Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՓԱՐԻԶԸ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՉՍԻՐՎԱԾ ՉԷՐ ԵՂԵԼ

ՓԱՐԻԶԸ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՉՍԻՐՎԱԾ ՉԷՐ ԵՂԵԼ
15.11.2011 | 00:00

Ավարտվեց ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Ասել, թե այն կանանց ու տղամարդկանց մեր ընտրանիների, մեզ` մարզասերներիս համար ավելի շուտ մղձավանջ եղավ, կնշանակի ոչինչ չասել: Սա, ավելի շուտ, անեծք էր, քան առաջնություն: Ի՞նչը, ինչե՞րը նախապատրաստեցին մեր ծանրորդների անհաջողությունը: Միանգամից նշենք գլխավորը, որն առաջին հայացքից գուցե և կարող է տարօրինակ թվալ` լրջորեն խաթարվել է մեր ծանրամարտի էներգետիկան: ՈՒ հենց այստեղ է թաղված շան գլուխը:

ԼՈՒՆ, ՍՈՒՆ, ՍԱՆ ԵՎ ՄԵՐ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԸ
77 կիլոգրամայինների մրցավեճին գոնե մենք` հայերս, սպասում էինք առանձնակի լարվածությամբ: Կատակ բան չէր` առաջնությունն արդեն կես էր ընկել, իսկ մենք դեռևս անմեդալ էինք` չիրականացած հույսերից մի քիչ փրփրած, մի քիչ չարացած, մի քիչ կատաղած (իրականում լավ էլ փրփրած, լավ էլ չարացած, լավ էլ կատաղած): Այդպես շարունակվել այլևս չէր կարող, և Տիգրան Մարտիրոսյանը պարտավոր էր մի բան անել այս համընդհանուր ապատիկ վիճակից մարզասերներին դուրս բերելու համար:
Որքան էլ որ նորից գործեց դեռ Գոյանգից (2009 թ.) հայտնի չինական ծանոթ սցենարը` մեր տղային աքցանի մեջ առնելը, այդուհանդերձ, սկիզբն այնքան էլ վատ չստացվեց. պոկում վարժության փոքր բրոնզը մերն էր (այն, ի դեպ, կարող էր և արծաթ լինել, եթե մեր մարզիկն անձնական քաշով ծանր չկշռեր Դաջին Սուից): Սակայն եկեք չմոռանանք, որ մեկ տարվա ընդմիջումից հետո էր Տիգրանը ելել մեծ մրցահարթակ, որից զատ, կար նաև մեր հավաքականի անհաջող մրցելույթների գործոնը, թիմում ստեղծված լարված մթնոլորտը… Չերկարացնենք:
Հրում վարժությունը Տիգրան Մարտիրոսյանը սկսեց նախնական պատվերը միանգամից տասը կիլոգրամով թեթևացնելուց` 190 կիլոգրամից: Ինչ խոսք, որ սա նրա կարգի մարզիկի քաշը չէր, բայց երևի թե ճիշտ որոշում էր` ելնելով նույն այդ թիմի շահերից: Երկրորդ ու երրորդ մոտեցումներն էին, որ պիտի նրա նեղ անձնականն (առաջին հերթին) ու թիմի ընդհանրականը լինեին: Ցավոք, Տիգրանին չհաջողվեց ցանկալի զարգացում տալ իր ու մեր սպասումներին և երկամարտի 356 կիլոգրամով նա հանգրվանեց աղյուսակի չորրորդ հորիզոնականում: Իսկ մրցանակային եռյակը դասավորվեց Քսյաոյուն Լու 375 (170+205), Դաջին Սու 372 (166+206), Յահեյուկ Սա 360 (157+203) հերթականությամբ: Ասենք, որ վարկանիշային միավորների առումով մեր հավաքականին էապես օգնեց Առաքել Միրզոյանը: ՈՒժեղագույնների խմբում չորս մարզիկի ձախողման շնորհիվ (այստեղ իսկապես պիտի ասել շնորհիվ) նա տասնչորսերորդից բարձրացավ տասներորդ հորիզոնական:
77 կիլոգրամայինների թեման վերջնականապես փակելուց առաջ ասենք, որ փարիզյանը աշխարհի թվով երկրորդ առաջնությունն էր, որտեղ կրկին փորձ արվեց թարմացնելու պոկում վարժության աշխարհի ռեկորդը` 210-ը: Եթե Գոյանգում այդ փորձն արեց երկու մարզիկ` չին Քսյաոյուն Լուն ու կորեացի Յահեյուկ Սան, այս անգամ ավելացավ նաև Դաջին Սուն: Ակնհայտ է, որ Լոնդոնում այս քաշը հաղթահարողն է լինելու օլիմպիական չեմպիոն: Այս քաշայինի առաջատարներից միայն Տիգրան Մարտիրոսյանն է, որ պաշտոնական մրցումներում չի փորձել գրոհել արդեն տասնմեկ տարվա հնություն ունեցող ռեկորդը: Համարձակվում ենք կանխագուշակել, որ մեր մարզիկին հենց Լոնդոնում դա կհաջողվի:

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՉԱՐ ՁԵՌՔԸ
Կանանց գերծանր քաշային կարգում առավելագույնը, որ կարող էինք անել, մրցանակային եռյակում հայտնվելն էր, քանի որ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնուհի ռուս Տատյանա Կաշիրինան ու չինուհի Լուլու Զուն ակնհայտորեն մրցակցությունից դուրս էին: Մեր կռիվը ուկրաինուհի Օլհա Կորոբկայի հետ էր, երկամարտում այնքան սպասված մեդալը գրեթե մեր ձեռքում էր, սակայն եղավ ամենասարսափելին: Պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանը ստացավ ծանր վնասվածք:
Խնդիրը բնավ էլ պայքարից մեր ծանրորդուհու դուրս մնալը չէ, օլիմպիական վարկանիշային միավորներից զրկվելը չէ, օլիմպիադային մեկ կամ երկու ծանրորդուհիներով մասնակցելը չէ: Այս ամենը չափազանց մանր բաներ են մարդու առողջության դիմաց, բայց որ սատանայական ինչ-որ բան է կատարվում կանանց մեր ընտրանու հետ, սկսում ես ակամայից հավատալ: Դեռ երեկ Նազիկ Ավդալյանի ավտովթարը, այսօր` Հռիփսիմե Խուրշուդյանի ծանր վնասվածքը։ Մի՞թե սա անեծք չէ: Բայց եկեք չկոտրվենք ու, այս ամենը մի կողմ թողնելով, դառնանք մեր հրաշք աղջկան, ցանկանանք առողջություն, արագ վերականգնում ու ասենք, որ իրեն մենք շատ-շատ ենք սիրում, սիրելուց զատ, նաև հավատում, որ նրա ամենամեծ հաջողություններն ու հաղթանակները դեռ առջևում են:
Ինչ վերաբերում է ծավալված մրցակցությանը, Օլհա Կորոբկան առանց դժվարության տեր դարձավ բրոնզե մեդալին (284=127+157), իսկ չինական հրաշքը Տատյանա Կաշիրինային դարձրեց փոխչեմպիոնուհի: Եթե պոկում վարժությունում անգամ աշխարհի ռեկորդը կրկնելը Լուլու Զուի համար բավարար չեղավ փոքր ոսկուն տիրանալու համար (ռուս քսանամյա ծանրորդուհին անմիջապես պատասխանեց աշխարհի նոր ռեկորդով), ապա հրում վարժությունում նա պարզապես անթերի էր: Արդեն իսկ երկրորդ մոտեցմամբ ֆիքսած 181 կիլոգրամով չինուհին նվաճեց թե՛ վարժության, և թե՛ երկամարտի չեմպիոնի կոչումը, որը հետո ծանրացրեց ևս մեկ կիլոգրամով` երկամարտում ցույց տալով պարզապես փառահեղ արդյունք` 328 (146+182): Սա աշխարհի նոր ռեկորդ է: Կաշիրինայի արդյունքը 322 կիլոգրամ է (147+175):
Զու-Կաշիրինա դիմակայությունն իսկապես եղավ առաջնությունում կանանց մրցակցության զարդը, սակայն չի նշանակում, թե պակաս գեղեցիկ էր Պոդոբեդովա-Եվստյուխինա դիմակայությունը, սակայն վերջինիս, ինչպես նաև մեր կողմից չանդրադարձած մյուս քաշային կարգերում ծավալված պայքարի մասին` թերթի հաջորդ համարում, իսկ արդ անդրադառնանք գերծանր քաշային տղամարդկանց պայքարին` չմոռանալով հիշատակել, որ +75 կգ քաշային կարգում մենք ունեինք և երկրորդ մարզուհի` Նաիրա Հարությունյան, ով մրցությանը մասնակցեց C խմբում ու ցույց տվեց ավելի քան համեստ արդյունք` 191 կգ (81+110):

ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՈՏՆԱԹԱԹ ՈՒ...
+105 կգ քաշային կարգում մեր ողջ հույսը Ռուբեն Ալեքսանյանն էր, որովհետև մեր երկրորդ մասնակիցը` Հայկ Հակոբյանը, աշխարհի այս առաջնությանը մասնակցում էր ավելի շատ օլիմպիական սկզբունքով, որը, եթե մի փոքր ձևափոխված ասենք, այս պարագայում մեզ համար նշանակում էր թիմին հնարավորինս վարկանիշային միավորներ բերել: Փաստենք, որ նա հանդես եկավ B խմբում, ցույց տվեց 395 կգ (180+215) արդյունք ու անցնենք առաջ:
Երկրորդ մոտեցումով 185 կիլոգրամը բարձացնելով ու մարզչական կորպուսի որոշմամբ հրաժարվելով երրորդ մոտեցումից` մեր հսկան լոկալ խնդիր ուներ լուծելու. այն է` հրում վարժությունում ոսկու համար փորձել պայքարի մեջ մտնել աշխարհի գործող չեմպիոն Բեհդադ Սալիմիկորդասիաբիի հետ: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ ու միանգամից վերածվեց ձախորդությունների կիրակիի: Գլխավերևում վեր պարզված 240 կիլոգրամ ու ընդամենը մի ոտնաթաթ մրցահարթակից դուրս լինելու պատճառով չհաշվված մոտեցում` բա սա անհեթեթություն չէ՞: Իհարկե, անհեթեթություն է, սակայն ի՞նչ կարող ես անել, երբ գործող օրենքը միլիմետրերով է չափաբերում ամեն ինչ:
Իհարկե, կլինեն չափազանց սառն ուղեղներ, որ կասեն` ձախողվեց առաջինում, թող հավաքվեր մյուս երկու մոտեցումներում: Ցավն էլ հենց այն է, որ չկարողացավ, ու փարիզյան առաջնությունում Հայաստանի ընտրանիների զրոներին եկավ գումարվելու չորրորդ անցանկալին:
Առաջնության նախաշեմին գրած մեր վերլուծականում անուղղակի ասել էինք, որ թիմի հաջող մասնակցության համար չափազանց շատ են եթե-ները, բայց որ այս աստիճանի ձախողված կլինեին մեր հավաքականների մրցելույթները, նույնիսկ ամենավատ երազի տրամաբանության մեջ չէր կարող տեղավորվել:
Փարիզյան առաջնության տաք հետքերով այնքան շատ են կուտակված բացասական լիցքերը, որ վախենում եմ անգամ ընթերցողին խոստացած չակերտներն այս պահին բացելուց, չակերտներ, որ պիտի լինեին միայն սեփական բոստանը տեսնելու, միայն սեփականով ուրախանալու և այդ կուրության մեջ նույնիսկ սեփականին վնասելը չնկատելու, դիմացինի հաջողության համար սեփական չարությունից պայթելու, թիմի միասնականությունը խաթարելու, չեղած աստեղայինից «խփնված» առանձին մարզիչների ինքնահմա կեցվածքի ու դրանց հանրագումարում թիմի գլխին այս բացասական էներգետիկան կուտակելու և էլի շատուշատ բաների մասին:
ՈՒ թեպետ առաջնության վերջին մրցելույթը մեզ համար չափազանց վատ ստացվեց (նախավերջինի ողբերգականության մասին արդեն ասել ենք), այնուամենայնիվ, այն անկրկնելի մնաց նախ և առաջ Բեհդադ Սալիմիկորդասիաբիի փառահեղ ելույթի շնորհիվ, ով ոչ միայն երկամարտում գերազանց արդյունք ցույց տվեց` 464 կիլոգրամ, այլև ապշեցրեց պոկում վարժության 214-ը գլխավերևում պահելով: Ինչ խոսք, որ կատարյալ ապշեցուցիչ կլիներ, եթե թարմացներ և հրում վարժության ռեկորդը (ինչը մեխանիկորեն կնշանակեր և երկամարտի), սակայն շատ ավելի ապշեցուցիչն իրանական պատվիրակության ղեկավար, կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռեզազադեի պահվածքն էր, որ գրկեց ու առաջինը շնորհավորեց իրեն իր ռեկորդներից մեկից զրկողին: Տեսնես այդ պահին մեր մարզիչներից ոմանք հասկացա՞ն, թե ինչ է նշանակում իրապես լինել մեծ մարզիկ ու մեծ մարդ: Խոստովանենք, որ պակաս տպավորիչ չէր և մյուս իրանցու` Սայադ Անուշիրավանի Համլաբադի արդյունքը` 439 կգ (198+241): Իսկ երրորդ տեղը միանգամայն արդարացիորեն բաժին հասավ հաղթանակի անկոտրում կամք դրսևորած կորեացի Սանգ-Գուեն Ջեոնին, ով երկամարտում ցույց տվեց 433 կգ (192+241) արդյունք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ