Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ԵՍ ԻՄ ՎԱՍՏԱԿՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴ ԵՄ, ԱՅԼ ԽՆԴԻՐ Է, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԱՅՆ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ»

«ԵՍ ԻՄ ՎԱՍՏԱԿՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴ ԵՄ, ԱՅԼ ԽՆԴԻՐ Է, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԱՅՆ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ»
22.11.2011 | 00:00

Անցած տասնօրյակում իմ լրագրողական գրաֆիկում տարօրինակորեն համընկավ երկու իրողություն: Նախ եղավ Սպարտակ Խաչատրյանի զանգն ու կամարտահայտությունը` հանդիպել ու խոսել հայկական ֆուտբոլում դարպասապահի ինստիտուտի առջև ծառացած հիմնախնդրի շուրջ և, բառացիորեն օրեր անց, նույն խնդրի առնչությամբ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ընդունած որոշումը` այսուհետ բացառապես հենվել տեղական կադրերի վրա:
ՍՊԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ֆուտբոլում կենսագրություն ունեցող մարդ է` թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես մարզիչ, ու իր այդ որակներում իրեն դրսևորել է ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին Միության մի շարք հանրապետություններում: 1997 թվականից աշխատել է նորանկախ Հայաստանի մի քանի ակումբներում` գերազանցապես ծանրանալով դարպասապահների հետ տարվող աշխատանքի վրա:

-Խնդիրները ոլորտում շատ են,- ասում է նա,- և հիմնական պատճառը չհամակարգված աշխատանքն է: Ասել, թե չունենք շնորհալի երեխաներ, ովքեր կարող են դառնալ հուսալի, պրոֆեսիոնալ դարպասապահներ, սխալ կլինի: Տաղանդավոր երեխաներն ամենուրեք են, սակայն մի բան է անհատի օժտվածությունը, մեկ այլ բան այդ նույն անհատին ճիշտ ուղղորդելը, նրան հունի մեջ դնելը, ուսումնական, ուսուցողական գործընթացը գրագետ կառավարելը, որ վերջնահաշվում ունենաս մարզիկի օժտվածությանը համարժեք արդյունք:
Թիվ մեկ խնդիրը, ըստ իս, որակյալ մարզիչների բացակայությունն է: Մեր մարզադպրոցներում, ֆուտբոլային ակումբներում մենք չունենք մարզչական համապատասխան կրթություն ստացած անձինք, նրանք գերազանցապես նախկին դարպասապահներ են` սեփական փորձառության մակարդակով, կողքից տեսած-լսածով ձեռք բերած գիտելիքներով, այդ գիտելիքները տեղ հասցնելու կարողությամբ կամ անկարողությամբ:
Երկրորդ լուրջ հարվածը ֆուտբոլային այդ լրջագույն ինստիտուտին գալիս է ակումբների վարած քաղաքականությունից: Գնալով հարցի լուծման քիչ թե շատ հեշտ ճանապարհով` ակումբների տերերը, հովանավորները գերադասում են մեր ֆուտբոլային տնտեսության թիվ մեկ հիմնահարցը` որակյալ դարպասապահների բացը, լրացնել դրսեկների հաշվին, ընդ որում` վճարելով խոշոր գումարներ: Ասել, թե այդ հրավիրյալները որակապես էականորեն տարբերվում են մերոնցից, ես չէի պնդի, բայց որ արդյունքում մենք ունենում ենք պահեստայինի նստարանին ննջող տեղական կադր, որն էլ խաղային պրակտիկայի բացակայության պայմաններում արագորեն կորցնում է հմտությունը, ստացած գիտելիքները, որակավորումը, փաստ է:
Երրորդ բացասական գործոնը բանակում ծառայելու տարիներն են:
-Բանակում ծառայելը պարտադիր է:
-Եվ շատ լավ է, որ պարտադիր է: Պարզապես կարելի է գործընթացը կառավարելի դարձնել, զորօրինակ, բանակային թիմ ունենալով կամ աշխատանքներն այնպես կառուցելով, որ մարզիկը չկորցնի մասնագիտական հմտությունները, սեզոնի ընթացքում կարողանա հանդես գալ այս կամ այն ակումբում:
-Խնդրի լուծման Ձեր տարբերակը:
-Հեծանիվ հորինել պետք չէ: Պետք է ակումբներում, մարզադպրոցներում ունենալ մասնագետներ, տվյալ պարագայում` դարպասապահների մարզիչներ: Խնդիրը լուծման իր ուղիներն ունի, որոնցից մեկն էլ այլ երկրներից բարձրակարգ մասնագետներ հրավիրելն է: Եթե ծախսերն այս դեպքում գրպանի պարունակության հետ չեն խոսում, կարելի է գնալ հրավիրյալ մասնագետների ուժերով դասընթացներ կազմակերպելու ճանապարհով կամ մեր կադրերին ավանդույթներ ունեցող երկրներ գործուղելով: Վերջապես կա խնդրի լուծման մեկ այլ, ընդ որում` անհամեմատ էժան տարբերակը` մեր ունեցած առողջ ուժերը համախմբել, ստեղծել մշտապես գործող մարզչական խորհուրդ, որն էլ գործընթացը կառնի իր վերահսկողության տակ:
-Մենք ունե՞նք այդ կարող ուժերը:
-Մի քանիսին միայն թվարկեմ: Անհատներից, ով այսօր չի աշխատում, Իսրայելյան Սյոմա, ակումբներում աշխատողներից` Աբրահամյան Ալյոշա («Արարատ»), Շմավոնյան Վահան («ՈՒլիս»), Ասլանյան Տիգրան («Միկա»)` փորձառություն ունեցող մարդիկ իրենց ուժեղ ու թույլ կողմերով: Ցանկության դեպքում կգտնվեն և ուրիշներ: Միայն թե տեսնել է պետք ու պատի տակի խոսակցություններին ականջ չկախել:
-Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ խորհրդի կազմում:
-Ես ունեմ պատրաստած կադրեր, որոնք հանդես են գալիս ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա առաջնակարգ ակումբներում:
-Կոնկրետանանք:
-Խաչատրյան Արմեն, Թադևոսյան Գոռ («Գանձասար»), Ֆիշյան Արմեն («Միկա»), Հովհաննիսյան Էդուարդ («ՈՒլիս»), Հովհաննիսյան Արման («Արարատ»)։ Իմ սաներից Մելիքսեթյանը հանդես է գալիս Իրանում: Կան և ուրիշները: Այս տղաները, մարզիչների հայեցողությամբ, ակտիվ կամ պասիվ դերակատարություն ունեն իրենց ակումբներում: Այնպես որ, ես իմ վաստակն ունեցող մարդ եմ, այլ խնդիր է, թե որքան է այն գնահատվում:
-Լավ, հարցս ձևակերպեմ այլ կերպ. եթե լինի համապատասխան առաջարկ, Դուք պատրա՞ստ եք Ձեր իմացությունն ի սպաս դնելու այդ գործին:
-Իմ մարզական, մարզչական ողջ կենսագրությունը նվիրված է եղել ֆուտբոլին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ