ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մատով ցույց կտան վաշխառու ազգին, որը հայրենիք ծախեց

Մատով ցույց կտան վաշխառու ազգին, որը հայրենիք ծախեց
11.12.2022 | 10:41

Սկզբում՝ հարստությունները, այնուհետ՝ երկիրը, մարզ-մարզ, քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ…
Հետաքրքիր է, երբ վաճառելու էլ բան չմնա, վերջին վարչապե՞տն ինչ է վաճառելու:
Մի բան էլ թողեք այդ թշվառականի համար, անխիղճներ:
...
Երևի հայերիս մասին ճիշտ են ասել՝ լավ վաճառականներ են:
Իհարկե, էլի լավ ու վատ բաներ են ասել, բայց դոմինանտը, պարզվեց, վաճառականությունն է:
93-ին համալսարանի տպարանում առաջին գիրքս էր տպվում, երբ եկա տպաքանակը տանելու, տպարանի տնօրենը՝ մտավորական, դասախոս մարդ, ասաց, որ հարյուր դոլար և 25 դրամը պակասում է:
Գրքի վերջնական արժեքն էն գլխից սահմանել էր 800 դոլար, ինչն արդեն վճարված էր, այս ի՞նչ 100 դոլար ու 25 դրամ էր…
Ինչևէ, համառում էր՝ ասելով, որ գիրքն, այլապես, առանց կազմ է հրատարակվելու:
Առաջարկեցի համապատասխան գնի չափով գիրք թողնել իրեն, ասենք՝ մի 50 կտոր:
Չարախնդաց՝ ինչի՞ս են պետք քո գրքերը…
Ասացի՝ գիրքիրացման կետում կվաճառես ու փողը կհանես: Արդեն հասկացել էի, որ դիմացինս ոչ թե գրականագետ է, այլ՝ մի սովորական վաշխառու, և երկիրն էլ գնում է այդ նողկալի ճանապարհով՝ առք ու վաճառքի:


Ուշադիր նայեց մատիս, որի վրա զմրուխտ ակով մատանի էի կրում:
Թե՝ այ էդ մատանին՝ ուրի՜շ, հարյուր դոլար կարժենա, դա դեռ հնարավոր կլինի վաճառել…
Պլպլան հայացքը մատանուս էր հառել, ինչն, իհարկե, ավելի թանկ արժեր, նախնական գինը 280 ռուբլի էր:
Առանց վարանելու՝ հանեցի ու շպրտեցի երեսին, օդում բռնեց:
Պարզվում է՝ դրանով չէի պրծել, նա դեռ 25 դրամի մասին էր խոսում…
Մեկ դոլար փող էր մնացել ձեռքիս, ձյուն-ձմեռով՝ հետս քայլելով եկավ մինչև փոխանակման կետ, ինչը շատ հեռու էր, մոտերքը չկար, դրամով փոխանակեցի, 25-ը տվեցի իրեն, մնացածով էլ գրքերն առա, եկա Գորիս:


Պատերազմը վաղուց այստեղ էլ էր մտել, քաղաքը պարբերաբար հրետակոծվում էր, ամեն օր՝ խաղաղ զոհեր, ավերներ, չգիտեինք՝ 25 ակնթարթ հետո ո՞ղջ ենք լինելու, թե՝ մեռած…
Իսկ մեր հայտնի գրականագետը, ահա, այդպես, միանգամից դարձել էր վաշխառու և ընկել 25 դրամի հետևից:
Շատերն էին այդպիսին դարձել, մարդուրացման, սրբուրացման կեղտոտ արյունը ջրի երես էր ելել վերից՝ վար:
Լուրջ առաջխաղացում ունենք այդ բնագավառում, էլ գործարան ու հանք, էլ լույս ու ջուր չկա, հիմա արդեն երկի՜ր ենք վաճառում՝ վաշխառու մասսաների ու կառավարիչների լուռ թույլտվությամբ:


Թե հարցնող էլ լինի, ասի՝ ի՞նչ արժի, կասեն՝ հե՜չ, դատարկ մի բան, ընդամենն արժի դժգույն ու դժբախտ մի ազգի կյանք…Մեզ պե՞տք է այդպիսի ազգն ու երկիրը…
Էլ Սևակ չունենք, որ ճշմարտությու՜ն սարքի ու ծախի, առնո՜ղ էլ չի լինի՝ նույնիսկ ջրի գնով…
Հիմա դուք ասեք ՝ արդյո՞ք մենք լավ, արհեստը շուտ յուրացնող վաշխառուներ չենք…
Հիմա բարևելու տեղ պիտի հարցնես՝ ի՞նչ արժե բարևդ…
Չմտածե՜ք, շուտով Գինեսի գիրք էլ կընկնենք՝ առուվաճառքի գծով, կարևորը հայտնի դառնա՜լն է, մատով ցույց կտան վաշխառու ազգին, որը հայրենիք ծախեց՝ մի փոր լափի…


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 16955

Մեկնաբանություններ