Սեպտեմբերի 22-ից ու 23-ից շարունակվել են ֆուտբոլի Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկության որակավորման երրորդ փուլի խաղերը։ Այդ զտման արդյունքում կունենանք արդեն թիմերի խմբային բաժանումները, և մնացածը կլինի մնացածի պես՝ պարգևելով մեկը մեկից գեղեցիկ մրցակցություն, փառավորելով ֆուտբոլասերի հոգին։
Որակավորման փուլի շարքից երեկ մրցելույթ է ունեցել մեր «Արարատ-Արմենիան», որը նախորդում խելահեղ խաղավարտ հեղինակեց ու երեկվա հանդիպման մասնակցությունը ձեռք բերեց։ Հուրախություն բոլորիս, երեկ մեր թիմը մեկ անգամ ևս հաճելի ցնցումների մեջ գցեց իր երկրպագուներին` լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթանակ կորզելով Սլովենիայի «Ցելյե» ակումբի հետ մրցակցությունում: Թեպետ, եթե անկեղծ, դրա հույսը չկար ու չկար ոչ այն պատճառով, որ մենք ենք վատատես։ Բնավ։ Չկար, որովհետև հայկական ակումբային ֆուտբոլն առայժմ ցածր մակարդակի վրա է, և պատճառների մասին էլ բազմիցս ենք խոսել, չկրկնենք։ Թերևս այսքանը եվրոպական վերոհիշյալ խաղարկությունների մասին։
Սրա կողքին հարկ համարենք ևս երկու ֆուտբոլային իրադարձության անդրադառնալ։ Դրանցից առաջնայինն անվերապահորեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի երեկ կայացած հանդիպումն էր։ Պատվավոր տիտղոսը վիճարկելու էին Մյունխենի «Բավարիան» ու իսպանական համանուն քաղաքի «Սևիլիան»։ Հայտնի խոսք է՝ որքան գիտես քեզ, գոնե մի քիչ պակաս էլ իմացիր դիմացինիդ։ Ինչ խոսք, գերմանական ամենակուլ «հրեշի» կողքին, այն էլ նրա այս պատրաստվածությամբ ու այս կազմով, անդալուզական ակումբը դժվար կարողանա լուրջ մրցակից լինել, սակայն եկեք գավաթային խաղերի յուրահատկությունը չմոռանանք ու ժամանակից շուտ արդյունքներ չամփոփենք, մանավանդ որ այս պահին, երբ ընթերցողը վայելում է թերթը, դիմակայության ելքը հայտնի է։
Այս օրերին մառախլապատ Ալբիոնում Լիգայի գավաթի 1/16-ի հանդիպումներն էին։ Մրցակցային առումով դրանցից առավել նշելին, հարկավ, «Լեստեր»-«Արսենալ» դիմակայությունն էր, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։0։
Խուսափելով խորքային դիտարկումներ անելուց՝ այդուհանդերձ հարկ համարենք նշել, որ յուրաքանչյուր թիմ տվյալ մրցաշրջանի համար ունի իր պատրաստի ռազմավարությունը։ Պիտի որ հասցրած չլինեք մոռանալ՝ ավարտվածում երկար ժամանակ «Լեստերը» հավակնում էր եռյակում մնալուն, ու միայն չհաջողված եզրափակիչ մրցելույթնրը թիմը դուրս թողեցին բաղձալի եռյակից։ Սակայն այնպես չէ, որ «Լեստերն» իրեն «չպարգևատրեց». ակումբը Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք է նվաճել, իսկ սա չափազանց համեստ հնարավորություններով թիմի համար խոշոր նվաճում է։
Ռազմավարութուն ասելով՝ «Լեստերի» առնչությամբ ինչ էինք ուզում առանձնացրած լինել։ Թիմը փայլուն է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում, երկու հանդիպումներն էլ շահել է հրաշալի արդյունավետությամբ (մեկն արտագնայում՝ 3։0, մյուսը՝ տնային խաղում՝ 4։2), վեց միավորով աղյուսակի գլխամասում է ու ակնհայտորեն կռիվ է տալու չեմպիոնության համար։ Հասկանալի է, որ «Լիվերպուլ», մանչեստրյան գրանդներ, «Չելսի», «Արսենալ» (բավարարվենք այսքանով) ունեցող առաջնությունում չափից ավելի ամբիցիոզ չպիտի լինել, մյուս կողմից էլ, թիմն ինչու՞ չպիտի խիզախի, մանավանդ որ գլխին Բերտրան Ռոջերսի պես գիտակ մարզիչ ունի։ Բոլոր դեպքերում, եկեք մտածենք, որ «Արսենալի» հետ գավաթային խաղում «Լեստերն» ավելի շատ մտածում էր սեպտեմբերի 27-ին «Մանչեստր Սիթիի» հետ ունենալիք արտագնա հանդիպման մասին։ Համաձայնեք, որ կյանքի իրավունք ունենալու տարբերակ է ասածս, իսկ եթե համաձայն չեք, առանձնապես խիստ մի դատեք։
Մյուս հանդիպումներից առանձնացնենք «Չելսիի» խոշոր հաշվով հաղթանակը «Բարնսլիի» նկատմամբ՝ 6։0։ Իհարկե, շատ ավելի խոշոր հաշիվ է արձանագրվել «Նյուքասլ»-«Մորկամ» դիմակայությունում՝ 7։0, սակայն խոստովանենք, որ այստեղ մրցակցության ու մրցակիցների այլ «կլաս» էր։
Գոլառատ հանդիպում է գրանցվել «Վեստ Հեմ»-«Հալ» (այս հանդիպումը նախօրեին է կայացել ու ավարտվել է 5։1 հաշվով), «Ֆլիտվուդ»-«Էվերտոն» դիմակայությունում՝ 2։5, որտեղ տանտերերը երկար ժամանակ հավասարի իրավունքով են գործել, ու վրա հասած խաղային հոգնածությունն է իր չարությունն արել։
Գավաթային մրցակցություններից թերևս նշենք նաև երեկ կայացած «Մանչեստր Սիթի»-«Բոռնմուտ» առերեսումը, որտեղ Պեպ Գվարդիոլայի թիմը դժվար թե աչքի տակ չուներ սեպտեմբերի 27-ին կայանալիք հանդիպումը «Լեստերի» հետ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ