«Կամազասու՞տրա»
03.12.2019 | 00:33
Կարծես` այո: Որովհետև ասքը՝ ԿամԱԶ-ների մասին, իր դրսևորման բոլոր մանրամասներով, ուղղակի նշանային համակարգի վերածվեց «նոր Հայաստանում»: Այո, խիստ նշանային էր ամեն բան այս «սուտրայի» դեպքում։
«Պոզա» առաջին. փլուզումը տեղի ունեցավ այնտեղից, որտեղից սկսվել էր վերելքը. ինչպես սիրում են ասել «Իմ քայլի» կիսագրագրետ, կիսակարդացած` լավ չհասկացած հանրությունը. քաղաքապետը լատենտ չքաղաքապետն է: Ասել է` հարվածը եկավ իշխող կուսակցության ամենախորքից ու անչափ ծանր, դառնալով արդեն իսկ առկա հարվածի` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի շարունակություն:
Նկատենք` Հայկ Մարությանը ընտրվել է 81,06 տոկոսով: ՈՒ հիմա, գրեթե մեկ տարի անց, նրա հրաժարականն անխուսափելի է, և ոչ մի «լայվ» Նիկոլ Փաշինյանի հետ, փրկության ափ չի դառնա երկուսի համար էլ, քանզի հակառակ գործընթացը` «Սուպեր մամային» աթոռին գամած, պարանով փաթաթած պահելը, է՛լ ավելի մեծ վտանգ է Փաշինյան Նիկոլի գահավիժող վարկանիշին, քան Արայիկ Հարությունյանի չհրաժարեցումն էր, որը, ի դեպ, ընդդիմության մոդելավորման տեսանկյունից շատ կարևոր է, որովհետև կարող է մեկ անգամ ևս ռեժիմը շարժելու նախահիմք դառնալ:
«Պոզա» երկրորդ. ռեժիմի փլուզումը տեղի է ունենում հենց այնտեղից, որտեղ իրենք իբր թեական ուժեղ էին. կոռուպցիայի դեմ «հուժկու» պայքարից: Սեփական և չինովնիկական-նախարարական աշխատավարձերի գաղտնի բարձրացումից հետո այս «կամազասուտրան» ուղղակի կոռուպցիոն «գոռոց» ու ճիչ էր այս իշխանությունների ականջին. «Էս ի՞նչ եք անում, հարգելի թավիշներ. համով է՞, սիրելի շատակերներ» ռեֆրենով, որովհետև «նվիրված» ամեն մի ԿամԱԶ ուղիղ համեմատական է տրված շինթույլտվություններին: Ընդ որում, այնպիսի հնչեղ անունների հետ կապված, որ աբսուրդն ու ասֆալտը ճեղքվում, նոր իշխանություններին ոչ թե փռում են ասֆալտին, այլ ներհատակ անում:
«Պոզա» երրորդ», սույն «կամազասուտրան» իշխող կուսակցության ամենախորքային բացվածքն է ցուցանում՝ բացապարզելով կադրային խնդրի բոլոր նրբությունները: Այն, որ «իմ ժողովուրդը» հազիվ էր հարմարվել կամ չէր հարմարվել «Կարգին Հայկոյի» հայտնությանը նման կարևորագույն պաշտոնում, վերջինիս սպասվելիք հրաժարականից հետո 81,06 տոկոս ձայն ստացած մեծամասնությունը, որքան էլ պարադոքսալ, փոխարինող չունի. եղած միակ կիսատ-պռատ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի նկատմամբ էլ այնպիսի կոնֆիգուրացիաներ են կիրառվել տարբեր փաստաթղթերի հետ կապված, որ վերջինս արդեն իսկ ահավոր խոցելի է: Ասել է` Մարությանի հրաժարականի դեպքում կամ կլինի շատ թույլ, ոչինչ չասող, դիցուք` Գրիգոր Երիցյանը (հիշենք` վերջինս «անկեղծորեն» ասել է իր «սուտրայական» կողմնորոշման մասին) կամ կգնան նոր ընտրությունների:
Ե՞վ: Եվ այն, որ 81,06-ը կդառնա եթե ոչ 20-30, ապա եթե անգամ 50 մինուս 1 (իսկ դա հաստատապես այդպես էլ կլինի), ապա ցուցանիշը կարձանագրի Նիկոլ Փաշինյանի ոչևսացումը:
«Պոզա» չորրորդ. ասենք անկեղծ` պարտիան հետաքրքիր ստացվեց, գիշերը`«անուշ ու հեշտագին». բանն այն է, որ քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցողը, գրեթե 90-տոկոսանոց նոր ընտրությունների հավանականությունը ուղղակի փայլուն պրոյեկտման արգասիք էր այն առումով, որ սեպ է խրելու Նիկոլ Փաշինյանի ամենասակրալ տեսլականի մեջ` սահմանադրական նոր փոփոխություններ: Գիտենք` Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխություններով կրկին անցնելու կիսանախագահական (կամ գուցե և լիարժեք նախագահական) կառավարման, որը նրան 10 տարի «նոն-ստոպ» կառավարման մունդիր կպարգևի…
Ձգենք պաուզան` նկատելու, որ երբեք ու երբեք` մինչև վերջին պահը Նիկոլ Փաշինյանին քննադատող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հենց այնպես չէր դիմի Նիկոլին` «գոսպոդին պրիեզիդենտ»-ով, ինչը նշանակում է` արա մեր ուզածը, կդարձնենք քեզ «պրեզիդենտ»:
Բայց ինչպես ասում են` ուրբաթը շաբաթից շուտ եկավ. քաղաքապետարանի շուրջ զարգացումները տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններից առաջ:
Ինչն ամենամեծ նշանային ազդանշանումն էր:
Հիմա հասկացա՞ք ինչու նաև Նիկոլ Փաշինյանը «սառեց» (դեմ առավ արգելքի հենց Սահմանադրական դատարանի դռանը. դա ևս մեծ նախագծման արդյունք էր). հուսամ` հասկացաք` առանց հավելյալ բացատրությունների:
Միով բանիվ` Նիկոլը կանգնած է շատ մեծ ընտրության առաջ, ու «игра стоит свеч»: Սպասենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ