Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ վառում ենք լույսը

Երբ վառում ենք լույսը
06.08.2022 | 12:17

Եւ ես Աստծու շնորհը չեմ անարգում, քանի որ, եթե արդարությունը օրենքից է, ապա Քրիստոս իզուր մեռավ:

Գաղ. 2; 21

Գործերով կարելի է դավանել կամ ուրանալ, բայց արդարանում են միայն հավատով. «Որովհետեւ Աստծու արդարությունը ի Հիսուս Քրիստոս եղած հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար. չկա ոչ մի խտրություն. որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկվեցին Աստծու փառքից, բայց Նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկությամբ: Որովհետեւ Աստված, Նրա արյամբ, հավատի միջոցով, որպես քավություն էր նախասահմանել՝ հապացույց այն բանի, որ Ինքն արդար է եւ կարդարացնի նրան, ով Հիսուսին է հավատում: Իսկ արդ, ո՞ւր է մնում պարծենալը. ի չիք դարձավ. որովհետեւ մենք ընդունում ենք, որ մարդը հավատով է արդարանում առանց օրենքի գործերի» (Հռոմ. 3; 22-28):


Այն, որ Արդարը մեզ համար Իր Արյունը թափեց, արդեն աղաղակող ապացույց է, որ մենք մեղավոր էինք և Արդարի արդարությամբ արդարանալու կարիք ունեինք: Մենք մեղավոր էինք, բայց մարդ էինք՝ ընդունակ մեր հոգում վերականգնելու Աստծո աղավաղված նմանությունը. «Արդարեւ, մինչդեռ տկար էինք, Քրիստոս, ճիշտ ժամանակին, մեզ՝ մեղավորներիս համար մեռավ. որովհետեւ արդար մարդու համար հազիվ թե մեկը մեռնի, բայց բարի մարդու համար թերեւս մեկը համարձակվի մեռնել: Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ, մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ: Այժմ, որ մենք արդարացված ենք Նրա արյամբ, որչա՜փ եւս առավել նրանով փրկված պիտի լինենք այդ բարկությունից. որովհետեւ, եթե, մինչ թշնամի էինք, հաշտվեցինք Աստծու հետ նրա Որդու մահվամբ, որչա՜փ եւս առավել, երբ արդեն հաշտված ենք, փրկված պիտի լինենք Նրա կյանքով» (Հռոմ. 5; 6-10):
Առաքյալը շեշտադրում է փրկության շնորհական աղբյուրը. մենք արժանի չէինք, բայց Աստված Իր մեծ ողորմությամբ շնորհ արեց և Իր Որդու Արյամբ փրկագնեց մեզ բարի գործեր կատարելու համար. «Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, մինչ մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետեւ շնորհով փրկվեցինք): Նրա հետ հարություն տվեց մեզ եւ Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով, որպեսզի գալիք բոլոր դարերում ցույց տա իր շնորհի անչափելի մեծությունը մեր նկատմամբ՝ քաղցրությամբ ի Քրիստոս Հիսուս. որովհետեւ Աստծու շնորհով փրկվածներ եք հավատի միջոցով. եւ այս ձեզնից չէ, այլ պարգեւն է Աստծու, ոչ էլ ձեր գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա. որովհետեւ Նրա արարածներն ենք՝ Քրիստոս Հիսուսով ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստված առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք» (Եփ. 2; 4-10):


Առաքյալի խոսքերին գերազանցող որեւէ բան անհնար է հավելել, մնում է ընկալել հավատով և հավատալ այն սիրով, որով Աստծո որդին սիրեց մեզ. «Իսկ մենք, որ իսկական հրեաներ ենք եւ ոչ թե այդ հեթանոս մեղավորներից, գիտենք, որ մարդ չի արդարանա օրենքի գործերով, այլ միայն՝ Հիսուս Քրիստոսի հավատով. եւ մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հավատով եւ ո՛չ թե օրենքի գործերով. քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացվելու օրենքի գործերով: Քրիստոսի հետ Խաչը ելա. կենդանի եմ այսուհետեւ. բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս: Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստծու Որդու հավատո՛վ եմ ապրում, որ սիրեց ինձ եւ Իրեն մահվան մատնեց ինձ համար» (Գաղ. 2; 15-20):


Աբրահամի զավակ լինելու փաստով պարծենում էին հրեաները, սակայն ահա թե ինչ է ասում առաքյալը Աբրահամի հավատի հետ հեթանոսների ունեցած առնչության մասին. «Այսպես՝ Աբրահամը հավատաց Աստծուն, եւ այդ նրան համարվեց որպես արդարություն: Գիտե՞ք արդյոք, որ Աբրահամի որդիները նրանք են, որոնք այդ հավատից են: Սուրբ Գիրքը կանխատեսում էր, թե Աստված հեթանոսներին հավա՛տով է արդարացնելու. նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու: Այսպես ուրեմն, նրանք, որ հավատից են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ: Նրանք, որ օրենքի գործադրողներն են, անեծքի տակ են, քանզի գրված է, թե՝ Անիծյալ է ամեն մարդ, որ օրենքի գրքում եղած բոլոր գրվածները չի պահում եւ չի գործադրում: Որ օրենքով ոչ ոք չի արդարանա Աստծու առաջ, այդ քաջ հայտնի է, որովհետեւ՝ Արդարը, - ասում է, - հավատով է ապրելու: Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետեւ գրված է, թե՝ Անիծյալ է այն մարդը, որը կախված է փայտից), որպեսզի Աբրահամի օրհնությունը Քրիստոս Հիսուսով գա հեթանոսների վրա, եւ որպեսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հավատով» (Գաղ. 3; 6-11):


Մյուս կողմից, հավատն ինքնին՝ առանց պատշաճ գործերի կենսունակ և վավերական չէ: Հավատով արդարացե՞լ ենք. այսուհետև պետք է արդարությանը վայել գործեր անենք: Հավատացե՞լ ենք Արդարին, ուրեմն պետք է նաև վստահենք ու գնանք Նրա հետքերով: Հավատալ՝ նշանակում է ընդունել, գործել՝ նշանակում է հետևել: Երբ Տերը ասում է մեզ, թե «ով որ մարդկանց առաջ խոստովանի Ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ Ինձ կուրանա, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացվի» (Ղու. 12; 8,) - նկատի ունի ոչ միայն լեզվով, այլև գործերով խոստովանությունը: Պետք չէ լեզվով հրեշտակ լինել, իսկ գործերով՝ դև, ինչպես ցավով նման մարդկանց մասին խոսում է Տիտոս առաքյալը. «Խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. պիղծ են, անհնազանդ եւ ամեն բարի գործի համար՝ անպետք» (Տիտ. 1; 16): Այսինքն, բարի գործերի առկայութունը կամ բացակայությունը արդեն ցուցիչ է հավատի կենդանության ու կենսունակության կամ դրա դիակնացած վիճակի:
Հավատը և բարի գործը նման են լույսին և նրա տարածած ճառագայթներին: Ինչպես լույսը նախորդում է ճառագայթներին, և ինքն է ճառագայթի աղբյուրը, նույնպես էլ հավատը նախորդում է գործերին և այդ գործերի պատճառն է: Եվ մենք արդարանում ենք, երբ ընդունում ենք հավատը, երբ վառում ենք լույսը:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 12675

Մեկնաբանություններ