Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցախի կողքին, Արցախը մեր սրտում

Արցախի կողքին, Արցախը մեր սրտում
19.03.2023 | 23:24

«Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք: Ձեր բախտ հիմա չեք կրնար հասկանալ,
հետո պիտի հասկանաք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու
անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը»:
Վիլիամ Սարոյան

Համաշխարհային գրականության հսկա, Մեծ բիթլիսցի Վիլիամ Սարոյանի այս խոսքերի իմաստությունը
ավելի լավ քան հայը, ոչ ոք չի հասկանա: Այն ազգն է հայը, որի զավակներից շուրջ 8 միլիոնն ապրում է Սփյուռքում, բայց բոլորի հայացքները պիտի ուղղվեն Արցախ, որովհետև վտանգված է հայրենի հողը:
Արցախը թշնամու կողմից շրջափակված է արդեն երեք ամիս: Չկան մարդկային գոյության նվազագույն
պայմանները: Իսկ թշնամին պարբերաբար հոխորտում է առ միջազգային հանրություն, թե Բերձորի
միջանցքը՝ համայն հայության համար այդ կյանքի ճանապարհը, բաց կլինի միայն արցախցիների հեռանալու պայմանով:
Արցախցին չի պատրաստվում լքել իր Տունը, որը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը: Չի լքելու, որովհետև շատ լավ գիտի, որ այս Հողի ամեն մի սրբազան սանտիմետրի համար մի հայ զինվոր է զոհվել:
Արցախցին կռվել է, պայքարում է իր Հողում ապրելու համար:
… Արցախյան ազատամարտի մասնակից, բազմազավակ ՄԱՐԱՏ ՄՈՒՐԱԴԻ ՄԱՆԱՍՅԱՆՆ ամբողջ
գիտակցական կյանքը նվիրել է բանակին: Եվ այսօր հազարավոր ընտանիքների նման իրենք ևս հայտնվել են ծայրահեղ իրավիճակում:
Ինձ հաջողվել է զրուցել նրանց հետ: Եվ ամենից առաջ ուզում եմ ներկայացնել բազմազավակ ընտանիքի
հոր անցած ուղին, որի մասին նա պատմում է.
-Ծնվել եմ 1976 թվականին: 16 տարեկան էի, երբ մասնակցեցի Արցախյան ազատամարտին: Կռվել եմ
Մարտակերտում, Կարմիր Ավանում, Վարանդայում, Հորադիզում, Մարտունիում: 1994 թվականի մայիսի 4-ին պայթել եմ երկու ականի վրա: ՈՒթ ամիս հոսպիտալում բուժում ստանալուց հետո վերադարձել եմ մարտի դաշտ ու շարունակել իմ հողի համար կռիվը:
Կոկորդս վնասվել է ասկոլկաներից: Երկար խոսել չեմ կարողանում: Մինչ օրս առողջական խնդիրներ
ունեմ: Բայց չեմ պատրաստվում թողնել ծառայությունս, թողնել իմ հողն ու խրամատը:

Արժանացել եմ «Արիության մեդալի», «Մարտական ծառայություն» մեդալի: Հետո սովորել եմ, ստացել
ռազմական կրթություն և 2008 թվականից ծառայում եմ Արցախի Պաշտպանության բանակում՝ որպես
ենթասպա:
Վեց անչափահաս երեխա ունեմ: Եվ վեց զավակներս էլ մեծանում եմ հայրեասեր, որովհետև մենք այս
Հողից գնալու տեղ չունենք:
Այսպես է սկսվում զրույցը: Հետո բացահայտում եմ, որ ազատամարտիկին անգամ պատերազմից հետո ձեռք բերած առողջական խնդիրները չեն խանգարել, որ նա առաջին գծում լինի նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ: Ոչ մի րոպե մենակ չթողնել զինվորին. սա է եղել նրա սկզբունքը: Նույն անձնազոհությամբ էլ մասնակցել է Արցախյան երրորդ պատերազմին:
Արցախի շրջափակումից ի վեր երեք պատերազմների մասնակից զինվորականի ընտանիքը ևս հայտնվել է բազմաթիվ դժվարությունների մեջ: Վեց երեխաների հայրը խնդիր ուներ Երևանի բժշկական կենտրոններից մեկում վիրահատվելու և բուժվելու: Սակայն այժմ չկա ոչ մի հնարավորություն Արցախից դուրս գալու և անհրաժեշտ բուժումը ստանալու: Զրույցից պարզվում է, որ վերջին ամիսների ընթացքում անգամ չի էլ փոխանցվում նրա աշխատավարձը, որով բազմազավակ հայրը կարողանում էր գոնե հոգալ ընտանիքի նվազագույն կարիքները և աստիճանաբար վճարել 1 միլիոն 700.000 դրամ վարկը, որ վերցրել էր հենց վիրահատության և երկարատև բուժում ստանալու նպատակով: Բացի դրանից պարտքեր են կուտակվել նաև խանութներում:
Ընտանիքի մայրը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՐԶՈՅԱՆԸ դժվարությամբ է համաձայնվում խոսել այս պահի իրենց
խնդիրների մասին, որոնք փորձում է հաղթահարել արցախցի այս ընտանիքը:
-Չէ՞ որ բոլորն ունեն խնդիրներ, իմ ընտանիքը միակը չէ: Ինչպե՞ս խոսեմ իմ մասին, երբ յուրաքանչյուր ընտանիք ծանր խնդիրների առաջ է կանգնած: Ես նույնիսկ անհարմար կզգամ, որ պատմեմ, թե ինչ դժվարությունների մեջ ենք,-ասում է Լուսինե Միրզոյանը:
Սակայն ես այս մոտեցման հետ համամիտ չեմ: Իմ խորին համոզմամբ թշնամու կողմից շրջափակված
Արցախում մեր ոչ մեկի խնդիրը չպետք է անտեսվի, որովհետև արցախցին միայն մեր հայ հայրենակիցը չէ, նա Արցախի հողի գենետիկ հիշողության կրողն է, որ ի հեճուկս թշնամու՝ պետք է շարունակի ապրել
Արցախում: Միասնաբար պետք է պայքարենք ա՛յդ հողում մեր պատմական գոյության իրավունքի համար: Եվ յուրաքանչյուր արցախցու դժվարությունների մասին խոսելը պարզապես սոցիալական հարց չէ:
Լուսինե Միրզոյանն ասում է.
-Ճիշտ է, ես էլ եմ աշխատում, ամուսինս էլ… Բայց այս իրավիճակում, երբ որոշակի վարկեր ու պարտքեր են կուտակվել, բարդ է գոյության տարրական պայմանները ստեղծել: Ամուսնուս 250 000 դրամ աշխատավարձը, կարելի է ասել, մեզ չի հասնում, այլ անմիջապես բանկ է մտնում: Իսկ ես ստանում եմ ընդամենը 80 000 դրամ աշխատավարձ, բայց՝ ոչ ամեն ամիս: Ամռանը ՝ օգոստոս ամսին մեր դպրոցահասակ վեց երեխաների համար հագուստներ, գրքեր ու գրենական պիտույքներ գնեցինք, ինչի արդյունքում խանութներին պարտք ենք մնացել 200 000 դրամ, ինչը ևս չենք կարողանում մարել …Այս պահին աջակցության ծրագրեր են գրանցվում, բայց ինձ ոչինչ չի հասնում, քանի որ ես շահառու չեմ համարվում:
Արցախի շրջափակումով ու մեր սոցիալական խնդիրներով պայմանավորված հոգեբանական բարդ վիճակում են հայտնվում նաև երեխաները: Թե ինչ է լինելու հետո, դժվարանում եմ պատկերացնել:
Մեծ տղաս, որ արդեն 15 տարեկան է, ամեն անգամ մեզ անտրամադիր տեսնելիս ասում է.
-Քիչ մնաց, մի քիչ էլ մեծանամ, կաշխատեմ, հայրիկին կօգնեմ: Ինչ էլ լինի, պիտի մեր երկրի համար
աշխատեմ, այստեղ հայրս է կռվել, իր ընկերներն են զոհվել….
Այսպիսի բարձր գիտակցումով են մեծանում երեք պատերազմների մասնակից՝ հոգով ազատամարտիկ ու Հողի նվիրյալ Մարատ Մանասյանի զավակները, որ անգամ այս բարդ իրավիճակում չեն մոռանում սիրել հայրենիքը, սիրել մարդկանց: Սա այս ընտանիքի հոգևոր նկարագրի մասին շատ բան է ասում: Նրանց կյանքում ամեն ինչ հիմնված է բարձր արժեքների վրա, որոնցով դաստաիրակվում են երեխաները: Եթե գտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան փոքր-ինչ օժանդակություն ցուցաբերել այս ընտանիքին ֆինանսական խնդիրները մի քիչ մեղմելու համար, նրանք միայն երախտապարտ կլինեն: Այսօր` այս դժվարին պահին նրանց ցուցաբերված որևէ ՝ թեկուզ և չնչին, օժանդակություն անհետ չի կորչելու. հայրը իր կյանքն ու առողջությունն է տվել հայրենիքի համար, իսկ նրա վեց երեխաները, վստահ եմ, մեր վաղվա լավագույն մասնագետներիցն են լինելու տարբեր բնագավառներում:

Արցախը շրջափակված է արդեն երեք ամիս: Ամեն անգամ արցախցի ընտանիքների մասին խոսելիս հիշենք, որ բոլորս Հայկական բարձրավանդակի զավակներն ենք՝ անկախ նրանից հայրենիքու՞մ ենք, թե՞ Սփյուռքում: Միայն միմյանց կողքին լինելով ենք վերականգնելու մեր երկիրը՝ ի հեճուկս թշնամու:
Եվ ազատամարտիկ Մարատ Մանասյանի և Լուսինե Միրզոյանի ընտանիքի մասին պատմությունը կուզեի ավարտել մեծ զորավար և փիլիսոփա Գարեգին Նժդեհի այս կարևոր խոսքերով.
-Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ։ Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի
համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել։

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. Գ. Մարատ Մանասյանի և Լուսինե Միրզոյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար կարող եք նրանց հետ կապ հաստատել ընտանիքի մոր՝ Լուսինե Միրզոյանի ֆեսբուքյան էջի միջոցով, որը հետևյալն է.
https://www.facebook.com/lusine.mirzoyan.144
Հեռ. 097 28 22 76 (Մարատ Մանասյան)

Դիտվել է՝ 5586

Մեկնաբանություններ