Կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, հասցրած (նաև՝ հասցնող, հասցնելիք) վնասը՝ սահմռկեցուցիչ ու անմարդկային, բայց գոնե մի դրական կողմ ունեցավ՝ մարզասերին պարգևելով ֆուտբոլային փառահեղ օգոստոս, այս կերպ նպաստելով սթրեսային իրավիճակից քիչ թե շատ դուրս գալուն կամ այն հաղթահարելուն։ Իհարկե, չլիներ համաշխարհային ժանտախտը, գերմանական ու պորտուգալական մարզադաշտերում օգոստոսյան ֆուտբոլային տոնը դարձյալ լինելու էր, ընդ որում, ժամանակային ավելի ծավալուն ընդգրկմամբ ու ֆուտբոլասերին հասցնելիք անհամեմատ խնայողական ռեժիմով. նկատի ունեմ ապրումների, հույզերի այն փոթորկումը, որը մարզասերն ունենում է բարձրակարգ հանդիպումներից առաջ ու հետո, ու դրանք հոգեբանորեն, ինչու չէ, նաև ֆիզիկապես «մարսելու» համար ժամանակ է պետք։
«ԲԱՎԱՐԻԱՆ» ՕՐԵՆՍԴՐԻ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Եթե մեզ մտովի փոքր-ինչ հետ գնալու նեղություն տանք, պիտի որ կարողանանք հիշել, թե մասնավորապես Չեմպիոնների լիգան, որ ակումբային ֆուտբոլի մրցաշարերի գագաթնակետն է, բուն, գլխավոր եզրափակիչ տանող ճանապարհին քանի՜ ապշեցուցիչ միջանկյալ եզրափակիչ ունեցավ մեկ ութերորդ, մեկ քառորդ, կիսաեզրափակիչ անվանումների տակ։ Եղա՞վ գեթ մեկը, որ խոր ափսոսանք չապրեց, դիցուք, «Մանչեստր Սիթի»-Մադրիդի «Ռեալ» դիմակայության այդքան վաղ փուլում կայանալու համար, «չգժվեց» «Ատալանտա»-«Պարի Սեն Ժերմեն», «Բարսելոն»-«Նապոլի» խաղերի ահռելի հուզական լիցքից, հոգեկան ծանր ցնցում չապրեց «Բավարիայի» հետ կատալոնյան ակումբի խայտառակ խաղից ու կատալոնյան ակումբից ավելի ծանր ապրումներ ունենալով Մեսիի համար...
Թվարկումները կարելի է շարունակել՝ ընդ որում ցանկացած ճաշակի գոհացման օրինակների վկայակոչումով, սակայն փաստը մնում է փաստ, որ վերջնահաշվում ամենահիշվողը գլխավոր խաղն է՝ բուն եզրափակիչը, որին մյունխենցիները հասել էին բոլոր մրցակիցների նկատմամբ ունեցած ակնհայտ գերազանցությամբ, ինչը չես ասի մրցակցի՝ «Պարի Սեն Ժերմենի» մասին։ Ավելորդ չհամարենք նշել, որ եզրափակչում ֆրանս-գերմանական առաջին ու միաժամանակ վերջին դիմակայությունը եղել է սրանից 44 տարի առաջ։ Մրցել են «Բավարիան» ու «Սենտ Էտիենը», հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով։ Ասել է թե` ազգակիցների փոխարեն վրեժխնդիր լինելն ինչո՞վ լրացուցիչ մոտիվացիա չէր ֆրանսիական երիտասարդ թիմի համար։ Ազգակիցների համար վրեժխնդիր լինելն ասացինք ու մոռացանք անհամեմատ թարմ դեպքը՝ կիսաեզրափակչում մյունխենցիներն անցել էին ֆրանսիական «Լիոնի» վրայով, ընդ որում, ոչ առանձնակի ջանքերի գործադրմամբ։
Նկատի ունենալով «Պարի Սեն Ժերմենի» Նեյմար-Մբապե փառահեղ դուետը՝ սկզբունքորեն կարո՞ղ էինք մեզ թույլ տալ լայն փակված աչքերով նայել այն հանգամանքին, որ ֆրանսիական ակումբն իր անհամեմատ երիտասարդ պատմության մեջ առաջին անգամ էր Չեմպիոնների լիգայի եզրափակչում ու պիտի որ խնդիրներ չունենար։
Կարո՛ղ էինք։
Բայց ո՜չ։ Կյանքը համոզչորեն ցույց տվեց, որ կազմում առաջին մեծության աստղեր ունենալն էլ է քիչ, շա՜տ քիչ, քանզի ամեն ինչի համար պիտի հետևում անցած ճանապարհ ունենաս, ամեն ինչի հետևում պիտի պատմություն լինի, պիտի եթե ոչ ունեցած տվյալ կազմի, գոնե նախորդների փորձառության գենետիկական հիշողությունը որպես զենք ու զրահ ունենաս։
Նեյմար ու Մբապե ունեցող թիմին, օբյեկտիվ լինենք, «Բավարիան» առաջին գծում հակակշռեց այդ մեծությունների հետ գրեթե հավասարապես կշռվող միակ գերաստղով՝ Ռոբերտ Լևանդովսկիով։ Մնացած առումներով երևի առանձնակի տարբերակում չկարողանաս էլ անել, սակայն հաղթանակը բերողը թիկունքում ունեցած հիշողությունը, պատմությունը եղան։
Հասկանում եմ, որ ստանդարտից դուրս բաներից եմ խոսում ու հակառակվողների, հնարավոր է, պատկառազդու բանակ կունենամ, բայց սա՛ է այդ եզրափակչից ունեցած իմ համոզումը, ու եթե կռվելու, վիճելու եք ինձ հետ, արեք դա. չէ՞ որ իմ խնդիրը չեղած տեղը ֆուտբոլի ուսուցիչ ներկայանալը չէ՝ առավելություն, որով ֆուտբոլային թեմաներով գրողներն անհամեմատ առաջ են ինձնից։ Իմ նպատակը, սիրելի ընթերցող, քեզ հետ երկխոսելն է մի թեմայի շուրջ, որ երկուսիս էլ հավասարապես մոտ է ու հարազատ, երկուսս էլ հավասարապես ապրում ենք այդ գեղեցկության կանխավայելմամբ ու վայելմամբ։
Հանդիպմանն արձանագրված դարպասի միակ գրավումը, եթե անկեղծ, ինձ համար ամենամեծ անսպասելիություններից էր։ Ես սպասում էի գոլառատ խաղ՝ նկատի ունենալով այն հեղեղը, որով «Բավարիան» սրբում, տանում էր իր ճանապարհին հանդիպած ամեն խոչ ու խութ` շատ հաճախ չնկատելով էլ դրանց լինելը։ Ես սպասում էի, որ իրենց ոչ ստանդարտ մտածողությամբ ու գործելակերպով Նեյմարն ու Մբապեն կքրքրեն գերմանական թիմի կանոնիկ կառուցվածք ունեցող պաշտպանական դիրքերը։ Բայց... բայց եղավ այն, որ գոլերի առումով ժլատ, սակայն մնացած բոլոր չափանիշներով առատ ֆուտբոլային ներկայացման ականատեսը եղանք, որտեղ ազգությամբ գերմանացի երկու մարզիչ չափ էին բռնել աշխարհին ապացուցելու, թե իրենցից որի ֆուտբոլային մտածողությունն է շատ ավելի առաջադեմ։
«Բավարիան» հաղթեց ու, եթե անկեղծ, անարդարացի կլիներ այդ չհաղթելը, քանզի այն ֆուտբոլային այս լեգենդար ակումբին Խոսեպ Գվարդիոլայի բերած «մարդկային դեմքով» ֆուտբոլին զուգակցել էր պերպետուում մոբիլեի իր ունեցած որակները, որին այլք պատկերավորության համար նաև «գերմանական սապոգ» բնութագրումն են տալիս, իսկ նման ֆուտբոլին դիմակայելը գրեթե անհնարին բան է։
Ինչ խոսք, նկատի ունենալով մեր արագահոս ժամանակները, դժվար է հաստատապես ասել, թե համաշխարհային ֆուտբոլում որքան տևական կլինի «Բավարիայի» դոմինանտությունը, բայց որ այս ակումբի մատուցմամբ մենք տեսանք որակապես նոր ֆուտբոլ, չեմ կարծում, թե կասկածի տակ կարելի է առնել։
ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՄՈՒՐ ԿԱՊԵՐ
Ոչ պակաս սուր մրցակցային պայմաններում անցավ և Եվրոպայի լիգայի խաղարկությունը, իսկ եզրափակիչը հիրավի գլուխգործոցների կարգից էր։ Համենայն դեպս ես համոզված էի, որ հաղթողը լինելու է Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերը», որքան էլ որ կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո այն դժվարությամբ ձեռք բերեց պահանջված մարզավիճակ։ Եվրոպայի լիգայի այս խաղարկությունն էլ փաստորեն անցավ իտալացի այս տաղանդավոր մարզչի կողքով։ Երկրորդ տարին անընդմեջ։ Ճիշտ է, նախորդում Կոնտեն գլխավորում էր անգլիական ակումբ, սակայն դրանից ոչինչ չի փոխվում։
Սակայն այս խաղը միայն Կոնտեի դրաման չէր, թեպետ այն, ինչ եղավ «Ինտերի» հարձակման գծի անուրանալի առաջատարի՝ Լուկակուի հետ, հանցագործություն կլինի դրամա անվանելը, քանզի այն կատարյալ ողբերգություն էր։ Ողջ մրցաշրջանում ձիու պես բանած, թիմին հաղթանակներ բերած բելգիացին 2։2 հաշվի ժամանակ դարձավ ինքնագոլի հեղինակ՝ դրանով իսկ հաղթանակ պարգևելով մրցակցին։
Ծա՞նր է։ Անվիճելիորեն։ Սակայն ինչ կարող ես անել, սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ, ցանկացած վայրիվերում, ու նաև իր այս անկանխատեսելիությամբ է այն այնքան հարազատ բոլորիս, որովհետև, ճիշտը խոսենք, ու՞մ են հետաքրքիր միալար, կանխորոշված ելքով իրադարձություններն ու զարգացումները։ Որքան էլ տարօրինակ թվա՝ մարդը հաղթանակներից էլ է հոգնում, անվերջ կարոտ է ցնցումների։
Ինչ վերաբերում է «Սևիլիային», այս թիմը կարծես թե ամուսնացած է Եվրոպայի լիգայի խաղարկության հետ։ Կատա՞կ բան է՝ վեցերորդ անգամ է տիրանում տիտղոսին։
Հարկավ սա ոչ միայն թիմի, այլև այն գլխավորողի հաջողությունն է։ Իր պատմության մեջ անդալուզական ակումբը վեցերորդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող։ Սա չափազանց բարձր ցուցանիշ է։
ՄԵՍԻ, ՄԵՍԻ ՈՒ ԴԱՐՁՅԱԼ ՄԵՍԻ
Մրցաշրջանը հիմնավորապես ձախողած «Բարսելոնը» նոր մարզիչ ունի, ու այդ մարդը Ռոնալդ Կումանն է՝ թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ բավականին հայտնի դեմք ֆուտբոլային աշխարհում, սակայն կատալոնյան ակումբի ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ինտրիգը կա ու շարունակում է մնալ Մեսին, ով լուրջ տարաձայնություններ ունի ակումբի հետ։ Լեոն չի պլանավորում մասնակցելը թիմի պարապմունքներին, իր հերթին ակումբն իր գլխավոր աստղին որոշել է պատժել՝ յուրաքանչյուր բաց թողած հավաք արգենտինացուն կարժենա 110 հազար եվրո։
Մի քիչ էլ Մեսի-ակումբի ղեկավարություն կռվի կողմ դառնալով՝ կարող ենք ասել, որ Ժոզեպ Բարտոմեուի արածը խոշոր սրիկայություն է, որովհետև Մեսիի քայլերի ազատության հարցում ժամանակ առաջ նա ուրիշ բան էր ասում, մինչդեռ հիմա բոլորովին այլ երգ է երգում՝ խախտելով իր ասածին տեր կանգնելու վերաբերյալ իսկական տղամարդու մասին պատկերացումները։
Այստեղ մենք կարող են պահանջված խորությամբ ու մանրամասներով հայտնել, թե որ ակումբներն ու որքանով են պատրաստ խելահեղ քայլերի գնալու հանուն Մեսի ունենալու, սակայն եկեք ավելի շատ հարաբերական լռության կողմնակիցը լինենք, որովհետև այս հարափոփոխ օրերում անհնար է անգամ մոտավոր վստահությամբ ասել, թե մեկ օր անց ինչ է լինելու։ Բոլոր դեպքերում փաստենք, որ ինչ էլ անի Մեսին, ճիշտն ինքն է լինելու, որովհետև իսկապես բանի նման չէ, որ ակումբի ապաշնորհ կառավարման արդյունքում հիմար դրության մեջ է հայտնվում ֆուտբոլի բոլոր ժամանակների թիվ մեկ մեծությունը։ Հիշեք Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ «Բարսելոնի» ունեցած խայտառակ առճակատումը, հիշեք Մեսիի դեմքի մոլորված արտահայտությունը, ու ամեն ինչ հասկանալի կլինի։
Սակայն ֆուտբոլային մեծությունների հետ կապված այլանդակությունները միայն Բարսելոնում ու Իսպանիայում չեն։ Բորոտությունը նաև հայաստանյան հասցե ու հասցեականություն ունի։
ԱՅԴ ՏՂԱՅԻ ՎԱՍՏԱԿԻ ԿԵՍԻ 1/100-Ն ՈՒՆԵՑԵՔ, ՆՈՐ ԾԼՎԼԱՑԵՔ
Ի՞նչ է պատահել։ Իսկ ուրիշ էլ ի՞նչ պիտի պատահեր։ Թշվառականների ոհմակը ոտքի է ելել ու իրեն թերմացքից վեր բան երևակայելով՝ Հենրիխ Մխիթարյան է փորձում ոտքի տակ առնել՝ պատվից ու պատվախնդրությունից ճամարտակելով, իր չունեցածը լիուլի բառնալով մեր լուսե տղայի ուսերին։
Հրաժարվում է հավաքականում խաղալուց...
Հայրենիքի նկատմամբ պարտքի ու պարտավորվածության զգացողություն չունի...
Ողորմելիներ... ՈՒ՞մ մասին եք խոսում։ Մեկի՞, որ՝
-ոտքից գլուխ պատմություն է հայկական ֆուտբոլին իր նվիրվածությամբ, մատուցած ծառայություններով, ոգեղենությամբ,
-վտանգելով առողջություն ու կարիերա, տարիներ շարունակ հազարավոր կիլոմետրեր է կտրում երկրի հավաքականին իր մասնակցությունը բերելու, ձեր չունեցած տոնը տոն դարձնելու համար։
Դուք հո իրապե՞ս մանկուրտներ չեք։
Հենրիխը եղել է, կա ու կլինի հայկական ֆուտբոլի լեգենդար դեմքերից մեկը, ու թե ձեզ պատմության մեջ երջանիկ մոլորությամբ հիշվելու հնարավորություն էլ է վերապահվելու, ապա լոկ շնորհիվ նրա՝ որպես նրա ժամանակակիցների։
Ինչ վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, դրա գլուխը կազմածներին, հիշեք թե ժամանակ առաջ ոնց էիք մատաղվում Նեմեց Ռուբոյի ոտքերի տակ, որի նկատմամբ իմ, մյուսի, երրորդի ազնվությունը գոնե այնքան մեծ է, որ ոչ այն, ոչ էլ ներկա ժամանակներում առանձնակի հարգանքի խոսք չենք ունեցել նրան ասելու ու դրանով ձեր թայդաշը չենք։ Դիտմամբ եմ ձեզ հարազատ, սրտամոտ բառեր օգտագործում, որ հասկանաք՝ դուք չափազանց մանրապճեղ եք մտածելու համար, որ երկրագունդը ձեզ նմանների համար է պտտվում, ու դուք այնքան կաք, որ Հենրիխ Մխիթարյան կարող եք թիրախավորել։
Խելքի եկեք ու մի փորձեք համեմատվել անհամեմատելիների հետ։
Ընդհանուր հիշեցման կարգով մի բան էլ ու վերջ։
Հանուն ընդհանրական գործի, շահի՝ մի անգամ ձեռքներդ գրպաններդ տարած կա՞ք, որ Երկրին, Ղարաբաղին հարյուր հազարավոր դոլարներով ձեռք մեկնած Հենրիխ Մխիթարյանին եք բան ասում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ