Մեր երկիրը տրամաբանության ուղեծրից դուրս է թռել։ Թվում է, թե այս մղձավանջն անվերջ է։ Կապիտուլյացիա ստորագրած, որդեկորույս մայրերի, գերիների, անհետ կորածների խելագարված ծնողների բողոքն անգամ խաղարկող, անհավասարակշիռ, կառավարման գործին բացարձակ անընդունակ ղեկավարը շարունակում է մնալ իր աթոռին, մենք էլ ամեն անգամ լուրջ-լուրջ քննարկում ենք նրա հրապարակած այս կամ այն գրառումը, ուղերձն ու ուղիղ խոսքը։ Որ ի՞նչ։ Եթե նա հայրենիքը մաս-մաս հանձնելուց հետո արդեն մեկ ամիս իր տեղում է, նշանակում է մենք, որպես հասարակություն, արժանի ենք այս իրողություններին։ Ի դեպ, նա հիմա էլ բոլորին ներքաշում է իր կեղծ օրակարգի մեջ և հանում միմյանց դեմ։ Անհեթեթ ու պարզագույն մտքեր է հայտնում, ու ողջ ընդդիմադիր դաշտը սկսում է քննարկել, հակադարձել։ Բոլորին դարձնում է իր վիրտուալ կառավարման «շահառուներ», իսկ ընդդիմադիր հատվածը սկսում է նրա կանոններով առաջ շարժվել՝ Փաշինյանի էջը չհավանել, նրան խոսք հասկացնել և այլն։
Այսօր քաղաքական ուժերը կոնկրետ, հստակ քայլեր պիտի անեն, որովհետև նրանք են պատասխանատու քաղաքական կյանքը ռելսերի վրա դնելու համար։ Շարքային քաղաքացին էլ շատ դիպուկ ու ճիշտ քննադատություն է հնչեցնում երկրի ապաշնորհ ղեկավարի հասցեին, բայց, ի տարբերություն նրա, քաղաքական ուժերն ու միավորումները պիտի օրակարգ առաջ քաշեն։ Կա՞ այդ օրակարգը։ Բոլորն ասում են, թե Փաշինյանը բարոյականություն պիտի ունենա ու հեռանա, չի կարող բանակցող լինել, սակայն նա ոչ միայն շարունակում է մնալ իր պաշտոնին, այլև իր օրակարգն է առաջ տանում։ Հիմա այս մարդը բարոյականությունից, արժանապատվությունից զուրկ է, չի գնում, ի՞նչ եք անելու։
Որդիների, ամուսինների, եղբայրների կորստի ցավից խենթացած մեր հասարակությունն այսօր չի կարող քաղաքական այնպիսի պայքարի դուրս գալ, որ ընդդիմությանը պատրաստի իշխանություն մատուցի։ Դրա համար Փաշինյանը չի խորշում անգամ այս հանգամանքն օգտագործելուց հօգուտ իրեն, իմա՝ հասարակությունը ոտքի չի կանգնում, քանի որ վստահում ու հավատում է իրեն։ Նա քաղաքական բոլոր հնարքները գործի է դնում իր մնալն արդարացնելու համար, մինչդեռ նրան հրաժարական պարտադրելու բոլոր հիմքերն ունեցող ընդդիմությունը չի կարողանում այնպես ինքնակազմակերպվել, այնպիսի քաղաքական գործիքակազմ օգտագործել, որ երկիրը կործանման տանող մարդուն դուրս վռնդի կառավարության շենքից։
Ասում են՝ Փաշինյանը չկա, քաղաքական դիակ է. ճիշտ դիտարկումներ են, բայց այդ «դիակը» քաղաքական գործընթացների վրա ավելի շատ է ազդում, քան նրան հեռացնել ցանկացողները։ ՈՒրեմն գտեք քաղաքական մի բանաձև, որ դիակները համապատասխան տեղում հայտնվեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ