայում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին
13.10.2019 | 13:09

Աշխարհի տարբեր երկրներում Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումներին զուգահեռ նրան հիշեցին նաև ծննդավայրում՝ Թուրքիայում:
Ստամբուլի Ջեմալ Ռեշիդ համերգասրահը լեփ լեցուն էր: Թուրքիայից, Հայաստանից և արտերկրից եկած հանդիսատեսը ներկա գտնվեց «Առավոտ լուսո ձայնը» համերգին, որը կյանքի էր կոչվել «Անադոլու Քյուլթյուր» կազմակերպության, «Կալան Մյուզիք» ստուդիայի, Գերմանիայում գործող Մաքսիմ Գորկու թատրոնի համատեղ ջանքերով և Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և «Ալյանս» մշակութային հիմնադրամի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա էին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Կրոնական ժողովի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը, թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, Շիշլի վարչական շրջանի թաղային խորհրդի անդամ Սելինա Դողանը, համայնքային բազմաթիվ գործիչներ, թուրք մտավորականներ, օտարերկրյա դիվանագետներ, հայաստանցի հյուրեր:
Համերգի նախասրահում փոքրիկ ցուցահանդես էր, ներկայացված էին Կոմիտասի կյանքի տարբեր փուլերի լուսանկարներ, կենսագրական նոթեր, «Կոմիտաս» ճենապակու հավաքածու՝ պատրաստված Գյումրիի արհեստանոցում The Family Care հիմնադրամի և ֆրանսիական Muscari ասոցացիայի նախաձեռնությամբ:


Համերգին Կոմիտասի երգերի տարբեր մեկնաբանություններով հանդես եկան հայ, թուրք, քուրդ երաժիշտներ: Տպավորիչ էր հայտնի ուդահար Արա Դինքչյանի և քուրդ երգչուհի Այնուր Դողանի համարը: Կոմիտասի գործերի յուրատեսակ իմպրովիզ ներկայացրեց ԱՄՆ-ից եկած «Զուլալ» եռյակը: Համերգը եզրափակեց Հայաստանից «Գողթ Բենդ»-ը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Վերջում ներկաները հոտնկայս ողջունեցին ավելի քան մեկ տարի անազատության մեջ գտնվող թուրք հայտնի հասարակական գործիչ, «Անադոլու Քյուլթուր»-ի հիմնադիր Օսման Քավալային, որ մեծ ավանդ ունի Կոմիտասին նվիրված համերգի կայացման գործում:

Դիտվել է՝ 1092

Մեկնաբանություններ