Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Գնա՛, հեռացի՛ր, ազատիր մեզ քո գաղջ ու մահաբեր ներկայությունից»

«Գնա՛, հեռացի՛ր, ազատիր մեզ քո գաղջ ու մահաբեր ներկայությունից»
11.05.2022 | 07:25


«Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք»:

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

09.05.2022 թ.


«ՀՐԱԺԱՐԻՄՔ»


Փորձեմ շատ հակիրճ մեկնաբանել Կապիտուլյանտի՝ հանրության աչքերին (գրեմ նրան հասկանալի մայրենի լեզվով՝ թուրքերեն, toz, իմա՝ փոշի) թոզ փչելու էժանագին արդարացում-մենախոսությունը:
Միակ բառը, որ հաջորդում է «Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք» նախադասությանը, «հրաժարիմք»-ն է:
Միջազգային հանրությանը «Կապիտուլյանտ» մականունով հայտնի սուբյեկտը «Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով» «Սիրելի հայրենակիցներ»-ին, «Սիրելի ժողովուրդ»-ին հասցեագրված մայիսի 9-ի ուղերձում երկրորդ անգամ հնչեցրեց սույն հրապարակման բնաբանը դարձած «հրաժարիմք»-ը:


«Ընտրություններից հետո դրանց բռնելու եմ, սաղին շինելու եմ» գռեհկաբանության թերուս հեղինակը, պատասխանատվությունից խուսանավող վկայակոչված բարձրաձայնումն առաջին անգամ արտաբերեց վերջերս «Քաղաքացու օր» տոնի կապակցությամբ:
Մի՛ երկմտեք, սխալ չկա: Գիտեմ՝ որևէ «տոնի» առնչությանբ արտահայտվելիս չի կարելի ասել՝ «կապակցությամբ»: Բայց ես խոսում եմ մեռելածին «արժեքներից», որոնք այնքան էին խորովածա-քյաբաբային զկռտոց-բխկոցներով ներծծված, իրենց արարողի նման այնքան էին սնամեջ ու շինծու, այդ թվում և «Քաղաքացու օրը», որ դեռևս չբեղմնավորված հոգոցն հանգուցելոց եղան:


(Չպետք է անտեսել իրողությունն ու բոլոր պատեհ առիթներով նաև փաստել՝ հազարավոր ոստիկաններով պահպանվող եզակի այս բրածոն, ՀՀ վարչապետի աթոռի բարձրությունից, միայն մեր երկրի ներսում է հոխորտում ու սպառնում: Բայց երբ հիշյալ պոռոտախոս евнух-ին իր յոթ պորտով առավոտից-իրիկուն «շինում» է Էրդողան-Ալիև դուետը, մաշված-քայքայված այս «շինանյութի» ծպտունն էլ դուրս չի գալիս):


Անչափ կարևոր մի վրձնահարված սույն հողաթափիկի դիմապատկերին. սա ընկնավորության նոպայի մեջ է հայտնվում «կապիտուլյանտ» բնորոշումը լսելիս:
Պատերազմից հետո դեմ առ դեմ երեսին շպրտված «սյունյաց ողջու՜յն»-ն անգամ ընդունեց հավուր պատշաճի, որքան էլ տարօրինակ է՝ համակերպվող ժպիտով, ու չհակադարձեց, թե՝ դո՛ւք եք «սյունյաց ողջու՜յն»-ը:


Բայց «կապիտուլյանտ» ասվածը սրա վրա իսկական կարմիր լաթի ազդեցություն է թողնում: Ըստ ռուսի՝ как базарная баба, «քշտում» է թևքերն ու, Պարոնյանի լեքսիկոնով, «պոռում-ճչում»՝ «կապիտուլյանտն էլ եք դուք, հողատուն էլ»:
Դեմքի դիվային արտահայտությանը շաղախված, իր իսկ բնորոշմամբ՝ վնգստոցներով, փորձում է կանխել քաղաքական հակառակորդներին, որ հանկարծ ու չհասցնեն հնչեցնել իրեն ծննդականով տրված անվան շարունակությունը դարձած երկրորդ բաղադրիչը՝ հո՜-ղա՜-տու՜:


«ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՅՏՆԻ ԵՐԿՅԱԿԻ ԶՈՀՆ ԵՄ»


Կարդանք «Հրաժարիմք»-ի ենթատեքստը. Ժողջան, այսօր մեր երկրին պատուհասած աղետի պատճառը ոչ թե ես եմ, այլ նախկինները:
Այդ նրանք էին, որ.
ա) տարիներ առաջ, իմ կամքից անկախ, ինձ դարձրին Բաղրամյան 26-ի հաճախորդ: Դե, ես ի՞նչ, գյուղից եկած, աշխարհի չարից-բարուց անտեղյակ խեղճ տղա էի, համարյա՝ Գիքոր: Բայց, հակառակ Նար-Դոսի (թե՞ Թումանյանի) գրական հերոսի, լավ գիտեի, որ աղքատությունը մեր գլուխներում է: Կարողացա հաղթահարել:
Այդ պրոցեսին, այն է՝ աղքատությունը հաղթահարելուն զուգահեռ չզգացի-չնկատեցի, թե Բաղրամյան 26-ի տերերն անմեղիս ոնց «նստեցրին» «կանաչ» ասեղի վրա ու ոնց դարձրին մամոնայի գերին:
բ) Իսկ հետո՜… Եղավ 2018-ը:
Ինձ թշնամի լրատվամիջոցները վայրահաչում էին. «Պարզ է, թե 3-4 թմրամոլ ու մի քոսոտ շուն հետևից գցած, ինչու է Գյումրիից քայլում Երևան»:
Նման ԶԼՄ-ները փորձում էին մանիպուլացնել հանրության գիտակցությունը, թե «լավ իմանալով նրա (նկատի ունեին ինձ) արատավոր ու գործ տվող միջուկը, էն գլխից հասկացանք՝ «առնել-ծախելու» սովոր դուրսպրծուկը (ասել է՝ ե՛ս, որ կյանքում ոչ առել եմ, ոչ էլ ծախել, ե՛ս, որին բոլորը մուծվել են ինքնակամ) գնվել է համապատասխան ուժերի կողմից (ակնարկում էին անգլո-սաքսական և թուրքական գաղտնի հետախուզական ծառայություններին), գալիս է քանդելու, փոշիացնելու երկիրը, գալիս է Արցախը ծախելու»:
Ես թքած ունեի բոլոր քննադատությունների ու ինձ չընդունողների վրա: Ո՛չ կեղեքում էի, ո՛չ էլ թալանում:


Ավելին՝ ինքս էի բաժանում: Ճիշտ է, տրվող գումարները գունավոր հեղափոխության նպատակին ծառայելուն էին կոչված: Սակայն կարող էի, չէ՞, յուրացնել: Ո՞վ էր ձեռքս բռնողը: Բայց ես գործում էի Մեծ տվողի նման:
Ես, մարդկության Փրկչի օրինակով, սուսուփուս քայլում էի դեպի նպատակ:
Որքան էլ ի սկզբանե գիտեի վերջնարդյունքը, այնուամենայնիվ, եթե անկեղծ՝ ինքս էլ չհասկացա, թե որ արժանիքիս համար ինչ-ինչ անտեսանելի ուժեր ՀՀ վարչապետի աթոռը խոթեցին բուռս: Որքան էլ անհավատալի էր, բայց հեքիաթի բախտի ղուշը թռա՜վ-թռա՜վ ու նստեց գլխիս:
ՈՒրեմն հենց ե՛ս էի երկնքի ընտրյալը:
Դե արի ու հասկացրու հակառակորդներիդ, որ մերօրյա փրկչի դերը ճակատագրով քեզ է վերապահված: Պողոսի անձնագիր ունեցողներն իհարկե հավատացին և ընդունեցին, որ հենց ե՛ս եմ դառնալու կեղեքված էս ազգի փրկիչը:
Հենց ե՛ս պետք է թագավորեմ ավերակների վրա:
Հայտնի հերոսի (կներեք մոռացել եմ ով էր) օրինակով ո՛չ թե կանչեցի՝ «ես աւերակացս ու՞մ թագաւորեմ», այլ ազնվությամբ հայտարարեցի՝ քայքայված այս երկրում ստիպված եմ ամեն ինչ սկսել իմ կետից:
Վայրահաչողները հակադարձեցին՝ Արցախն է տալու:
Ես ասում էի՝ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, օպոնենտներս հայտարարում էին՝ սիրտը Նոբելյան մրցանակ է ուզում:


Ես բղավում էի՝ Արցախը Հայաստան է և վերջ, իրենք եզրակացնում էին՝ մտածված պաատերազմ է հրահրում:
գ) Նախկիններն էին, որ 2020-ի 44-օրյան աննկատ գցեցին գրպանս:
Քոչարյանն ու Սերժն են պարտվել պատերազմը, ոչ թե ես:
Նրանք են կապիտուլյսնտն ու հողատուն:
Նրանք են հանձնել Արցախի 75 տոկոսն ու յոթ շրջանները: Պարզապես կոտրեցին իմ գլխին:
դ) Եռակողմ փաստաթու՞ղթը: Այն պատրաստ է եղել դեռևս Ռոբա-Սերժական երկյակի կառավարման օրերից: Ես ի՞նչ: Որ ասեմ՝ մեղավորը Հրայր Թովմասյանի գրիչն էր, կծիծաղածեք, չէ՞:


Եթե միայն ժամանակին իմանայի, թե հեռահար ի՜նչ նպատակ էր հետապնդում «Գրիչ» օպերացիան…
Այնպես որ, 2020-ի նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան ստորագրված պայմանագիրն ինձ հետ որևէ առնչություն չունի: ՈՒզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ. այն վաղուց էր պատրաստ: Ես ընդամենը վավերացրել եմ:
ե) Զոհերի, գերիների, հաշմանդամների մասով. նախկինների սեղանին դրեք ձեզ հուզող բոլոր հարցերն ու նրանցից պահանջեք պատասխանատվություն: Այդ բոլոր աղետները նրանք բերեցին ազգի ու երկրի գլխին:
Ես մեղավոր չեմ:
Ես ընդամենը հայտնի երկյակի զոհն եմ:


ՆԱ ԱՊԱԳԱ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՀԵՏ ՈՒ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՆՄԱՆ ՉԷՐ ՔԱՅԼՈՒՄ


Անլու՞րջ ստացվեց: Ես էլ եմ նույն կարծիքին: Բայց երբ հարցերը քննարկվում են քյաբաբ-խորովածի սիրահար «ոմն»-ի ալկոհոլախառն զկռտոցային տիրույթում (վկա մայիսի 4-ին ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ սուբյեկտի զկռտոց-բխկոցներով արձակած ձայնարկություններն ու անհասկանալի ծափերը), այլ կերպ չես կարող շարադրել ասելիքդ:


Ի՜նչ լրջություն, երբ ՀՀ վարչապետի աթոռին թառած օբյեկտը երկրի, ազգի համար ցանկացած բախտորոշ խնդիր դնում է խոհանոցային սեղանին, հարմարավետ տեղավորվում աթոռին և թուքը կուլ տալով ամենայն մանրակրկիտությամբ քննարկում խոզի միսը վառել-չվառելու նրբությունները, երկար-բարակ խրթնաբանում Արցախի նշաձողն իջեցնելու մասին, հարցը մատուցում որպես միջազգային հանրության պահանջ ու փորձում մանիպուլացնել հանրության գիտակցությունը:
Խոսում է, խոսում, խոսում ու ի՞նչ: Ալկոհոլից քայքայված ուղեղը թույլ չի տալիս ավարտել նախադասությունը: Արտահայտած մտքերն էլ իր նման կիսատ-պռատ են, անկապ, անհասկանալի: Խրթնաբանում է, ստեպ-ստեպ էլ բխկում և լիքը լցված ստամոքսի արտադրած գազերը բերանից բաց թողնում: Հակաէսթետիկ գխտոցներով ձգում է պաուզան ու լռում է իր համար «բարձր դռնից» հնչող «առանց բանակ Հայաստան» ձևակերպման մասին:
Կռահեցիք, չէ՞, Էրդողան-Ալիևի պահանջն է: Ըստ այդ դուետի՝ «առանց բանակ Հայաստան» կլինի, բա՞յց… առանց Կապիտուլյանտ Հայաստան չի լինի:


Բրիտանա-թուրքական շահերն են այդպես թելադրում: Իզուր ե՞ն, Չարենցի ասածով՝ «կամա՜ց-կամա՜ց» սնել, պարարտացրել ու քայլեցրել իրենց մարիոնետին:
Իսկ դուք ասում եք՝ լրջություն:
Ի՜նչ լրջության մասին է խոսքը, երբ հայտնի թշվառականը մինչ օրս էլ փորձում է նմանվել Մեծ Քայլողին:


Հա՛, նա էլ էր քայլում: Քայլու՜մ էր, քայլու՜մ էր, քայլու՜մ էր… նույնիսկ ջրերի վրայով: ՈՒ ո՛չ շարասյուն ուներ (անգամ հինգերորդ), ո՛չ էլ աշխարհակործան կենտրոններից ստացած միլիոններ: Ծակվելով ու ձեռքն ընկածն էլ քիթը խոթելով չէր քայլում:
Ագահաբար քյաբաբ ու խոզի խորոված էլ ներս չէր տալիս, չէր հարբում: Սմարթֆոններ ու դոլարներ էլ չէր բաժանում: ճանապարհների խաչմերուկներում տեղադրված նկարահանման խցիկներն էլ կնոջ հագից հանած «տռուսիկով» չէր ծածկում: Նրա առաջ խոնարհվողներն ու նրան հետևողներն էլ սատանայապաշտներ, ԼԳԲՏ-ական բարոյալքվածներ ու Աստծուց մերժվածներ չէին:


Որտեղով Նա էր քայլում, հիվանդն էր առողջանում, կույրը՝ տեսնում, համրը՝ խոսում:
Նա ապագա կապիտուլյանտի հետ ու կապիտուլյանտի նման չէր քայլում:
Նա երիտասարդությանը գիտակցաբար մահվան չէր ուղարկում, հայրենիք չէր ծախում, իր երկրի դռները թշնամու առաջ չէր բացում:
Նա ո՛չ թե պառակտում, խառնակչություն, սուտ, ո՛չ թե մահ ու դագաղներ, ո՛չ թե կորուստ ու ողբերգություն էր շաղ տալիս, այլ կյանք, հավատ, հույս, սեր, լույս:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ.1. Հասել ենք լինել-չլինելու սահմանագծին: Արժեզրկված է ամեն բան: Հարմարեցված Կապիտուլյանտի և ակամա Կապիտուլյանտուհու մտածողությանն ու քիմքին: Մի մարմին դարձած այր ու կին, ուժային համապատասխան կենտրոնների ուղղորդմամբ, շարժման մեջ դրեցին այնպիսի դիվային մեխանիզմ, որը գործում է մեր պետության ու պետականության, ազգային արժեքների, հայի ազգային ինքնության դեմ:
Ազգը միավորելու փոխարեն, սրանք խեղեցին-պառակտեցին հասարակությունը: Նախ՝ բաժանեցին սևերի ու սպիտակների, հետո շերտավորեցին և միմյանց ոչնչացնելու մոլուցքը մտցրին կոլեկտիվներ, ընկերական ու բարեկամական շրջանակներ: Սրանց ծնած-սնած խառնակչության ոգին մտավ անգամ ընտանիքներ:
Զավակը դուրս եկավ ծնողի, եղբայրը՝ եղբոր, հայը՝ հայի դեմ:
Մարդկանց մեջ արթնացրին ստոր բնազդները:
Այսօր Հայաստանում շրջում է 37-ի սողացող շունչը:
Արցախն ազատագրած հերոսների դեմ տրամադրվածները միալար տխրահռչակ երկյակի երգն են երգում՝ Արցախի մնացած բեկորն էլ տանք ու անխռով ապրենք:
Դաժան է, իհարկե, բայց սա է մեր օրերի քրոնիկոնը:


Հ.Գ.2. Ապրել ես սողալով:
Սողալով էլ շարունակում ես անպետք գոյությունդ՝ բերանքսիվայր, գլխավերևումդ էլ հազարավոր ոստիկաններ ու դիպուկահարներ:
Մի՞թե պարզ չէ, որ այլևս իշխանություն չունես, որ դարձել ես այն, ինչ որ էիր քայլելուց (թե՞ քայլեցվելուց) առաջ: Ո՜-ՉԻ՜ՆՉ:
Քեզ մերժում են Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ու միավորված ասում են՝ ԳՆԱ՛, ՀԵՌԱՑԻ՛Ր, ազատիր մեզ քո գաղջ ու մահաբեր ներկայությունից:

Դիտվել է՝ 26149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ