Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մնացյալը լռություն է...»

«Մնացյալը լռություն է...»
12.09.2008 | 00:00

ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Մեր մշակութային առօրյայում առանձնակի կարևորելով փառատոները՝ ՀՀ մշակույթի նախարարությունը կարծես չի մտահոգվում դրանց կազմակերպչական խելամիտ համակարգմամբ։ Միմյանց միահյուսված փառատոների լիարժեք բովանդակությամբ իր հոգևոր պահանջմունքները հագեցնելու արվեստասեր հանրության ձգտումը գործնականում անիրականանալի է մնում։ Եվ, միաժամանակ, զարգացող փառատոնային իրարանցման մեջ դժվարությամբ կողմնորոշվելով, քանզի ԶԼՄ-ներն այս պարագայում ի զորու չեն չոր տեղեկատվությունից ավելին տալու, ապավինում է սեփական կանխազգացմանը։ Ինտուիտիվ ընտրությունը միշտ չէ, որ արդարացնում է փայփայված հույսերը։ Լինելով անուղղելի թատերապաշտ՝ աշնանային փառատոնային ցայտնոտում ինձ համար կարևորում եմ Երևանի Շեքսպիրյան միջազգային փառատոնի ոլորտում անխոտոր ներգրավվելը։
Ձեռնարկելով մենաներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հաստատուն արմատավորումն արդի մշակութային դաշտում՝ հիմնադիր նախագահ Հակոբ Ղազանչյանը քանիցս փոփոխել է նրա ձևաչափերը։ 2002 թվականից մինչ օրս։ Առանց ժանրային սահմանափակումների հանդես գալով ամենամյա դարձած այս ուրույն թատերահավաքում՝ արդի հայ արվեստագետներից շատերն են հնարավորություն ստացել՝ իրենց ստեղծագործական ներուժի նկատմամբ հանուրի հետաքրքրությունը շարժելու։ Ոմանց համար «Արմմոնոն» ճանապարհ է բացել դեպի միջազգային թատերաբեմ՝ ճանաչման ու արարչական ներշնչանքի նոր խթան ծառայելով։ Հայ թատերասերներն էլ կարողացել են գեթ մասնակի պատկերացում կազմել համաշխարհային թատերարվեստում առկա միտումների, քիչ թե շատ համբավ ունեցող այլազգի արվեստագետների կատարողական հմտությունների ու երևակայության և մտքի թռիչքի մասին։
Գոյության վեց տարիների ընթացքում այս թատերամիջոցառումը թեմատիկ բազմազանությունից անցել է շեքսպիրյան միատարրության։ Այս անգամ արդեն, վրացի հանրահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի հեռատես առաջարկով, ներկայանում է մենաթատրոնին հավելված անսամբլային ներկայացումներով։
Հայ-վրացական մշակութային դարավոր բարեկամության նորահաստատման արտահայտություններից էր փառատոնամուտի արարողությունը։ Ռոբերտ Ստուրուայի՝ 70-ամյա հոբելյանի մեծարումը մեր օպերային թատրոնում, որի բեմի վրա ակնկալում ենք շուտով տեսնել նրա ինքնատիպ, հզոր թատերատեսիլքով կենդանացած «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության ներկայացումը՝ Աճեմյանից ու Փարաջանովից հետո, կարծես մոռացված է։
Երևանյան շեքսպիրյան թատերատոնում ընդգրկված մոտ երկու տասնյակ աշխատանքներում գերակշռում են «Համլետ»-յան տարատեսակ բեմավորումները։ Դրանց դյուրընկալմանը միտված բարտոշևիչյան «Ազնիվ ուրվական», «Լինել, թե չլինել» և «Մնացյալը լռություն է» դասախոսությունները՝ տեսանյութով համեմված մտերմիկ զրույցներ, անհամեմատ սրում են ուշագրավությունը մատուցվելիք «Համլետ»-ների։ Նաև՝ յուրահմա շեքսպիրյան պոեզիայի հետ կենդանի շփման հոգևոր պահանջը հագեցնելու մղում։ Առաջինի պատիվը վերապահված էր Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնին։ «Իմ կարծիքով, Համլետը մի տարածության մեջ է, որտեղ ինքն արդեն ինքը չէ։ Մենախոսության բառերը դուրս են պրծնում նրանից, ինչպես Սալվադոր Դալիի արկղերից,- պարզաբանում է իր մտահայեցակետը բեմադրության հեղինակ Ռոբերտ Ստուրուան։- Լինե՞լ, թե՞ չլինել՝ արդյոք դառնալ ամբողջական մարդ... Ինձ համար պիեսի առանցքային կետերից մեկը Համլետի հանդիպումն է հոր ուրվականի հետ։ Կրթված անհատը հանդիպում է անըմբռնելի երևույթի։ Հերոսները սկսում են ճանաչել այնպիսի բաներ, որոնց գոյությունը չէին կարող պատկերացնել ոչ միայն արտաքին աշխարհում, այլև իրենց ներաշխարհում»։
Իր շեքսպիրապատումով աշխարհին հայտնի արվեստագետի «Համլետը» Սունդուկյանի անվան ազգային թատրոնի հանդիսատեսի համար ոչ միայն գունագեղ նորահայաց հաղորդակցություն է Վերածննդի խոշորագույն դրամատուրգի հանրածանոթ ողբերգության ազնվահույզ խորքերի ամենժամանակյա բովանդակության հետ, այլև թատերավարպետության գործնական դասընթաց։ Հանրահայտ վրաց դերասանների՝ Զազա Պապուաշվիլու, Նինո Կազրաձեի, Իա Իաշվիլու, Դավիթ Պարչիայի, Մալխազ Կվիրիշվիլու և մյուսների անշփոթելի կատարողական ձեռագրով վառ թատերայնացված։ Դերասանախմբի կուռ ներդաշնակությամբ էլ հաղթահարվում է վրացերեն հնչող տեքստի կաշկանդիչ ազդեցությունը։ Երկրորդ գործողության անհամեմատ սրընթաց տեմպով միանգամայն ամբողջանում է Ստուրուայի գեղագիտության ընդհանուր նկարագիրը՝ ներկայացման օրգանական բաղկացուցիչների ներդաշն սինթեզով։
Շեքսպիրապատումի թատերաջահն այնուհետև արժանապատվորեն առաջ են տանում Արամ Հովհաննիսյանը («Համլետ», բեմադրիչ՝ Հրաչյա Ղազարյան) և Արմինե Մացակյանը («Լեդի Մակբեթ», բեմադրիչ՝ Թեմուր Աճինյան)։ Երևանյան շեքսպիրիանայի գոբելենը ինքնահատուկ մեկնաբանություններով, մինչև սեպտեմբերի 19-ը, կհարստացնեն Լեհաստանից, ՈՒկրաինայից, Լիտվայից, Սլովակիայից, Մարոկկոյից և Լատվիայից ժամանած արվեստագետները։ Ենթադրվում է, որ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի «Համլետը»՝ փառատոնի եզրափակիչ ակորդը, մեկնաբանության ինքնատիպ գրավչությամբ հուսախաբ չի անի ռուսական թատերադպրոցի կենդանի լիցքերին կարոտ հայ հանդիսատեսին։ Բայց այս մասին՝ առանձին։ Առաջիկա համարում, հատուկ «Իրավունքը de facto»-ի համար Ռոբերտ Ստուրուայի տված հարցազրույցից հետո։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5058

Մեկնաբանություններ