«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՆԱ ՀԻՐԱՎԻ ԼԵԳԵՆԴ ԷՐ

ՆԱ ՀԻՐԱՎԻ ԼԵԳԵՆԴ ԷՐ
29.11.2011 | 00:00

Նոյեմբերի 25-ին Գերմանիայի սրտաբանական կլինիկաներից մեկում, վաթսունինը տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների աշխարհի եթե ոչ ուժեղագույն ծանրորդը, ապա ուժեղագույններից մեկը` Վասիլի Ալեքսեևը:
Առաջնությունների մակարդակով մեծանուն մարզիկն առաջին անգամ միջազգային մեծ մրցահարթակ բարձրացավ 1970 թվականին: Դա Հունգարիայում էր` Սոմբատհեյ քաղաքում: Գերծանր քաշային կարգում պահպանելով խորհրդային ծանրամարտի երկու լեգենդների` Յուրի Վլասովի ու Լեոնիդ Ժաբոտինսկու փառապանծ ավանդույթները` Վասիլի Ալեքսեևն իր նորամուտը նշեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճելով` եռամարտում (սեղմում, պոկում, հրում) ցույց տալով իսկապես ֆանտաստիկ արդյունք` 612,5 կիլոգրամ` մինչ այդ աշխարհում չտեսնված ու չլսված բան: Ամիսներ անց նույն հաջողությունը նա կրկնեց աշխարհի առաջնությունում:
ՈՒթ տարի շարունակ ֆենոմենալ այս մարզիկը, ում երակներում, ըստ որոշ աղբյուրների, նաև հայի արյուն էր հոսում, անբաժան տեր ու տնօրինություն արեց միջազգային մրցահարթակում` իրական մրցակից ունենալով միայն ծանրաձողը: Այդ տարիներին նա սահմանեց աշխարհի ութսուն ռեկորդ (եռամարտ` 18, երկամարտ` 9, սեղմում` 17, պոկում` 4, հրում` 32), ինչը չգերազանցված արդյունք է առայսօր, և դժվար էլ թե աշխարհը կարողանա ունենալ այդ կարգի ևս մեկ լեգենդ:
Այդ ութ տարին Վասիլի Ալեքսեևի մարզական կենսագրության մեջ առմիշտ գրանցվեց որպես Եվրոպայի ու աշխարհի ութակի չեմպիոնության ժամանակաշրջան: Նրա բերքը հիրավի առատ եղավ` աշխարհամասի քսան, աշխարհի քսաներկու ոսկե մեդալ: Համաշխարհային ծանրամարտում նրա գահակալության այդ տարիները համընկան նաև Մյունխենի (1972 թ.) ու Մոնրեալի (1976 թ.) օլիմպիական խաղերին, որոնցում նա բացահայտ առավելությամբ հավաստեց իր անգերազանցելիությունը` պատմության մեջ գրանցվելով որպես օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն:
Մեծանուն մարզիկն անկրկնելի էր ոչ միայն ունեցած մեդալների, սահմանած ռեկորդների առումով. նա աշխարհում 600 կիլոգրամի սահմանագիծը հաղթահարած առաջին մարզիկն էր, ով ընդամենը երկու տարում կարողացավ մինչ այդ առասպելական թվացող կիլոգրամները «ծանրացնել» ևս քառասունհինգով` առարկայնորեն ցույց տալով մարդու անսահման հնարավորությունները:
645-ի կողքին ոչ պակաս ֆենոմենալ էր նաև երկամարտի նրա ռեկորդը` 440 կիլոգրամ (1973 թվականից մրցումներն անցկացվել են երկամարտից. հանվել է սեղմում վարժությունը): Նրան է պատկանում նաև մեկ օրվա մեջ աշխարհի յոթ ռեկորդ սահմանելու առաջնայնությունը (1971 թ.` ԽՍՀՄ ժողովուրդների հինգերորդ սպարտակիադա), որն առայսօր հաջողվել է կրկնել լոկ մեկ մարզիկի` ոչ պակաս լեգենդար Հալիլ Մութլուին:
Վասիլի Ալեքսեևը լեգենդ էր ոչ միայն իր մարզական ցուցանիշներով, այլև մարդկային կերպարով: Այդ հսկայի մեջ ներդաշնակված էին ահռելի ֆիզիկական ուժն ու փխրուն հոգին, շրջապատի նկատմամբ զգայուն վերաբերմունքը:
Վասիլի Ալեքսեևի մահը կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի, մերձավորների, ծանրամարտի միլիոնավոր երկրպագուների, այլև համաշխարհային սպորտի համար, որովհետև կյանքից հեռացավ վառ անհատականության, բացառիկ ուժի ու տաղանդի տեր մարզիկ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ