Միայն մեկում է երկիշխանություն
24.12.2019 | 01:52
Տարբեր պատճառներով եվրոպական ֆուտբոլային գերտերությունների հերթական երկու առաջնությունում երկու մրցավեճ չանցկացվեց («Լիվերպուլը» մասնակցում էր ակումբային ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, «Յուվենտուս»-«Լացիո» զույգը վիճարկում էր երկրի սուպերգավաթը), սակայն դրանք ոչնչով չազդեցին այդ երկրների մրցաշարային աղյուսակներում տվյալ թիմերի դասավորության վրա։
ԱՆԳԼԻԱ
Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով «Վեստ Հեմի» հետ տուրի հերթականը բաց թողած «Լիվերպուլի» բացակայությունը գրեթե ոչնչով չազդեց պրեմիեր լիգայի մրցակցության լարվածության վրա, մանավանդ որ, ի դեմս «Մանչեսթր Սիթի»-«Լեսթեր» դիմակայության, դժվար էլ էր պատկերացնել առավել առանցքային մրցակցություն, եթե պայմանավորվում ենք աչք փակել բովանդակային առումով ոչ պակաս հետաքրքրություն ներկայացնող «Տոտենհեմ»-«Չելսի» առճակատման վրա։ Սակայն եկեք նախ «Լիվերպուլի» թեման փակենք, ապա նոր անցնենք առաջ։
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում ակումբը մրցեց բրազիլական «Ֆլամենգոյի» հետ, ու բանը հասավ լրացուցիչ խաղաժամանակում հաշիվ պարզելուն (հիմնականն ավարտվել է առանց դարպասների գրավման)։ Հաղթական գոլը հանդիպման 99-րդ րոպեին հայրենակիցների դարպասը խփել է Ռոբերտո Ֆիրմինոն՝ «մերսիսայդցիներին» հնարավորություն տալով ակումբի պատմության մեջ առաջին անգամ տիրանալու սույն պատվավոր տիտղոսին, իսկ ընդհանարապես այս հաղթանակով «Լիվերպուլը» դարձավ անգլիական առաջին ակումբը, որը մեկ տարում հաղթեց Չեմպիոնների լիգայում, շահեց Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնության հաղթողի տիտղոսին արժանացավ (վերջին կտրվածքով այն անգլիական երկրորդ թիմն է. ակումբայինում առաջին հաղթանակը 2008-ին տոնել է «Մանչեստր Յունայթեդը»։
Դառնանք պրեմիեր լիգայում հանգամանքների բերումով առանցքայինի կարգավիճակ ձեռք բերած «Մանչեսթր Սիթի»-«Լեստեր» մրցակցությանը։ Այն «քաղաքաբնակների» համար սկզբունքային նշանակություն էր ստացել այն պատճառով, որ կարող էր հյուրերից հետ մնալը հասցնել նվազագույնի։ Խոսեպ Գվարդիոլայի սաները կարողացան լուծել առաջադրված խնդիրը, ու դա չնայած նրան, որ աչքաթող անելով Վարդիին, հանդիպումը սկսել էին բաց թողած գոլով։ 3։1 հաղթական հաշիվ, ու երկրորդ տեղի համար մրցակցությունում «Մանչեսթր Սիթին» արդեն մեկ միավորով է հետ մնում 39 ունեցող «Լեստերից», որը ինը տուր անընդմեջ չգիտեր պարտություն ասվածը։
Այս խաղի առնչությամբ մի բան էլ համարենք հիշատակման արժանի։ Հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ «Մանչեսթր Սիթիից» Խոսեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում ակումբի ղեկն ստանձնի «Լեստերի» այսօրվա գլխավոր մարզիչը։
Մառախլապատ Ալբիոնի ֆուտբոլային առաջնության հերթական տուրի սկզբունքային երկրորդ բախումը «Տոտենհեմի» ու «Չելսիի» միջև էր, թիմեր, որոնց իրար կապակցողը Ժոզե Մոուրինիոն է՝ առաջինի՝ ներկայիս, երկրորդի՝ նախկին գլխավոր մարզիչը։ Այս թիմերի մրցակցությանը նախորդող հետաքրքրական վիճակագրություն կար. վերջին հինգ համդիպումից չորսում «Չելսին» պարտություն է կրել ու հաղթել մեկում, իսկ «Տոտենհեմն» արել է ճիշտ հակառակը։
ՈՒշադրության արժանի ևս մեկ բան։
Հաղթելու դեպքում «Չելսին» ունեցած 29 միավորին կհավելեր ևս երեքն ու ու ավելի քան վստահ կմնար աղյուսակի չորրորդ սանդղակում, պարտվելու դեպքում մրցակցին հնարավորություն կտար ոչ միայն միավորներով հավասարվելու իրեն, այլև ներխուժելու լավագույն հնգյակ։ Այսքանից հետո շտապենք ասել, որ ամեն ինչ վատ դասավորվեց «Տոտենհեմի» համար՝ սկսած նրանից, որ արդեն առաջին կեսում դիմակայությունը տանուլ էր տալիս երկու անպատասխան գնդակի տարբերությամբ, իսկ երկրորդ խաղակեսին եկավ գումարվելու տասը հոգով մնալու դժբախտությունը։ Կարճ կապած՝ այդ երեկոն «Տոտենհեմի» ու նրա ամբիցիոզ մարզչի համար կոչված էր լինելու մղձավանջային։
Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հաշվետվությունն ավարտենք «Բրայտոնի» հետ արտագնա հանդիպումում «Շեֆիլդի տոնած հաղթանակի հիշատակումով (1։0), ինչն առաջնության նորեկի համար տեղ ապահովեց հինգերորդ հորիզոնականում։ Նկատենք, որ այս մրցաշրջանում «Շեֆիլդն» առաջին անգամ չէ, որ առաջին հնգյակի մաս է կազմում։
ԻՏԱԼԻԱ
Տուրի շրջանակներում, սակայն շատ ավելի վաղ կայացած «Սամպդորիա»-«Յուվենտուս» դիմակայությունում, «ծեր սինյորան» հաղթել էր (2։1) ու 42 միավորով ժամանակավորապես ստանձնել սկուդետեի լիդերությունը։ Հեռակա մրցավեճում նրան պատասխանելու հերթը «Ջենովային» հյուրընկալած «Ինտերինն» էր։ Անտոնիո Կոնտեի սաները պատվով բռնեցին քննությունն ու, հաղթելով չորս անպատասխան գնդակի առավելությամբ, վերադարձրին առաջնության առաջին հորիզոնականը, որը կատարվեց նաև ի հաշիվ լրացուցիչ գործակիցների։
Շարունակում է մեդալային հավակնություններին անդավաճան մնալ «Ռոման»։ Իտալական «գայլերը» փայլուն ուղևորություն են ունեցել, ու դրա հետևանքը «Ֆիորենտինային» հասցրած ծանր պարտությունն էր՝ 4։1։ Դիմակայությանը մասնակցել է նաև մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ «Ռոման» 35 միավորով չորրորդ հորիզոնականում է։
Իր դիրքում մնաց վերը հիշատակված երկուսին 36 միավորով հետապնդող «Լացիոն», որը սուպերգավաթի համար մրցում էր «Յուվենտուսի» հետ։ Ներկայացնենք այդ հանդիպումը, նոր միայն ավարտենք սկուդետեի առաջին վեցյակը կազմածների պատմության շարունակությունը։ Ասենք, որ պարզապես փառահեղ են հանդես եկել հռոմեացիները ու արժանվույնս վարձատրվել տիտղոսը նվաճելով՝ դիմակայությունը շահելով 3։1 հաշվով։
Ինչ-որ տեղ այս արդյունքը կարելի էր անակնկալ համարել՝ հղում անելով նրան, որ գավաթային խաղերն ունեն իրենց յուրօրինակ տրամաբանությունը, սակայն ամբողջ հարցն այն է, որ այս նույն դեկտեմբերին, այս անգամ երկրի առաջնության շրջանակներում, «Լացիոն» դարձյալ հաղթել է «ծեր սինյորային» ու դարձյալ այս նույն 3։1 հաշվով։ Այնպես որ, հանդիպման արդյունքը շատ ավելի ճիշտ կլինի մեկնաբանել ոչ թե գավաթային խաղերի յուրօրինակ տրամաբանությամբ, այլ երկրի գործող չեմպիոնի դարպասը տանող ուղին հռոմեական ակումբի մարզչական կորպուսի գտած մշակումներով։ Ավելորդ չհամարենք նկատել, որ Սարիի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում երկու պարտություն է կրել ու էլ չասենք, թե երկու դեպքում էլ որ թիմն է թուրինցիներին ծնկի բերել։
Դառնանք առաջնությանը։ Երկրորդ հանդիպումում անընդմեջ երեք միավոր է կորցնում «Կալյարին», ինչը թիմին սկսում է էապես հետ գցել մրցանակային տեղերի համար պայքարից։ Այս անգամ նրա ճամփին կանգնողը «ՈՒդինեզեն» էր՝ 2:1։
«Կալյարիի» պարտությունն ավելի քան տեղին էր «Ատալանտայի» համար, որը հյուրընկալելիս պարզապես ջախջախեց վատագույն ժամանակներ ապրող «Միլանին»՝ 5։0։ Այս հաղթանակը «մանուշակագույններին» 31 միավորով տեղ ապահովեց հինգերորդ հորիզոնականում՝ այնտեղից դուրս մղելով 29 միավորով մնացած «Կալյարիին»՝ նրան վերապահելով առաջին վեցյակը եզրափակողի դերը։
ԻՍՊԱՆԻԱ
Էլ կլասիկոյում սեփական հարկի տակ «արքայականի» հետ ունեցած գոլազուրկ ոչ-ոքիից հետո սպասվում էր, որ «Բարսելոնը» (թեպետ ինչու միայն այն) գոլառատ հանդիպում կունենա՝ գոհացնելով սեփական երկրպագուին։ Այդպես էլ եղավ։ Կատալոնյան ակումբի հարվածի տակ ընկավ «Ալավեսը», որը որքան էլ փորձեց դիմադրել ահեղ մրցակցին, միևնույն է, չորս անգամ գնդակը պարտադրված հանեց սեփական դարպասից ու գոհացում ստացավ լոկ նրանից, որ մի անգամ էլ ինքն է կատալոնցիներին պարտադրել այդ բանը։ Ասենք, որ այս խաղում առանձնահատուկ ակտիվ է եղել Լուիս Սուարեսը՝ դառնալով մեկ գոլի ու երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ասել է թե` դարպասի բոլոր գրավումներն արձանագրվել են նրա ակտիվ մասնակցությամբ։ Նկատենք, որ դաշտից առանց գոլի չի հեռացել և Մեսին։
«Բարսելոնի» հետ երկիշխանությունը կարող էր շարունակել «Ռեալը», եթե հյուրընկալելիս երեք միավոր կորզեր Բիլբաոյի «Աթլետիկից», սակայն «սերուցքայիններն» ակնհայտորեն մնացել էին օրեր առաջ ունեցած էլ կլասիկոյի տպավորության տակ ու կրկին գրանցեցին գոլազուրկ արդյունք, ինչը նշանակեց, որ նոր տարին դիմավորելու են «Բարսելոնին» հետապնդողի կարգավիճակում։ «Արքայականն» ունի 37 միավոր։
«Մալյորկայի» նկատմամբ արտագնայում «Սևիլիայի» տոնած հաղթանակը (2։0) անդալուզցիների համար շարունակեց ամրագրած պահել առաջնության երրորդ հորիզոնականը։
Հաղթական մրցելույթ ունեցավ և «Բետիսին» հյուր գնացած «Աթլետիկոն»՝ դիմակայությունը շահելով 2։1 հաշվով։ Մադրիդցիները 32 միավորով արդեն չորրորդ հորիզոնականում են ու ակնհայտ է, որ նրանք ամուր հիմքեր են ստեղծում մեդալային պայքարին խառնվելու համար։ Համենայն դեպս առաջնահերթությամբ կանգնած է բրոնզե մեդալների համար պայքարը, իսկ մնացածն ընթացքում ավելի պարզ կերևա, թեպետ անառարկելիորեն դժվար կլինի ավելի բարձր հարգի մեդալների համար պայքարում, որտեղ գլուխ են կոտրում «Բարսելոնն» ու «Ռեալը»։
«Աթլետիկոյին» մերձ հարևանությամբ է դիրքավորված «Ռեալ Սոսիեդադը» (մեկ միավոր է բաժանում), որը գերգոլառատ հանդիպում ունեցավ «Օսասունայի» հետ՝ 3։4։ Իր հերթին «Ռեալ Սոսիեդադին» մերձ հարևանությամբ է գտնվում «Խետաֆեն» (բաժանողը դարձյալ մեկ միավոր է), որն այս տուրում նվազագույն հաշվով զիջել է «Վիլիառեալին» ու երկու սանդղակի նահանջ ապրել՝ եզրափակելով առաջին վեցյակը։
ԳԵՐՄԱՆԻԱ
Չնայած «Աուգսբուրգի» հետ տնային խաղը ծանր սկսելուն՝ բունդեսլիգայի լիդերը՝ «Լայպցիգը», ընդմիջումից հետ կարողացավ անհրաժեշտ խմբագրումներ մտցնել իր գործողություններում ու հասնել վստահ հաղթանակի՝ 3։1։ Միավորներով՝ 37, նրան կարող էր հասնել Բեռլին «Հերտային» հյուր գնացած Մյոնխենգլադբախի «Բորուսիան», սակայն անզոր եղավ կոտրելու տանտերերի դիմադրությունն ու ստիպված բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Բավականին ծանր հանդիպում անցկացրեց «Բավարիան», որին հյուր ժամանած «Վոլֆսբուրգն» ընդհուպ խաղավարտ հավասար խաղ էր ցուցադրում, սակայն գերմանական «գայլերը» մինչև վերջ չկարողացան լինել հետևողական։ Վերջին հինգ րոպեներին մյունխենցիները հեղինակեցին երկու գոլ ու տվեցին բոլոր հնարավոր հարցերի պատասխանները։ Նորից աչքի են ընկել Զիրկզեեն ու Գնաբրին, ովքեր հավակնում են դառնալու նոր ժամանակների «Բավարիայի» հենասյուները։ Մյունխենցիները 33 միավորով երրորդ հորիզոնականում են։
Այս նույն երրորդ հորիզոնականը նրան զիջեց «Հոֆենհայմին» հյուր գնացած Դորտմունդի «Բորուսիան»՝ 1:2։ Նկատենք, որ հյուրերին ռելսերից գցելու գործում իր ակտիվ դերակատարությունն է ունեցել մեր Սարգիս Ադամյանը, որը նաև հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել։ Դորտմունդցիները մնացել են 30 միավորով։ Նույնքան ունի և «Շալկեն», որը հյուր ժամանած «Ֆրայբուրգին» հանդիպման ինչ-որ հատվածում անգամ հաղթում էր, սակայն ի վերջո բավարարվել է ոչ-ոքիով՝ 2:2։ «Շալկեից» երկու միավորով է հետ «Բայերը», որն արտագնայում նվազագույն հաշվով պարտության է մատնել «Մայնցին»։
ՖՐԱՆՍԻԱ
Հերթական խոշոր հաշվով հաղթանակն արձանագրեց դիվիզիոնի բացահայտ առաջատար «Պարի Սեն Ժերմենը», իսկ մրցակիցը «Ամիենն» էր՝ 4։0։ Դուբլի հեղինակ է դարձել Մբապեն, հերթական անգամ խաղադաշտից առանց գոլի չի հեռացել Իկարդին։ Գոլ է հեղինակել և Նեյմարը, որը նաև գոլային փոխանցումների տեսքով երկու անմիջական մասնակցություն է ունեցել մրցակցի դարպասի գրավմանը։ Մի խոսքով, այստեղ հավասարապես «գործի» մեջ են «քաղաքաբնակների» բոլոր հարձակվողները։
Հաղթական մրցելույթ են ունեցել 38 ու 33 միավորներով երկրորդ-երրորդ հորիզոնականներում գտնվող «Մարսելն» ու «Ռենը»։ Առաջինը 3։1 հաշվով պարտության է մատնել «Նիմին», երկրորդն անհյուրընկալ է գտնվել «Բորդոյի» նկատմամբ՝ 1։0։
«Լիլն» արտագնայում 1։5 հաշվով զիջել է «Մոնակոյին» ու 31 միավորով նահանջել չորրորդ հորիզոնական։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ