Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Պատահաբար չեմ ստացել Ադոլֆ Վիսարիոնովիչ Բերիա մականունը»

«Պատահաբար չեմ ստացել Ադոլֆ Վիսարիոնովիչ Բերիա մականունը»
16.09.2008 | 00:00

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱՅԻ ՀԵՏ
Արվեստագետի մեծությունը չափվում է առաջին հերթին սեփական ստեղծագործական ձեռագրի վառ արտահայտչականությամբ։ Ճանաչելի ամենքին։ Կերպարվեստի ցուցասրահում դրանով ենք տարբերում Գոգենին՝ Ռոդենից, Պիկասոյին՝ Դալիից... Համերգասրահում՝ Բեթհովենին՝ Շուբերտից, Գլինկային՝ Խաչատրյանից... Համաշխարհային խայտաբղետ թատերաբեմում՝ Բրուկին՝ Ֆոմենկոյից, Էֆրոսին՝ Ստուրուայից...
«ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅՆ, ԿԱՐԾԵՍ, ԱՎԱՐՏՎԵՑ, ԼԱՎ ԿԼԻՆԵՐ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԷԼ...»

-Միանալով Ձեր 70-ամյա հոբելյանի առիթով մեր օպերային թատրոնում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի մտահղացած մեծարման երեկոյին հնչած բարեմաղթանքներին՝ ի սրտե ցանկանում ենք Ձեզ մշտանորոգ ստեղծագործական երևակայության անկասելի թռիչքներ, նախ՝ խաղաղված հայրենիքում, ապա՝ հեղինակավոր այլ թատրոններում, որտեղ վաղուց ընդունվում եք փնտրված համագործակցի կարգավիճակով։
-Շնորհակալ եմ։ Հայկական հողում ինձ շրջապատած բարեկամական ջերմությունը հետագա փորձություններին դիմագրավելու կորով տվեց։ Չնայած... իմ հայրենիքը պատուհասած չարիքով պղտորված է միտքս։ Երբ Հակոբը հեռախոսով հայտնեց հոբելյանական իր նախագծի մասին, ես հիստերիկ ծիծաղով համակվեցի։ Անկարող եմ հաղթահարել անկանխատեսելի արյունալի իրադարձություններից առաջացած տագնապահույզ, տհաճ զգացողություններս։ Ամեն ինչի պատրաստ էի համակերպվել՝ օսերին պաշտպան կանգնելուն, Աբխազիա մտնելուն... Բայց որ ռուսական զորքը մեր տարածք կներխուժեր, մտքովս էլ չէր անցնում։ Ըստ իս, այդպիսով ոտնահարվեցին ամեն տեսակի բարոյական նորմեր...
-Եվ մարդկային բազում զոհեր եղան։ Ասում են՝ մոտ 5 հազար... Չհաշված խաղաղ բնակչության կորուստները։
-Ասում են... Պաշտոնական լրատվությունը խնամքով կոծկում է՝ թաղելով նրանց որպես անհայտ զինվորների, հայտարարելով անհետ կորած։ Ստալինն էլ չէր հրապարակում զոհերի ստույգ թիվը։ Կարծեմ, Հայաստանում էլ երկար սպասել են Մեծ հայրենականի թոհուբոհում անհետ կորած, ուրեմն՝ գուցեև ողջ մնացած իրենց հարազատներին։ Բայց չէ՞ որ վրացի զինվորները հեռավոր գերմանական հողում չեն գտնվել... Ճշգրիտ տեղեկատվություն չունենալը խորացնում է մտքերիս մռայլությունը։ Ամենից ավելի վախենում եմ, որ կրկնվի դեռևս չմոռացված իրավիճակը. վրացին վրացու դեմ ելնի, և քաղաքացիական կռիվներ բռնկվեն...
-Հասկանալի է, որ նման իրադրության մեջ Դուք պիտի հրաժարվեիք հոբելյանական զվարճություններից։
-Զազա Պապուաշվիլին ծիծաղաշատ տրագիֆարս է բեմադրել։ Ծննդյանս օրն այն չէինք կարող ցուցադրել՝ կոտրված սրտով ի՞նչ ուրախություն։ Հնարավոր պատերազմը պետք է կանխել։ Գուցե բավարարվենք վերջին տարիների բեմադրություններիս մեկշաբաթյա խաղարկմամբ։ Թատերաշար, որ կմեկնարկի սեպտեմբերի 26-ին, «Ստիքսով»՝ հիմա արդեն սիմֆոնիկ նվագախմբի ու կապելլայի մասնակցությամբ...
-Առաջին տպավորությունս Ձեր «Ստիքսից» առայսօր փոթորկում է ներաշխարհս։ Ավիավթարի դառնաթախիծ զգացողություններն էմոցիոնալ լարվածության կիզակետին հասցրին մեր օպերային թատրոնի ողջ հանդիսասրահը։ Նոր շեշտադրություններով Դուք, փաստորեն, հոգեհանգստի ծանր ապրումները կխորացնեք Ձեր հոբելյանական յուրօրինակ հանդիսանքի մասնակիցների՝ առանց այդ էլ խռովահույզ հոգիներում...
-Երբ մեր նախագահը, ըստ երևույթին, տրվեց խարդավանքին, և սկսվեց այդ չարաբաստիկ պատերազմը, երիտասարդ բեմադրիչներից մեկի ու դերասանի հետ, ով «Համլետում» Կլավդիոս էր խաղում...
-Բեսո Զանգուրիի՞...
-Այո, նրա մեքենայով գնացինք Գորի, որտեղ էլ ականատես եղանք ռմբակոծության։ Առաջին հարվածներից մեկին ենթարկվեց Ստալինի տուն-թանգարանին կից ընծայասրահը։ Դրանում ինձ համար խորին խորհուրդ ի հայտ եկավ։ Հրեշակերպ վիշապը հարվածեց այն տանը, որտեղ, ըստ էության, երբևէ կազմավորվել էր։ Վրաստանի համար այն, կարծես, ավարտվեց։ Լավ կլիներ՝ Ռուսաստանի համար էլ...
«ՏՈԿԱԼՈՒ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ...»
-Թողնենք քաղաքագետների մութ գործերը։ Ինքս երկար եմ զբաղվել հասարակական-քաղաքական կեցության վերլուծական լուսաբանությամբ, հրապարակախոսական պոռթկումներ ունեցել... Հոգնելով սիզիփոսյան քար գլորելուց՝ վաղուց կենտրոնացել եմ մշակույթի ոլորտի վրա՝ գերապատվությունը տալով թատրոնին։ Գլխավոր մտահոգությունս նրա արժանապատիվ գոյատևմանը խանգարող գործոնների կանխարգելմանը նպաստելն է...
-Մենք էլ «համտեսել ենք» մութ ու ցուրտ օրերի ստեղծագործական տառապանքը։ Նախորդ պատերազմական խժդժությունների թեժ պահերին մեր թատրոնի 20 երիտասարդների աչքերում դաջված տեսա հուսահատ մի տրտմություն՝ ո՞ւմ է հարկավոր մեր մասնագիտությունը, երբ արյան լճեր են գոյանում, անկանխատեսելի հետևանքներով խարդավանքներ հյուսվում... Զգացի, որ նրանց հետագա ճակատագիրն ինձնից է կախված։ Սկսեցի բեմադրություններ անել, որոնք, պատկերացրեք, վատ չէին ստացվում...
-Չափազանց համեստ եք Ձեր արածի գնահատության մեջ։ Ձեր այդ բացառիկ հատկությունը շատ բարձր եմ գնահատում։ Չափանիշների ներկայիս խառնաշփոթի թանձրուկում շատերն են քաղցր ստին գերվում։ Դեռ չկայացած՝ իրենց Վախթանգով, Շեքսպիր, Լոուրենս Օլիվիե երևակայում...
-Ինձ մանկուց են պատվաստել փառամոլության ու ինքնագովության դեմ։ Ծնողներս միշտ ընդգծված հեգնանքով են արտահայտվել ստեղծագործական ունակություններիս գրեթե բոլոր դրսևորումների հանդեպ՝ արմատավորելով ինձանում ռեժիսորի, ցանկացած արվեստագետի համար կարևորագույն մի հատկություն՝ ազնիվ ինքնաքննադատություն։ Եթե յուրաքանչյուր աշխատանքիդ հանդեպ չունենաս անաչառ խորաթափանցություն, մի քանի վայրկյանում կմահանաս։ Այլ դեպքում երբեք չես հասնի քո երազած կյանքի գեղարվեստական լիարժեքությանը։ Տոկալու եզակի հնարավորություն, որ տրված է միայն ճշմարիտ արվեստագետին։ Ստեղծագործական միջավայրը երբեք էլ կատարելանպաստ չի լինում։ Մի խաթարիչ գործոնը փոխարինվում է մյուսով։ Խախտելով պրոֆեսիոնալ համախոհության չգրված օրենքները, արտակարգ իրադրության հարուցած սթրեսային հոգեվիճակիս թելադրանքով, հրաժարվեցի Կալյագինի հետ մյուզիքլ բեմադրելու նպատակով նոյեմբերի սկզբին ծրագրած մոսկովյան ուղևորությունիցս։ Գործընկերներս, հուսով եմ, ինձ ճիշտ կհասկանան...
Մենք փորձում ենք ներքին կուտակումները պարպել՝ դասականներին բեմավորելով։ Շունչ ենք առնում ժամանակակիցների պիեսների վրա աշխատելով։ Շեքսպիրից ու Բրեխտից հետո ձեռնարկեցինք, օրինակ, Բուլգաձեի «Դը Գոլի զինվորները», «Թիկնապահը» և «Նախագահը» աղմկահարույց աբսուրդիստական գործերը։
-Բեսոն այնքան համարժեք էր ստացվել հանրապետության նախագահին, որ «վերևներում», մեղմ ասած, սրտնեղեցին...
-Պատահաբար չեմ ստացել Ադոլֆ Վիսարիոնովիչ Բերիա մականունը։ Նեգատիվ երևույթների նկատմամբ ես շատ խիստ վերաբերմունք ունեմ։ Նույնիսկ թատրոնի կազմը համալրելիս։ Որքան էլ շնորհալի երևա նորեկը, եթե մարդկային արատավոր գծեր եմ բացահայտում նրանում, մերժում եմ։ Ինչո՞ւ փլուզել համերաշխ մեր կոլեկտիվը։ Անառողջ մթնոլորտում բարձրարվեստ համախոհություն, ուրեմն և մնայուն արժեքներ երբեք չեն ստեղծվի։
«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ» ՆՈՐՈՎԻ ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԴԺՎԱՐ Է»
-Բազմահարուստ է Ձեր ստեղծագործական տարեգրությունը։ Երազելով կինոարվեստում կայանալու մասին՝ հիմնավորապես հաստատվեցիք թատրոնում։ Գոգո Ալեքսիձեին ու Միխայիլ Թումանիշվիլուն աշակերտելուց հետո վստահաբար որոնեցիք սեփական «ես»-ը։ ՄԽԱՏ-յան կանոնիկ ռեալիստական մտածողությունը բեմադրությունից բեմադրություն զարգացրիք՝ թրծելով հնարավոր բոլոր գեղագիտական ուղղությունների փորձարկման արվեստանոցում։ Ռոզովից անցաք Բրեխտին ու Շեքսպիրին։ Կասկածոտ ընդունելով ամեն տեսակի պարգևներն ու մրցանակները՝ ավանգարդի, աբսուրդի ու սյուրռեալիզմի ինքնատիպ համաձուլվածքով բյուրեղացրիք անշփոթելիության աստիճան անհատական Ձեր թատերաոճը։ Հոբելյանին հատուկ հանրագումարային գնահատությամբ՝ Ձեր 100 աշխատանքներից որո՞նք կընդգրկեիք լավագույնների խաղացանկում՝ «Ռիչարդ 3-րդ», «Կովկասյան կավճե շրջան», «Մակբեթ», «Տասներկուերորդ գիշեր», «Համլետ»...
-Ինձ համար թանկ են «անճոռնի ճուտիկներն» էլ։ Որպես անլիարժեք ծնունդ՝ շատերին երկար կյանք թույլ չտվեցի ունենալ։ Այսօր հազիվ թե հանրությանը ներկայացնեի...
-Ժամանակին դրանք Ձեր գեղագիտության բյուրեղացման ճամփան են հարթել, հստակեցրել հետագա որոնումների ուղղվածությունը...
-Ոմանք, ավաղ, չեն պահպանվել։ Ինչպես՝ Կակաբաձեի «Կվակվարեն»։ Ամենասիրելին։ Գրված 1924-ին։ Այն հիանալի առիթ տվեց ընդհանրացնելու մարդկության բոլոր կենսափուլերի դիկտատորներին։ Գյուղական տզրուկը, մտնելով Քրիստոսի կաղապարի մեջ, օգտագործելով Չարչարանաց շաբաթի ներազդու հնարքները՝ հասնում է իշխանության բարձունքներին։ Կուռք դառնում՝ նույնիսկ Նիկոլայ 2-րդի, Հիտլերի, Ստալինի, մյուս հայտնի միապետերի հավաքական կերպարը ներկայացնելով։
-Ձեր համարձակությունն ու նորարարական ջիղը, ակնածալի փորձառությունը հույս են ներշնչում, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի՝ Ձեզ առաջարկված բեմադրությունը նոր շունչ կտա արդի հայ օպերային արվեստին։ Դուրս կբերի ստեղծագործական փակուղուց, որում այն հայտնվեց փայլուն օպերային ռեժիսոր Տիգրան Լևոնյանի հոգեսպանդից հետո։ 1966-68 թթ. գրված լինելով՝ ժամանակին այդ երաժշտակտավն արժանացել է պետական մրցանակի (1971 թ.)։ Ձեզ համար, երևի, դժվար չէ նորովի ուշագրավ դարձնել տասնամյակներով մոռացված գործը։ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը հավասարապես թանկ է թե՛ հայերի, թե՛ վրացիների, թե՛ ողջ Կովկասի համար։
-Տիպիկ օպերային պատմություն է։ Պոետը սիրահարված է Հերակլ 2-րդի քրոջը։ Վերջինս չի կարող ամուսնանալ նրա հետ։ Լիբրետոն գրված է։ Երաժշտությունը՝ նույնպես։ 88-ամյա կոմպոզիտորը հազիվ թե որևէ հավելում անի։ Բայց ես զգում եմ դրա անհրաժեշտությունը։ Մուսորգսկու, Չայկովսկու, ժամանակակից որոշ կոմպոզիտորների երևելի մոտիվներ են արթնանում մտքումս, միախառնվում։
-Դուք ինքնուս երաժիշտ եք. անճիգ կարդում եք նոտաները։ Նաև նկարչական ակնառու ձիրքով եք օժտված։ Դրանցով է նաև հզորանում Ձեր բեմադրական տեսիլքը, որի առջև խոնարհվում է արդի մշակութային ողջ հանրությունը։ Մի՛ կաշկանդեք նոր հրաշքի ծնունդով գերված Ձեր մտասևեռումների ինքնաբուխ տարերքը։
-Պիտի փորձեմ Գիա Կանչելիի միջոցով հարթել ճանապարհը։ Նա հաճախ է հանգստացել Դիլիջանի ստեղծագործական տանը և մտերիմ է Հարությունյանի հետ։ Ես հզոր, թարմ ներարկումների անհրաժեշտություն եմ զգում։ Ձեռքս ընկավ Փարաջանովի սցենարը։ Օգտագործելով Սայաթ-Նովայի հրաշալի բանաստեղծությունները՝ նա, փաստորեն, պատմում է սոսկ իր անձնական ողբերգությունից, բանտային տառապանքներից։ Ես դժվարին կացության մեջ եմ սեփական կոնցեպցիաս գտնելու առումով։ Հեշտ չի լինի այդ օպերան նորովի իմաստավորելն ու հետաքրքրաշարժ թատերայնացնելը։
-Ծանո՞թ եք ստեղծագործական կազմին։
-Հրաշալի ձայներ ունեք։
-Կոնսերվատորիայի օպերային ստուդիայում էլ շնորհալի երիտասարդներ կան։
-Հիմնականում երիտասարդներով եմ հետաքրքրվում։
-Հազիվ թե Ձեր ստեղծագործական երևակայությունը կապանքվի։ Բոլորին է հայտնի՝ Դուք ազատ թռիչքի արվեստագետ եք։ Մանավանդ՝ կարողանում եք ամեն տեսակի նորամուծություններն արդարացնել, հիմնավորել, գլխավոր թեմայից բխեցնել։ Կասկածում եմ, որ մեն-մի, թող որ ամենասքանչելի բեմադրությամբ հնարավոր լինի վերականգնել մեր օպերային թատրոնի ստեղծագործական կանոնավոր կյանքը։ Հիմնական գործող խումբը գեղարվեստական առաջնորդ պետք է ունենա, մշտապես զբաղված լինի բարձր արվեստով...
-Անպայման։ Այլապես կփլուզվի։
«ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՆ ԱԶԱՏ ԲԵՄԱՀԱՐԹԱ՞Կ. ԻՆՉՊԻՍԻ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ»
-Ավաղ, նրա ճակատագիրը բաժին է ընկել նաև Սունդուկյանի թատրոնին։ «Բարեփոխման» անվան տակ հետևողականորեն կազմալուծվում է Վահե Շահվերդյանի 12-ամյա տառապանքով դագաղի արհեստանոցից նոր դերասանախմբով ու խաղացանկով կրկին ստեղծագործական դարբնոցի վերափոխված Մայր թատրոնը։ Մտածում են այն հռչակել «ազատ» բեմահարթակ։ Մոտ 30 տարի, խուսափելով ստեղծագործական լճացումից, Դուք պատվով առաջնորդում եք Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնի արարչական գործունեությունը՝ հրաշալի արտիստական դպրոց ձևավորելով և մշտապես նորոգելով։ 60-ականներին, երբ հեղափոխական ալիքն ընդգրկեց ողջ խորհրդային մշակույթը, այդ թատրոնից ստիպված եղան հեռանալ Գոգո Ալեքսիձեն, որոշ ժամանակ անց՝ Միխայիլ Թումանիշվիլին... Բայց գեղարվեստական ղեկավարի հաստիքը երբևէ ավելորդություն չհամարվեց...
-Արվեստում վտանգավոր է ժամանակի ընթացքում թերարժեք դարձող, չնորոգվող գեղագիտության կարծրացումը։ Նորը գերճիգերով է հաստատվում։ Հեղափոխել՝ չի նշանակում հիմնահատակ կործանել։ Թատրոնում մի գեղարվեստական ղեկավարին հաջորդում է մյուսը, երբ հավատընծա է նախորդի համեմատ որդեգրած աշխատաոճի անհատական արվեստագիտական նախապատվությունը, երբ համախոհների կուռ համերաշխությամբ է սատարվում ակնհայտ գերազանցությունը, առավել նպաստավորությունը բարձր արվեստին։ Վանդալիզմ է ասպարեզից որևէ վառ անհատականության օտարումը։ Երգիծական պլանի արվեստագետ Ալեքսիձեն տուրք էր տալիս իրեն վերագրված ռոմանտիկ հերոսական ռեժիսորի համարմանը։ Նրա՝ վատ իմաստով էպիկական, վրացական մասշտաբային, միստերիալ ներկայացումները բավականին տաղտկալի էին։ Միանգամայն գոհացնում էին ժամանակի գաղափարական պահանջները, բայց՝ ոչ ստեղծագործական խմբի։ Թատրոնի ու նրա մշակի հարգն իմացող կոմկուսը Ալեքսիձեի ստեղծագործական պոտենցիալի դրսևորման այլ հնարավորություն գտավ։ Նա ստանձնեց Կիևի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարումը՝ արդարացնելով իր նոր նշանակումը։ Ինչ վերաբերում է Թումանիշվիլուն, առաջնայինը մարդկային գործոնն էր։ Նա չէր զսպում անձնական նախասիրությունները։ Բայց... ունեցավ նոր՝ կինոդերասանի թատրոն՝ իր կուրսի շրջանավարտներով։ Միայն «Դոն Ժուան»-ով աշխարհը շրջագայեցին։
Մինչև ինձ Ռուսթավելու թատրոնը 10 գեղարվեստական ղեկավար է ունեցել։ Առանց գեղագիտական դիմագիծն ուղղորդող, դրա համար պատասխանատու առաջնորդի որևէ թատրոն չի կարող հարատևել։ Առավել ևս՝ ազգայինը... Ազգային թատրոնն ազատ բեմահարթա՞կ. ինչպիսի անհեթեթություն։ Կործանարար դիլետանտություն։ Եվ ձեր մտավորականությունը, թատերական աշխարհը հանդուրժո՞ւմ են այդ ավերածությունը։
-Ցավոք, միաբան չէ մեր արդի թատերական դաշտը։ Կղզիացած ապրելաոճն արգելակում է համախմբվել նույնիսկ արմատական խնդիրների համերաշխ ու շրջահայաց լուծումների հստակեցման, իրագործման շուրջ։ Թատրոնի մասին օրենքը «քնած» է Ազգային ժողովում։ ՊՈԱԿ-ային խղճուկ կարգավիճակն արգելակում է քիչ թե շատ անկաշկանդ, արդյունավետ ստեղծագործական պրոցեսը...
-Տարիներ առաջ, իմ այցելություններից մեկի ժամանակ, ես տեսա Սունդուկյանի թատրոնը փակված։ Ինձ արված պատմություններում հիմնավոր արդարացում չգտնելով՝ հրեշավոր համարեցի ազգային թատրոնի կազմալուծումը։ Երբ սունդուկյանցիները կրկին լուրջ հայտով ներկայացան թատերական աշխարհում, խաղաղվեցի։ Սրտանց ուրախացա, որ Շահվերդյանը հաջողեցրել է հարություն տալ ազգային թատրոնին։
-Ամոթալի լուծարված վիճակից մեր Մայր թատրոնն ազատագրելու նրա նվիրումը հերոսություն է պարզապես, ճշմարիտ հայրենասիրություն...
-Ես կարծում եմ, որ Սունդուկյանի թատրոնում նրա մեծ ներդրումն անարդարացիորեն է զրոյացվում։ Մինչ երևանյան այցելությունս տեղյակ չէի մանրամասներին։ Հիմա էլ ինձ իրավունք չեմ վերապահում ուրիշ երկրի գործերին միջամտել։ Այդուհանդերձ, կատարվածը միանշանակ մերժելի է։
-Որպես թատերական գործիչ կարևորեցիք Շահվերդյանին։ Ի՞նչ կարծիքի եք նրա ռեժիսուրայի մասին։
-Դժբախտաբար, չեմ տեսել նրա հանրածանոթ բեմադրությունները։ Ձեզ հետ կկիսեմ Շիրվանզադեի «Պատվի համարից» ստացած տպավորություններս։ Որոշակի սխեմատիզմ նկատեցի մաֆիոզ կլանների բեմավորման մեջ, սակայն, ընդհանուր առմամբ, ինձ դուր եկան կենցաղային պիեսն արդիականացնելու հրաշալի գտնված հնարքները...
-Դուք երբևէ ձեռք մեկնե՞լ եք հայ դրամատուրգիային։
-Անկեղծ ասած, այն իմ հետաքրքրությունների շրջանակից դուրս է եղել։ Մեզ մոտ, Ալեքսիձեի բեմադրությամբ, փայլուն հաջողություն է ունեցել Սունդուկյանի «Պեպոն»։ Երբ փորձեցինք վերականգնել, այնքան էլ ուշագրավ չստացվեց։ Ի դեպ, Շահվերդյանին առաջարկ է արվել մեզ մոտ բեմադրություն անելու։ Վերջերս, երբ թերթում էի նրա անցած բեմուղին ներկայացնող ինձ ընծայված երկհատորյակը, հնչեղ անունների ու մամուլի բազում ջերմ անդրադարձների հանդիպեցի։ «Ռիչարդ II», «Դիմակահանդես», «Անմեղ մեղավորներ», «Երեք քույր», «Բալի այգի»...
-Տասնամյակներ առաջ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում աննախադեպ վերելք սկսվեց նորավարտ ռեժիսոր Վահե Շահվերդյանի տաղանդավոր թատերամոլությամբ։ Գավառական թատրոնը շուտով համաշխարհային ճանաչում վաստակեց։ Գորբաչովյան «վերակառուցման», Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախյան ազատամարտի հակաթատրոնական, դժվարին տարիներին։
-ՈՒրեմն ըստ արժանվույն գնահատեք նրա դերն ու նշանակությունն արդի հայ թատրոնում։ Մինչդեռ նրան նույնիսկ չեն ընդգրկել նորակազմ գեղխորհրդում։ Անհասկանալի է։
-Պատճառաբանում են ռեժիսորական «դիկտատից» թատրոնի հետագա գոյատևումն ազատելու անհրաժեշտությամբ։ Ազատ բեմահարթակում առկա բոլոր ուժերին լիարժեք դրսևորվելու հնարավորություն տալով՝ մտածում են բարձրացնել ազգային թատրոնի գեղարվեստական մակարդակը։
-Բաբելոնյան աշտարակաշինություն։ Անխուսափելի քաոսային կործանում։ Մի՞թե չեք հասկանում տեղի ունեցածի ողջ լրջությունը։ Այդուհանդերձ... Ինձ իրավասու չեմ համարում լուծել այս գորդյան հանգույցը։ Դժվարանում եմ որևէ «դեղատոմս» առաջարկել։ Ձեր ներքին խոհանոցում միայն դուք կարող եք և իրավունք ունեք տնօրինելու՝ քաջատեղյակ բոլոր «ելումուտերին», յուրահատկություններին։ Իմ երազանքն է վերստին արվեստի բարձունքներում տեսնել վաղեմի գործընկերներիս, հայ թատրոնն ընդհանրապես։ Անկեղծորեն տխրում եմ նկատածս հետընթացի կանխանշանների համար։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4900

Մեկնաբանություններ