Ֆուտբոլը կայսրություն է՝ բազմաթիվ բաղադրիչներով
09.06.2020 | 01:13
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջարկել է քննարկել ֆուտբոլի վերակառուցման երկու համարձակ նախագիծ.
ա. սահմանել խաղացողների վարձատրման վերին շեմ,
բ. սահմանափակել տրանսֆերներից առաջացող նրանց գումարի չափը։
Սահմանափակումներ մտցնելն ակումբներին քիչ թե շատ հնարավորություն կտա շտկելու ֆինանսական վիճակը, որն ուղիղ կապի մեջ է կորորոնավիրուսի բերած հետևանքների հետ։ Նկատենք, որ այլոց կողքին հիմնախնդիրների առաջ են կանգնել նաև խոշոր եկամուտներ ունեցող գրանդ ակումբները։ Օրինակ՝ անգլիական «Տոտենհեմը» բանկից 175 միլիոն ֆունտ ստեռլինգի վարկ է վերցրել կորոնավիրուսի բերած ավերածությունների դեմն առնելու համար։ Հաշվարկները ցույց են տալիս, որ, առաջնությունում դադար հայտարարելուց հետո, ակումբը դեռ 25 միլիոն վնասով է դուրս գալու ստեղծված իրավիճակից։
Այս փուլում սկզբունքորեն բոլոր ակումբներն էլ գնացել են ֆուտբոլիստների, մարզչական կորպուսի ներկայացուցիչների հետ բանակցությունների։ Գլխավոր թեման աշխատավարձերի նվազեցումն է եղել, իսկ աշխատավարձերն ակումբների ծախսային մասի առյուծի բաժինն են կազմում։ Հասկանալի է, որ աշխատավարձերի վճարումը չի դադարեցվել վերը հիշատակված կատեգորիաների ներկայացուցիչների հարկադիր պարապուրդի դեպքում անգամ, քանի որ պայմանագրերում նման արտակարգ իրավիճակների հարցեր չեն քննարկվել, իսկ մարդկանց մեղքը չէ, որ հարկադիր պարապուրդի զոհ են դարձել։
Բնականաբար, ամենուրեք չէ, որ բանակցային թեման ըմբռնումով է ընդունվել, մեկ ընդհանուր հայտարարի ամենուրեք չէ, որ եկել են։ Ահա նման իրողությունները հաշվի առնելով է նաև Ջանի Ինֆանտինոն հանդես եկել վարձատրման վերին շեմի սահմանման առաջարկով։
Ժամանակակից աշխարհում եվրոպական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող յուրաքանչյուր ֆուտբոլիստ, այդ թվում նաև պահեստայինների նստարանին անհուսալիորեն նստած ու գործնականում խաղադաշտ դուրս գալու չնչին հնարավորություններ ունեցող, այնպիսի եկամուտներ է ստանում, որ հավասար է ամբողջ ձեռնարկության աշխատածին։ Մինչև կորոնավիրուսը նման իրավիճակն իրեն այնքան էլ ցցունորեն զգալ չէր տալիս, սակայն հիմա բոլորովին այլ պատկեր է։ Ինֆանտինոյի կարծիքով՝ համավարակը կանգնեցրել է ֆուտբոլային տնտեսության կառավարման համակարգը հիմնովին վերանայելու խնդրի առաջ։
Առանձնակի մանրամասների մեջ չխորանալով՝ ասենք, որ առաջարկվող սահմանափակումների հարցը ներքին թիրախային մասով ուղղված է ակումբներում, ֆուտբոլի կառավարման մարմիններում ֆինանսական պահուստային բարձիկների ստեղծմանը, ինչը նման արտակարգ իրավիճակներում հնարավորություն կտա ճկունորեն կառավարելու համակարգը, ակումբները փրկելու կոլապսային վիճակներում հայտնվելուց։
Հասկանալի է, որ առաջարկվող փոփոխությունները լուրջ քննարկման բաներ են, միանգամից ու միանշանակ չընկալվող. ակնհայտորեն լինելու են շահերի բախումներ, բայց որ խնդիրն առաջիկա տարիներին ոչ միայն լինելու է օրակարգային, այլև արմատական լուծում պահանջող, ոչ մեկը չի էլ կասկածում։ Ֆուտբոլը հսկայական կայսրություն է՝ զվարճանքի կողքին տնտեսական, ֆինանսական ահռելի բաղադրիչով։ Այն, բնականաբար, ոչ միայն բարձրագույն ու այլ դիվիզիոններն են ստորադասության կարգով, այլև մանկապատանեկան ֆուտբոլն իր կառուցվածքով, ֆուտբոլային տնտեսությունն իր կառուցվածքային մնացյալ օղակներով ու բաղադրիչներով։ Ասել է թե՝ խոսքը ահռելի տնտեսական կառույցի նկատմամբ ճիշտ քաղաքականություն որդեգրելու մասին է, ու այստեղ խնդիրն այնքան էլ զվարճանքի տարր լինելը չէ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ