Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանյան համերգից հետո «Օտրի տրիո»-ն պատրաստվում է Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերին

Երևանյան համերգից հետո «Օտրի տրիո»-ն պատրաստվում է Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերին
26.10.2019 | 12:22

«Օտրի տրիո»-ն երաժշտասերներին ներկայացավ հերթական հետաքրքիր համերգային ծրագրով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս անսամբլն իր համերգներում, որպես կանոն, կատարում է բոլորովին նոր ծրագրեր։ Այս անգամ նույնպես բացառություն չէր։ Անսամբլի երաժիշտները՝ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ), կատարեցին Յոհան Սեբաստիան Բախի‚ Քամիլ Սեն-Սանսի‚ Դմիտրի Շոստակովիչի‚ Առնո Բաբաջանյանի‚ Վաչագան Հովհաննիսյանի‚ Պաբլո Սարասատեի, Առնոլդ Բաքսի ստեղծագործություններից։ Համերգին մասնակցում էր նաև միջազգային մրցույթների դափնեկիր‚ դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը։

Համերգի ընթացքում հնչեց երկու պրեմիերա. Վաչագան Հովհաննիսյանի «Մտորումները» համաշխարհային պրեմիերա էր, որը հեղինակը գրել է հենց «Օտրի տրիո»-ի համար։ Երեկոյի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կատարվեց նաև Առնոլդ Բաքսի Էլեգիական տրիոն ֆլեյտայի, ալտի և դաշնամուրի համար։ Իմպրեսիոնիստական ոճով հետաքրքիր այս ստեղծագործությունն ի սկզբանե գրված է տավիղի, ֆլեյտայի և ալտի համար, սակայն անսամբլի ջութակահար Անժելա Հովհաննիսյանի փոխադրմամբ այն հնչեց դաշնամուրի, ալտի և ֆլեյտայի կատարմամբ։ Ուշագրավ է, որ Առնո Բաբաջանյանի Էլեգիան, որ դաշնամուրից բացի երբևէ այլ գործիքներով չէր կատարվել, առաջին անգամ ներկայացվեց «Օտրի տրիո»-ի կազմով։
Երևանյան այս բեմելից հետո անսամբլը պատրաստվում է նոյեմբերին Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերին, որտեղ «Օտրի տրիո»-ն ունենալու է 9 համերգ Ֆրանսիայի 9 տարբեր քաղաքներում՝ Փարիզ, Լիոն, Մարսել, Վալանս և այլն։ «Օտրի տրիո»-ի այս համերգները կայանալու են Ֆրանսահայ մշակույթի միության 70-ամյա տոնախմբությունների շրջանակներում։


Բացառիկ այս անսամբլը՝ իր առանձնահատուկ հնչողությամբ, մեծ հետաքրքրություն է վայելում աշխարհում։ Ուշագրավ է, որ իտալական հայտնի «Halidon music»-ը, որը դասական երաժշտության հանրահռչակման ասպարեզում լուրջ աշխատանք ծավալող ընկերություն է, հետաքրքրվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլի համերգային գործունեությամբ, և վերջինիս աջակցությամբ թողարկվեց անսամբլի առաջին ձայնասկավառակը՝ «Երևակայության թռիչք» խորագրով։ Առաջին վեց ամիսների ընթացքում ձայնասկավառակի գրեթե ամբողջ տպաքանակը սպառված է։

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ