Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒ ՑԱՎԱԼԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒ ՑԱՎԱԼԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.09.2011 | 00:00

Մարզական օգոստոսը բավականին բուռն ընթացք ունեցավ: Մինչ թերթը արձակուրդում էր, եղան իրադարձություններ, որոնք քիչ հաճելի պահեր չպարգևեցին մարզասերներիս: Եղավ և հակառակը: Մի խոսքով` կյանք էր իր բնականոն ընթացքով, սակայն դրան չանդրադառնալը, թեկուզ և հպանցիկ, կնշանակեր ոտնահարել ընթերցողի տեղեկացված լինելու իրավունքը, անհարգալից լինել նրա նկատմամբ, ուստի փորձենք մարել մեր պարտքը:
Մարզական հուլիսի վերջին համարում մենք ավետեցինք Բուխարեստում կայացած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մեր երիտասարդ հունահռոմեականների (ավագ մարզիչ` Արմեն Բաբալարյան) փայլուն մասնակցության մասին, որտեղից Նարեկ Խաչատրյանն ու Ռաֆիկ Մանուկյանը (55 և 74 կգ քաշային կարգեր) վերադարձան չեմպիոնի կոչումը նվաճած, իսկ Ռուդիկ Մկրտչյանը (50 կգ)` բրոնզե մեդալով:
Երիտասարդների հաջող քննությունից հետո, արդեն օգոստոսին, կայացավ պատանիների աշխարհամասի առաջնությունը, և սպասելիքի առումով նորից իրենց արդարացրին հունահռոմեականները (ավագ մարզիչ` Գագիկ Խաչատրյան): Լեհաստանի մայրաքաղաքում ընդհանուր թվով վեց ըմբիշ արժանացավ մեդալի, ինչն ինքնին լավ արդյունք է: Գերազանց հանդես եկավ հատկապես Սարգիս Քոչարյանը (69 կգ), ով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արծաթե մրցելույթներ ունեցան Ալբերտ Վարդանյանն ու Կարեն Ասլանյանը (46 և 54 կգ), իսկ Գևորգ Ղարիբյանը (50 կգ), Արմեն Հակոբյանն (63 կգ) ու Կարեն Աբգարյանը (85 կգ) արժանացան բրոնզե պարգևների:
Նույն ամսում մեր պատանեկանը մասնակցեց նաև աշխարհի առաջնությանը: Հունգարիայում 46 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Ալբերտ Վարդանյանը, իսկ Արթուր Սիմոնյանը, Կարեն Ասլանյանը, Արմեն Հակոբյանը, Սարգիս Քոչարյանը (42, 54, 63, 69 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:
Այստեղ ընթերցողը կարող է հարցնել` բայց չէ՞ որ ըմբշամարտում կա նաև ազատ ոճ. ինչո՞ւ ոչինչ չի ասվում նրանց մասին: Պատասխան` բանն այն է, որ հիշատակված առաջնություններում մեր ազատ ոճայինները ցավալիորեն թույլ են հանդես եկել, ոչնչով չեն կարողացել աչքի ընկնել: Ասել է թե` շատ ավելի կարևորել են պարզապես մասնակցությունը, ինչը հնացած կարգախոսն է հիշեցնում, որը, անկեղծ ասած, վաղուց նավթալինոտ է հայկական սպորտի գոնե մի շարք ձևերի համար: Ակնհայտ է, որ ազատ ոճի ըմբշամարտում ինչ-որ բան այն չէ, և այն լուրջ միջամտության կարիք ունի: Բավարարվենք այսքանով` անելիքը որոշելը թողնելով ոլորտի պատասխանատուներին:
Փոխարենը այն, ինչ արեց Սերգեյ Միքայելյանը, ամփոփ կարելի է որակել որպես մարզական սխրանք: Եվ իսկապես էլ` օգոստոսի 10-ն ուղենշային դարձավ հայկական դահուկային սպորտի համար: Նորվեգիայի Աուրե քաղաքում կայացած անվադահուկների աշխարհի առաջնությունում մեր հավաքականի առաջատարը (մարզիչ` Արթուր Միքայելյան) դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն (ազատ ոճի վերելք 17 կմ մրցատարածությունում): Հիշեցնենք, որ ընդամենը մեկ օր առաջ շնորհալի մարզիկը երրորդն էր ճանաչվել մեկ այլ` 10,8 կմ մրցատարածությունում (դասական ոճի վերելք): Սա, կրկնում ենք, Հայաստանի դահուկային սպորտի պատմության մեջ իսկապես նախադեպը չունեցող իրողություն է, և սրտանց շնորհավորում ենք մարզիկին, ոլորտի պատասխանատուներին, շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար ու ասում` իսկապես, վաղուց հասունացել էր ժամանակը, որ ոչ պակաս ձյունառատ Հայաստանի անունը լիահունչ բարձրաձայնվեր միջազգային ասպարեզում:
Օգոստոսը նշանակալի եղավ նաև հայկական հեծանվային սպորտի համար: Մոսկվայում անցկացված երիտասարդական առաջնությունից աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակով (15 և 24 կմ տարածություններ) վերադարձավ Մհեր Մկրտչյանը (հավաքականի մարզիչ` Արմեն Գյոզալյան): Տասնութամյա մարզիկի մեդալները նույնպես նոր էջ են բացում մեր հեծանվային սպորտում: Հիշեցնենք, որ թեպետ մարզաձևում նախկինում էլ ունեցել ենք բարձր նվաճումներ (մեր վերջին չեմպիոնը` Օլեգ Կլևցովը, աշխարհի առաջնությունների հաղթող է եղել, թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների մեջ), սակայն դրանք եղել են թիմային հաշվարկում ու շատ վաղուց, իսկ քսան տարին սպորտում մի ամբողջ դարաշրջան է:
Հայաստանի մարզական պատմության մեջ նոր էջ գրեց նաև Աղասի Աղասյանը: 77 կգ քաշային կարգում մեր ծանրորդի նվաճած ոսկին դարձավ հայ ուսանողների առաջին բարձրագույն նվաճումը համաշխարհային ուսանողական ամառային խաղերում: Թե ինչու մինչ այժմ ունիվերսիադաներից մենք չունեինք բարձրագույն պարգև, պատճառը, թերևս, խաղերի ծրագրում ծանրամարտի ընդգրկված չլինելն էր։ Ասածիս մեջ կատակախառն շեշտեր կան ու, կարծում եմ, ընթերցողն այն այդպես էլ ընդունեց, բայց որ հանրապետությունում հենակետայինի համարում ունեցող ծանրամարտը միանգամայն այլ ավանդույթներ ունեցող մարզաձև է, փաստ է, և բնավ էլ պատահական չէ, որ մեր օլիմպիական հույսերն առաջին հերթին հենց այս մարզաձևի հետ են կապված, թեպետ, եթե անկեղծ լինենք, Աղասի Աղասյանի հաջողությունն էլ իրավունք չի տալիս խոսելու խաղերին ծանրորդների ելույթի հաջողված լինելու մասին:
Որ բոլորին նույն սանրի տակով չանցկացնենք, միակ բացառությունը կարելի է անել գերծանրքաշային Հայկ Հակոբյանի նկատմամբ, ով պայքարեց և չորրորդ տեղում հայտնվեց միայն անձնական քաշի ավելի լինելու պատճառով (դարձյալ միջանկյալ նշենք, որ մեդալին շատ մոտ է եղել նաև մեր շախմատիստներից մեկը` գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը. նա լրացուցիչ գործակիցների պատճառով է անմասն մնացել մեդալից): Ինչ վերաբերում է մեր մյուս երեք ծանրորդներին` Արամ Անդրիկյանին, Վարդան Դավթյանին ու Նորայր Վարդանյանին, չենք կարծում, որ զրո ստանալու համար պարտադիր էր անպայման Չինաստան հասնել:
Թե ինչո՞ւ այսպես «չորով» կպանք մեր երկրպագած մարզաձևին, որի ղեկավարության հետ, ի դեպ, ունենք ջերմ հարաբերություններ, եթե չասեմ ավելին, պարզ կլինի բառացիորեն ստորև, սակայն, որպես մուտք, ասենք, որ երբեք և ոչ մի պարագայում չի կարող հնանալ հայտնի «Պլատոնը բարեկամս է, սակայն ճշմարտությունն առավել է» արտահայտությունը, ինչի մասին խորհուրդ է տրվում երբեք չմոռանալ հենց թեկուզ միայն մարդկանց արջի ծառայություն չմատուցելու համար:
Եվրոպայի չեմպիոնների լիգայի ու Եվրալիգայի խաղարկություններին մեր ակումբային ֆուտբոլի անփառունակ մասնակցության մասին թերթերը շատ են գրել ու շատ ավելի դաժան շեշտերով, քան մենք, որ ընդամենը մի երկու տող ենք «ընծայաբերել» մեր ակումբներին` ձգտելով մարզասերի առանց այն էլ պղտորված արյունն ավելի չպղտորել: Ցավոք, ակումբային մեր ֆուտբոլի մակարդակն այսօր այս է, և հույսի նշույլ իսկ չկա, որ գոնե մոտ ապագայում վիճակը կարող է դույզն-ինչ բարելավվել:
Հարցը սկզբունքորեն որակական փոքր-ինչ այլ հնչողություն է ձեռք բերում ազգային հավաքականի պարագայում, և օգոստոսի 10-ին Լիտվայի ընտրանու հետ ունեցած ընկերական խաղից մարզասերն իր խոցված ինքնասիրության գոհացման պահանջն իրավամբ ուներ: Սակայն, ավաղ, մենք պարտվեցինք, ընդ որում, բավականին լուրջ հաշվով. 3:0-ն վերք դարմանող չէ, թեպետ ոչ մի պարտությունն էլ վերք դարմանող չէ, այլ` էն անտեր սրտի մխիթարանք:
Ճիշտ հասկացեք` չեմ ուզում առանձնապես թթու խոսք ասել հավաքականի գլխավոր մարզչի հասցեին. դե հիմա, խաղ էր, պարտվեցինք, բայց ախր նա էլ համը մի այլ կերպ հանեց, երբ հետխաղյա ասուլիսում եղածը փորձեց բացատրել ինչ-ինչ փորձարկումներ անելու երեխայական հիմնավորումներով: Եթե մարզասերներիս նյարդերն էր փորձարկում, բան չունեմ ասելու, Վարդան Մինասյանին դա կատարելապես հաջողվեց, որովհետև այդ խաղի մեջ փորձարկվող ուրիշ բան չկար ախր: Սակայն համը շատ ավելի հանեցին խաղի մեր հարգարժան մեկնաբանները` վայրկյանը մեկ հիշեցնելով հանդիպման ընկերական լինելու մասին, որոնց պարբերականությունն ավելանում էր ամեն մի նոր ընդունած գոլից հետո: Լա՜վ, ասացին ու հասկացանք, որ խաղն ընկերական էր (մի կերպ գլուխներս մտավ, թեպետ լավ էլ գիտեինք), բայց էդ անտերը միայն մե՞զ համար էր ընկերական: Մի՞թե լիտվացիներն այդ մասին զգուշացված չէին կամ այդքան անհասկացող էին, որ դրեցին ու մի հանգի մեր տղաներին տաշեցին: Տո, եթե ճիշտը խոսելու լինենք, լիտվացիների հերն էլ անիծած: Բա Վարազդատ Հարոյանի՞ն ինչու չէին զգուշացրել խաղի ընկերական լինելու մասին, որ դեղինից զատ մի հատ էլ կարմիր քարտ ստացավ (այն էլ` մրցակցի կիսադաշտում) ու հեռացվեց: Է, եղա՞վ: «Արսենալի» Արսեն Վենգերը «Մանչեստր Յունայթեդի» խաղից հետո որ ներողություն խնդրեց մարզասերից, խանչալի քարը ցա՞ծ ընկավ: Մենք չենք ասում` ներողություն խնդրեք: Մենք ասում ենք` բա ո՞ւր է մնացել տղամարդկությունը, որը հավասարապես վերաբերում է թե՛ ֆուտբոլիստներին, թե՛ մարզչին, թե՛ մարզաձևի ֆունկցիոներներին և թե՛ խաղի մեկնաբաններին: Վերջիններիս` իրենց մասով, որ անատամ խաղի մասին չեն կարողանում ասել անատամ: Ո՞վ է ասել, որ հավաքականը դուրս է քննադատությունից: Թե՞ կարծում եք` նույն ծանրամարտը կամ մյուս մարզաձևերը «պապա» չունեն: Առողջ քննադատությունից չի վիրավորվում անգամ հիվանդը: ՈՒրեմն` խնդիրը «պապաների» մեջ չէ:
Բարեբախտաբար, անցած ամիսը, որպես մխիթարություն, հագեցած էր ֆուտբոլային իրադարձություններով (այո, այո` իրադարձություններով. այստեղ չկա բառի սխալ կիրառում), և հայ ֆուտբոլասերի փուքսը որոշակիորեն իջեցրեցին այդ հանդիսությունները: Խոսքս վերաբերում է իսպանական սուպերկլասիկոյին, Եվրոպայի սուպերգավաթի խաղարկմանը, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին որոշելուն և մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը (Կոլումբիա), որը կապի զարգացածության ժամանակակից մակարդակի շնորհիվ հասանելի դարձավ գոնե որոշներիս:
Սկսենք վերջինից: Այս անգամ ուժեղագույնի կոչումը նվաճեց Բրազիլիայի հավաքականը: Եզրափակիչում որքան էլ պորտուգալացիները կաշառեցին իրենց ագրեսիվ ու ագրեսիվության մեջ դիտարժան խաղով, այդուհանդերձ, մրցակցի դարպասն անցկացրած նրանց երկու գնդակը բավական չեղավ բրազիլացիներին ծնկի բերելու համար, որովհետև վերջիններս կարողացան պատասխանել երեք գոլով: Հետաքրքրական է, որ հաղթողների կազմում երեք գնդակի հեղինակն էլ նույն Օսկարն էր: Եթե կինոյից հայտնի մրցանակի հետ համեմատելու լինենք բրազիլացիների նվաճածը, կարող ենք ասել, որ իսկապես Օսկարը բերեց «Օսկար»: Ահա այսպիսի սիրուն համընկնում: Ինչ վերաբերում է երրորդ տեղի համար պայքարին, ֆրանսիացիները չկարողացան կոտրել մեքսիկացիների դիմադրությունը, և, որպես հետևանք, պարտություն 3:1 հաշվով:
Ինչ վերաբերում է իսպանական սուպերկլասիկոյին ու Եվրոպայի սուպերգավաթին, երկուսում էլ հաղթանակ տոնեց կատալոնյան «Բարսելոնը»` մի դեպքում ծնկի բերելով Մադրիդի «Ռեալին» (2:2 և 3:2), մյուս դեպքում` եվրոպական լիգայի չեմպիոնին` Պորտուի «Պորտուին» (2:0):
Ընթերցողը հարկավ կդժգոհի, որ հանգամանորեն չմեկնաբանեցի սուպերկլասիկոյի ու Եվրոպայի սուպերգավաթի խաղերը, սակայն դրա համար ես ունեմ ավելի քան ծանրակշիռ պատճառ: Բանն այն է, որ մեր թերթի լավագույն գրիչներից մեկը` Վրեժ Առաքելյանը (խորհուրդ կտամ անպայման կարդալ նրա հյութեղ, կոլորիտով նյութերը), երկրպագում է «Ռեալին» և այնքան էլ իրեն հարմարավետ չի զգում «Բարսելոնի» ու Մեսիի նկատմամբ ունեցած իմ ակնհայտ համակրանքից` համարելով, որ դա անուղղակի ճնշում է ֆուտբոլասերի վրա: Սիրելի ընթերցող, հասկանալի է, չէ՞, ինչպիսի ծանր զոհողության եմ գնում իմ այս բնածին զիջողականությամբ ու հարկադրյալ սակավախոսությամբ, սակայն ինձ սատարելու համար չեմ կարող օգնության չկանչել գոնե բարի մուլատներին` հարցնելով` ո՞րն է իմ մեղքը, որ «Բարսելոնն» իր ապշեցուցիչ գեղեցիկ խաղով ու անզուգական Պեպ Գվարդիոլայով (ի դեպ` վերջին երեք տարում շահած 12 տիտղոսներին թիմը տեր է դարձել նրա գլխավորությամբ) իմ զգայուն սիրտն է շոյում, իսկ «Ռեալն» իր Մոուրինյոյով Վրեժ Առաքելյանի նյարդերի պնդությունն է ստուգում, և ի՞նչ պարսավելի բան կա այն բանում, որ մեկը տերտեր է սիրում, մյուսը` իրիցկին: Ընտրության այս իրավունքն էլ հո՞ ժողովրդական իմաստնությունն է ընձեռում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ