Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կարանտինը սպանում է բիզնեսն ու տնտեսությունը՝ իրո՞ք

Կարանտինը սպանում է բիզնեսն ու տնտեսությունը՝ իրո՞ք
03.04.2020 | 11:06

Երկրների մեծ մասը պայքարում է կորոնավիրուսի դեմ կարանտինով՝ չնայած տնտեսության վիթխարի վնասին: Մյուսները չեն շտապում բիզնեսն արհեստական կոմայի մեջ մտցնել՝ վախենում են, որ դեղը հիվանդությունից վտանգավոր կլինի: Եվ նույնիսկ այնտեղ, ուր բնակչությունը հնազանդ նստած է տանը, իսկ խանութներն ու գրասենյակները փակվել են, ավելի բարձր են հնչում դժգոհ ձայները՝ չի կարելի հավերժ փակված նստել ու սպասել պատվաստանյութին, այդպես բոլորս կսնանկանանք: Ո՞վ է ճիշտ: Ու՞մ փրկել առաջին հերթին՝ մարդկա՞նց, թե՞ բիզնեսը: Այս հարցի պատասխանի որոնումներում ամերիկացի գիտնականները դիմել են 100-ամյա վաղեմության իրադարձություններին, որ ցավի չափ հիշեցնում են այսօրվանը: Մեծ կարանտինը նորություն չէ՝ աշխարհը նստած էր կարանտինի մեջ 100 տարի առաջ, երբ թափառում էր մահաբեր գրիպը, որ հայտնի է «իսպանկա» անունով: «Իսպանկան» 50 միլիոն կյանք խլեց՝ մոլորակի համարյա երրորդ բնակիչը հիվանդացավ, յուրաքանչյուր 10-րդ վարակվածը մահացավ: Ինչպես և հիմա՝ 1918-ին պատասխանը ինքնամեկուսացումն էր՝ դիմակներ, փակ կրպակներ ու գործարաններ: Ինչպես և հիմա՝ ինչ-որ մեկը արագ կարանտին սահմանեց, ինչ-որ մեկը հապաղեց: Հետագայում պարզվեց՝ շահեցին նրանք, որ փրկում էին բնակչությանը, ոչ թե տնտեսությունը: Սկզբում բոլորի համար միատեսակ վատ էր, բայց գրիպից հետո նորմալ կյանքի վերադառնալն ավելի արագ ստացվեց այն վայրերում, ուր կարանտին էր սահմանվել, սահմանափակվել էին ֆիզիկական շփումները, ուժեղացրել հիգիենան: «Քաղաքներում, որտեղ վճռական ու անհետաձգելի միջոցներ էին ձեռնարկվել, գործարար ակտիվության անկումն այնքան խոր չէր, որքան մյուսներում: Փոխարենը պանդեմիայի ավարտից հետո նրանք արագ էին աճում»՝ ուսումնասիրությունների նախնական արդյունքներով կիսվել են ԱՄՆ Կենտրոնական բանկի և Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետները: «Պարզվեց, որ կարանտինը ոչ միայն կրճատում է մահացությունը, այլև նվազեցնում պանդեմիայի անբարենպաստ տնտեսական հետևանքները»՝ նշվում է ԱՄՆ-ում «իսպանկայի» ազդեցության ուսումնասիրության մեջ, որտեղ 100 տարի առաջ գրիպից մահացել է կես միլիոն մարդ:


Այն պանդեմիան զարգանում էր շատ նման սցենարով՝ արևելքից՝ արևմուտք, ալիքներով: Առաջինը՝ գարնանայինը, սարսափելի էր, երկրորդը՝ ձմեռայինը, աղետալից: ԱՄՆ-ի արևմուտքի քաղաքները, ներառյալ Սիեթլն ու Լոս Անջելեսը, հարվածը վերջինն ընդունեցին: Իմանալով արևելյան ծովեզերքի մեգապոլիսների փորձը՝ նրանք կանխարգելիչ քայլեր արեցին, ինչպես հիմա, բացառելով թերևս հեռահար աշխատանքը, ինտերնետ առևտուրը և բնակչության թվային վերահսկողությունը: Ինչպես հիմա՝ փակվեցին դպրոցները, թատրոնները, եկեղեցիները, արգելվեցին հավաքները, հետաձգվեցին հուղարկավորությունները, սահմանափակվեց առևտուրը, կանգնեց հասարակական տրանսպորտը, սահմանվեց ինքնամեկուսացում ու ֆիզիկական տարածություն: Պահանջվեց ձեռքերը լվանալ ու հիգիենային հետևել, դիմակներ կրել: «Նրանք, որ չհապաղեցին, համաճարակի հաջորդ տարում հասան մյուս քաղաքներից ավելի էական արդյունաբերական աճի, հասարակական արտադրության ու բանկային ակտիվների աճի: Տնտեսական էֆեկտը նշանակալից էր»՝ նշվում է ուսումնասիրության մեջ: Գիտնականները պարզեցին, որ կարանտինի սահմանման ժամկետների 10 օրվա տարբերությունը արդյունաբերության մեջ զբաղվածության 5% աճ տվեց հետհամաճարակային շրջանում: Իսկ սահմանափակումների լրացուցիչ 50 օրերն ապահովեցին աշխատատեղերի աճ 6,5%-ով: «Իսպանկայի» այս դասերը վստահություն կտան Արևմուտքի քաղաքական գործիչներին, ում համար կարանտինը դրամա է դարձել դեռ չգրված ֆինալով: Նրանք միայն շոշափում են փխրուն հավասարակշռությունը, որ թույլ կտա պանդեմիայի պայմաններում փրկել և բնակչությունը, և առողջապահության համակարգը, և տնտեսությունը: Մեծ մասն ընտրել է մարդկանց կյանքը փրկելը, և տնտեսագետները նրանց աջակցում են: «Մարդկանց փրկելու և տնտեսությունը փրկելու խնդիրները չեն հակասում միմյանց ներկայում: Ընդունելով համաճարակը սանձելու և կյանքեր փրկելու ծրագիր, մենք միայն արագացնում ենք հետագայում բուռն տնտեսական ակտիվության վերականգնումը»՝ հայտարարել է երկարատև ռեցեսիայի հեռանկարով խորապես մտահոգ ԱՄՆ ծանրքաշային քաղաքական գործիչների խումբը, որ ներառում է ֆինանսների նախկին նախարարների, բիզնեսմենների ու գիտնականների:
Պատվաստանյութի և վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների բավարար քանակի բացակայությամբ համարյա բոլոր տուժած երկրները գնացել են պիկի հարթման ճանապարհով՝ փորձել են համաճարակը ձգել ժամանակի մեջ՝՝ սահմանելով կոշտ պատժամիջոցներ հասարակական ու գործարար կյանքում: Սկզբում Ասիայում, որտեղ սկսվեց համաճարակը՝ Չինաստանից մինչև Սինգապուր: Հետո Եվրոպայում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում: Հիմա՝ ԱՄՆ-ում: Մյուսները չեն շտապում կարանտին հայտարարել: Սկեպտիկների ու բիզնեսի պաշտպանների թվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա արագ մտքափոխվեց և հիմա աջակցում է սահմանափակումները՝ հայտնվում է հեռուստաէկրանին սարսափազդու գրաֆիկների հետ, որոնցից հետևում է որ առանց կարանտինի ԱՄՆ-ում զոհերի թիվը կարող է հասնել 2 միլիոնի, իսկ կարանտինով հույս կա մնալ 240 000-ի շրջանակներում: Բայց դեռ ոչ բոլորն են համոզվել: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն այնքան ակտիվ է դիմադրում ԱՀԿ-ին, որ նրան քարկոծում են Twitter-ում ու Instagram-ում: Իրանի նախագահ Հասան Ռուհանին վարակն անվանում է «թշնամու դավադրություն», որի նպատակը իրանցիներին վախեցնելն ու երկրում կյանքը կանգնեցնելն է: Նա բնակչությանը աշխատանքի գնալու կոչ է անում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ մի կարանտին չի սահմանել և ինքն էլ չի պահպանում ոչ մի տարածություն: Նա ասել է՝ «ավելի լավ է մեռնել, քան ծնկած ապրել», և բնակչությանը կոչ է արել հակավարակային կոկտեյլ՝ օղի, շոգեբաղնիք, սպորտ, դաշտային աշխատանքներ:
Երկրում կյանքի լիակատար դադարը լուրջ հետևանքներ ունի տնտեսության համար: Բացասականն արտահայտվում է անմիջապես, բայց կա և դրականը:
Նախ՝ վատի մասին: Ակտիվ սոցիալական կյանքը սպառման ու ժամանակակից տնտեսության հիմքում է: Մարդիկ գնում են ռեստորաններ ու մարզասրահներ, հավաքվում են ակումբներում ու հյուր են գնում, մեքնենաներ են գնում ու շքեղ հագնվում՝ մի նպատակով՝ շփման, իրենց ցույց տալու ու ուրիշներին նայելու: Կարանտին ու ինքնամեկուսացում սահմանելով՝ իշխանությունները ճնշում են պահանջարկը: Եվ մեկ կրակոցով սպանում են երկրորդ նապաստակին էլ՝ առաջարկը: Որովհետև կրճատվում են աշխատատեղերը (մարդիկ նստում են տանը, հաճախ են հիվանդանում, և ցավոք, ավելի շատ են մեռնում), ապրանքների և ծառայությունների արտադրությունը (սահմանափակված են հավաքները, առևտուրը, սպորտը, տրանսպորտը): Բիզնեսը դադարում է գումար ներդնել զարգացման մեջ, որ խարխլում է ապագայում հարստության ստեղծումը: Աճում է սնանկությունների թիվը՝ սնանկանում են ոչ միայն ընկերությունները, այլև՝ մարդիկ: Դա սպառնում է արդեն բանկային համակարգին՝ զանգվածային չվճարումները հանգեցում են ֆինանսական ճգնաժամի, բանկերի կորուստների, լիկվիդայնության ու վարկերի հասանելիոթյան կրճատման:
Բայց կարանտինն ունի և իր հմայքներըԼ Առաջին՝նվազեցնում է համաճարակի մասշտաբը, համապատասխանաբար՝ հետևանքները: Կոշտ սահմանափակումները հնարավորություն են տալիս ավելի արագ թուլացնել կարանտինը և կրճատել տևողությունը: Երկրորդ՝ հարկադիր կարանտինը թույլ է տալիս խուասփել ավելի լուրջ տնտեսական խնդիրներից ապագայում նաև այն պատճառով, որ հարթում է մահացության պիկերը: Եթե առողջապահության համակարգը չի բավարարում, լեցուն հիվանդանոցների ու դիարանների սարսափելի պատկերներն այնպես են ահաբեկում բնակչությանը, որ տանը կնստեն ոչ թե հարկադրաբար, այլ սեփական կամքով: Այդ դեպքում մարդկանց ռեստորան, համերգ կամ աշխատանքի տանելն արդեն շատ դժվար է լինելու, և փողերը ոչ թե ծախսելու, այլ կուտակելու են: Կփլուզվի ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների պահանջարկը՝ կահույքից ու մեքենաներից մինչև ծովափնյա հանգիստ ու երաժշտության դասեր: Սպառումը երկար ժամանակով կնվազի, տնտեսությունը կմտնի պիկեի փուլ:
Առաջիկա անկման խորությունը հիմա ոչ ոք չի կարող կանխատեսել: «Իսպանկայի» համաճարակը 1918-ին ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրությունը միջինը կրճատեց 18%-ով: Բայց եթե այն ժամանակ չլիներ կարանտինը, ամեն ինչ ավելի վատ կլիներ՝ եզրակացրել են ամերիկացի գիտնականները: «Պանդեմիաները ծայրաստիճան վնասաբեր են տնտեսության համար,-գրում են նրանք:-Սակայն ճիշտ ժամանակին ձեռնարկված միջոցները կարող են նվազեցնել վնասների մասշտաբները և թուլացնել հետագա տնտեսական ճգնաժամը: Կարանտինը ոչ միայն կրճատում է մահացությունը, այլև տնտեսական օգուտներ է բերում»: Նրանք ընդունում են Covid-19-ի ու «իսպանկայի» տարբերությունները, որ հնձում էր երիտասարդ, առողջ ու աշխատունակ բնակչությանը: Տարբերությունը մեկ դար առաջվա արխայիկ տնտեսության և ժամանակակից բարձրտեխնոլոգիական էկոնոմիկայի: Բայց տեսնում են ավելի շատ զուգահեռներ, քան տարբերություններ: «Երկրները, որ առանց հապաղման կարանտին են հայտարարել, մասնավորապես՝ Թայվանն ու Սինգապուրը, ոչ միայն սահմանափակել են վարակի տարածումը, կարծես՝ նրանց հաջողվել է հարթել և պանդեմիայի ամենատհաճ տնտեսական հետևանքները: Ուստի կարանտինը չի կարելի համարել տնտեսական լուրջ կորուստների պատճառ պանդեմիայի ժամանակ»՝ եզրակացրել են նրանք:
BBC


Հ.Գ. Հայաստանը ուշ անցավ կարանտինի, բայց՝ անցավ: Եվ որքան էլ հնչեն բողոքներ, ավելի լավ է մարդիկ տանը մնալուց նեղվեն, քան տնից դուրս գան ու արագացնեն իրենց ու իրենց մերձավորների մահը: Սա պարզ ճշմարտություն է, որ վիճարկելն անհեթեթ է: Փաստացի՝ մենք շատ արագ անցանք համեմատաբար ազատ փուլերը և մտել ենք ամենակոշտ կարանտինի անհրաժեշտության փուլի մեջ, երբ ամեն ինչ պետք է անել մարդկանց տանը պահելու ու հնարավոր վարակակիրների շղթաները փահելու, տարածումը կանխելու, հիվանդներին փրկելու համար: Դաժան է, բայց ամեն սերունդ ունենում է իր փորձությունները, մերը ոնց որ շատ է, բայց սա է՝ ճակատագրի դեմ չեն կռվում, կռվում են տգիտության ու հիմարության, դեմ: Հիմա այլևս քաղաքականություն, ժողովրդավարություն խաղալու ժամանակը չէ, մեկ մարդու կյանքը ավելին է, քան բոլոր ճշմարիտ ու կեղծ ճառերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ