«Ինչպե՞ս է, որ մի տարուց ավելի Հրայր Թովմասյանը ձեզ հաճելի էր, կարող էիք նրա հետ նստել, զրուցել, գրիչ նվեր ստանալ»
28.02.2020 | 11:16
Չնայած հանրաքվեի քարոզարշավի արդեն երկրորդ շաբաթն է ավարտվում, բայց և «Այո»-ի, և «Ոչ»-ի շտաբներն ակտիվ քարոզչություն չեն իրականացնում։ Իշխանությունը քարոզարշավի համար հանգանակություն արեց` պատկառելի գումար հավաքելով։ Խիստ զարմանալի է, թե այս աղքատ երկրում այդքան արագ ինչպես նման գումար հավաքվեց։ Առաջիկայում կերևա, թե այդ գումարներով ինչպիսի քարոզարշավ է իրականացվելու։ ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցեցինք հանրաքվեի և ներքաղաքական այլ խնդիրների շուրջ։
-Կես տարվա ապարդյուն աշխատանքից հետո իշխանությունը որոշեց հանրաքվե անցկացնել ՍԴ-ի կազմից ազատվելու համար։ Արժե՞ր այսքան ժամանակ վատնել մեկ կամ մի քանի մարդու աշխատանքից հեռացնելու համար, բացի այդ, ՍԴ-ի նոր կազմն ի՞նչ է տալու այն քաղաքացուն, որ 2 տարի առաջ փողոց դուրս եկավ՝ իր կյանքի որակը փոխելու նպատակով։
-Սա բացարձակ անիմաստ հանրաքվե է։ Մենք որոշել ենք չմասնակցել դրան, նման բանավեճի մեջ մտնելը կլեգիտիմացներ իշխանության այս գործընթացը։ Ի՞նչ է ասում իշխանությունը։ ՍԴ-ի այս կազմն իրենց խանգարում է բարեփոխումներ անել, անկախ դատական համակարգ ձևավորել։ Շինծու, հնարովի պատճառներ են։ ՍԴ-ն ոչ մի կերպ չի կարող խանգարել այդ բարեփոխումներին, դրա լիազորությունն անգամ չունի։ Եթե հանրությանը բարեփոխումների ցանկը ներկայացնեն ու ասեն, որ այս-այս հարցում ՍԴ-ն խանգարում է, գուցե կարելի է հասկանալ։ Կա առավել կարևոր ևս մեկ հարց. եթե օրինական ճանապարհով չես շարժվում, նույնիսկ ամենաարդար նպատակները դառնում են անարդար։ Եթե նույն բանը պիտի անեն, ինչի համար մեղադրում են նախկին իշխանություններին, ստացվում է՝ իրենք էլ են նույնը։
-Փաշինյանը հայտարարում է, որ ՍԴ նախագահն անօրինական, հանցագործ ճանապարհով է ընտրվել և ծառայում է նախկին իշխանություններին։
-Ոչ մի կերպ չի հաստատվում, որ նա հանցագործ ճանապարհով է ընտրվել։ Երբ դատարանով կկարողանան դա հաստատել, այդ ժամանակ մեղադրանք կառաջադրեն, ու առանց հանրաքվեի էլ այդ մարդն աշխատանքից կազատվի։ Բայց իրենց ասածը չեն կարողանում հաստատել, ընդամենը շինծու գործեր են ստեղծում։ Երբ 2015-ին սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, մենք հայտարարեցինք, որ խորհրդարանական կառավարմանը կողմնակից ենք, բայց ոչ այս ձևով, երբ ողջ իշխանությունը կենտրոնանում է մեկ անձի ձեռքում։ Դա Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյում» էր, որը շատ է դուր եկել Նիկոլ Փաշինյանին։
-Որպես այդ «կոստյումից» չհրաժարվելու պատճառ Փաշինյանը նշում է, թե ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետություն։ Ասել է՝ իշխանությունը ժողովրդինն է, ի՞նչ սուպերվարչապետություն։
-Դա դեմագոգիա է։ Ի՞նչ է նշանակում իշխանությունը ժողովրդինն է, իշխանությունն իրականացնում ես դու՝ համարելով, որ ժողովուրդը քեզ այդ իրավունքը տվել է։ Սա է ժողովրդավարությունը։ Ամենօրյա իշխանական օրակարգն իրականացնում ես դու, դու ես պատասխանատու բոլոր քայլերի համար։ Պետք չէ ժողովրդի վրա գցել սեփական պատասխանատվությունը։ Կոնկրետ օրինակ բերեմ. կառավարության ղեկավարը չի կարող ամեն ինչ իմանալ, ակնհայտ երևում է, որ Փաշինյանը միջազգային հարաբերություններում փորձ չունի, արցախյան հիմախնդրի վերաբերյալ պակաս գիտելիքներ ունի։ Փոխարենը հանրապետության նախագահը շատ ավելի փորձառու դիվանագետ է, միջազգային կապեր ունի, կարող է արտաքին հարաբերություններում երկիրը լիարժեք ներկայացնել։ Հնարավոր էր, չէ՞, այս ուղղությունը թողնել նախագահի լիազորությունների տիրույթում, իսկ որոշում կայացնելու դեպքում երկուսով համատեղ քննարկել հարցը։
-Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե նպատակ չունի կառավարման մոդելը փոխելու, ինչու՞, ո՞րն է Ձեր բացատրությունը։
-Ոչ միայն կառավարման մոդել չի ցանկանում փոխել, այլև չի ցանկանում անգամ որևէ լծակ ձեռքից բաց թողնել։ Հակառակը, ավելացնում է։ Բայց այս ամենը նրան շատ վատ վիճակի մեջ է դնելու։ Մեկ մարդը չի կարող ամեն ինչ իրականացնել, սա նշանակում է նաև, որ նա որևէ մեկի հանդեպ վստահություն չունի։ Պատահական չէր նաև այն հայտարարությունը, թե ողջ պետական ապարատն իր դեմ է աշխատում։ Ներքին անվստահություն ունի իր բոլոր ենթակաների հանդեպ։ Ամեն ինչ ցանկանում է ինքը որոշել, անել, այսպես չի լինում։
Երբ իշխանափոխություն արեցին ու ամեն ինչ սկսեցին սկզբից, պետք է շտկեին այն սխալը, որը 2015-ին արվել էր։ Ասել է՝ կամ նոր Սահմանադրություն, կամ սահմանադրական փոփոխություններ դնեին հանրաքվեի։ Հիմա սա թողել են մի կողմ և գլխավոր հարց են դարձրել մեկ մարդու պաշտոնից ազատելը, որը ոչ մի կերպ չի խանգարում իրենց գործունեությունն իրականացնելիս։
-Ինչու՞ չցանկացան մեկ փաթեթով այս բոլոր փոփոխությունները կյանքի կոչել։
-Երեք ամիս թող հետաձգեին, պատրաստեին սահմանադրական փոփոխությունների փաթեթը և դնեին հանրաքվեի։ ՉԷ՜, ասում են, դրա համար 3 տարի է պետք։ Ինչի՞ համար է 3 տարի պետք։
-Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հնարավոր է համընկնի խորհրդարանական հերթական ընտրությունների հետ։ Ինչո՞վ է պայմանավորված այս ժամանակացույցը։
-Ինչու՞ են այս հանրաքվեի համար ծախսում 7 մլն դոլար, իսկ այն, ինչ ժողովրդին ու պետությանն է պետք, հետաձգում են մինչև նոր ընտրություններ՝ 2023 թվական։ Նշանակում է` լրիվ այլ նպատակ են հետապնդում։ 205 մլն դրամ հեշտությամբ հանգանակեցին, էդ ինչպե՞ս։ Թոշակառուին հազիվ 3 հազար դրամ եք ավելացրել, էդ ովքե՞ր այդպես շռայլորեն ձեզ 500 հազար դոլար տվեցին։ Ինչո՞վ են այս ծախսերն իմաստավորված, որ դուք ազատվեք ընդամենը մի քանի հոգուց որպես դատավո՞ր։ Այս պարագայում հարց ունեմ իշխանություններին՝ դուք Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու նպատակ ունե՞ք։ Կարծում եմ, ունեն, որովհետև մենք այս հարցով դիմել էինք վարչապետին, և մեր նամակին պատասխանել էր արդարադատության նախարարությունը։ Պատասխանում կար ամեն ինչ, բացի բուն թեմայից։ Անգամ զանգահարեցինք համապատասխան գերատեսչություն պարզաբանման համար, բայց ասացին. «Բավարարվեք մեր պատասխանով»։ Նրանց խուսափողական պատասխանն ապացուցում է, որ այս իշխանությունը վավերացնելու է դա, իսկ ՍԴ-ի այս կազմը դա հակասահմանադրական էր որակելու։ Այս հարցի պատճառո՞վ եք ուզում հրաժարվել ՍԴ-ի գործող կազմից։
Հաջորդն Ամուլսարի հարցն է։ Այդքան բողոքներ եղան, բոլորը փաստում են, որ մեր բնության, առողջության համար դա վտանգավոր է։ Հիմա ի՞նչ եք անելու։ Պատասխան տվեք, որ հասկանանք` հանուն ինչի՞ եք ուզում այս հանրաքվեն անցկացնել։ Բացի այն հանգամանքից, որ ինչ-որ մեկից ամեն կերպ ազատվելու մոլուցք ունեն, սրանք են գլխավոր հարցերը, որոնց պատճառով հանրաքվե են անցկացնում։ Ինչպե՞ս է, որ մի տարուց ավելի Հրայր Թովմասյանը ձեզ հաճելի էր, կարող էիք նրա հետ նստել, զրուցել, գրիչ նվեր ստանալ, ի՞նչ պատահեց մեկ տարի հետո, որ նա դարձավ անընդունելի անձ։ Ինչ է, թե ինքնուրույնություն ցուցաբերեց և ինչ-որ հա՞րց ուղղեց Վենետիկի հանձնաժողովին։
-Եթե իշխանությունը ցանկանա սոցիալ-տնտեսական ոլորտում, անկախ դատաիրավական համակարգում արմատական փոփոխություններ անել, մարդկանց կենսամակարդակը բավարարել, ՍԴ-ն կարո՞ղ է խոչընդոտ լինել։
-Տնտեսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ որևէ շարժ եղե՞լ է։ Արդյոք տնտեսության կացութաձևը ցանկացել են փոխել ու ՍԴ-ն խանգարե՞լ է։ Եթե դուք ամեն ինչ միայն մասնավոր տիրույթում եք դիտարկում, ինչո՞վ եք տարբերվում նախորդներից։ Նրանք էլ ասում էին, թե մասնավորը կգա, կանի։ Հայաստանի այսօրվա պայմաններում պետության դերը պետք է բարձրանա։ Ասել է՝ այս ու այլ շատ խնդիրներ ոչ մի առնչություն չունեն ՍԴ-ի հետ։ ՍԴ-ի հիմնական գործառույթն այն է, որ այդ կառույցին կարող են դիմել՝ հասկանալու համար, թե այս կամ այն օրենք, որոշում համապատասխանու՞մ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Եղե՞լ է մի օրենք, որ այս իշխանությունն ընդունել է և ուղարկել ՍԴ, ու նրանք ասել են՝ ոչ։ Ոչինչ չեն ուղարկել ՍԴ։
-Գուցե ՍԴ-ն ներդրումների՞ն է խանգարում։ Ժամանակին ներդրումները Հայաստան չէին հոսում ՀՀԿ-ի պատճառով, հետո` խորհրդարանական ընտրություններով պայմանավորված։ Կարո՞ղ է, այնուամենայնիվ, ՍԴ-ն է ներդրողներին վանում, ինչու՞ ներդրումներ չեն լինում։
-Ներդրումներին ոչ ոք, առավել ևս ՍԴ-ն չեն կարող խանգարել։ Անկախ դատական համակարգ չունենալը կարող է խանգարել, եթե չեն կարող օրենքով ապահովել սեփականատիրոջ իրավունքները։ Ներդրումների ամենամեծ գրավականը պետության կայունությունը, բանկային համակարգի ճիշտ աշխատանքն է։ Իսկ այս ամենը շատ հեռու է ՍԴ-ից։ Բացի այս ամենից, Հայաստանում ներդրումների բացակայությունը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով. ներդրողը չգիտի, թե որ ոլորտում պիտի ներդրում անի, իշխանությունը որտեղ է համապատասխան դաշտ ստեղծել, բացի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից ո՞ր ոլորտին է առաջնայնություն տալիս։
-Ի դեպ, այդ ոլորտին գերազանցող կա։ Չնայած Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե վիճակախաղերին պիտի վերջ դրվի, դա «ղումարբազություն» է, վիճակագրական տվյալներով, ծառայություններ մատուցող այդ ոլորտն ամենամեծ աճն ունի՝ հետևում թողնելով անգամ ՏՏ ոլորտը։
-Դա ունի պարզ բացատրություն. այս ընթացքում իշխանությունները նոր բան չստեղծեցին։ Եթե անցյալ տարի ավտոմեքենաների ներմուծումից բյուջեում բավական գումար գոյացավ, այս տարի դա էլ չի լինելու, ինչը բավական խնդրահարույց է։ ՈՒ կրկին կանգնում ենք ամենակարևոր հարցի առաջ՝ ի՞նչ կարող է Հայաստանն արտադրել, որ աշխարհի համար ընդունելի լինի։ Շատ ենք խոսել պետական պարտքի մասին, այս իշխանությունն էլ նախորդի հետքերով շարունակում է պարտք վերցնել, որպեսզի բյուջեի դեֆիցիտը փակի։ Ոչ մի բանով չի տարբերվում նախորդներից։ Ինչու՞ չեն մշակում ծրագիր, որ պետական պարտք վերցնեն գիտական այս կամ այն ուղղությունը ֆինանսավորելու համար, որի արդյունքը հնարավոր կլինի վաճառել դրսում։
-Դրան զուգահեռ հետաքրքիր իրավիճակ ունենք. Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի բյուջեի եկամուտները գերակատարվել են 105 մլրդ դրամով։ Այդքան գումար եղել է, բայց մենք նպատակային չե՞նք ծախսել, ինչու՞ տնտեսությունում դրանք իրական արդյունք չեն ստեղծել։
-Շարունակում են նախորդ երեք իշխանությունների քաղաքականությունը։ Արժութային հիմնադրամը և Համաշխարհային բանկը մեզ ծրագիր են տվել ու պահանջում են, որ դրանից դուրս ոչինչ չանենք։ Այս իշխանությունն էլ չի փորձում որևէ բան անել։ Սա` մի կողմից, մյուս կողմից էլ, եթե նախկինում բյուջեից բացահայտ էին գողանում, հիմա տարբեր ձևակերպումներով են դա անում։ Պարգևավճարների չափն արդեն ֆանտաստիկայի ժանրից է։ Ժողովուրդը ձեզ այդ իրավունքը տվե՞լ է, որ ինքներդ ձեզ այդքան պարգևատրեք։ Խոսում եք ժողովրդից, ժողովուրդը ձեր առաջ նման հա՞րց է դրել։ Ասել է՝ դեռ նախարար չդարձած թիմակիցներիդ աշխատավարձը դարձրու 1,5 միլիո՞ն, իսկ ԱԺ պատգամավորներին 14 անգամ պարգևատրի՞ր։ Մենք էլ ենք եղել պատգամավոր, առավելագույնը 13-րդ աշխատավարձ ենք ստացել, ի՞նչ է նշանակում ամեն ամիս պարգևատրել։ Այս ամենի ֆոնին մնացածը դեմագոգիա է։ Հնարավոր է ինչ-որ ժամանակ ճառերով ժողովրդին մոլորեցնել, բայց երկար ժամանակ այդպես հնարավոր չէ։
-Երկու նախկին նախագահները դատարանում են՝ մեղադրյալի աթոռին նստած։ Սրանով շատ ու շատ խնդիրներ մնում են ստվերում։ Հիմա սա կյանքի բարելավման ցուցիչ չէ՞։
-Կառավարությունը պիտի ինչ-որ աշխատանք անի, նրանց նախորդներն էլ ինչ-որ բան արել են, բայց այդպես չի լինում, որ մի ձեռքով լավ գործ անեն, մյուսով՝ վատ։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանին ժամանակին ներկայացրինք երկրի իրավիճակի վերաբերյալ մեր դիտողությունները, հակադարձեց, թե ի՞նչ է, որևէ լավ բան չի՞ արել։ Իշխանության գործը հենց այն է, որ միայն լավը անի։
-Ի դեպ, ինչպե՞ս է, որ այսօր նախկին 2 նախագահները մեղադրյալի կարգավիճակ ունեն, իսկ առաջին նախագահը որևէ քրեական գործով անգամ չի անցնում։
-Եթե այսօր ինչ-ինչ հարցերում մեղադրում են երկրորդ և երրորդ նախագահներին, նախ և առաջ պետք է առաջինին մեղադրանք ներկայացվի։ Տեր-Պետրոսյանի բառամթերքով կասեմ՝ ավազակապետության հիմքը Լևոն Տեր-Պետրոսյանն է դրել, մյուսներն էլ դա շարունակել են այլ կերպ։
-Ի՞նչ է անում 4-րդը՝ Նիկոլ Փաշինյանը։
-4-րդն էլ նախկին երկուսի հետ կռիվ է տալիս, բայց էպիզոդների համար։ Այսինքն՝ ոչ թե համակարգային խնդիրներ է լուծում, այլ կոնկրետ խնդիրներ ունի նրանց հետ։ Բոլոր 3 նախագահների գործունեության և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բարոյական գնահատականը պիտի տրվեր։ Պետք չէր այս դատավարական աղմուկը, պետք չէր բոլորին «ասֆալտին փռել»։ Իրավապահները կզբաղվեին իրենց գործով, քաղաքական առումով գիծ կքաշվեր, ու կսկսվեր ամեն ինչ ճիշտ հունից, իսկ բարոյական գնահատականն էլ ժողովուրդը կտար։ Փաշինյանը լրիվ այլ ճանապարհի վրա է, իմա՝ այսինչը սա չարեց, տարեք ասֆալտին փռեք, էն մյուսին պատին ծեփեք։ Այդպես չի կարող երկար շարունակվել։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ