Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հայտարարեց, թե Արցախի հարցի որոշողն ինքը չէ, իրեն արցախցին չի ընտրել, հետևաբար նման մանդատ չի տվել, հետո ասաց, թե բանակցություններ չեն լինելու մինչև Արցախը չվերադառնա բանակցային սեղան, ավելի ուշ հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։ Նախօրեին էլ այս ամենին գումարվեց մեկ այլ հայտարարություն։ Փաշինյանն իր լայվում ասաց, թե բանակցային սեղանի շուրջ հիմա մի տարբերակ են փորձում գտնել, որը Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին ընդունելի պիտի լինի։ Այն, որ բազմիցս չարչրկված միտքը, թե երեք երկրներին պիտի ընդունելի տարբերակ լինի, նոր չէ, բայց որ այդպես էլ հասկանալի չէ, թե այդ ինչ մոգական լուծում պիտի լինի, որ և՛ իր հողը պաշտպանողի և գիշերով անմեղ մարդուն կացնահարողի համար ընդունելի լինի, չի բարձրաձայնվում։ Արցախյան հակամարտության վերաբերյալ Փաշինյանի վերջին մտքերին ենք անդրադառնում ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ հետ հարցազրույցում։
-Իր վերջին «լայվում» Փաշինյանը խոսեց հակամարտության մասին, ի՞նչ նոր բան Դուք առանձնացրիք։
-Հանրության շրջանում տևական ժամանակ առաջացած հարցերի պատասխաններն այդպես էլ չհնչեցին։ Վարչապետը կենտրոնացավ բամբասանքների, դավադրությունների վրա։ Այնուամենայնիվ, հնչեց մի այսպիսի թեզ, որ Ստեփանակերտի և Երևանի մոտեցումները Արցախի հարցում նույնական են։ Այս թեզի շուրջ հարցեր են առաջանում։ Տարիներ շարունակ կարևորել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա բացատրել ենք այն հանգամանքով, որ Երևանի և Ստեփանակերտի մոտեցումներում կարող են տարբերություններ լինել։ Ստեփանակերտի կարծիքը պետք է լսել ու հաշվի առնել, խնդիրը պետք է հենց Ստեփանակերտի հետ քննարկել՝ սկսած ռազմագերիների, դատապարտված անձանց փոխանակումից մինչև բանակցությունների հիմնական թեզերը։ Բայց երբ Փաշինյանն ասում է, թե պատկերացումները, դիրքորոշումները նույնն են, տարբերություններ չկան, ադրբեջանական կողմը սա, որպես խաղաքարտ, վստահաբար օգտագործելու է բանակցային գործընթացում՝ ևս մեկ անգամ փաստելով, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու կարիք չկա, որովհետև Հայաստանի և Արցախի դիրքորոշումներում տարբերություն չկա, հետևաբար Հայաստանը կարող է ներկայացնել Արցախը։ Ասել է՝ մենք մեզ համար բանակցություններում մեծ խոչընդոտ ենք ստեղծում։ Փաշինյանը նաև շեշտեց, որ եթե լինի մի տարբերակ, դա կհանրայնացվի և կքննարկվի։ Այստեղ շատ կարևոր է, որ հայկական կողմը լինի նախահարձակ և դիվանագիտական, քաղաքական, քարոզչական նպատակներից ելնելով, մշակի իր ռազմավարությունը։ Եվ եթե երեք կողմերի համար ընդունելի տարբերակ պիտի լինի, առաջինը մենք պետք է դա Ադրբեջանի հանրությանը ներկայացնենք, առաջ տանենք մեզ համար ձեռնտու այդ տարբերակը։ Ադրբեջանում ունենանք հասարակության մի հատված, որի համար մեր տարբերակն ընդունելի կլինի։ Բայց Փաշինյանի այդ հայտարարությունը դեռևս լոզունգների մակարդակից այն կողմ չի անցնում։
-Ձեզ համար հասկանալի՞ է այն տարբերակը, որ երեք կողմերի համար էլ լուծումը պիտի ընդունելի լինի։ Դա իրականության մեջ հնարավո՞ր է։ Եվ ընդհանրապես Արցախի հարցում Փաշինյանի մտքերը հակասական չե՞ն։
-Եթե հայկական կողմն այդպիսի տարբերակ ունի, ճիշտ ժամանակն է, որ այդ տարբերակը բարձրաձայնվի և բոլոր հնարավոր խողովակներով ադրբեջանական հասարակությանը դա ընդունելի դարձվի։ Սակայն որքան հասկանում եմ, նման տարբերակ չկա։ Դա ընդամենը բարի կամքի դրսևորում է։ Ժամանակն է, որ սկսեն դրա վրա աշխատել, քանի որ Ադրբեջանը ոչ միայն ունի հստակ ձևակերպված տարբերակ, այլև ամեն օր աշխատում է այդ ուղղությամբ, իսկ ի՞նչ ենք մենք հակադրում դրան, դեռևս ինձ համար անհասկանալի է։
-Փաշինյանը վերստին հիշեցրեց հանրաքվեով հարցի լուծման տարբերակի մասին։ Ի՞նչ ասել է հանրաքվե, որտե՞ղ այն պիտի անցկացվի՝ Հայաստանու՞մ, Արցախու՞մ։
-Ինձ համար այդ տարբերակը բացարձակ հասկանալի չէ, ի՞նչ է նշանակում հանրաքվե անցկացնել։ Ժամանակին միտք էր հնչեցվում, թե հրապարակում պիտի մարդիկ հավաքվեն ու լուծման տարբերակ որոշեն։ Սա ևս անհասկանալի է։ Ինչպե՞ս պետք է հայկական կողմի որոշումը դրվի հանրաքվեի, ոչ մի կերպ հասկանալի չէ։ Մեզ ոչ մեխանիզմն են բացատրում, ոչ նման գործողությունների ռիսկերն են հաշվի առնում, ոչ իրավական, ոչ պատմական տեսանկյունից են հարցին անդրադառնում։ Բացի հանրաքվեից խոսվեց նաև հանրային քննարկումներ անցկացնելու մասին։ Այսինքն, ժամանակն է, որ հանրությանը ներկայացվի լուծման տարբերակ, որը պետք է հանրային լայն քննարկման դրվի։
-Երբ ասում եք, թե լուծման տարբերակ պետք է հանրայնացվի, ի՞նչ եք ակնկալում այս իշխանություններից։ Մենք հիշում ենք, որ նախորդ իշխանությունների ժամանակ բանակցությունները ևս հանրությանը բացահայտ չէին ներկայացվում։ Այսինքն, այս իշխանությունները ի՞նչ պետք է ներկայացնեն այդ գործընթացներից, որի մասին լռում են։
-Առնվազն պիտի բացվեն այն թեզերը, որոնց մասին խոսում է Փաշինյանը։ Դրանք պետք է բացատրվեն։ Երբ ասվում է, որ Արցախը պիտի վերադառնա բանակցությունների սեղանին, վարչապետն իրավասու չէ Ստեփանակերտի փոխարեն բանակցելու, պիտի հստակ ներկայացվի, թե ինչպես է հնարավոր սա։ Հիմա Հայաստանը բանակցելու՞ է, թե՞ չէ, ժամանակավո՞ր է սա, թե՞ ոչ, թե՞ առհասարակ բանակցային գործընթաց չի լինելու։ Հանրությանը սա պարզ պիտի բացատրվի։ Հաջորդ թեզը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Սա ևս հասարակությանը հասկանալի պիտի ներկայացնել, թե ինչ ենք դրա տակ հասկանում։ Սա իրավական հետևա՞նք է ունենալու, թե՞ քարոզչական թեզ է։ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած տարբերակը, թե պիտի երեք կողմերին ընդունելի լուծում լինի, ևս պիտի հանրությանը բացատրվի, թե որն է մեր տեսլականը, որն է մեզ ընդունելի, որ նաև ադրբեջանցիների հավանությանը կարժանանա։ Ես համենայն դեպս նման տարբերակ չգիտեմ։ Դեռ մեծ հարց է՝ նման տարբերակ ընդհանրապես գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Վերջին թեզը, որ նախօրեին առաջ քաշեց Փաշինյանը, այն է, որ Երևանի և Ստեփանակերտի մոտեցումները նույնն են, ինչը հակասությունների մեջ է մտնում վերոնշյալ թեզերի հետ։ Մինչև այս ամենը հստակ չբացատրվի հասարակությանը, թե ինչ են դրանք ենթադրում, ուր ենք շարժվում, շատ դժվար կլինի տրամաբանորեն որևէ բան բացատրել։
-Հայկական կողմն այսօր բանակցություններում ի՞նչ դիրքում է։
-Հարցն այն է, որ ես ընդհանրապես չգիտեմ, թե այսօր բանակցություններ կա՞ն, թե՞ ոչ, որպեսզի գնահատեմ, թե ինչ դիրքում ենք։ Ընդամենը տեխնիկական հարցերի շուրջ քննարկումներ են, բանակցային գործընթաց չեմ տեսնում։ Կամ Փաշինյանը գնում է ընդհատակյա, փակ դռների հետևում բանակցությունների, որից հասարակությունը տեղյակ չէ, ու դա դժվար է վերլուծել։ Երբ ներկայացվի, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ, նոր հասկանալի կլինի, թե ինչի մասին է խոսքը։
-Նորմա՞լ է, որ բամբասանքներին անդրադարձող երկրի ղեկավարը դեռ չի խոսում բուն բանակցային գործընթացի մասին, ոչ էլ անդրադառնում է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին՝ ընդհուպ Զանգեզուրն ադրբեջանական հող լինելու մասին։
-Իհարկե, նորմալ չէ, որովհետև սա արդեն Արցախին էլ չի վերաբերում, այլ Ադրբեջանի ղեկավարը բացեբաց խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր նկրտումների մասին։ Նրա հայտարարությունները մեր տարածքային ամբողջականության սպառնալիք են։ Սա քննարկման հարց էլ չէ, ցանկացած այսպիսի հայտարարություն կտրուկ հակադարձման պիտի արժանանա։ Սա միջազգային նորմերից դուրս հայտարարություն է, որի համար Ադրբեջանը պիտի պատժվի։ Հայկական կողմը դրանով հետևողականորեն պիտի զբաղվի։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ