Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՆՔՆԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԱՐԻՔ ԼԻՆԵԼ»

«ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՆՔՆԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԱՐԻՔ ԼԻՆԵԼ»
24.02.2012 | 00:00

«Վալլեքս» խմբի ընկերությունները վերջին 4-5 տարիներին արձանագրել են բավականին կայուն աճ. օրերս հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրին «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարները։ Մասնավորապես, ինչպես նշեց խմբի ընկերությունների փոխնախագահ ԳԱԳԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, իրացման ընդհանուր ցուցանիշը հասել է 200 միլիոն դոլարի, իսկ շահույթը կազմել է մոտ 35 միլիոն դոլար։ 2008-2011 թթ. «Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում և Արցախում իրականացրել են շուրջ 165 մլն դոլարի ընդհանուր ծավալով ներդրումներ։ 2012 թ. առաջին երկու ամսում արդեն իսկ իրականացվել են ավելի քան 22 միլիոն դոլարի ներդրումներ։ 2011 թ. տվյալներով` «Վալլեքս» խմբում աշխատում է 3050 մարդ։
Արցախում գործող «Բեյզ Մեթըլս» ընկերության գլխավոր տնօրեն, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ տեղեկացրեց, որ Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրից տարեկան արդյունահանվում է շուրջ 350 հազար տոննա հանքաքար, և արտադրվում է մոտ 24 հազար տոննա ապրանքային խտանյութ՝ պղնձի 15-16 տոկոս և ոսկու 32-34 գրամ/տոննա պարունակությամբ։ Ընկերությունն ունի ավելի քան 1200 աշխատակից։ Այն ԼՂՀ ամենամեծ հարկատուն է և խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը։ Վերջին տարիներին «Բեյզ Մեթըլսի» վճարումները ԼՂՀ պետբյուջե կազմել են տարեկան 3,5-5 միլիարդ դրամ։ Ընկերության միջոցներով ընդհանուր առմամբ կատարվել են ավելի քան 1,2 միլիարդ դրամի բարեգործություն և սոցիալական ծրագրեր։ Արթուր Մկրտումյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա օրերին պատրաստվում են շահագործելու մի նոր արտադրություն Արցախում՝ ոսկու կորզման ֆաբրիկա։ Սա ընկերությանը հնարավորություն կտա ստանալու թանկարժեք մետաղներ, ինչը լրացուցիչ եկամուտ կապահովի ընկերությանը` տարեկան 8-10 միլիոն դոլարի չափով։
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ ՎԱԼԵՐԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԸ, ներկայացնելով իրենց գործունեությունը ԼՂՀ-ում, խնդրեց մատնանշել որևէ անհատի կամ կազմակերպություն, որը վերջին 10 տարվա իր գործունեությամբ կամ առաջիկա մի քանի տարիների ծրագրերով կարող է համեմատվել իրենց հետ: Իրենց գործունեությունը, ըստ Վալերի Մեջլումյանի, մեծագույն հաղթանակ է Ղարաբաղում:
Արթուր Մկրտումյանը ներկայացրեց նաև իրավիճակը Թեղուտում։ Ըստ այդմ, Թեղուտում այժմ իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Աշխատակիցների թիվը հասնում է 800-ի։ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ընթացքում աշխատողների թիվը կհասնի 1400-ի։ Իրականացվել են հիմնական ենթակառուցվածքների շինարարության աշխատանքներ։ Մոտ 100 կմ ընդհանուր օգտագործման ճանապարհներ են կառուցել։
«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը համոզմունք հայտնեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը նորանկախ Հայաստանում բնապահպանական ամենաբարձր պատասխանատվությամբ իրականացվող ծրագիր է: «Դրա բնապահպանական ազդեցությունը ևս աննախադեպ է Հայաստանի համար, դրանով է, թերևս, պայմանավորված այն ուշադրությունը, որին արժանանում է ծրագիրը: Այնուամենայնիվ, ծրագիրը միայն շահում է, որովհետև տարբեր փուլերում մենք ֆիլտրել ենք այն առաջարկները, որոնք կարող են օգտագործվել իսկապես ի նպաստ ծրագրի և ի նպաստ շրջակա միջավայրի»,- ասաց նա: Ծրագիրը նախապատրաստական փուլերում անցել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր փորձաքննությունները, կազմակերպվել են հասարակական լսումներ: «Մենք բավականին բարձր պատասխանատվությամբ ենք վերաբերվում շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին, մեր գործունեության մեջ առաջնորդվում ենք ավելի բարձր չափանիշներով, քան ազգային օրենսդրությունն է։ Հայաստանում չկա օրենք, չկա իրավական որևէ ակտ, որը պահանջում է, որ եթե կառավարությունը տվել է անտառահատման իրավունք, ապա անտառահատում իրականացնողը փոխհատուցող միջոցառումներ պետք է իրականացնի: Մեր նախաձեռնությամբ կառավարության որոշմամբ ամրագրվել է պահանջ, որ անտառահատմանը զուգահեռ մենք կրկնակի ծավալով անտառապատման աշխատանքներ իրականացնենք»,- ընդգծեց Գագիկ Արզումանյանը:
Այդ դեպքում ո՞րն է բնապահպանների բողոքի պատճառը։ Ըստ Գագիկ Արզումանյանի, դրանք գուցե պայմանավորված են բնապահպանների հետ «Վալլեքսի» բավականին բաց աշխատաոճով։ «Հասարակության այդ շերտը դրսևորման այլ հնարավորություններ չունի, չկան այլ ծրագրեր, որտեղ բնապահպանները փորձեն իրենց լուման ներդնել՝ հասարակության զարգացման համար։ Եվ ես ուրախ կլինեմ, որ այդ շարժման արդյունքը լինի այն, որ թե՛ Թեղուտը, թե՛ Թեղուտին հաջորդող և նախորդող բոլոր ծրագրերը կարողանան մեկ աստիճանով ավելի բարձր պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին։ Հանքարդյունահանումն ինքնին չի կարող չարիք լինել»,- նշեց նա՝ հավելելով, որ Թեղուտում կիրառվում են ամենաժամանակակից, ամենաարդիական տեխնիկասարքավորումներ։
Անդրադառնալով Թեղուտի հանքավայրի տարածքում պատմամշակութային հուշարձաններին՝ նշվեց, որ դրանց ուսումնասիրության և պահպանման համար մշակվել է համալիր ծրագիր։ «Թեղուտ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ իրականացվել են հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ, կազմվել է քարտեզ։ «Կատարվել է վիթխարի աշխատանք այդ ուղղությամբ։ Գուցե Հայաստանի պատմության մեջ միակ դեպքն է, երբ մասնավոր ընկերության միջոցների հաշվին այդպիսի մեծածավալ հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվում»,- նշեց Գագիկ Արզումանյանը։
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը տեղեկացրեց, որ Թեղուտի շրջանում իրականացվում են նաև մի շարք այլ ծրագրեր։ Համագործակցում են տեղի ֆերմերային տնտեսությունների հետ, կառուցվում է չորսաստղանի հյուրանոց, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: «Նախկինում այստեղ խանութ չկար, այսօր տասը կա։ Արտագնա աշխատանքի մեկնողները վերադարձան, ծնելիությունն է բարձրացել»,- խորհուրդ է տալիս այս ամենը նկատել Վալերի Մեջլումյանը։
Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, ապա «Վալլեքս» խմբի ընկերությունները ծրագրում են էականորեն ընդլայնել և զարգացնել տնտեսական գործունեությունը Հայաստանում և Արցախում։ 2012-ին ներդրումները կգերազանցեն 150 միլիոն դոլարը, 2013-ին՝ 115 միլիոն դոլարը։ Նոր արտադրահամալիրների կառուցումը հնարավորություն կընձեռի առաջիկա երկու տարում շեշտակիորեն ավելացնելու խմբի ընկերություններում աշխատողների թիվը։ 2014 թ. «Թեղուտ» ՓԲԸ-ն կսկսի պղնձի և մոլիբդենի արդյունահանումը Հայաստանում, իսկ «Բեյզ Մեթըլս» ընկերությունն էականորեն կընդլայնի օգտակար հանածոների արդյունահանումն Արցախում։ 2015-ին երկու ընկերությունների լեռնահարստացուցիչ համալիրները կգործեն նախագծային լիարժեք հզորություններով։ «Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում և ԼՂՀ-ում տարեկան կարդյունահանեն 10,25 միլիոն տոննա հանքաքար, կարտադրեն 155 հազար տոննա պղնձի խտանյութ՝ 44 հազար տոննա պղնձի ընդհանուր պարունակությամբ և ավելի քան 1,6 հազար տոննա մոլիբդենի խտանյութ՝ ավելի քան 800 տոննա մոլիբդենի ընդհանուր պարունակությամբ։ Խմբում հաստիքային աշխատողների թիվը 2015-ին կգերազանցի 4000-ը, գումարային ներդրումների ծավալը ՀՀ և ԼՂՀ տնտեսություններում կկազմի մոտ 500 միլիոն դոլար։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ