Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
29.07.2011 | 00:00

Չինաստանի Նինբո քաղաքում կայացած շախմատի աշխարհի թիմային ութերորդ առաջնությունում փայլուն ավարտեց մրցելույթը Հայաստանի տղամարդկանց հավաքականը` երկրագնդի տասը ուժեղագույն թիմերի մրցապայքարում վստահաբար գրավելով առաջին տեղն ու արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը: Սա բացառիկ հաջողություն է հայկական շախմատի տարեգրության մեջ, մինչ այժմ չգերազանցված բարձունք (նախքան չինական այս հաղթահանդեսը աշխարհի խաղերում մեր հավաքականի լավագույն նվաճումը եղել է երրորդ տեղը (1997, 2001 և 2005 թվականներ):
Մտքի մեր վարպետները, որ հանդես են եկել ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ, ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ, ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ կազմով (մարզիչ` ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ), Նինբոյում տարել են հինգ հաղթանակ, չորսն ավարտել ոչ-ոքի` չկրելով ոչ մի պարտություն: Այս ցուցանիշով էլ մեր ընտրանին առաջնությունում բացառիկ էր:
Հայաստանի ընտրանու հետ հավասար կարողացել են պայքարել Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ադրբեջանի և ՈՒկրաինայի հավաքականները, պարտվել են Իսրայելի, Եգիպտոսի (3,5:0,5), Չինաստանի, Հնդկաստանի, Հունգարիայի ընտրանիները (2,5:1,5): Հետաքրքրական է, որ վերջին երկու տուրից առաջ մեր շախմատիստները մոտակա մրցակիցներից առաջ էին անցել երեք միավորով` կուտակելով ամրության զգալի պաշար, մրցակիցների նկատմամբ ձեռք բերելով նաև հոգեբանական առավելություն:
Մրցաշարից առաջ հաղթողի հիմնական հավակնորդներ էին համարվում Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Չինաստանի և Ադրբեջանի հավաքականները, որոնք, ինչպես նաև Հունգարիայի ընտրանին, շախմատիստների անհատական վարկանիշներով գերազանցում էին մերոնց: Հնարավոր հաղթողների մեջ մասնագետները հիշատակում էին և մեր ընտրանուն` նկատի ունենալով նախկինում մեր տղաների թիմային հաջող ելույթները: Հիշեցնենք, որ բացի աշխարհի առաջնություններում ունեցած հաջող մասնակցություններից, մեր հավաքականը օլիմպիադաների եռակի մրցանակակիր է, իսկ 2006 և 2008 թվականներին եղել է նաև հաղթող:
Չինաստանում տանելով վստահ հաղթանակ` Հայաստանի ընտրանին շախմատի աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ դարձավ բարձրագույն տիտղոսին արժանացած հինգերորդ երկիրը: Մինչ այդ աշխարհի չեմպիոններ են եղել նախկին ԽՍՀՄ-ի (1985, 1989), Ռուսաստանի (1997, 2005, 2009), ԱՄՆ-ի (1993), ՈՒկրաինայի (2001) ընտրանիները:
Բացի չեմպիոնական պարգևներից, մեր շախմատիստներն արժանացել են նաև անհատական պարգևների: Վլադիմիր Հակոբյանը վեց միավորով լավագույնն է եղել երրորդ խաղատախտակի վրա. ինը պարտիաներից երեքն ավարտել է հաղթանակով, վեցում գրանցել ոչ-ոքի:
Իր թիմակցի նման, սակայն երկրորդ խաղատախտակի վրա, անպարտ ելույթ է ունեցել նաև Սերգեյ Մովսիսյանը, ով առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի հավաքականի կազմում և իր նորամուտը նշեց աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալով: Վեց միավորով անուրանալիորեն տաղանդավոր այս շախմատիստն այստեղ ցույց է տվել երկրորդ արդյունքը:
Թիմի միավորների կուտակային պաշարի մեջ մեր ընտրանու առաջատարի` Լևոն Արոնյանի «մասնաբաժինը» հինգ միավոր է, սակայն նա մեկ պարտիա պակաս է անցկացրել (բաց է թողել Եգիպտոսի հավաքականի հետ խաղը): Երեք հաղթանակ, չորս ոչ-ոքի, մեկ պարտություն` այսպիսին է մեր շախմատային հանճարի արդյունքը: Թիմի ակտիվում Գաբրիել Սարգսյանի ներդրումը 4,5 միավոր է (չորրորդ խաղատախտակ): Ռոբերտ Հովհաննիսյանը խաղացել է ընդամենը մեկ պարտիա` հաղթական ելքով:
Շախմատը Հայաստանում առանձնակի կշիռ ունեցող մարզաձև է, և նրա բումը մեզանում աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի փառահեղ ելույթներով ազդարարվեց: Շախմատային պայքարում յուրաքանչյուր հաջող մրցելույթ բացառիկ միավորիչ նշանակություն է ունեցել մեր ազգի համար, և պատահական չէ, որ մտքի մեր տիտաններին ողջ հանրապետությունն ընդունել է առանձնակի խանդավառությամբ, գրկաբաց: Բացառություն չէր նաև այս մեկը` սկսած «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր ընդունելությունից մինչև հանրապետության գլխավոր հրապարակի տոնական համերգը: Իսկ մի՞թե այլ կերպ կարելի է ընդունել ազգի ու երկրի անունը պանծացնողներին: Նրանք ավելի քան արժանի են դրան: Երիցս փառք մեր ոսկե ընտրանուն, և մաղթենք, որ միշտ հաղթական լինեն նրանց ելույթները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ