Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բերձորի ոդիսականը. Նաիրի Հոխիկյան

Բերձորի ոդիսականը. Նաիրի Հոխիկյան
26.08.2022 | 10:07

Սկիզբը՝ այստեղ


2020-ի դեկտեմբերին թեպետ արդեն փաստ էր, որ Բերձորն ու Աղավնոն մերն են, բայց անհասկանալի էր, թե ինչու ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս կամ առնվազն չեն խրախուսում Բերձորի բնակիչների վերադարձն իրենց տներ։
Այդ հարցադրումով Արցախից վերադարձա Երևան։


Հ1-ում Պետրոս անունով մի երկկենցաղի հետ վեճ ունեցա։
Ժամանակին մոլի սերժականից սահուն կերպով մոլի նիկոլական դարձած այդ մարդը ասում էր, թե Բերձորը պահելու իմաստ չկա, քանի որ դա ադրբեջանական հող է, սովետական տարիներին այնտեղ ադրբեջանցիներ են ապրել։ Հետո, խելացի դեմք ստեղծելով, հարց տվեց․ «Սովետի ժամանակ Ղարաբաղի տարածքն ինչքա՞ն էր, ԼՂԻՄ-ի տարածքը»։ Ասացի, որ 4400 քկմ է եղել։ Հարցրեց, թե հիմա այդ տարածքից մեզ ինչքա՞նն է մնացել։ Ասացի՝ 3100-ից քիչ ավելի։ Հաղթական դեմքով ասաց՝ տեսնում ե՞ս, մեծ մասը մեզ է մնացել։ Հարցնում եմ՝ բա մնացած 7000 քկմ-ը՝ Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը, Որոտանը, Վարանդան․․․ Զարմացավ երկկենցաղը, թե ինչու եմ դրանց մասին հիշում, դրանք, էսպես թե էնպես, գրավյալ հողեր էին, ուրիշների պատմական տարածքը, պիտի տայինք։ Էթիկայից ելնելով՝ միայն ասացի՝ գայլերը քեզ ուտեն, չեն մարսի։ Հեռացա։


Հ1-ի լրատվականում նոր խմբագիր էին գործուղել։ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին էր։ Հեռուստատեսությունից զրո գիտելիք ուներ, չնայած մինչ այդ աշխատել էր թերթում։ Քանի որ հատկապես պատերազմից հետո Հ1-ում դժգոհության ալիք կար իշխանության դեմ, մարդիկ չէին ուզում աշխատել այն պաշտոնյաների համար, որոնք գործակցել են թշնամու հետ ու վաճառել հայրենիքի հողերը, այս կնոջն ուղարկել էին Հ1՝ ռևիզորի նման մի բան լինելու։ Հետևում էր բոլորին, որ հանկարծ մեկը չհամարձակվի իրենց սրտի վարչապետի դեմ խոսել, էլ չեմ ասում՝ ռեպորտաժ հրապարակել։


2020-ի դեկտեմբերի 19-ին Հ1-ի լրատվականի նոր խմբագիրը որոշեց, որ ես պետք է լուսաբանեմ Նիկոլ Փաշինյանի խայտառակ քայլերթը դեպի Եռաբլուր։ Դա իմ կյանքի ամենաամոթալի դրվագներից մեկն էր։ Բավական չէր, որ կառավարության շենքի մոտ մարզպետներն իրար մեջ քչփչում էին, թե ով ցուցակով ինչքան մարդ է բերել, գումարվեց նաև զինվորական համազգեստով մի քանի անհասկանալի կերպարների քայլերթը, որոնք ներկայանում էին իբրև թե Քարվաճառից եկածներ, բայց իրականում չգիտեին էլ, թե որտեղ է Քարվաճառը։
Այս երթի հետ հասա Եռաբլուր։ ՈՒ մարդիկ, փոխանակ հարգեին զոհված զինվորների հիշատակը, հանկարծ բարձրացան Հայաստանի հսկա գերբի վրա ու սկսեցին գոռալ՝ «Նիկոլ, վարչապետ»։ Հետո, երբ Նիկոլ վարչապետը սատանայական ժպիտով քայլեց դեպի շիրիմների կողմը, իր բերած ամբոխը նույն հրճվանքով ու նույն գոռգոռոցով հետևեց նրան։ Աչքերիս առաջ մի պահ անգամ սևացավ, երբ տեսա, թե ինչպես են արնակալած աչքերով նիկոլիստները վազելով տրորում զոհվածների շիրիմների թարմ հողաթմբերը։ Իրենց կուռքի հետևից հասնելու համար այդ մարդիկ անգամ կանգ չէին առնում հայրենիքի համար զոհված զինվորի գերեզմանների առաջ՝ քայլելով դրանց վրայով։ Ծանր ապրումներից ահավոր գլխացավ սկսվեց, որին գումարվեց նաև սրտխառնոց։ Ստիպված հեռացա և եկեղեցու պատի տակ նստած՝ գլուխս ափերիս մեջ, սպասեցի օպերատորին։
2020-ի դեկտեմբերի 30-ին վերջին հրաժեշտը տվեցի Հ1-ին ու հեռացա։ Տնօրենի պաշտոնակատարին ասացի, որ հրաժարվում եմ երկարացնել պայմանագիրս՝ խոստանալով վերադառնալ միայն այն ժամանակ, երբ հրեշներն այլևս չեն ղեկավարի Հայաստանը։
2021-ի հունվարի 25-ին ինձ զանգահարեց գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Հրավիրեց հանդիպման։ Հանդիպեցինք։ Զրույցի ընթացքում հարց բարձրացրի Բերձորի մասին, որ հիմա անհրաժեշտ է արագ կերպով վերաբնակեցնել այն։ Ոչինչ չպատասխանեց, ասաց՝ կհետաքրքրվի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ բնակավայրը։


2021-ի մարտի 24-ին հանդիպեցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կրկին հարց բարձրացրի Բերձորի մասին։ Ասաց, որ գիտի այդ խնդրի մասին, գիտի, որ միտումնավոր չեն ուզում բնակեցնել, բայց չգիտի, թե ինչպես կարող է ընդդիմադիր դաշտն այդ ուղղությամբ աշխատել։ Խոստացավ մանրամասներ ճշտել և ջանքեր գործի դնել։ Հետո այդ մասին էլ խոսակցություն չեղավ։
Օրեր անց ընկերոջս՝ հիմա արդեն լուսահոգի Ռոմանոս Ռոմանոսյանի՝ Ռոմիկի հետ Արցախի ճամփին էինք։ Կանգ առանք Աղավնոյում։ Այս անգամ կարողացա երկար զրուցել գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի հետ։ Ծանոթացա դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանի հետ։ Երկուսն էլ հայրենիքի անմնացորդ նվիրյալներ, որոնց համար նույնիսկ մեկ սանտիմետր տարածքը առևտրի առարկա լինել չի կարող։ Դպրոցի տնօրեն Պողոսը պատմեց, որ գյուղի դպրոցի շենքը վերջերս հիմնովին վերանորոգել են, փոխել ջարդված պատուհանները։ Իմացա, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը գույք է նվիրել դպրոցի դահլիճին, բոլոր պատուհանների համար վարագույրներ բերել։ Աղավնոյի դպրոցը նոր շունչ էր ստացել, երեխաները ոգևորված վերադարձել էին դասի, նույնիսկ Բերձորի երեխաներին էին Աղավնո բերում։ Ամբողջ այդ ուրախության մեջ տխուր էր տեսնել դպրոցի միջանցքում տեղադրված Փառքի անկյունը, որտեղ պատերազմում Աղավնոյի 3 զոհված տղաների նկարներն էին։
Բերձորում հանդիպեցի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։ Ասաց՝ ոչ մի դպրոց չեն կարողանում բացել, քանի որ երեխաները շատ քիչ են, մարդիկ չեն վերադառնում, վախենում են։


Վերադարձին կրկին Աղավնո մտա։ Գյուղապետ Անդրանիկը պատմեց, թե ինչպես են տարբեր տեղերից իրենց մոտ գալիս թալանի համար, նույնիսկ ինչ-որ մարդիկ մտել են հենց իր տան բակ ու փորձել տանել վառելափայտը։ ՈՒ չնայած կինն ասել է, որ տեղում ապրող մարդիկ կան, թալանչիներն արձագանքել են, թե մեկ է՝ տված է ամեն ինչ, ձեզ պետք չի գա, դուք փախստական եք լինելու։ Անդրանիկի կնոջ համառության շնորհիվ թալանչիները հեռացել են, բայց գյուղից շատ բան են տարել, այդ թվում՝ ավելի քան 4 մլն խմ խոշոր ավազ՝ շեբեն, որը պատերազմից առաջ նախատեսված է եղել գյուղի փողոցներում լցնելու, հարթեցնելու համար։ Աղավնոյի բնակիչներն ասացին, որ թալանի հեղինակները հիմնականում տալիս են Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և նրա քրոջ որդիների անունները՝ որպես իրենց հովանավոր։


Այդ մասին հաղորդում նկարահանեցի՝ դիմելով պաշտոնյաներին։ Որևէ արձագանք չեղավ՝ ոչ հերքող, ոչ հաստատող, բայց օրեր անց թալանը Աղավնոյում ու Բերձորում կանգ առավ։
2021-ի հուլիսի սկզբին Բերձորի նախկին բնակիչներից մեկն ինձ հրավիրեց իր հիմնած ՀԿ-ի մի միջոցառման։ Հավաքվել էին Քաշաթաղի շրջանի տեղահանված բնակիչները, մի խումբ բերձորցիներ, նաև Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը։ Լսեցի յուրաքանչյուրի խոսքը։ Մարդիկ հիմնականում պահանջում էին ֆինանսական փոխհատուցում, որ կարողանան ՀՀ-ում իրենց համար տներ ձեռք բերել։ Հարց տվեցի Բերձոր վերադառնալու մասին։ Մուշեղ Ալավերդյանը կտրուկ արձագանքեց, որ դա անհնար է, այդ մասին խոսք լինել չի կարող, չբացատրեց, թե ինչու։ Ես ասացի, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեմ չի, որ մարդիկ Բերձոր վերադառնան, ո՞վ է արգելում։ Պատասխան չեղավ վարչակազմի ղեկավարի կողմից, մինչդեռ մի խումբ քաշաթաղցիներ ինձ մեղադրեցին, թե իրենց խանգարում եմ, որ փող ստանան պետությունից տուն առնելու համար։ Միջանցքում կարճ զրույց ունեցա Մուշեղ Ալավերդյանի հետ, ասաց, որ իմ հարցի հասցեատերն ինքը չի, ավելի բարձր մակարդակներում է։ Առաջարկեցի առաջ քաշել հետևյալ գաղափարը՝ Բերձորում վերաբնակեցնել Հադրութի ու Շուշիի տեղահանված բնակիչներին, գոնե 2000 մարդ կտեղավորվի։ Խոստացավ քննարկել իշխանությունների հետ։


2021-ի հուլիսի 12-ին Վարդավառի տոն էր։ Այդ օրը ընտանիքով Արցախում էի։ Մտանք Աղավնո ու տեղի բնակիչների հետ նշեցինք տոնը, Աղավնո գետի մոտ իրար լավ ջրեցինք։ Անմոռանալի օր էր՝ երջանիկ ժպիտներով հարուստ։
Մի քանի օր անց կրկին Աղավնոյում էի։ Փողոցում երեք դպրոցական երեխաների տեսա։ Զրուցեցի հետները։ Հայկ անունով մի խարտյաշ երեխա՝ երևի 10-11 տարեկան, բառացիորեն ասաց հետևյալը․ «Մենք չենք պարտվել, էդ դավաճաններն են պարտվել, որ մեր զինվորներին մեջքից խփեցին»։ Հազիվ զսպեցի արցունքներս։


Աղավնոյի գյուղապետը պատմեց, որ մի քանի կիլոմետր ներքևոււմ ադրբեջանցիները սկսել են խոշոր շինարարություն անել, ճանապարհի հողային աշխատանքներ են անում։ Հնարավորինս մոտեցա նշված վայրին։ Ադրբեջանական տեխնիկան աշխատում էր Որոտանից (Ղուբաթլու) դեպի Աղավնո նոր ճանապարհի վրա։ Պարզ էր, որ փորձում են Բերձորը շրջանցող ճանապարհ կառուցել իրենց համար։ ՈՒսումնասիրեցի ադրբեջանական իշխանությունների տարածած տեսանյութերն ու հայտարարությունները։ Դրանք բոլորը խոսում էին Բերձորը շրջանցող ճանապարհի մասին։ Միանշանակ պարզ էր, որ Բերձորի նկատմամբ իրենց հավակնություններից հրաժարվել են ադրբեջանցիները։ Կամ հրաժարվելու ճանապարհին են։
Ստեփանակերտում հանդիպեցի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ Երկար զրուցեցինք։ Ասաց, որ ամեն ինչ պիտի անենք՝ Բերձորը պահելու համար։ Առաջարկեցի Բերձորի 550 տները բնակեցնել Հադրութից ու Շուշիից տեղահանված հայերով։

Մարդկանց համար 1 տուն զրոյից կառուցելու համար պետությունը ծախսում է 27-30 մլն դրամ (մոտ 70,000 դոլար)։ Դրա փոխարեն առնվազն 2000 մարդու վերաբնակեցնելու համար կարող են յուրաքանչյուր տան համար ծախսել մոտ 5-7 մլն դրամ (մոտ 17,000 դոլար), նորոգել թալանի հետքերը և վերջ։ Այդկերպ կլուծվի մի քանի հարց․
1․ Բերձորը նորից կվերաբնակեցվի, իսկ 2000 և ավելի բնակիչ ունեցող քաղաքը այդքան հեշտ չի լինի հանձնել, կան միջազգային իրավունքներ և քաղաքական կշիռներ։
2․ Պետությունը վերաբնակեցման համար կարող է խնայել առնվազն 11 մլրդ դրամ՝ 26 մլն դոլար։
3․ Բնակեցված Բերձորը ավելի ամուր կլինի որպես ՀՀ և Արցախի ցամաքային կապի դարպաս։
2021-ի օգոստոսից մինչև նոյեմբեր այս խնդիրը բարձրացրի Արցախի և ՀՀ տարբեր իշխանական ու քաղաքական, կուսակցական օղակներում։ Արձագանքը մեկն էր՝ գուցե չթողնեն։ ՈՒ ես չէի հասկանում, թե ով պետք է չթողներ, եթե տարածքը քո ձեռքում է, կառավարման օղակները քո ձեռքում են, որոշումներ կայացնողը դու ես։ Եթե վախենում ես Ադրբեջանի հիստերիայից, կարող ես ամեն ինչ այնպես անել, որ մեծ աղմուկ չբարձրանա, իսկ հետո թշնամուն փաստի առաջ կանգնեցնես։


2021-ի նոյեմբերին Ադրբեջանը ակտիվ կերպով ճանապարհ էր կառուցում դեպի Արցախի Շուշիի շրջանի Հինշեն գյուղ։ Դա ինձ արդեն անհանգստության տեղիք էր տալիս։ Ոչ ոք չէր խոսում այդ մասին, համայնքների ղեկավարներին ևս արգելել էին խոսել, բայց պարզ էր, որ նոր ճանապարհ է կառուցվում ոչ միայն ադրբեջանցիների, այլև հայերի համար։ Ո՞վ է պայմանավորվել, ե՞րբ և ինչպե՞ս։ Անհայտ էր։


Շարունակելի

Դիտվել է՝ 12121

Մեկնաբանություններ