Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մաքսիմ Վենգերով. «Ուրախ եմ լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ»

Մաքսիմ Վենգերով. «Ուրախ եմ լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ»
11.12.2019 | 18:39

Դեկտեմբերի 14-ին մեկնարկում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ։

Փառատոնի մեկնարկի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը‚ խոսելով խաչատրյանական փառատոնի մասին‚ ընդգծել է‚ որ այն ամենը‚ ինչ կապվում է մեր երաժշտության գագաթի՝ Արամ Խաչատրյանի անվան հետ‚ յուրաքանչյուրիս անձնական նվաճումն է‚ և բոլոր այն նախաձեռնությունները‚ որոնք ուղղված են Արամ Խաչատրյանի անվան հանրայնացմանը‚ միջազգայնացմանը‚ չափազանց կարևոր են նաև պետական մշակութային քաղաքականության տեսակետից։

«Արամ Խաչատրյանն այն գործիչն է‚ ում արվեստը գալիս է վերահաստատելու այն ճշմարտությունը‚ որ ազգային մշակույթը նաև միջազգային է: Ե՜վ Խաչատրյանի փառատոնը‚ և՜ Խաչատրյանի միջազգային մրցույթը շատ անելիքներ ունեն՝ ի նպաստ մեր երկրի միջազգային հեղինակության ու վարկանիշի բարձրացման»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել Սերգեյ Սմբատյանին կարևոր նախաձեռնության համար:
Աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը լրագրողների հետ հանդիպմանը նշել է‚ որ ուրախ է 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում լինել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ: «Մենք մաեստրո Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես ենք գալու ոչ միայն այստեղ՝ Երևանում‚ այլև 2020թ. հունվարին եվրոպական շրջագայության շրջանակում։ 2020 թվականը շատ հիշարժան է լինելու ինձ համար. սերտորեն համագործակցելու եմ այս հիասքանչ կոլեկտիվի հետ։ Ես մեծ հարգանք ունեմ մաեստրո Սմբատյանի‚ նրա վարպետության և մարդկային որակների նկատմամբ‚ ինչն արտահայտվում է նաև բեմում։ Ես շատ սիրում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. հրաշալի երաժիշտներ են‚ այնտեղ միշտ ջերմ մթնոլորտ է‚ և այդ գեղեցիկ մթնոլորտը մղում է ստեղծագործելու։ Շատ եմ սպասում նաև հանդիսատեսի հետ հանդիպմանը»‚- ասել է Վենգերովը։


Պատասխանելով լրագրողների հարցին, թե իր համար ինչով է առանձնանում Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ջութակահարը պատասխանեց. «Այդ երաժշտությունը գունեղ է, արևային, հուզականությունն ուղղակի ցնցում է»:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է‚ որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 14-ին ներկայացվելիք համերգային ծրագիրը՝ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար‚ Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»‚ հնչելու է նաև հունվարին Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ Մյունխենում‚ Զալցբուրգում‚ Շտուտգարտում‚ Բեռլինում‚ Լոնդոնում‚ Վիեննայում‚ Պրահայում‚ Մոսկվայում։ Սերգեյ Սմբատյանն ընթացիկ համերգաշրջանի կարևորագույն ձեռքբերումներից համարել է այն‚ որ Մաքսիմ Վենգերովը հանդես է գալու որպես նվագախմբի ռեզիդենտ արտիստ։ Սմբատյանը կարևորել է նաև այն փաստը‚ որ եվրոպական շրջագայության ընթացքում կատարելու են Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիան։ «Մենք պետք է աշխարհին ներկայացնենք մեր սիմֆոնիկ ստեղծագործությունները‚ և դա մեր առաքելությունն է»‚- ասել է դիրիժոր Սմբատյանը։
Ասուլիսի ընթացքում Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև ստորագրվել է հուշագիր՝ 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում կողմերի համագործակցության և Վենգերովի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ լինելու մասին։


Հիշեցնենք‚ որ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Այն ընդգրկում է 5 համերգ. 3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային։
7-րդ անգամ Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը‚ ինչպես ամեն տարի‚ այս անգամ ևս երաժշտասերներին կներկայանա պրեմիերաներով‚ հետաքրքիր ծրագրերով և անվանի մենակատարներով։


Անցած տարիների ընթացքում խաչատրյանական փառատոնը հյուրընկալել է համաշխարհային աստղերի‚ ներկայացրել է համաշխարհային ու հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ‚ համերգային նոր ձևաչափեր‚ նոր ծրագրեր‚ համագործակցել է հայաստանյան բազմաթիվ կոլեկտիվների հետ։

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ