Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄՈՏԵՆՈՒՄ Է ՄԱՐՏԻ ՆԵՏՎԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ՄՈՏԵՆՈՒՄ Է ՄԱՐՏԻ ՆԵՏՎԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ
08.11.2011 | 00:00

Փարիզում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում իրենց մրցելույթներն արդեն ավարտել են կանանցից 48 ու 53, տղամարդկանցից 56 և 62 կգ քաշային կարգերը ներկայացրած մարզիկ-մարզուհիները:
48 կգ քաշային կարգում բացարձակ առավելությամբ աշխարհի չեմպիոն է հռչակվել տասնութամյա չինուհի Յուան Տիանը: Երկամարտում նրա արդյունքն է 207 կգ (90+117): Երկրորդ և երրորդ տեղերը բաժին են հասել թաիլանդուհի Փանիդա Խամսրիին ու թրքուհի Նուրդան Կարագյոզին: Նրանց երկամարտի գումարը 187 (80+107) ու 183 (80+103) կիլոգրամ է:
Տղամարդկանց 56 կգ քաշային կարգում տոն տվողը չինացիներ, աշխարհի չեմպիոն Ժինգբիաո Յուն ու Չաոջուն Ջաոն էին, ովքեր համապատասխանաբար բարձրացնելով 292 (133+159) և 284 (128+156) կիլոգրամ, տիրացան առաջնության ինչպես մեծ, այնպես էլ փոքր ոսկե ու արծաթե մեդալներին: Երկամարտի 276 (122+154) կիլոգրամ արդյունքով երրորդն Ադրբեջանի արժեքավոր ձեռքբերումն էր` բուլղարացի տասնյոթամյա Վալենտին Խրիստովը: Նա, ի դեպ, Եվրոպա աշխարհամասը ներկայացնող միակ ծանրորդն էր ուժեղագույնների խմբում:
Կանանց 53 կգ քաշային կարգում աշխարհի ոսկու համար պայքարը տրամաբանության օրենքով պիտի ծավալվեր ղազախ Զուլֆիա Շինշանլոյի ու չին Ջինգ Ջիի միջև: Արդեն իսկ առաջին վարժությունում, մրցակցի նկատմամբ ապահովելով չորս կիլոգրամի առավելություն, ղազախ ծանրորդուհին այլևս հաջողությունը բաց չթողեց ձեռքից ու դարձավ առաջնության հաղթող` 227 կգ արդյունքով (97+130): Միջանկյալ ասենք, որ հրում վարժության 130-ն աշխարհի ռեկորդ է, և ընդամենը տասնութամյա տաղանդավոր այս ծանրորդուհին այն սահմանեց արդեն աշխարհի չեմպիոնի կարգավիճակում:
Փորձելով հետ բերել կորցրածը` Ջին գնաց «վաբանկ», իսկ այդ ընթացքում Եվրոպայի ընթացիկ տարվա չեմպիոն, թրքուհի Այլին Դասդելենը ստեղծեց ամրության զգալի պաշար ու կարողացավ երկամարտի 219 կիլոգրամով (93+126) արծաթը տանել չին ծանրորդուհու քթի տակից: Ջիին մնում էր միայն մխիթարվել բրոնզե մեդալով` 214 կգ (93+121):
Քաշային այս կարգում Հայաստանը ներկայացնում էր Իզաբելա Յայլյանը։ Երկամարտի նրա արդյունքը 168 (75+93) կիլոգրամ է, մրցաշարային աղյուսակում գրաված տեղը` քսանհինգերորդը, ինչը նշանակում է հաշվարկային մեկ միավոր մեր ընտրանու ակտիվում: Ինչ խոսք, պատանեկանում իրեն լավագույնս դրսևորած մեր տասնվեցամյա աղջնակից, ով նաև ամենակրտսեր մասնակիցն էր, այս պահի դրությամբ մեծերի մրցահարթակում լուրջ ակնկալիքներ ունենալը ռեալ չէ, սակայն փորձի առումով մասնակցությունն անգնահատելի է:
62 կգ քաշային կարգում, ինչպես և անցած տարի, ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն ՈՒն Գուկ Կիմի ու չինացի Ջիե Ժանգի միջև ահեղ մրցակցություն էր սպասվում: Պոկելով 150` Կիմը թեև նվաճեց փոքր ոսկին ու հինգ կիլոգրամով շրջանցեց նրան` գումարած անձնական ավելի թեթև քաշի համար տրվող մեկ կիլոգրամի առավելությունը, սակայն վնասեց ձեռքը: Թե որքա՞ն էր լուրջ վնասվածքը, երևաց երկրորդ վարժությունում կորեացու առաջին իսկ մոտեցումից. 168 կգ նախնական պատվերը թեթևացվեց ամբողջ յոթ կիլոգրամով, ինչն առաջին հայացքից ստեղծեց մեդալների համար պայքարից հրաժարվելու տպավորություն:
Այստեղ թերևս, միջանկյալ նշելու անհրաժեշտություն կա ծանրամարտում գործող մի օրենքի մասին, որին սկզբունքորեն դավանում են բոլոր թիմերն ու մարզիկները, եթե… Համաձայն այդ չգրված օրենքի` մարզիկի առաջին մոտեցումը թիմի համար է, երկրորդը` իր համար, իսկ երրորդի մասին ասում են` ինչպես պատահի: Կիմն առաջին մոտեցմամբ կատարեց թիմի առաջ իր պարտքը, երկրորդով (170 կգ), այսպես ասենք, լուծեց իր նեղ անձնական խնդիրը (սա արդեն նշանակում էր երկամարտի արծաթ) և անհուսալիորեն ցավող ձեռքով գրոհեց 175 կգ կշռող ծանրաձողը` փորձելով երկրորդ վարժությունում անհամեմատ ուժեղ իր մրցակցին առաջադրել ավելի ու ավելի ծանր խնդիր ոսկու համար մղվելիք պայքարում: Ցավոք, կորեացու համար 175-ը մնաց անհաղթահարելի, իսկ չինացին պատվով լուծեց 176-ի հետ հարցերը: Անկախ ամեն ինչից, դա երկու հզոր մարզիկների պայքար էր, ինչից շահողը միանշանակորեն համաշխարհային ծանրամարտն է, որն ուժի ու գեղեցկության, անսպառ էմոցիաների կատարյալ մարզաձև է: Իսկ թե ինչու մենք այդպես մանրամասն կանգ առանք մարզաձևում գործող չգրված օրենքի վրա, ժամանակը կգա ու իր տեղում կբացենք բավականաչափ չակերտներ, մանավանդ որ այդ ժամանակին մնացել են հաշված օրեր:
Շարունակելով 62 կգ քաշային կարգն ամբողջական ներկայացնել, իրազեկենք, որ չափազանց սուր մրցակցությունում երրորդ տեղը բաժին հասավ ինդոնեզացի Էկո Ջուլի Իրավանին, ով մեծ բրոնզի տեր դարձավ երկամարտի 310 կգ արդյունքով:
Արդեն այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականից մրցահարթակ կելնեն 69 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող Վանիկ Ավետիսյանն ու Սամվել Գրիգորյանը։ Մեկ օր անց պայքարի մեջ կմտնի Մելինե Դալուզյանը, ու, տա Աստված, որ իր մեդալային ելույթով (ցանկալի է, եթե ոչ ոսկե, գոնե արծաթե) նախապատրաստի մեր հավաքականի գլխավոր հույսի` Տիգրան Մարտիրոսյանի հաղթական մուտքը։
Առաջն Աստված:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ