Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ` ՈՒՐՈՒԳՎԱՅ-ՊԱՐԱԳՎԱՅ ԽԱՂՈՒՄ

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ` ՈՒՐՈՒԳՎԱՅ-ՊԱՐԱԳՎԱՅ ԽԱՂՈՒՄ
22.07.2011 | 00:00

Հուլիսի 24-ին պարզ կդառնա, թե ով կլինի Հարավային Ամերիկայի ազգային հավաքականների միջև անցկացվող ֆուտբոլային գլխավոր մրցաշարի` Ամերիկայի գավաթի 43-րդ խաղարկության հաղթողը: Գլխավոր խաղը կայանալու է Բուենոս Այրեսի «Մոնումենտալ Ռիվեր Փլեյթ» մարզադաշտում, երրորդ տեղի համար մրցամարտը` Լա Պլատայի «Սյուդադ դե լա Պլատայում»:
Մինչև կիսաեզրափակչի խաղերին անդրադառնալը, ասենք, որ Հարավային Ամերիկայի տասը թիմերին այս խաղարկությունում նախապես եկել էին գումարվելու Ճապոնիայի ու Մեքսիկայի հավաքականները, սակայն, մարտյան հայտնի ողբերգության պատճառով, Ճապոնիայի ընտրանին հրաժարվեց գավաթի խաղարկությանը մասնակցելուց, և նրա փոխարեն իր համաձայնությունը տվեց Կոստա Ռիկայի հավաքականը: Մնացածի մասին արդեն պատմել ենք, ներառյալ և այն, որ գավաթի այս խաղարկությունն ակնհայտ ֆավորիտներին` Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականներին, երազանքների խորտակում բերեց, ապա մրցասպարեզը գլխիկոր լքեցին Կոլումբիայի ու Չիլիի ուժեղ ընտրանիները: Սակայն որքան էլ իրողությունները զարգացման անսպասելի կամ տարօրինակ ընթացք ունեցան, այդուհանդերձ, դժվար էր հավատալ, որ լավագույն հնգյակի համարում ունեցող ընտրանիներից գոնե մեկնումեկը դուրս չի գա եզրափակիչ:
Այդպես էլ եղավ:
ՈՒրուգվայի ընտրանուն հաջողվեց իրականություն դարձնել այդ «հրաշքը». Լուիս Սուարեսի խփած երկու գոլի շնորհիվ ուրուգվայցիները 2:0 հաշվով հաղթեցին Պերուի ընտրանուն, և թեպետ եզրափակիչը դեռ առջևում է, իսկ գավաթի խաղարկությունը` անակնկալներով լի, այնուամենայնիվ, մարդու ուղեղում ոչ մի կերպ չի տեղավորվում, թե ուրուգվայցիներն ինչպես կարող են «չհաջողացնել» ու չդառնալ մրցաշարի հաղթող: Ի դեպ, հաղթելու դեպքում ՈՒրուգվայը կշրջանցի Արգենտինային, կդառնա գավաթի 15-ակի չեմպիոն և այս ցուցանիշով կդառնա մայր ցամաքի ամենատիտղոսավոր թիմը: Գուցե ֆավորիտների բացակայության պայմաններում (դրանցից մեկին` Արգենտինայի հավաքականին, հանդիսատեսի է վերածել հենց ՈՒրուգվայը) այդ հաղթանակը, եթե, իհարկե, այն իրականանա, թվա ոչ լիարժեք, բայց դե կունենանք այն, ինչ կունենանք, և հետո, տարիներին ի պահ է մնում վիճակագրությունը, ոչ թե հուզական մանրամասները:
Ինչ վերաբերում է գավաթի խաղարկությունում երկու անգամ հաղթած (1939 և 1975 թթ.) Պերուի հավաքականին, որը խաղարկությունից առաջ հետնապահի համարում ուներ, մեր հայրենակցի գլխավորությամբ այն այս փուլում հաստատ սեփական գլխից վեր ցատկեց և երրորդ տեղի համար մրցելու հնարավորություն ստացավ:
Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել էին Պարագվայի ու Վենեսուելայի հավաքականները: Խաղը զարմանալի օրինաչափությամբ ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակատվածին հետևած հետխաղյա 11-մետրանոցների իրացումով, և առավել հաջողակ գտնվեցին պարագվայցիները:
Արդ` ինչո՞ւ ենք ասում զարմանալի օրինաչափությամբ:
Որովհետև Պարագվայի ընտրանին թե՛ ենթախմբային հանդիպումները, թե՛ քառորդ և թե՛ կիսաեզրափակիչ մրցամարտերն ավարտել է խաղաղ արդյունքով, իր «խաղաղասիրությամբ» հանդիսատեսի է վերածել մրցաշարում հաղթանակ կամ հաղթանակներ տարած թիմերի, այդ թվում` խաղարկության գլխավոր ֆավորիտներից մեկին` Բրազիլիայի հավաքականին: Դեպի գլխավոր նպատակակետ տանող Պարագվայի ընտրանու ճանապարհին մնացել է միայն մեկ թիմ` ՈՒրուգվայի հավաքականը, և ճակատագրի կատարյալ հեգնանք կլինի, եթե իր դանդաղ, սակայն կայուն ընթացքով այս հավաքականը շարքից հանի նաև ՈՒրուգվայի ընտրանուն: Այս դեպքում իսկապես կլինի` «Պարագվայ-ՈՒրուգվայ, արա, վա՜յ, վա՜յ…»։
Կատակը մի կողմ, սակայն, անկախ ամեն ինչից, Ամերիկայի գավաթի այս խաղարկությունն արդեն իսկ շատ բաներով է զարմացրել ֆուտբոլային աշխարհին, և հուլիսի 24-ին կայանալիք ավարտական հանդիպումները կարող են տեղավորվել զարգացումների զարմանալի տրամաբանության մեջ կամ, եթե կուզեք, դառնալ ոչ պակաս զարմանալի շարունակություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ