Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՄԱՀԱՐԹԱԿ

ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՄԱՀԱՐԹԱԿ
26.07.2011 | 00:00

Եթե Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկության զարգացումները, որպես կայացած իրողություն, թողնենք մի կողմ, հարկադրված կլինենք ասելու, որ, մասնավորապես, երրորդ տեղի համար պայքարի ելած թիմերի հանգամանքը նախ և առաջ պիտի գնահատել որպես սենսացիա:
Խնդիրը բնավ էլ այն չէ, որ ակնհայտ ֆավորիտները փուչիկի պես պայթեցին: Ինչ ու ինչպես էլ ասենք, ի վերջո, հանգելու ենք այն ակնհայտ մտայնությանը, որ դրանում առաջին մեղավորությունն իրենցն էր, թեև պիտի խոստովանենք, որ բացահայտ հետնապահ համարվող թիմերն էլ, որպես ճակատագրի նվեր չհայտնվեցին լավագույն եռյակում տեղ գտնելու հավակնություններ ունեցողների մեջ. նրանք դրա համար ջանք թափեցին ու արժանիորեն վարձահատույց եղան:
Առավել հաջողեց հատկապես Սերխիո Մարգարյանի թիմը, ու ոչ այն պատճառով, որ իր կարևորությամբ երկրորդ գլխավոր մրցապայքարում հաղթեց խաղարկության մյուս անակնկալին` Վենեսուելայի հավաքականին, և երկիր է վերադառնում արածի հպարտ գիտակցումով: Պերուի ընտրանին համոզչորեն ցույց տվեց, որ իր համար գրեթե երեսուն տարի մթով պատված թունելի վերջում լույս է նշմարվում, ու դա առաջին հերթին գրագետ ու բանիմաց մարզչի շնորհիվ, ով կարողացավ կազմավորել թիմ, առաջադրել խնդիր ու համառորեն հետամուտ լինել դրա լուծմանը:
Սակայն դառնանք Վենեսուելայի ընտրանուն:
Ինչ խոսք, երրորդ տեղի համար պայքարում այն փոքր-ինչ անպատշաճ հաշվով պարտություն կրեց` 1:4, սակայն կասկած չկա, որ հայրենիքում նրան գրկաբաց կընդունեն. լատինաամերիկյան ֆուտբոլի ուժեղագույն հնգյակից, հանած ՈՒրուգվայը, մազ էր մնացել, որ առաջ անցներ նաև Պարագվայի ընտրանուց:
Թե՛ Պերուի, թե՛ Վենեսուելայի հավաքականները ցույց տվեցին, որ եթե կա հստակ դրված խնդիր, դրա լուծմանը միտված հստակ ձևավորված քաղաքականություն` մարտավարություն ու ռազմավարություն հանգուցային բաղադրիչներով, կարելի է հասնել արդյունքի անգամ ուժեղագույնների դեմ մրցապայքարում, որովհետև, որքան էլ ֆուտբոլը վառ անհատականությունների «բեմահարթակ» է, այդուհանդերձ կա և մնում է «հավաքական խաղ» հասկացությունը, ու թիմային ոգին է հաղթանակի հասնելու ամենազորեղ նախապայմանը:
Ինչ վերաբերում է ՈՒրուգվայ-Պարագվայ գլխավոր դիմակայությանը, այն կատարյալ հաճույք պատճառեց բոլորին: Սակայն, մինչ բուն խաղին անցնելը, մի փոքր նախապատմությունը չէր խանգարի:
Ենթախմբում միևնույն 1:1 հաշվով երկու անշուք ոչ-ոքիներից հետո (Չիլի, Պարագվայ) ՈՒրուգվայը նվազագույն հաշվով հաղթեց Մեքսիկայի հավաքականին ու մեկ քառորդում ելավ գլխավոր ֆավորիտներից մեկի` Արգենտինայի դեմ: Վարպետ խաղի արդյունքում թիմը կարողացավ չեզոքացնել մրցակցի ունեցած թվային գերազանցությունը (հիշենք` խաղի 39-րդ րոպեին Պերեսը հեռացվեց խաղադաշտից), դիմակայել և լրացուցիչ ժամանակահատվածում, որպես պարգև, հաղթանակ տոնել հետխաղյա 11-մետրանոցներով: Իսկ Պերուի ընտրանու հետ կիսաեզրափակիչը (2:0) համոզիչ վկայումը եղավ այն բանի, որ թիմը խաղից խաղ թափ է հավաքում և արժանի է եզրափակիչում լինելուն:
Դառնալով Պարագվայի հավաքականին` կրկին փաստենք, որ եզրափակիչ տանող ճանապարհն այն անցավ ավելի քան հանդարտ ընթացքով: Ճիշտ է, ինկերի հետնորդները հիմնական ժամանակում ոչ մի խաղում չհաղթեցին, բայց չպարտվեցին էլ: Թիմը ցույց տվեց, որ թեպետ խաղարկության ամենատաղանդավոր ու ամենաօժտված հավաքականներից չէ, սակայն, ի հակակշիռ սրանց, ամենակենսունակներից է և այս կտրվածքով` կենսունակությունը հաղթաթո՞ւղթ է, թե՞ ոչ, առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում եզրափակիչ խաղն ՈՒրուգվայի հավաքականի դեմ, որն ընթացավ նորմալ զարգացումների ծիրում, թեպետ խաղից առաջ էլ օդի մեջ կախված խոշոր հարց էր` ի՞նչ պիտի անեն պարագվայցիները, որ կարողանան չեզոքացնել Ալվարո Պերեյրայի հզոր մատակարարումներով ամրագրված Սուարես-Ֆոռլան երկյակի հարվածային թափը:
Ինչ խոսք, որ Պարագվայն ուներ ոչ պակաս հաղթաթուղթ` ի դեմս Copa America-ն փայլուն անցկացրած Խուստո Վիլյարի, սակայն դասագրքային ճշմարտություն է` եթե հարձակվողն իր անելիքն անսխալ է անում, դարպասապահն անելիք չունի: Ասել է թե` դատապարտված է: Եզրափակիչում գործեցին դասական ֆուտբոլի գրված բոլոր կանոնները, և Վիլյարը չկարողացավ որևէ բան անել ինչպես «Լիվերպուլի» նոր ձեռք բերած աստղ, ակնհայտորեն համաշխարհային հնչողության Սուարեսի, այնպես էլ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր շարժիչ ուժի` Ֆոռլանի խփած գոլերի դեմ: Սակայն եկեք արժանին մատուցենք այս դարպասապահին, ով, այնուամենայնիվ, կարողացավ իր թիմին փրկել ավելի խոշոր հաշվով պարտվելուց:
Հուլիսի 24-ին Բուենոս Այրեսի «Մոնումենտալ Ռիվեր Փլեյթ» մարզադաշտում ՈՒրուգվայի հավաքականը մարզասերներին գերեց իր արտիստիկ, հարձակողական խաղով, որում և՛ տնային պատրաստություններ կային, և՛ անակնկալի էֆեկտի վրա կառուցված կատարողական բարձր մակարդակի սլացիկ կոմբինացիաներ և խաղը ցանկալի հունով տանելու հասունություն, կամք ու վճռականություն: Այս ամենի արդյունքը եղավ 3:0 հաշիվը:
Պիտի խոստովանել, որ Եզրափակչի հավուր պատշաճի կայանալուն մեծապես նպաստեց նաև Պարագվայի ընտրանին` անհամեմատ ուժեղ մրցակցին դիմակայելու ու գլխից վեր թռչելու ցանկությամբ, թեպետ այս հավաքականն արդեն իսկ արել էր անհնարինը, սակայն, եթե անգամ հնարավոր է մի գետը երկու անգամ մտնել` հակառակ հայտնի բանաձևումին, երրորդ անգամ մտնելը, ինչպես հասկանում եք, իսպառ բացառվում է:
Վերջում ամեն կարգի վիճակագրությունների սիրահարների համար ասենք, որ խաղարկության լավագույն խաղացող ճանաչվեց Լուիս Սուարեսը, ով հերթական գոլով օգնեց իր թիմին նվաճելու Ամերիկայի գավաթը, իսկ լավագույն երիտասարդ խաղացող` Սեբաստիան Կոուտսը (երկուսն էլ ներկայացնում են ՈՒրուգվայի ընտրանին): Copa America-43-ի լավագույն դարպասապահ հռչակվեց պարագվայցի Խուստո Վիլյարը, լավագույն ռմբարկու` պերուացի Գերերոն (նա հինգ գոլի հեղինակ է և ընդամենը մեկ գնդակ է ավելի խփել Սուարեսից): Ողջ խաղարկության ընթացքում փայլած Ֆորլանն իր երկու գոլն էլ խփել է եզրափակիչում, որոնք էլ դարձել են առաջնության վերջին գոլերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ